RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2018-05-19 09:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1585, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՆ-Ը ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ

Պ.Ք.

Իրանի հարցը կմիավորի՞ արդյոք Եվրոպան, Ռուսաստանն ու Չինաստանը

Իրանի միջուկային համաձայնագրի առնչությամբ վերջերս ամբողջ աշխարհը եւ մասնավորապես Մերձավոր Արեւելքը լարվածության մեջ պահած ինտրիգը ի վերջո լուծում ստացավ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ չեղարկում է Իրանի միջուկային ծրագրին վերաբերող բազմակողմ համապարփակ համաձայնագրի տակ ԱՄՆ-ի դրած ստորագրությունը: Համաձայնագիրը 2015 թվականին նշանավորել էր Իրանի եւ միջազգային ընկերակցության փոխհարաբերությունների լիցքաթափումը: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը անչափ լուրջ տնտեսական պատժամիջոցներ կհաստատի Իրանի նկատմամբ եւ կպատժի նաեւ իրանցիների միջուկային ծրագրին օժանդակող երկրներին...

Տարօրինակն այն է, որ նախագահ Թրամփը պետք է որոշում ընդուներ մայիսի 12-ին, սակայն արդեն մայիսի 7-ին նա հայտարարեց, որ չի սպասի եւ իր դիրքորոշումը կհստակեցնի հաջորդ օրը: Ինչո՞ւ: Բանն այն է, որ օրերս իր գործունեությունն է ակտիվացրել Իրանի միջուկային համաձայնագրի մշակմանը մասնակցած ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին : Վերջերս նա հանդիպում էր ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետՙ փորձելով փրկել այդ համաձայնագիրը:

Դա հարուցել էր ԱՄՆ ներկայիս նախագահի բացասական արձագանքը: Զարիֆը ինչո՞ւ էր հադիպել նախկին պետքարտուղարի հետ, Թեհրանն ի՞նչ էր ակնկալում: Մեկ ուրիշ հանգամանք: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնիՙ Վաշինգտոն կատարած այցելությունից հետո լուրեր տարածվեցին, որ երկու ղեկավարները քննարկել են Իրանի միջուկային ծրագրին վերաբերող բանակցությունների նոր ձեւաչափը, որը կնախատեսեր Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությունը:

Մակրոնն առաջարկել է նոր գործարք: Այն նախատեսում էր Եվրոպայի եւ ԱՄՆ-ի համատեղ ջանքեր մինչեւ 2025 թվականը Իրանի միջուկային ծրագիրը շրջափակելու նպատակով: Այդ մասին հաղորդեց Ֆրանսիայի նախագահի մամլո ծառայությունը: Դրա հետ մեկտեղ քննարկվել են Մերձավոր Արեւելքի խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված հարցեր: Ավելի ուշ, The New York Times թերթը տեղեկացրեց, որ Թրամփը Մակրոնին հայտնել է Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու իր մտադրության մասին: Մինչդեռ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը հաղորդում է, որ Թրամփը այդ թեմայով Մակրոնի հետ չի բանակցել:

Անցյալ շաբաթ Վաշինգտոն կատարած այցելությունների ժամանակ ինչպես Մակրոնը , այնպես էլ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Թրամփին հորդորել են դուրս չգալ միջուկային համաձայնագրից: Նրանք հասկացրել են, որ պատրաստ են նոր քառակողմ համաձայնագիր կնքել Իրանի հետ:

Թրամփն ընտրեց հնարավոր ամենակոշտ դիրքորոշումը: Նրա փաստարկը մոտ է իր նախընտրական խոստումներին, ինչպես նաեւ համահունչՙ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլտոնի հայտարարություններին: Թրամփի հայտարարության համաձայն, միջուկային համաձայնագիրը ոչ միայն սանձահարեց այաթոլլահների նկրտումները Պարսից ծոցում եւ ամբողջ Մերձավոր Արեւելքում, այլեւ նպաստեց նրանց նախահարձակ քաղաքականությանը:

Ըստ Թրամփի, Իրանը զանգվածաբար օգնում է «Հզբոլլահին», «Համասին» եւ մերձավորարեւելյան մյուս «ահաբեկչական» կազմակերպություններին, ինչպես նաեւ մշակում է բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հանդերձավորվել միջուկային մարտագլխիկներով: Նա հիշատակեց Իրանում իսրայելական «Մոսսադի» հայթայթած փաստաթղթերը, որոնք հաստատում են Իրանում միջուկային ծրագրի գոյությունը ոչ միայն մինչեւ 2003 թվականը, այլեւ մեր օրերում: Կնքված համաձայնագիրը լոկ նպաստում է Իրանի երկարաժամկետ նկրտումների խորացմանը, որոնք Մերձավոր Արեւելքում կհանգեցնեն միջուկային սպառազինությունների մրցավազքի: Թրամփը համոզված է դրանում:

Իսրայելցի լրագրող Ավիգդոր Էսկինը «Ռեգնում» գործակալության կայքում այն տեսակետն է արտահայտում, թե Թրամփի որոշումը դրական է նաեւ Ռուսաստանի համար, քանի որ Իրանը ռուսների համար լոկ տարածաշրջանային մրցակից է: Հայտնի վերլուծաբան, ԿՀՎ-ի դպրոցն անցած Ջորջ Ֆրիդմանի կարծիքով, ռուս-իրանական ճգնաժամի սրման դեպքում Իրանն ամենայն հավանականությամբ կարող է դառնալ ԱՄՆ-ի գործընկերը: Ռուսաստանցի որոշ փորձագետներ նույնպես կարծիք են հայտնում, թե միջուկային զենք ունենալու դեպքում Իրանը տարածաշրջանում կարող է դառնալ Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող գլխավոր վտանգը: Չնայած անմիջական սահմանի բացակայությանը, Ռուսաստանն Իրանի հետ դեռ չի հստակեցրել ջրային սահմանները:

Ավելին, Սիրիայում ներկայումս իրադրությունն այնպիսին է, որ երկրում իրանցիների նեկայությունը ավելի մեծ բեռ է դարձել Մոսկվայի համար, քան նրանց մասնակցությունը հակաահաբեկչական պատերազմին: Իրանցիների ջոկատների եւ աշխարհազորայինների պայքարը նպաստեց նախագահ Բաշար Ասադի վարչակարգի պահպանմանը: Սակայն արդի փուլում նրանց ներկայությունը գրեթե զրոյական է: Հարկ է նշել նաեւ Իրանի «ուխտադրժությունը» Ռուսաստանի հանդեպ, երբ պատժամիջոցների վերացումից հետո նա լայնորեն ընդառաջեց արեւմտյան ընկերություններինՙ միանգամայն անտեսելով ռուսաստանցի հավանական գործընկերներին:

Դեմոկրատ սենատոր Բիլ Նելսոնի կարծիքով, ԱՄՆ-ը պետք է Իրանի վրա ճնշումն ուժեղացնի, որպեսզի այդ երկիրը չկարողանա մշակել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ: Միեւնույն ժամանակ նա գտնում է, որ միջուկային համաձայնագրից դուրս գալը ողբերգական սխալ է: Նման քայլը ամերիկացիներին կբաժանի եվրոպացի դաշնակիցներից եւ Իրանին հնարավորություն կտա մեկ տարվա ընթացքում ատոմային ռումբ ստեղծել, մինչդեռ համաձայնագիրը 7-12 տարի նրան թույլ չէր տա դա անել:

Իր հերթին, Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան ափսոսանք են հայտնում համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ: Եվրոմիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին բազմակողմ համաձայնագրի բոլոր մասնակիցներին կոչ է արել հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին: Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ պետությունները պետք է միասնաբար արձագանքեն Թրամփի որոշմանը: ԵՄ ղեկավարները մտադիր են տվյալ թեման քննարկել առաջիկա շաբաթվա ընթացքում:

Իրավիճակի հետաքրքրությունը հետեւյան է: Նախ եւ առաջ, ինչպես գտնում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունըՙ ՄԱԳԱՏԷ-ն, Իրանը, փաստորեն, չի խախտել համաձայնագրի պայմանները: Երկրորդ, գործարքը կարող է շարունակվել նաեւ առանց ԱՄՆ-ի, որը Թեհրանի հետ առեւտրական հարաբերություններ չունի: Բայց առաջիկայում իրենց ինչպե՞ս կպահեն Եվրոպան, Ռուսաստանը եւ Չինաստանը: Մասնավորապես կարեւոր է Եվրոպայի կեցվածքը: Գործարքի մասնակից երկրները կմիավորվե՞ն արդյոք ԱՄՆ-ին մարտահրավեր նետելու համար:

Պայմանավորվածությունների եվրոպացի մասնակցիները առայժմ դրանք համարում են դիվանագիտական խոշոր հաջողություն, որը հնարավորություն տվեց սահմանափակել մերձավորարեւելյան երկիր Իրանի միջուկային ծրագիրըՙ միջազգային պատժամիջոցների մեղմացման դիմաց: Այդուհանդերձ, եվրոպացիները չկարողացան կանխել ամերիկացիների դուրս գալը համաձայնագրից: Խափանվեց նաեւ այսպես կոչված E3 խմբի սցենարը, խումբ, որի մեջ մտնում են Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան: Սցենարը ենթադրում է փաստաթղթի պայմանների փոփոխություն:

Ինչ վերաբերում է Թեհրանին, նրա հայտարարությունները կանխատեսելի են: Իրանի նախագահ Հասան Ռուհանին հանրային հեռուստատեսությամբ հանդես եկավ կտրուկ արտահայտություններով: Նրա խոսքերովՙ ԱՄՆ-ը իր արարքի համար կզղջա ավելի շատ, քան երբեւիցե սեփական պատմության մեջ: Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ եվրոպական երկրների հավատարմությունը Իրանի համար անհամեմատ կարեւոր է ԱՄՆ-ի որոշումից: Ինչպես հաղորդում է ԹԹհ-ն, Թեհրանը կարգադրել է իր դիվանագետներին Փարիզի, Բեռլինի, Լոնդոնի, Մոսկվայի եւ Պեկինի հետ բանակցություններ սկսել, որպեսզի գնահատվեն միջուկային համաձայնագրի պահպանման հնարավորությունները ի հեճուկս Թրամփի որոշման:

Արեւմուտքցի փորձագետների կարծիքով, Իրանն այժմ կարող է փորձել Մերձավոր Արեւելքում փոփոխել ուժերի հարաբերակցությունը: Իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ողջունել է Թրամփի որոշումըՙ այն անվանելով ճիշտ քայլ:

Թեեւ Իրանի հետ կքված միջուկային համաձայնագիրն իդեալական չէ, բայց ԱՄՆ-ից հետո այդ փաստաթղթից կարող է դուրս գալ նաեւ Իրանը: Որոշ փորձագետներ երկյուղ են արտահայտում, որ Թեհրանը կարող է դուրս գալ նաեւ 1968 թվականին կնքված Միջուկային զենքի չտարածման համաձայնագրից, ըստ որի 191 երկրներ ջանքեր են գործադրում միջուկային զենքի եւ դրա հետ կապված տեխնոլոգիաների տարածումը թույլ չտալու համար: Իրադարձությունների նմանօրինակ զարգացումը կարող է լրջորեն խարխլել Մերձավոր Արեւելքի կայունոթյունը եւ սպառազինությունների մրցավազք առաջացնել տարածաշրջանում: Դա վատթարագույն սցենարն է Միացյալ Նահանգների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ