ԴՈԿՏ. ՔՐԻՍՏՈՖԵՐ ՇԵԿԼՅԱՆԸ «ԶՈՀՐԱՊ» ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ Հ.Ծ. Հայ եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմը վերջերս Նյու Յորքի Սբ. Վարդան մայր տաճարի համալիրում գործող Գրիգոր եւ Կլարա Զոհրապ տեղեկատվական կենտրոնի նոր տնօրեն է նշանակել դոկտ. Քրիստոֆեր Շեկլյանին , որը սեպտեմբերի 1-ից փոխարինելու է նախկին տնօրեն հայր Դանիել Ֆնդըքյանին : Վերջինս, ինչպես հայտնի է, մայիսին թեմի 116-րդ համագումարում առաջադրվել էր եւ այնուհետեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից հաստատվել որպես Արեւելյան թեմի առաջնորդի, փոխարինելով հրաժարական տված Խաժակ արք. Պարսամյանին: Դոկտ. Շեկլյանը բնիկ Վիսալիայից է (Կալիֆոռնիա): Մարդաբանության գծով մասնագիտացել է հաճախելով Բերքլիի Կալիֆոռնիա եւ Չիկագոյի համալսարանները: Մի տարի սովորել է նաեւ Նյու Յորքի Սբ. Ներսես հայկական դպրեվանքում: 2012-14 թվերին Ստամբուլում ապրելովՙ հսկայական ազգագրական աշխատանքներ է տարել հայկական համայնքներում, այցելել է տարբեր վայրեր, ներառյալ իր նախնիների Չոմախլու գյուղը: «Աստվածաբանությունը եւ համայնքը: Հայ փոքրամասնությունը, ավանդույթն ու աշխարհիկությունը Թուրքիայում» թեմայով դոկտորական է պաշտպանել Չիկագոյի համալսարանում: Վերջին շրջանում դասավանդում էր Միչիգանի համալսարանում: «Զոհրապ կենտրոնը իդեալական հարթակ է ինձ համար, քանի որ ուսումնասիրություններս ինչպես ակադեմիական, այնպես էլ եկեղեցական ոլորտներում են: Ոգեւորված եմ շարունակելու Զոհրապ կենտրոնի բարի ավանդույթները», նշել է նա նշանակման առթիվ: |