ՔՅԱԲԱԲԻՑՙ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Մի քանի օր առաջ Հայաստանում տեղի ունեցավ մի ուշագրավ բան. սովորական քաղաքացիները բռնել են ոստիկանության գնդապետին, ով մինչեւ բռնվելը հասցրել էր բանկ թալանել (ջհանդամը) եւ մի մարդ սպանել (ցավոք սրտի), մյուսինՙ վիրավորել: Կրկնում եմՙ սա արել են սովորական քաղաքացիները: Ես իհարկե չեմ պնդի, որ մարդիկ այսկերպ չէին անիՙ մինչեւ հեղափոխությունը, ոչ էլ ուզում եմ ասել, որ հեղափոխությունն է ստիպել ոստիկանության գնդապետին բանկ թալանել, բայց արձանագրենք. հեղափոխությունից հետո Հայաստանում ոստիկանության գնդապետն օրը ցերեկով բանկ է թալանել ու նրան չեզոքացրել են սովորական քաղաքացիները: Նրանցից մեկիՙ Լիպոյի հետ ծանոթացա երկու օր առաջ: Լիպոն կանաչ աչքեր ունի եւ մուգ-կապույտ Volkswagen: Սիրում է քյաբաբ եւ իր մորքուրի տղային, որի անունն էլ Անդո է, բանակից եկել է 5 տարի առաջ, ունի կին, Opel եւ սիրուհի: Դուրս եկա Հանրային հեռուստաընկերությունիցՙ երեկոյան ժամը 10-ի կողմերը: Քանի որ ավտոբուս այդ ժամերին էլ չի լինում, կանգնեցի փողոցում, որպեսզի տաքսով հասնեմ տուն, եւ ահաՙ մուգ կապույտ Volkswagen-ը եկավ: Նստեցի ու ասացիՙ «Բանգլադեշ»: Ուրիշ տաքստիստները, երբ նստում եմ ու ասումՙ Բանգլադեշ, միանգամից ուրախանում են, քանի որ Նորքիցՙ Բանգլադեշ ահագին երկար ճանապարհ է ու կարելի է այդ ընթացքում համ լավ փող աշխատել, համ էլ հասկանալ, թե ի վերջո ե՞րբ է աշխատելու Նաիրիտ գործարանը: Լիպոն, սակայն, տխրեց, Լիպոն ուրիշ տղա է: Ապերս,- ասաց,- արի ես քեզ տանեմ քաղաք, դու ընդեղից քո խոդով գնա: Ես, քանի որ տուն հասնելու այլ տարբերակ չունեի, չնայած Մարուքյանն ասում էՙ Ելք կա, նստեցի Լիպոյի կողքին: Ասաց, որ Մոնումենտով Քանաքեռ է գնում, ինձ Ռայկոմ կիջեցնի: Հասանք Ռայկոմ, ասում եմՙ ինչքա՞ն պետք է տամ, ասացՙ «Ոչ մի բան, ապերս, էտ փողը կտաս մի ուրիշ ազիզ ախպոր, թող քեզ տուն հասցնի»: Ես իհարկե ուրախացա, որ հեղափոխությունից հետո նման բաներ լինում են, բայց ողջ ճանապարհին տխրել էի, որ փաստորեն ՀՀԿ-ն ռաբիսի հետ կապ չունի, որ մեկին հաղթում ես, մյուսը չի հեռանումՙ Ծառուկյանի ասածՙ համապատասխանաբար: Հետո Լիպոն ասաց. «Սպասի տենամ մորքուրիս տղեն ստեղ ա, քեզ տանի»: Քանի որ Լիպոն ինձ մինչեւ Ռայկոմ ձրի էր բերել, որոշեցի սպասեմ, մանավանդ, որ Լիպոն, չնայած կանաչ աչքեր ուներ, բայց նաեւ այնպիսի դեմք, որ կարող էր նեղանալ ինձանից, որ իր մորքուրի տղայից ավելի ազիզ ախպեր գոյություն ունի աշխարհում: Պարզվեցՙ մորքուրի տղան Զեյթունում է: Լիպոն ասացՙ «ապերս, արի քեզ տանեմ Զեյթուն, ընդեղից քեզ կտանի»: Մեղքս ինչ թաքցնեմՙ ասացի «արի»: Ճանապարհին Լիպոն զանգահարեց Զեյթունի Սիթիի մոտ գործող քյաբաբնոցի պահեստապետին, ասաց, որ սոված գալիս է, որ մի հատ մեծ քյաբաբ սարքի: Հետո ինձ խնդրեց, թե կլինի՞ սկզբից գնանք քյաբաբի հետեւից, նորՙ մորքուրի տղու: Ասացիՙ իհարկե, քանի որ այս պատմությունն ինձ սկսել էր դուր գալ, չնայած տասը րոպեից Չեմպիոնների լիգայի պատասխան կիսաեզրափակչում «Ռոման» ընդունելու էր ինձ համար շատ սիրելի «Լիվերպուլին»: Մինչ կհասնեինք քյաբաբնոց, Լիպոն ասաց մի բան, որը երբեք չեմ մոռանա. «Ապերս,-ասաց,-էս հեղափոխություն-բան սաղ սուտ բաներ են, ես մեկը գիտեմ, որ Նիկոլը նստեց վարչապետ` ես դրա հաջորդ օրը էլի էս մաշնովս տաքսավատ եմ անելու: Բայց կարեւորը էս հարիֆ ժողովուրդը հասկացավ, որ ինքը հարիֆ չի»: Հասանք քյաբաբնոց: Լիպոն ասացՙ «ապերս, սպասի, հեսա վեգալեմ գամ, կուզե՞ս մի հատ էլ քեզ բերեմ»: Ասացի ոչ, չնայած քյաբաբ սիրում եմ, չնայած ռաբիս չեմ: Լիպոն եկավ տասը րոպեից. կա՛մ ես հոգեբանությունից բան չեմ հասկանում, կամ էլ նա զարմացավ, որ ես մեքենայում խելոք սպասել եմ, չնայած Զեյթունի Սիթիի մոտ լիքը տաքսիներ կային, որոնք ինձ մեծ սիրով կտանեին Բանգլադեշ, մանավանդ հիմա, երբ սիրո հեղափոխությունը եղել է: Առաջին կծից հետո քյաբաբի հոտը տարածվեց մեքենայի մեջ, Լիպոն փակեց պատուհանը, քանի որ մրսում էր, համ էլ ժամն արդեն 23-ն էր: Հասանք ինչ-որ խանութի մոտ, որտեղ պետք է լիներ Լիպոյի մորքուրի տղանՙ Անդոն: Չկար: Իջանք ու սպասեցինք: Անդոն եկավ տասը րոպեից: Հետո ճանապարհին ինձՙ որպես իր ախպեր Լիպոյի ազիզ ապեր, խոստովանեց, որ ուշացավ, քանի որ սիրուհուն (ինքը սիրուհի չասաց, ուղղակի չեմ սիրում մյուս բառը) տուն էր տանում, երբ հասել են, պարզվել է, որ սիրուհին ոսկեղենը մոռացել է խորթ հոր տանը, հետ են դարձել, վերցրել, հետո նորից հետ է տարել տուն, հիմա էլ ինձ տանում է տուն, որպեսզի ինքը գնա տուն, քանի որ այսօր փոքր աղջկա ծննդյան օրն է ու կինը տորթ է թխել: Ճանապարհին պարզվեց, որ Անդոն գազ չունի, ավելի ճիշտՙ Անդոյի Opel-ը: Հետ դարձանք Շամպայն, գազը լցրեցինք ու Անդոն, ինչպես խոստացավ ինձ, ուղիղ 17 րոպեից ինձ հասցրեց Բանգլադեշ: Ընդամենը 1500 դրամով: Այդ ընթացքում Ռոմա-Լիվերպուլ խաղի հաշիվն արդեն 2:2 էր: Հաջորդ օրը, երբ իմացա բանկի վրա հարձակված ոստիկանության գնդապետին վնասազերծած քաղաքացիների մասին, հիշեցի Լիպոյին ու Անդոյին: Մենք իսկապես հրաշալի քաղաքացիներ ունենքՙ հանցագործություն չհանդուրժող, հանցագործին բռնող, բարի, քյաբաբասեր, ախպերություն գնահատող, ապերությանը հասնող, հարիֆ, բայց հարիֆացնող, լիալուսնի տակ սիրուհիների հետ արեւոտ ծովափի մասին երազող, սոված, բայց ավտոյով, Հայաստանի դրոշով մեքենայի մեջ ադրբեջանական մուղամ լսող, նման կերպ վարվողների վրա գոռացող... Խայտաբղետ, դարուփոս, սոված, լփոշ, երազող, երեւակայող, դուխով: Ու այս ամենը Կոելյո կարդալուց հետո, բա որ Հեմինգուեյ կարդայինքՙ ինչե՜ր կանեինք... Կա միայն այսօրը եւ ուրիշ ոչինչ: Չկա ո՛չ երեկ, ո՛չ վաղը: Քանի՞ տարեկան պետք է դառնաս, որպեսզի իմանաս դա: Կա միայն ներկան, եւ եթե ներկան ընդամենը երկու օր է, ապա այդ երկու օրը քո ողջ կյանքն է, եւ դրանում ամեն ինչ չափի մեջ կլինի: Ահա թե ինչպես են ապրում մի ողջ կյանք երկու օրում: Եթե դադարես բողոքել ու պահանջել այնպիսի բաներ, որոնք երբեւէ չես ստանալու, դու լավ կյանք կունենաս. Հեմինգուեյ: |