RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2018-08-16 01:31:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 5644, Տպվել է` 720, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՄԻ ՔԱՆԻ ՃԱԿԱՏՈՎ

Պ.Ք.

Մոսկվան ու Թեհրանը «փորձանքի մեջ չեն թողնի» Թուրքիային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բիզնես անող երկրները չեն կարող գործարար կապեր ունենալ ԱՄՆ-ի հետ: Նրա խոսքերով, «հակաիրանական նոր պատժամիջոցները երբեւիցե Թեհրանի դեմ կիրառված ամենակոշտ պատժամիջոցներն են, նոյեմբերին դրանք կբարձրացվեն նոր մակարդակի»: Այդ խոսքերը հնչում են վերջնագրի նման եւ աշխարհի գործարարներին կանգնեցնում երկընտրանքի առջեւ. կա՛մ Իրան, կա՛մ էլ ԱՄՆ: Բայց սա նաեւ նշանակում է, որ Վաշինգտոնին չի հաջողվում Թեհրանի նկատմամբ կիրառել հյուսիսկորեական սցենարը եւ նրան ստիպել ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ սկսել իրանական միջուկային գործարքի վերանայման նպատակով:

Դա ունի լուրջ պատճառ: Հյուսիսկորեական հարցը կարգավորելու Վաշինգտոնի ձգտումը որոշակի իմաստով արժանացավ Եվրոմիության, Ռուսաստանի եւ Չինաստանի հավանությանը: Իրանի հարցում իրավիճակն ուրիշ է: Եվրոմիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին եվրոպական ընկերություններին կոչ է արել ընդլայնել առեւտրական գործունեությունն Իրանում եւ համագործակցությունն այդ երկրի հետ: Ըստ որում, Եվրոմիությունը գործի է դրել շրջափակող կանոնակարգ, որոնք ԵՄ տարածքում անվավեր են ճանաչում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի արտատարածքային պատժամիջոցները, եվրոպական ընկերություններին արգելում է կատարել դրանք, ինչպես նաեւ արգելում է այդ պատժամիջոցների հիման վրա օտարերկրյա դատարանների ընդունած ամեն տեսակ վճիռների կատարումը:

Այսպիսով, ինչպես գրում է ամերիկյան The Atlantic հրատարակությունը, ի հայտ են գալիս զանազան կոալիցիաներ ու դաշինքներ կազմելու ԱՄՆ-ի թերացումները, իսկ Իրանի ճգնաժամը ստանում է ոչ թե տարածաշրջանային, այլ համընդհանուր բնույթ: Ակնհայտ է, որ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի քաղաքականության արդյունքները չեն համապատասխանում դրա նախնական նպատակներին: Աֆղանստան եւ Իրանք կատարված ներխուժումները, Լիբիայի եւ Սիրիայի ճգնաժամերը նսեմացնելու փորձերը, Եմենի ռազմական գործողությունները միայն խորացրել են տարածաշրջանի հիվանդագին վիճակը: Այժմ էլ իրանական հարթակի միջոցով Վաշինգտոնը սկսել է համաշխարհային ընկերակցությունը դնել բարիկադների տարբեր կողմերում, իսկ ինքը հայտնվել է մեկուսացման վտանգի առջեւ: Հարց է ծագում, թե ո՞րն է ԱՄՆ-ի քաղաքականության նպատակըՙ պատժամիջոցներով հասնել կոնկրետ նպատակների, թե՞ մեկ այլ բան:

Եվ սա այն պայմաններում, որ, հրատարակության կարծիքով, Վաշինգտոնի քաղաքականության նավարկուղիում սկսել են տեղեր զբաղեցնել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Հնդկաստանն ու Չինաստանը: Ավելին, կասկածի տակ է հայտնվում ԱՄՆ-ի դաշնունակությունը, որը առաջ է մղում այն գաղափարը, թե իր գործընկերները պայմանագրեր կնքելիս կարեւորում են ոչ այնքան դիվանագիտությունը, որքան պատժամիջոցներից խուսափելը: Այս կապակցությամբ հարկ է նշել կարեւոր նրբերանգներ: Մի կողմից, Իրանի միջուկային համաձայնագիրը ստորագրած մյուս երկրները ԱՄՆ-ի կողմից գործարքի չեղարկումից հետո մերձեցնում են իրենց դիրքերը: Այսպես, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 7-ին Ստամբուլում տեղի կունենա Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսայի եւ Գերմանիայի ներկայացուցիչների աննախադեպ հանդիպում: Փորձագետներից շատերի կարծիքով, այդ քառյակը փոփոխություններ կմտցնի տարածաշրջանային չափման մեջ, մասնավորապես Սիրիայի եւ Իրանի հարցերում:

Մյուս կողմից, Թրամփի վարչակազմը հարվածներ է հասցնում ԵՄ-Իրան զույգին եւ Թուրքիային: Վախենալով կորցնել ամերիկյան խոշոր շուկան, ներդրողներից շատերը հեռանում են Իրանի շուկայից: Ուստի Իրանի հետ համագործակցությունն ընդլայնելու Մոգերինիի կոչը պետք է ընկալել որպես եվրոպական խոշոր ընկերությունների միջեւ գոյացած տարաձայնությունները հարթելու հորդոր:

ԱՄՆ-ը նաեւ փորձում է հարվածներ հասցնել Իրանի բարեփոխական շրջանակներին, որոնք վայելում են Եվրոմիության աջակցությունը, չնայած տարածաշրջանում Թեհրանի քաղաքականության նկատմամբ գոյություն ունեցող որոշակի թերահավատությանը:

Վերջերս Թուրքիան նույնպես ենթակա է դարձել ամերիկացիների լուրջ ճնշմանը: Այստեղից էլՙ հաշվարկով դաշնակցային հարաբերություններ հաստատելու Անկարայի ձգտումը, մասնավորապեսՙ պատժամիջոցների ենթարկվող ուրիշ երկրների հետ: Այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը հայտարարեց Թուրքիայից ներմուծվող ալյումինի եւ պողպատի վրա համապատասխանաբար 20 տոկոս եւ 50 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասինՙ նշելով, որ «թուրքական լիրան արագորեն արժեզրկվում է դոլարի նկատմամբ», ակնհայտ դարձավ, որ Վաշինգտոնի հետ բացահայտ կամ գաղտնի համաձայնության հասնելու Անկարայի փորձերը ձախողվել են: Հենց վերջերս Սինգապուրում ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղար Մայքլ Պոմպեոն հանդիպում էր ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ: Դրանից հետո Վաշինգտոնը երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները կարգավորելու պատրաստակամություն էր հայտնել, իսկ Չավուշօղլուն տվյալ հանդիպումն անվանել էր «կառուցողական»:

Ավելի ուշ, CNN Turk հեռուստաալիքի տեղեկացմամբ, Վաշինգտոն էր այցելել ամենալայն լիազորություններով օժտված թուրքական մի պատվիրակություն: ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների բանակցությունների օրակարգում էին մասնավորապես Իզմիրում ձերբակալված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի արձակումը, Սիրիայի հետ կապված տարաձայնությունները եւ առեւտրային վեճերը: Անկարան կուզենար պաստոր Բրանսոնին փոխանակել ԱՄՆ-ում ապրող աստվածաբան Գյուլենի հետ, որին մեղադրում են 2016 թ. հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

Ամերիկացիներն առաջարկեցին իրենց տարբերակը: Նրանք հասան Իսրայելում Թուրքիայի քաղաքացուհի Էբրու Օզկանի արձակմանը, որը ձերբակալվել էր պաղեստինյան «Համաս» շարժմանն աջակցելու մեղադրանքով: Ամերիկացիները գտնում են, որ սրանով իրենք կատարել են իրենց առաքելությունը:

Ինչ վերաբերում է Սիրիայի իրադրությանը, այստեղ իրադրությունն ավելի բարդ է: Ինչպես տեղեկացնում է թուրքական Yeni Ca թերթը, հուլիսին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում որպես դաշինքի հակառակորդներ նշվել են Ռուսաստանը եւ Իրանը, եւ ոչ թե սիրիացի քրդերի ռազմական կազմավորումները, որոնց Թուրքիան համարում է ահաբեկիչներ: Այսինքն, դաշնակիցները թուրքական կողմին ստիպել են արմատապես փոխել իր տարածաշրջանային քաղաքականությունը: Թեեւ վաշինգտոնյան բանակցություններից հետո թուրքական պատվիրակության ներկայացուցիչները խոսեցին հաջող արդյունքների մասին, ակնհայտ է, որ առաքելությունը ձախողվել է: Դրանից հետո Թրամփը հայտարարեց ԱՄՆ շուկայում թուրքկան ապրանքների անմաքս ներմուծումը վերանայելու մասին:

Անկարան պատասխան քայլեր է ձեռնարկում ամերիկյան ապրանքների ներմուծման նկատմամբ: Թուրքիա ներմուծվող ամերիկյան ապրանքների շարքում ամենաբարձր մաքսատուրքերը սահմանվել են ալկոհոլի (70%), ավտոմեքենաների (60%) եւ ծխախոտի (30%) վրա: Սակայն, ինչպես նշում են փորձագետները, երկրից կատարվող արտահանության վրա դա կանդրադառնա 1,7 մլրդ դոլարի չափով: Ավելին, թուրքական լիրան սկսել է կտրուկ արժեզրկվել:

Վաշինգտոնում դժգոհ են նաեւ այն բանից, որ Անկարան ձեռք է բերում ռուսական իՀԽ հ-400 հրթիռազենիթային համակարգեր, հրաժարվոմ է միանալ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին, ինչպես նաեւ շահերի բախում ունի Սիրիայում, որտեղ ամերիկացիներն աջակցում են քուրդ ապստամբներին:

«Միացյալ Նահանգները սանձազերծել է տնտեսական պատերազմ»: Այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Էրդողանըՙ ավելացնելով, որ Անկարան պատրաստ է շրջվել դեպի նոր շուկաներ եւ դաշինքներ: ԱՄՆ-ի հայտարարած տնտեսական պատերազմի պայմաններում Էրդողանը նշեց, որ իր երկիրը պատրաստ է խորացնել տնտեսական հարաբերությունները «Իրանից մինչեւ Ռուսաստան, Չինաստան եւ եվրոպական որոշ երկրներ»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում մասնավորապես քննարկվել է ստեղծված իրավիճակը:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի ֆինանսական համակարգը խարխլելու Սպիտակ տան փորձերը հաջողություն չեն ունենա:

«Մենք հրաժեշտ ենք տալիս նրան, ով 81 միլիոնանոց գործընկերային հարաբերությունները զոհաբերում է հանուն ահաբեկչական կազմակերպության հետ կապերի», մեջբերում է Էրդողանի խոսքերը Anadolu գործակալությունը: Էրդողանը նկատի ունի սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատները, որոնց Անկարան համարում է ՔԲԿ-ի մասնաճյուղ: Նախագահի խոսքերով, ամերիկացիները ներկայումս տնտեսական պատերազմի միջոցով փորձում են հասնել նրան, ինչը չէր հաջողվել անել պետական հեղաշրջման փորձի միջոցով:

Տնտեսական առումով, Անկարան քիչ բան կարող է հակադրել ԱՄՆ-ին, բայց ռազմական համագործակցության ոլորտում Էրդողանի աջակիցներն առաջարկում են ամերիկացիների համար փակել Ինջիրլիք ավիաբազան, որը դարձել է ՆԱՏՕ-ի համար Թուրքիայի ռազմավարական կարեւորության խորհրդանիշը, գրում է Tagesspiegel-ը:

Իսկ այժմ գլխավոր հետեւություների մասին: Վաշինգտոնը կտրուկ մեծացրել է պահանջները Անկարայի նկատմամբՙ նրան զրկելով դիվանագիտական միջոցներով փոխզիջումային լուծումներ գտնելու հնարավորությունից: «Եթե Թուրքիային ստիպեն զիջումներ անելՙ ընդսմին ոտնահարելով նրա ինքնիշխանությունը, ապա դժվար թե հաջողության հասնեն: Թուրքիան ոչ մի քայլ չի նահանջի», ասել է Էրդողանը:

Երկրորդ, Կիպրոսի 1975 թ. ճգնաժամից ի վեր թերեւս առաջին անգամ ամերիկացիները կոշտ պատժամիջոցներ ձեռնարկեցին ՆԱՏՕ-ի գծով իրենց կարեւորագույն դաշնակիցներից մեկի նկատմամբ: Պատժամիջոցները կարող են լուրջ ներքաղաքական փոփոխություններ առաջացնել այդ երկրում:

Երրորդ, Թուրքիան առաջին անգամ հայտնվել է լուրջ ընտրության առջեւ. հարկավոր է շարժվել դեպի Արեւելք, թե՞ դեպի Արեւմուտք, մնա՞լ արդյոք ՆԱՏՕ-ի կազմում եւ Եվրոմիություն մտնելու հույսեր փայփայել: Սակայն տարածաշրջանային անվտանգության հետ կապված անորոշությունները Անկարային առայժմ հեռու են պահում Վաշինգտոնի հետ հարաբերությունների լիակատար խզումից:

Չորրորդ, Թուրքիան իր մերձավորարեւելյան քաղաքականության մեջ փաստորեն չունի արեւմտյան դաշնակիցներ եւ ստիպված է հենվել Ռուսաստանի եւ Իրանի, ինչպես նաեւ Չինաստանի հետ դաշինքի վրա: Բոլոր նշաններից երեւում է, որ այդ երկրների հետ Անկարայի հարաբերությունները կունենան գործարքային բնույթ, այսինքն կենթադրեն հակառակ կողմի հակառակ քայլեր զանազան հարցերի առնչությամբ:

Արդեն մի քանի տարի է, ինչ Էրդողանը մտածում է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հարաբերությունները խորացնելու մասին, իսկ վերջերս նա բարձրաձայն արտահայտնեց Թուրքիան BRICS-ի անդամ դարձնելու մտադրությունը: Անկարայում քննարկումներ են անցկացվում նաեւ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու մասին, որտեղ գլխավոր դերակատարներն են Ռուսաստանն ու Չինաստանը, գրում է գերմանական Tagesspiegel թերթը: Ռուսաստանի եւ Չինաստանի հետ Թուրքիայի դաշինքից առավել իրատեսական է թվում նրա շրջադարձը դեպի Եվրոմիություն, որի հետ կատարվում է երկրի ապրանքաշրջանառության 44 տոկոսը: Եվրոպան անփոխարինելի է որպես առեւտրային գործընկեր, ընդգծում է գերմանական հրատարակությունը:

Գերմանիայի տնտեսության նախարար Պետեր Ալտմայերը քննադատեց քննադատեց Վաշինգտոնի ներհովանավորիչ միջոցառումները, մասնավորապես մաքսատուրքերի հաստատումը: Նա ավելացրեց, որ ԱՄՆ-ը իրավունք չունի մյուս երկրներին թելադրել առեւտրական համագործակցության պայմաններ: Փորձագետների կարծիքով, Դոնալդ Թրամփի նախահարձակ քաղաքականության նպատակն է բարելավել ԱՄՆ-ի տնտեսությունը, ինչը կարող է դրականորեն ազդել իր վարկանիշի վրա: Միեւնույն ժամանակ, վերլուծաբանները նշում են, որ Թրամփը իր գործողություններով մեկուսացնում է ԱՄՆ-ը:

Ալտմայերն ասել է, որ եվրոպացիները ԱՄՆ-ին թույլ չեն տա ուրիշներին թելադրել առեւտրական համագործակցության պայմաններ, եւ այդ պատճառով իրենք պաշտպանում են Վիեննայում ստորագրված իրանական միջուկային համաձայնագիրը: Այդ մասին նա հայտարարել է Bild հրատարակությանը տված հարցազրույցում: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելովՙ ԱՄՆ-ը քամահրանք է հանդես բերել իր դաշնակինցների հանդեպ: Նրա խոսքերով, գերմանական ընկերությունները կշարունակեն Իրանում ներդրումներ կատարել որքան ուզենան: Ամեն տեսակ պատժամիջոցներից տուժում են առաջին հերթին շարքային սպառողները, քանի որ դրանք հանգեցնում են սպառողական գների բարձրացմանը: Նա նշել է, որ չպետք է սպառնալիքի տակ դնել այն հարյուր հազարավոր աշխատատեղերը, որոնք ստեղծվել են ԱՄՆ-ի ու Եվրոմիության առեւտրի շնորհիվ: Ընդհակառակը, նրա կարծիքով անհրաժեշտ է պայքարել ներհովանավորչության դեմ եւ հասնել ցածր մաքսատուրքերի ու ազատ շուկաների ստեղծմանը:

Փորձագետների կարծիքով, պատժամիջոցների հետ կապված ճգնաժամը ի հայտ կբերի ոչ միայն թուրք-ամերիկյան հարաբերությունների, այլեւ Մերձավոր Արեւելքում եւ Անդրկովկասում վարվող քաղաքականության կարեւոր միտումները: Այս կապակցությամբ ավելի քան պերճախոս են Մոսկվայից եւ Թեհրանից հնչող հայտարարությունները, թե իրենք Թուրքիային չեն թողնի փորձանքի մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ