RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018



Տեղադրվել է` 2018-08-16 01:31:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 6307, Տպվել է` 727, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՊՀ-ՈՒՄ 2018-19 ՈՒՍ. ՏԱՐԻՆ ԿԴԻՄԱՎՈՐԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ...

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Այս տարվա ապրիլ ամսին սկիզբ առած եւ մայիսին հանգուցալուծում ստացած իշխանափոխության (վերջին դեպքերից հետո վերստին հրաժարվում եմ կատարվածը հեղափոխություն որակել) պահանջից հետո, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, բոլորի ուշադրությունը միանգամից սեւեռվեց Երեւանի պետական (այսուհետՙ ԵՊՀ) համալսարանի վրա, որը, Սերժի թվին ամենաքաղաքականացված ԲՈՒՀ-ն էր, բայց հիմա, քանի որ արդեն Նիկոլի թիվն էՙ ապաքաղաքականացվել է (կարող եք ծիծաղել), այսինքնՙ «Նոր Հայաստան, Նոր ԵՊՀ»: Մենք հավատացել ենք ու հավատալու ենք նման միֆերին, քանի որ միֆաստեղծ ու միֆասեր, միֆակիր ազգ ենք, վկաՙ մեր ժողովրդական բանահյուսությունը:

Ահա, այս ու այսանման միֆերով տարված` չենք էլ նկատում, որ ապաքաղաքականացված (այստեղ կրկին կարող է լինել ձեր ծիծաղը) համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը ժողովրդի միասնական քայլով մերժված Սերժ Ազատի Սարգսյանն է: Ավելին, Սերժ Սարգսյանին այստեղ էլ են չեն լքում նրա մշտնջենական ուղեկիցներըՙ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ ու Սփյուռք-Հայաստան կապի «տունը» շքանշանած Հրանուշ Հակոբյանի վերջապահությամբ: Եթե իրոք իրավիճակ է փոխվել, այդ դեպքում ինչո՞ւ է հանրապետության մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը մի մարդ, ով իրավիճակի փոփոխման դրդապատճառի գլխավոր բաղադրիչն է:

Շաբաթներ տեւած ուսանողական պայքարի ժամանակ, չնայածՙ ուսանողական պայքարի սկզբունքն այնքան էլ ճիշտ չէր, ոչ մի կերպ հնարավոր չեղավ ցրման տանել համալսարանի հոգաբարձուների խորհուրդը: Հիմա ինչպե՞ս հասկանանք այս ամենը, ԵՊՀ-ն հայկական Կատալոնիա՞ն է, թե՞ Վատիկանը, այս ի՞նչ ինքնիշխանական գործունեություն է, ինչի՞ հոգաբարձուների նախագահն է Սերժ Սարգսյաննՙ իր շքախմբով, այն համալսարանի՞, որի գրեթե բոլոր ուսանողները «մերժի՛ր Սերժին» էին վանկարկում, հայհոյում նրա անունն ու ոտնատակ անում լուսանկարը... ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մեկ ամսվա ընթացքում ամենաքիչը երկու բյուր անգամ արտաբերել է «Քայլ արա՛, մերժիր Սերժին» նախադասությունը, բայց այսօր լինելով նախարար, իր ենթակայության տակ գտնվող կառույցում Սերժ Սարգսյանը կրկին նախկին Սերժ Սարգսյանն է. հարց էՙ ո՞վ է ում մերժում: Այսինքնՙ Արայիկ Հարությունյանը քայլեց-քայլեց, բայց չկարողացա՞վ մերժել, թե՞ Սերժ Սարգսյանին անհնար է մերժել, ինչպեսՙ Քոչարյանին կալանքի տակ պահել: Մեկ-երկու ամիս առաջ կարծեմ ուրիշ բան էր ասվում: Թվում էՙ առաջ քաշվածը մանր ու երկրորդական հարց է, բայց յուրաքանչյուր մեծ բան փոքր մասնիկներից է կազմված:

Եվ ամենակարեւորըՙ եթե ապրիլին «մերժիր Սերժին» վանկարկող ուսանողը սեպտեմբերին դասի է գնալու մի համալսարան, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը մերժյալ Սերժ Սարգսյանն է, ապա, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, այստեղ թյուրըմբռնում կա:

Պատասխանատուներին կոչ եմ անում մի կողմ գցել թյուրը եւ ըմբռնել պահի խորքայնությունը:

Հ.Գ. Հպարտ եմՙ ԵՊՀ-ի ուսանողը լինելով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ