RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019



Տեղադրվել է` 2019-01-25 18:57:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 3444, Տպվել է` 255, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՐՄԱՆԱՑԻ ՆԵՐԴՐՈՂԸ 2019-ԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՍՏԱԿ ՔԱՅԼ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կլինի Գերմանիայում

«2019-ը գործերի՞ տարի» վերնագիր դարձած հարցին գերմանական արտաքին տնտեսական նորություններին հետամուտ OWC հանդեսն անդրադառնում է Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո վարչապետ Փաշինյանիՙ իր երկրի քաղաքացիներին, նաեւ ներդրողներին տրված խոստումներին ու դրանք 2019-ին իրագործելու հնարավորություններինՙ զրուցակից ունենալով Հայաստանում Գերմանական տնտեսական միության ղեկավար Դիիթմար Կարլ Շթիլին : Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանՙ հունվարի 31-ից փետրվարի 1-ը Քյոլն եւ Բեռլին կատարելիք պաշտոնական այցին ընդառաջ սույն հարցազրույցն առավել կարեւորվում է:

Ինչու՞, ինչո՞վ գերմանացի ներդրողին պիտի հետաքրքրիՀայաստանի փոքր շուկան, հարցնում է հանդեսի թղթակիցը: «Այո, շուկան փոքր է, բայց այն հատկապես հետաքրքրել կարող է այն ներդրողներին, որոնք Հայաստանը ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ կամուրջ են տեսնում: Սրանով գործարարները կարող են մուտք ունենալ նաեւ այլ շուկաներ, ասենքՙ Ռուսաստանի: Հայաստանը շատ լավ եւ սերտ հարաբերություններ ունի Իրանի հետ, դա կարող է շատ գրավիչ լինել գերմանացի ներդրողների համար, առնվազն նրանց, որ ներգրավված չեն ԱՄՆ շուկայում:Հայաստանում շատ ոլորտներ արդիականացման կարիք ունեն, դրանց մեջ առավելաբարՙ գյուղատնտեսությունն ու սննդի վերամշակման ոլորտները, որ գերմանացի ներդրողների, մեքենաներ ու սարքավորումներ մատակարարող ընկերությունների համար լավ հնարավորություն են ստեղծում:

Գերմանիան եւ Եվրոպան այդ ներուժը դեռ չեն բացահայտել, ծավալուն հարցազրույցի առաջին հարցին ի պատասխան մեկնաբանում է Դիիթմար Կարլ Շթիլը: Նա անդրադառնում է «թավշյա հեղափոխության» ընթացքին, 2018-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքում Փաշինյանի ղեկավարած կուսակցության 70 տոկոս կազմող մեծամասնությանն ԱԺ-ում եւ անդրադառնալով կառավարության կուրսին, Փաշինյանի կարեւորագույն նպատակին, ընդգծում էՙ դա գրեթե 20 տարի գոյատեւող օլիգարխիան է Հայաստանում: « Երկրի բիզնեսը տարիներ շարունակ մի քանի անձանց ձեռքում Է եղել, ասում է Շթիլըՙ շեշտադրելով նոր կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի գերակայությունը: Փաշինյանն ուզում է տնտեսությանը ներհյուսված այդ կառույցների կապը քանդել: Մինչեւ հիմա մրցակցություն գրեթե չի եղել, սուբսիդիաները վատնել են, հավելում է գերմանացի պաշտոնյանՙ թվարկումների շարքում ասես բոլոր բացասական կետերը ներառելով: Տեղի սղության պատճառով կարեւոր այդ դիտարկումներին մանրամասն չենք կարող անդրադառնալ, միայն առանձնացնենք, որ քաղաքական հեղափոխությունից հետո ընդգծվում է տնտեսական հեղափոխության անհրաժեշտությունը: «Կառավարությունը ցանկանում է նվազեցնել եկամտահարկը փոքր եւ միջին ձեռնարկությունների համար: Գերմանացի ներդրողների համար էլ անընդունելի է հարկային չափազանց ծանր բեռը: Միջինՙ 500 ԱՄՆ դոլար եկամուտ ունեցողից Հայաստանում ավելի քան 35 տոկոս հարկ են պահանջում: Միաժամանակ սա պիտի հավասարակշռող գործողություն լինիՙ մի կողմից հարկերը պիտի նվազեն, որ վայրը գրավիչ դառնա, մյուս կողմիցՙ պիտի բավարար հարկային եկամուտներ գանձվեն, որ պետությունը կարողանա իր հանձնառությունները կատարել», ասում է Շթիլը: Պատասխանելով կառավարության իրականացրած կոնկրետ քայլերի մասին հարցին, Հայաստանում գործունեություն ծավալող գերմանացի պաշտոնյան ասում էՙ կառավարությունը շատ բան է խոստացել, նաեւՙ տնտեսության ոլորտում, 2019-ին ակնկալում ենք կոնկրետ քայլեր, հակառակ պարագայումՙ դրական տրամադրությունը միգուցե նաեւ փոխվի: Կառավարությանը ժամանակ տանքՙ հստակ գործ անելու համար, իսկ ներդրողներին խորհուրդ կտամ շարունակել քննախույզ դիտարկումները շուկայի եւ հնարավորությունների հարցում, եզրափակում է Դիիթմար Կարլ Շթիլը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ