ՄԵՐԿԵԼ - ՓԱՇԻՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԵՌԼԻՆՈՒՄ Անահիտ Հովսեփյան, Գերմանիա Այսօրվա մեր թերթում իրազեկել էինք, որ գալիք շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով կժամանի ԳԴՀ. հունվարի 31-ին հանդիպում է նախատեսված գերմանահայ համայնքի հետ Քյոլնում, իսկ փետրվարի 1-ինՙ Բեռլինում։ Ինչպես տեղեկանում ենք ԳԴՀ կանցլերի կայքէջից, ՀՀ վարչապետը Բեռլին է ժամանելու Անգելա Մերկելի հրավերով, նրան կդիմավորեն զինվորական պատվո ողջույնով, որից հետո հետմիջօրեի ճաշի ընթացքում կկայանա երկու երկրների վարչապետների զրույցը։ Այնուհետ կանցլերի նստավայրում նախատեսված է Մերկելի եւ Փաշինյանի մամլո ասուլիսը։ |