RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018



Տեղադրվել է` 2018-05-19 09:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2105, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ «ՎԵՆԴԵՏԱՆ». Ո՞Վՙ Ո՞ՒՄ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Հայկական հեղափոխության մասին միջազգային լրատվամիջոցների տեղում արված ռեպորտաժները աշխարհին ներկայացրեցին մի նոր Հայաստան, ուր մեր ժամանակներում կատարված աննախադեպ խաղաղ իշխանափոխությունը կդառնա քրեստոմատիկ օրինակ աշխարհում հետայսու տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների համար: Հայկական հեղափոխության ֆենոմենը լավագույն գովազդ էր նաեւ մեր ազգի պատմության ու մշակույթի ճանաչման համար գլոբալ առումով: «Մեկ ամիս առաջ նա ցուցարար էր: Այժմ, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ղեկավարն է»,- ասաց The New York Times-ը մայիսի 8-ին, զետեղելով ականատես լրագրող Նիյըլ ՄակՖարքըհի ուշագրավ հոդվածը:

Ամերիկյան մեդիադաշտում Հայաստանի դեպքերի մասին պատմող լրատվական «հրավառությանը», ազդեցիկների շարքում անմասն չմնացին լոկալ- նահանգային մեդիամիջոցներըՙ «Orlando Sentinel», «Miami Herald»: Վերջինս անդրադարձել էր Հայաստանի նորընտիր վարչապետի Մայիսի 9-ի Արցախ կատարած այցին եւ արցախյան թեմայով արված վերջին հայտարարությանը, առ այն, որ Արցախը պետք է լինի բանակցային կողմ եւ ճանաչվի միջազգայնորեն, ինչին նակադարձել էր Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիեւը . «Ի՞նչ է սա: Պարզամտությո՞ւն, խնդրի նկատմամբ անտեղյակությո՞ւն, հաղթողի խիզախությո՞ւն, կամ գուցեՙ բոլորը միասին: Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի ցանկացած հանգուցալուծման դեպքում այն մնալու է Ադրբեջանի հանրապետության մաս»: Առհասարակ, հայկական հեղափոխության դրական լիցքը հուժկու հարված էր միլիոններ ծախսող ադրբեջանական հակահայ քարոզչամեքենային, որի պատվիրած մի քանի սադրիչ, ստահոդ հոդվածներՙ «The American Interests», «Orientalreview.org», «IJR.com» առցանց կայքերում, ջղաձիգ փորձեր էին խեղաթյուրելու Հայաստանում տեղի ունեցած ապրիլյան շարժումը, փնտրելով այնտեղ «ռուսական պրոբ», բնութագրելով այն որպեսՙ անարխիայի դրսեւորում:

Սակայն եթե օտար լսարանի համար հայկական իրադարձություններն ունեին սոսկ խրոնոլոգիական նշանակություն, ապա հայկական Սփյուռքի ժամացույցը Երեւանի հրապարակի հետ գործում էր վայրկյանների ճշտությամբ: Ամերիկյան ամենահայաշատ Գլենդել քաղաքում տեղի ունեցած բազմամարդ ցույցերն ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի շարունակվեցին մինչեւ մայիսի 8-ի տրամաբանական ավարտը, ուր հայրենիք վերադառնալու, նոր Հայաստան կերտելու տրամադրություններ էին թեւածում: Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան մոտ ցույցի հավաքված երիտասարդները, թավշյա հեղափոխությանը զորավիգ իրենց լոզունգներով, հար եւ նման էին Երեւանի փողոցները թնդացնող «էրեխեքին»: Երեքշաբթի, ՀՀ նոր վարչապետի ընտրությունից անմիջապես հետո Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին աջակցել «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» միջոցով $140 մլ. դոլարի դրամաշնորհ հատկացնելու Հայաստանին, դպրոցներում կրթական ծրագրեր իրականացնելու համար: Մ. Նահանգները պետքարտուղարության մակարդակով շնորհավորեց ՀՀ նորընտիր վարչապետին, հավաստելով իր աջակցությունը Հայաստանում հաղթանակած ժողովրդավարությանը:

Ամերիկահայ համայնքի ճնշող մեծամասնության համար, սակայն, մայիսի 1-ին ԱԺ-ում ՀՀԿ 56 հոգու դրսեւորած քամահրանքը հրապարակում առավոտից կանգնած ժողովրդի նկատմամբ, վարչապետի ընտրության տապալված ելքով, ունեցավ շոկային ազդեցություն եւ ընկալվեց որպեսՙ ազգային դավաճանություն: Այս պահը, թերեւս, ազգային շարժման ամենամռայլ դրվագներից էր, անկախ երեքշաբթի ԱԺ-ում ՀՀԿ-ի ընտրության վերադասավորումից: Ամերիկահայ կազմակերպությունները հայտնեցին, որ կդիմեն համապատասխան կառույցներին սառեցնելու համար ՀՀԿ-ական որոշ պատգամավորների տարիներ շարունակ Հայաստանից ԱՄՆ արտահոսող գումարների բանկային հաշիվները: Թալանված հսկայական միջոցները Հայաստան վերադարձնելու նպատակով մի շարք անհատների բանկային հաշիվներն արեւմտյան երկրների եւ օֆշորների բանկերում սառեցնելու վերաբերյալ հայտարարություն էր տարածել իր կայքէջում նաեւՙ Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ): Թե որքանով են կոռուպցիոն մութ ու խրթին բացահայտումները տեղավորվելու Փաշինյանի հայտնածՙ «վենդետա չի լինելու» նախապայմանի մեջ, կյանքը ցույց կտա: Ակնհայտ է արդեն, որ հեշտ չի լինելու: Վիհի վրածվող բաժանարարն արդեն խորանում է նորի եւ նախկինի միջեւ: Առաջիկայում, ցավոք, ականատես կլինենք ընդդիմություն դարձած ՀՀԿ-ի կատաղի հակադրությանը:

Երիտասարդ, ազգընտիր ՀՀ վարչապետին այսօր անհրաժեշտ է Սփյուռքի անվերապահ աջակցությունը: Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի օրինակով պետք է զորակոչվեն Սփյուռքում ապրող բիզնեսի, իրավունքի, ֆինանսական, ռազմական, բարձր տեխնոլոգիաների եւ այլ ոլորտի լավագույն մասնագետները, իրենց խորհրդատվությամբ սատարելու ՀՀ վարչապետին ու մասնակցելու նոր Հայաստանի կերտմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ