ԺՊՏԱ... ՀԱՆՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Կան դիտարկումներ, ըստ որոնց ընտրություններից առաջ, այնուամենայնիվ, Երեւանում վիճակն ապակայունացնելու տարրեր նկատելի են, եւ դրանցից մեկը Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի` Ձորաղբյուրի առանձնատան վրա զինված հարձակումն է: Վերջինիս մամուլային նկարագրություններն ու վնասազերծված հարձակվողի ասածի արտահոսքը տպավորություն են ստեղծում, թե դա ամենեւին էլ գողության փորձ չէր, այլ վախի մթնոլորտ ստեղծելու համար կազմակերպված միջոցառում: Հարձակումն իրակացրած խմբից վնասազերծված գյումրեցի Հովհաննես Ռիժենկովն ասել է, թե հարձակման կազմակերպիչները փող են խոստացել դրա համար: Ո՞ւմ է ձեռնտու իրավիճակի այդ կարգի քաշքշումը` կարելի է գլխի ընկնել: Չնայած դրան ի հակառակ` քաղաքական լարվածությունն այս պահին թուլանալու միտում է դրսեւորել վարչապետի ու Ազգային ժողովի նախագահի` մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպման արդյունքում, որով առայժմ անցումային արդարադատության գաղափարը մի փոքր երկրորդ պլան է մղվում, քանի որ «կողմերը համաձայնել են, որ Հայաստանի դատական համակարգն իր ողջ գործիքակազմով իրեն դեռ չի սպառել»: Թեեւ` ոչ ոք չգիտի, թե հաջորդ անգամ երբ կկտրվի թելը, ու ինչպիսի առիթով դատական համակարգն ի զորու չի լինի ծածկել նախորդ իշխանության հետ կապվածությունը: Այնպես որ դա ժամանակավոր դադար է` ի դեմս ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնության, որին գումարվեցին նաեւ հայտարարություններ ՀՀԿ ղեկավար կազմից` հատկապես ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարայանն էր ասում, որ կարիք չկա ԱԺ-ն ցրելու, ՀՀԿ-ն խնդիր չի ստեղծում գործադիր իշխանության համար.« Երբ զգա (Նիկոլ Փաշինյանը-Մ.Խ.), որ կան խանգարող հանգամանքներ, այդ ժամանակ կարող է այդ մասին խոսել: Առայժմ նրան որեւէ խանգարող հանգամանք չկա, մենք աջակցում ենք կառավարության բոլոր դրական ծրագրերին ու նախաձեռնություններին եւ պետք է աջակցենք», ասել էր նա` այս երեքշաբթի լրագրողներին: Մեր կարծիքով` սահմանադրությունը փոխել-չփոխելու, կամ անցումային արդարադատության ինստիտուտ ներդնելու հարցերը կվերադառնան օրակարգ քաղաքային ավագանու ընտրություններից հետո, հատկապես կախված նրանից, թե ինչպես կպահի իրեն Ռոբերտ Քոչարյանը, որ ռուսական ՆՏՎ-ով կրկին կոշտ որակումներ է տվել հեղափոխությանն ու նրա առաջնորդին, նաեւ` ՀՀԿ-ին ու նրա առաջնորդ երրորդ նախագահին, ու, ըստ լրատվամիջոցների` նրա գրասենյակում «հաճախորդների» չորսժամանոց հերթ է: Իսկ որքանով են անկեղծ ՀՀԿ-ականները` Փաշինյանին չխանգարելու մասով, դժվար է հասկանալ, կամ միգուցե նրանք ժամանակ են շահում ինքնակազմակերպվելու ու առաջնորդ փոխելու համար` զանց առնելով հանրության մեջ առկա բացասական վերաբերմունքը նախկին իշխանության հանդեպ: Իսկ գործադիր իշխանությունը ստացած հեղափոխականներն էլ (այլ, ավելի համարժեք բառ այդպես էլ չի գտնվում նրանց համար)` ժամանակ են կորցնում, թեեւ գիտեն, որ կորսված ամեն օրը եւ թույլ տված յուրաքանչյուր սխալը տասնապատիկ դիմադրությամբ է վերադառնալու: Բոլոր դեպքերում`հիմա, երեւացող գործընթացներին զուգահեռ, կուլիսային պայքարի ժամանակ է սկսվել հեղափոխություն ու հակահեղափոխություն որակված գործընթացների սուբյեկտների միջեւ: Հրապարակորեն` Նիկոլ Փաշինյանը երեկվա կառավարության նիստին հայտարարեց բարեփոխումների նոր փուլի սկիզբը` հարկային օրենսգրքի նոր, ազգային շահն ու նոր իրողությունները հաշվի առնող փոփոխությունների շուրջ հանրության հետ երկխոսելով, ինչպես նաեւ ընտրակաշառքն ու այլ ընտրախախտումներ քրեականացնող (նախատեսվելու են ոչ միայն վարչական պատիժներ` տուգանքներ, այլեւ քրեական խիստ պատժաչափեր, ինչպես նաեւ հստակ սահմանվելու են ընտրակաշառքի տեսակները) օրենսդրական փոփոխություններն ուղարկելով Ազգային Ժողով: Դրանք քննարկող Ազգային ժողովի արտահերթ նիստը սեպտեմբերի 6-ին է: Իսկ Անգելա Մերկելի` այս բոլորին նախորդած այցն ու հատկապես Հյուսիսային պողոտայում նրա զբոսանքը Նիկոլ Փաշինյանի հետ պարզապես բոլոր տեսակի ապակայունացնողների փրփրացող բաժակների մեջ լցվող հանգստացնող նյութի ազդեցությունն ունեին` աշխարհին ներկայացնելով ներկա իրողությունները խտացրած ու խաղաղության, բարեհաճության, քաղաքակրթության մեծ դոզայով շաղախված Հայաստան: Ի հեճուկս նաեւ տարածաշրջանի` տնտեսական եւ այլ հակադրություններով եռացող կաթսայի: «Միասին ժպտանք` հանուն Երեւանի, ի շահ հարազատ քաղաքի» Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել 13 քաղաքական ուժ` 9 կուսակցություն եւ 4 դաշինք: Նրանց մի մասի կարգախոսներն իրար կպցնելով` վերնագիր ու ենթավերնագիր եմ ստացել: Թվենք: Ռեֆորմիստների կուսակցություն, «Ժառանգություն», «Լույս» դաշինք, «Երեւանի հանրություն» դաշինք, «Բարգավաճ Հայաստան», «Հայք կամ Հայկազուններ», «Հայաստանի ժողովրդավարական, ազատական միություն» կուսակցություն, «Երկիր ծիրանի», «Ժողովրդավարական ուղի», «Իմ քայլը» դաշինք («Քաղպայմանագիր» եւ «Առաքելություն»), «Օրինաց երկիր», «ՀՅԴ», «Երեւանցիներ» (ՀՀՇ եւ «Հայոց հայրենիք») դաշինք: Իսկ թե ինչ կա այս բազմազանության տակ` դեռ այնքան էլ չի երեւում, ավելի շուտ` երեւում է միօրինակություն, քանի որ ներկայացված բոլոր ուժերն իրենց համարում են կա՛մ հեղափոխական, կա՛մ հեղափոխությանը սատարած, ընդդիմություն այստեղ չկա, կամ` միգուցե կա թաքնված ընդդիմություն: Ըստ վերեւի հերթականության թվենք նաեւ քաղաքապետ դառնալու հավակնությամբ` ցուցակների առաջին համարներին. Արտակ Ավետյան (կինոռեժիսոր), Րաֆֆի Հովհաննիսյան, Անահիտ Թարխանյան, Արտակ Զեյնալյան, Նաիրա Զոհրաբյան, Գեւորգ Հովսեփյան, Գեւորգ Սանդալյան, Զարուհի Փոստանջյան, Մանուել Գասպարյան, Հայկ Մարության, Մհեր Շահգելդյան, Միքայել Մանուկյան, Արարատ Զուրաբյան: Իսկ եթե մարդիկ չծուլանան ու բոլոր ցուցակների առաջին տասնյակներն ուսումնասիրեն, միգուցե շատերն ընկճախտի մեջ էլ հայտնվեն, մի մասի ճնշումը կամ շաքարը բարձրանա` որոշ արժանիների հետ այն որակի մարդկանց ազգանուններ են դրանցում հայտնվել: Բայց թե ինչու են այսքան մարդ ձգտում դեպի հասարակական հիմունքնեով գործող ավագանի (այդ ցուցակներում ներառված մարդկանց թիվը հասնում է մի քանի հարյուրի), ու հարց է` նրանց ո՞ր մասին է, իրոք, հետաքրքրում քաղաքի զարգացմանը նպաստ բերելը, սա առանձին վերլուծություն, անգամ հոգեվերլուծություն պահանջող հարց է: Իսկ միգուցե իսկապես մեր քաղաքական ուժերը ուզում են փորձարկել հեղափոխությունը` մի քանի առումով. ա/ որքանո՞վ է մեր բնակչությունն, իրոք, առանց փողի հակված ընտրության գնալու, բ/ որքանով իրավապահ մարմինները պատրաստ կլինեն կանխել ընտրակեղծիքները, գ/առհասարակ` Հայաստանում կարո՞ղ է արդար ընտրություն լինել, դո՞ւրս ենք եկել արդյոք արատավոր շրջանից, դ/ ԿԸՀ-ն նոր պայմաններում ինչպե՞ս կդրսեւորի իրեն, ե/ արդյոք ընտրողները, բացի Նիկոլ Փաշինյանի մատնանշած թեկնածուից, մյուս ուժերի նկատմամբ հետաքրքրություն կդրսեւորեն եւ այլն: Իրոք` լյուստրացիա կլինի` միգուցե այս ընտրությունն ի վերջո կհստակեցնի այն հարցի պատասխանը, թե որքան արագ տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները, կամ միգուցե` տեղի չեն ունենա ընդհանրապես (մեկ օրինակ բերեմ` եթե, այնուամենայնիվ, բարգավաճականները ձայների բարձր տոկոս ապահովեն, մանավանդ նրանց ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը շատ արդյունավետ եւ վաղուց ընտրապայքար է տանում (տես` նրա ֆեյսբուքան էջում տեղադրվող տեսանյութերը), ապա չի բացառվի նույն պատկերը խորհրդարանական ընտրություններին` իր անկանխատեսելի հետեւանքներով հանդերձ: Սա հիմնովին բացառել հնարավոր չէ` չնայած Նիկոլ Փաշինյանի` դեռեւս պահպանվող բարձր վարկանիշին: Այնպես որ` լյուստրացիան ընտրությանը մասնակից բոլոր քաղաքական ուժերին է վերաբերելու, երբ պարզվի` որոշ կուսակցություններ ստացել են, ասենք, մի երկու հարյուր քվե, այս դեպքում նրանք այլեւս հազիվ թե համարձակվեն հետագայում մասնակցության հայտ ներկայացնել խորհրդարանական ընտրություններին: Իմ կարծիքով այս ընտրությունը ամենաապաքաղաքականը կլինի, քանի որ ըտրողներից ոչ մեկն ամենայն հավանականությամբ չի նայելու Երեւանում կուտակված խնդիրները լուծելու ծրագրերին, այլ նայելու են նախ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ` նրա՛ թեկնածուին են հեղափոխականորեն տրամադրված զանգվածներն իրենց ձայնը տալու, չնայած` «Ելքի» մյուս կուսակցություններից ստեղծված «Լույս» դաշինքի ներկայացուցիչը նույնպես լիարժեք իրավունք ունի Փաշինյանի աջակցությունը ստանալու: Ավանդաբար ծառուկյանականներին քվեարկողները էլի նրա ձեւավորած խմբին ձայն կտան , ՀՅԴ-ի նվազ, բայց կայուն ձայները վերջինս էլի կստանա, Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանը կստանան իրենց սակավացած համակիրների ձայները` երեւանցի 853 390 ընտրողների ձայների ընդհանուր փոշիացմանը նպաստելով: ՀՀՇ-ի մասին ոչ մի ենթադրություն չունենք` Նիկոլը ոնց ասի, դրանից կախված կլինի նրա ճակատագիրը: Իսկ մնացած անհայտները կլուծեն իրենց անվանապես գոնե ճանաչելի դարձնելու հարցը: Ո՞վ, ո՞վ, ո՞վ է նա Հայաստանում արմատական փոփոխությունների կողմնակիցը լինելով` այնուամենայնիվ կրկին հակադրվեմ «Իմ քայլի» խիստ թեական թեկնածուին. ինչի՞ համար է Հայկ Մարությանը պարգեւատրվում քաղաքապետի խիստ հավանական պաշտոնով` արդյոք նրա համար, որ երկար տարիներ երիտասարդ սերնդին վարժեցրեց բերանը ծռելով եւ որոշակի ժարգոնային բառապաշարով շփվելու կենսակերպին, այլակերպեց ու անիծեց հայերենի հերն ու մշակութային հակահեղափոխություն իրականացրեց երիտասարդների ուղեղներում (հիշո՞ւմ եք`«Մենք խելացիներին ծիծաղելի կդարձնենք»): Ապրեք, այդ ոգով շարունակեք, ինքներդ ձեր դեմ հակահեղափոխություն եք անում: Իսկ եթե ավելի լրջանանք, սիրելի հեղափոխականներ, կտեսնեք, որ նորմալ մարդկանց համար ընտրություն չեք թողել գոնե ավագանու ընտրությունների ձեր թեկնածուի առումով, միգուցե պատկերը մի փոքր մեղմում է «Լույսի» թեկնածուն, մանավանդ` նրանց ցուցակում տեսանք նաեւ այնպիսի ընդունելի անուններ, ինչպիսին Վարդան Մարաշլյանն է: Ամեն դեպքում` 13-ը չարագուշակ թիվ է, տեսնենք, թե կփոխվի՞ այն ԿԸՀ կողմից գրանցումից հետո, ու ո՞վ կմնա: |