ՀԱՅԱՍՏԱՆԻ... ԲԱՐԵԿԱՄԸ ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող Քաղաքականության մեջ ամենամերժելի բաներից մեկն է, երբ այս կամ այն պետության ղեկավարը, ելնելով այսրոպեական շահերից, իրարամերժ գնահատականներ է հնչեցնում նույնիսկ անզեն աչքով տեսանելի համանման իրադարձությունների առթիվ: Հարավսլավիայի միասնական պետության կործանումից հետո ռուսական կողմնորոշում ունեցող Սլաբոդան Միլոշեւիչին բռնեցին, Կոսովոյում ազգությանբ ալբանացի քաղաքացիների ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով հանձնեցին Հաագայի միջազգային դատարանին: Չհասցրին դատելՙ մարդը բանտում, հավանաբար ոչ առանց բժիշկների օգնության, մահացավ: Իսկ նույն Կոսովոյում հազար տարուց ավելի ապրած շուրջ 600 հազար սերբերին իրենց բնապատմական հայրենիքում բնաջնջած կամ Սերբիա արտաքսած մոլագար-մարդասպան Հաշիմ Տաչիին առոք-փառոք հռչակեցին... Կոսովոյի Հանրապետության վարչապետ: Այն դեպքում, երբ ալբանացիները սերբական Կոսովոյում հայտնվել էին... Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, Իոսիպ Բրոզ Տիտոյի բարի կամքով: 1946-ից հետո մի 50 հազար ալբանացի եկավ սերբական Կոսովո, կես դարում հասցրեց 2 միլիոնից ավելի դառնալ, իսկ երբ Արեւմուտքն այդ տարածաշրջանում խառնակություն սկսեց, ասացինՙ անկախանում ենք: Եվ համաշխարհային լիդերներից որեւէ մեկի մտքով չանցավ, որ վարչապետի պաշտոնն ստանձնելու առիթով շնորհավորելով Հաշիմ Տաչիին, մարդկային խղճի եւ բանականության դեմ հանցանք է գործումՙ անտեսում է Կոսովոյի սերբական հող լինելու հանգամանքը: Մինչդեռ Կոսովո Պոլեն սերբերի համար նույնքան թանկ է, որքան Ավարայրըՙ հայերիս համար: Կոսովոյի ալբանացիների անկախությունը ճանաչելը նշանակում էր նաեւ հավանություն տալ ալբանացի գրոհայինների, այդ թվում Տաչիի հրամանով իրականացված սերբերի ցեղասպանությանը: Միլոշեւիչի հրամանով իրականացված ալբանացիների ցեղասպանությունը դատապարտում էին, իսկ Տաչիի հրամանով իրենց իսկ բնապատմական հողում բնաջնջված սերբերի ցողասպանությունըՙ անտեսում: Ճիշտ այդպես Ուկրաինայում 2014 թվականի մայդանային հեղափոխության ժամանակ այդ երկրի ռուսազգի քաղաքացիներին բառացիորեն հոշոտելու պատրաստ ուկրաինացի ազգայնականներին արդեն չորս տարուց ավելի ամեն կերպ սատարող երկրների քաղաքական շրջանակները չեն դադարեցնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըՙ իբրեւ թե Ղրիմը Ուկրաինայից խլելու հանդգնության համար: Մինչդեռ երեխային էլ պարզ է, որ Ուկրաինայի կազմում մնալու դեպքում ուկրաինական ազգայնականները Ղրիմիՙ բացարձակ մեծամասնությամբ ռուսազգի քաղաքացիների արյան հեղեղներն էին թափելու, ինչպես որ թափեցին ու դեռ պատրաստվում են թափել Դոնբասի եւ Լուգանսկի մարզերի ռուսազգի քաղաքացիների արյունը: Ենթադրել, թե ժամանակակից Ռուսաստանը երբեւէ դա թույլ կտաՙ շատ մեծ միամտություն կլիներ: Ռուսները երրորդ համաշխարհային պատերազմը կսկսենՙ այս հացում երբեք չեն նահանջի: Զուր չէր վերջերս Պուտինն ասումՙ ո՞ւմ է պետք այն երկրագունդը, որի վրա... Ռուսաստան չի լինելու... Խնդիրը միայն Ուկրաինայում ապրող սեփական հայրենակիցների անվտանգությունը ապահովելու մեջ չէ: Խնդիրը Սեւաստոպոլի ռազմածովային բազայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մեջ է: Որովհետեւ հենց որ Ղրիմն անցնի Ուկրաինայինՙ հաջորդ օրը Սեւաստոպոլից ռուսական ռազմական նավատորմը վռնդվելու է, որպեսզի այդ ռազմածովային բազան տրամադրվի ամերիկյան 6-րդ նավատորմին: Չհասկանալ, որ Ղրիմի Ռուսաստանի կազմում մնալը անվտանգության նկատառումներով կենսականորեն անհրաժեշտ է ռուսներինՙ քաղաքական տգիտություն է: Ճիշտ այնպես, ինչպես Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը կամ Մայր Հայաստանին նրա միանալու իրավունքը մերժելըՙ նույն քաղաքական հարթության խնդիր է: Ինչպես Ղրիմում 2014 թվականին, այնպես էլ Արցախում 1991 թվականի սեպտեմբերի 2-ին բնակչության բացարձակ մեծամասնությունը կողմ քվեարկեց երկրամասի անկախությանը: Բայց Ղրիմի ու Արցախի հանրաքվեների արդյունքները չեն ճանաչվել գերիշխող երկրներիՙ Ուկրաինայի եւ Ադրբեջանի կողմից: Երկու երկրներն էլ նշված հանրաքվեներից հետո բացահայտ պատերազմ են հայտարարել մի դեպքում արցախահայությանը, մյուս դեպքումՙ Դոնբասի եւ Լուգանսկի ռուսալեզու քաղաքացիներին: Նույնը կանեին նաեւ Ղրիմի ռուսալեզու բնակիչների նկատմամբ, եթե Ղրիմը Ռուսաստանի կազմ ընդունելովՙ Մոսկվան բնաջնջումից չփրկեր Ղրիմի քաղաքացիներին: Ճիշտ այդպես Ադրբեջանի սպանդից Հայաստա՛նը փրկեց արցախահայությանը: Դրա համար էլ մինչեւ հիմա Բաքուն ոռնում է, թե իբր Հայաստանը բռնազավթել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը: Որովհետեւ, իբր, Արցախն իրե՛նց հողն է: Ավելին, նույնիսկ... Երեւա՛նն է իրենցը... Կարսեցի տատս կասերՙ հո՜ղս գլխներիդ... Ցավալի է, որ Ղրիմիում համանման խնդրի առաջ կանգնած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը արդեն քանի՜ անգամ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը, բա չե՜ք ասի, պատկանում է... Ադրբեջանին: Ղրիմի դեպքում պնդում է, թե հողի սեփականատերը այդ հողի վրա ապրող ղրիմցիներն են, որոնցՙ Ռուսաստանին միանալու կամքը, արտահայտված հանրաքվեի միջոցով, ոչ ոք իրավունք չունի հաշվի չառնել: Իսկ արցախահայության կամքը կարելի՞ է հաշվի չառնել: Թե՞ ղրիմցիների արյունը արցախցիների արյունից... կարմի՛ր է... Չեմ կարծում, թե Վլադիմիր Պուտինն այս տարրական ճշմարտությունը չի հասկանում: Չեմ հավակնում այս աշխարհի հզորագույն պետություններից մեկի ղեկավարին միջազգային իրավունքի տարրական նորմերը սովորեցնող անկոչ ուսուցչի դերի: Նա, անկասկած, այդ նորմերն ինձնից շատ ավելի լավ գիտի: Պարզապես, այս պահին Մոսկվան Ադրբեջանն իր ազդեցության գոտում պահելու խնդի՛ր է լուծում: Դրա համար էլ տուրք է տալիս երկակի ստանդարտների, ինչի մեջ շատ հաճախ եւ բացարձակ մեծամասնությամբՙ տեղին մեղադրում է... Արեւմուտքին... Վերջերս Երեւան ժամանած Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելը նման միակողմանիություն հանդես չբերեց: Բայց դա ամենեւին չի նշանակում, թե գերմանացիները մեզ համար ավելի անկեղծ բարեկամ են, քան ռուսները: Նրանցից յուրաքանչյուրը բազմիցս մեր արյունով առատորեն վճարել է հանուն... ի՛ր աշխարհաքաղաքական շահերի: Զգուշանանքՙ չկրկնվի... |