RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019



ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ

Տեղադրվել է` 2019-01-25 18:57:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2853, Տպվել է` 251, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԵԼԻՔԸ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

Դեկտեմբեր-հունվար ամիսներին Եվրասիական փորձագիտական ակումբը նախաձեռնել է սոցիոլոգիական հետազոտություն «Հայաստանը նոր քաղաքական շրջանի շեմին. Հասարակության սպասելիքը նոր իշխանությունից» թեմայով: Սոցիալ-տնտեսական ոլորտում մեր հասարակության ակնկալիքի մասին մենք գրել ենք «Ազգ»ի հունվարի 11-ի համարոում: Այդ հետազոտությանը զուգահեռ մենք ընթացիկ քաղաքական հետազոտություն ենք իրականացրել ներքին եւ արտաքին քաղաքական ոլորտներում հասարակության սպասելիքի թեմայով: Ստորեւ ներկայացնում ենք մեր որոշ եզրակացություններ քաղաքագիտական բնույթի մեկնաբանություններով:

Արտաքին քաղաքական կուրսի իրավահաջորդությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորյա ողջույնի ուղերձը վկայեց, որ նա հիմնականում ճիշտ եւ համարժեք է ընկալում մերօրյա հասարակական տրամադրությունները եւ փորձում է գտնել ուղիներ դրանց լուծման համար: Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները նշանավորեցին երկիշխանության ավարտը Հայաստանում եւ ձեւավորեցին նոր, առայժմ կայուն քաղաքական իշխանություն, որը հիմնված է ակտիվ հասարակության շատ շոշափելի մասի համակրանքի եւ աջակցության վրա: Մեր սոցիոլոգները պնդում են, որ նրա գլխավորած իշխանությունը ունի վստահության որոշակի լիմիտ եւ այդ լիմիտը կազմում է երկու, նույնիսկ երեք տարի: Սա մի շրջան է, երբ նոր իշխանությունը պետք է կարգավորվի ինստիտուցիոնալ առումով, վերաճի ինքնակազմակերպված բուրգի եւ կարողանա գտնել ճիշտ ուղիներ հասարակությանը անհանգստացնող հիմնական ուղիների, թող որ աստիճանական, բայց հետեւողական լուծման համար: Իշխանությունն այս լիմիտը ունի այն պայմանով, որ քրտնաջան, ամենօրյա աշխատանք է ծավալելու, լինելու է իր ակտիվ ընտրազանգվածի համար կանխատեսելի ու հասանելի, կարողանալու է ցույց տալ հասարակական հոգսերին ականջալուր լինելու իր ցանկությունն ու կարողությունը: Նույնը վերաբերում է արտաքին քաղաքական կուրսին: Մեր արտաքին քաղաքականությունը մշակվել է 20-25 տարիների ընթացքում հասարակական քաղաքական մտքի լարման, կարծիքների բախման, սեփական եւ ուրիշների սխալների վրա գիտակցության ձեւավորման արդյունքում: Եթե նոր քաղաքական վերնախավի երիտասարդ ակտիվիստների համար դեռեւս շատ բան հասկանալի չէ եւ նրանք իրնեց տարիքի եւ հոգեկերտվածքի բերումով կարող են համարձակորեն պրպտումներ անել այս ոլորտում, ապա ավագ եւ միջին սերունդները ներկայացնող ավելի փորձառու քաղաքական ու հասարակական գործիչները, գիտնականներն ու փորձագետները շատ լավ են հասկանում, թե ի՞նչ իմաստ է դրված մեր արտաքին քաղաքականության ոլորտում վայրիվերումներ թույլ չտալու սկզբունքային մոտեցման մեջ: Անշուշտ, նոր իշխանությունը կձգտի սեփական եսին հարմար նոր քաղաքական բառապաշար օրինականացնել, փորձել մշակել խաղի կանոններ, որտեղ ինքը կերեւա ավելի շահեկան եւ ավելի բանիմաց դիրքում: Սա միանգամայն սպասելի կեցվածք է եւ այն պետք է որ չառաջացնի թյուրըմբռնում կամ չարամիտ հակազդեցություն: Բայց ճշմարտություն է նաեւ, որ նոր պատգամավորական եւ կառավարական ակտիվիստներից բաղկացած քաղաքական վերնախավը իրեն նեղություն տա արագորեն յուրացնելու այն ամբողջ քաղաքական կապիտալը, որը կուտակվել է նախորդ տարիների ընթացքում եւ որը, բարեբախտաբար, հեռու է պահել Հայաստանը ազգակործան փորձություններից: Մենք փոքր երկիր ենք եւ արտաքին քաղաքական ազդակները հաճախ շատ կարեւոր ազդեցություն ունեն մեր պետական քաղաքականության վրա:

Տողերիս հեղինակը հրավիրում է մեր արտաքին քաղաքականության տարբեր վեկտոր-առաջնահերթություններն ուսումնասիրող հասարակական եւ քաղաքական գործիչներին, փորձագետներին մի մեծ, հնչեղ հասարակական բանավեճ սկսել այն մասին, թե ի՞նչ ակտիվ նախաձեռնություններով, ինչպիսի՞ սկբունքային կեցվածքով եւ ի՞նչ թարմ ասելիքով է նոր Հայաստանը ի վիճակի ներկայանալու ժամանակակից միջազգային հարաբերություններում: Օրինակ, արեւմտամետ քաղաքական ու հասարակական գործիչները բացի Արեւմուտքի ականջին հաճելի արեւմտամետ դիրքորոշումներ արտահայտելուց լավ կանեին ակտիվորեն աջակցել «արեւմտամետի» համբավ ստացած մեր քաղաքական վերնախավերին, որպեսզի վերջիններս միջազգային հարթակներում ավելի լիարժեք եւ ավելի կառուցողական դերերում հանդես գան: Սրանից կշահեր մեր ողջ հասարակությունը: Մենք որպես եվրասիական վեկտորում գիտափորձագիտական ուսումնասիրություններ եւ հասարակական ակտիվություն դրսեւորող ակտիվիստներ պատրատ ենք մեր գիտելիքներն ու փորձը ծառայեցնելու նոր Հայաստանի հզորացմանը: Համոզված ենք, որ այսպես են մտածում ոչ միայն Եվրասիական փորձագիտական ակումբի 40-ից ավելի անդամները, այլեւ մեր երկրի շատ համարձակ եւ ինքնուրույն մտածող մարդիկ:

Երբ մենք ասում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները մեր քաղաքականության մեջ արտակարգ կարեւոր ոլորտ են եւ պետք է անընդհատ մտածել դրանք բարձր մակարդակի վրա պահելու մասին, մենք ո՛չ իրականության դեմ ենք արտահայտվում, ո՛չ էլ ինչ-որ գերբարդ խնդիր ենք դնում: Դարերի պատմություն ունեցող մեր երկկողմ համագործակցությունը այսօր կարոտ է նոր ազդակների այն ամրապնդելու եւ խորացնելու նոր նախաձեռնությունների, եւ դրանք կենսագործողը նոր քաղաքական վերնախավն է լինելու: Ուզի, թե չուզի: Եթե մեր ավագ եւ միջին սերունդը առանց հատուկ ազդակների շատ լավ պատկերացնում է այդ հարաբերությունների ամբողջ խորությունը մեր երկրի համար, ապա նոր սերունդները, ըստ երեւույթին, կարիք ունեն նոր քննարկումների նոր մակարդակներում: Այս գործը պետք է անել: Չի կարելի թույլ տալ խզում ավագ, միջին, երիտասարդ եւ պատանի սերունդների աշխարհընկալման եւ աշխարհայացքի միջեւ: Այդ խզումը եթե առաջացնի այլ անորոշություններ, դա կարող է ճակատագրական հետեւանքներ ունենալ մեր ժողովրդի համար: Իմիջիայլոց, վստահորեն կարելի է նույնը ասել երիտասարդ Ռուսաստանի համար: Եթե այնտեղ ավագներն ու միջինները տեսել էին Խորհրդային Միությունը, ապա երիտասարդները շատ ավելի եսակենտրոն եւ պրագմատիկ մոտեցումներ ունեն բարեկամների եւ դաշնակիցների ընտրության հարցում: Այնպես որ հայ-ռուսական բարեկամության նոր կամուրջների կառուցումը հայաստանցի եւ ռուսաստանցի ակտիվիստների կարեւոր ու շնորհակալ խնդիրն է: Ռուսաստանում հայերի 2,5 միլիոնանոց համայնքը բնականորեն դիտվում է այս հարաբերությունների կերտման խոշորագույն կամուրջ: Չի կարելի նրան մի կողմ պահել Հայաստանի քաղաքական կյանքից: Այդ ինտեգրումը հայկական հասարակական-քաղաքական իրողություններին պետք է իրականացվի ԵԱՏՄ շրջանականերում Հայաստանի ինտեգրման գործընթացին զուգահեռ:

Նորարարության եւ թարմ շնչի ժամանակը

Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդները սպասելու են նրա սխալներին ու սայթաքումներին: Նրանք սպասելու են այն ժամանակներին, երբ հասարակությունը կհիասթափվի Նիկոլ Փաշինյանից, իսկ նրա երիտասարդ թիմը գաղափարապես սնանկ կամ սխալ դուրս կգա: Ոչ ոք չի կարող ասել, թե ի՞նչ վիճակում կհայտնվի Հայաստանը, երբ հայ հասարակությունը իր սպասելիքում հերթական անգամ հիասթափվի: Դրա համար էլ մեր բնակչության մեծ մասը եւ, հատկապես, նրա ակտիվ մասը ուշադրությամբ եւ բծախնդրորեն հետեւում է նոր իշխանության յուրաքանչյուր քայլին, փորձելով կանխագուշակել այն հետեւանքները, որոնց կհանգեցնեն իշխանության գործնական քայլերը: Կան հարցեր, որտեղ իշխանությունն արդեն իսկ իր օգտին նոր միավորներ է գրանցել: Օրինակ, 2013թ. սեպտեմբերից Հայաստանը ներգրավված է եվրասիական տնտեսական ինտեգրման մեջ: Եվ միայն յոթերորդ գումարման Ազգային ժողովն է իր մեջ ստեղծել եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով: Ստացվում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի կառուցողական մասնակցությունն ապահովելու հարցում նոր քաղաքական վերնախավը հնից ավելի ազնիվ եւ սկզբունքային դուրս եկավ: Այժմ պետք է հետեւել, թե ինչպե՞ս այդ հանձնաժողովն իր շուրջը կհամախմբի գիտակ եւ ունակ հասարակական ու գիտափորձագիտական շրջանակներին, առաջ մղելու համար Հայաստանի ազգային-պետական շահը այս ուղղությամբ: Հավաստում եմ որպես տեղյակ աղբյուր: Նախորդ տարիներին եվրասիական շրջանակներում տարակուսանքով էին վերաբերում այն պասիվությանը, որը գալիս էր Հայաստանի նախարարություններից նոր հարցերի քննարկման եւ իմաստավորման ժամանակ: Համարյա համոզված ենք, որ նոր իշանությանը ԵԱՏՄ շրջանակներում այս մասին տեղեկացնելու են եւ մեր նոր գործադիր իշխանությունը ավելի շահագրգռված եւ կոմպետենտ կեցվածք է դրսեւորելու այսուհետեւ:

2019թ. ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարին է: Հունվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդես կգա Եվրասիական տնտեսական հանձնաժողովում: Հայաստանի ղեկավարի ելույթը կնշանավորի այն քայլերի կարեւորությունը, որ Հայաստանը կանի, ցույց տալով իր անկեղծ շահագրգռությունը ինտեգրացիոն ոլորտում ազգաշահ կառուցողական մոտեցումներ ապահովելու հարցում: 2020թ. հուվարի 1-ին Տիգրան Սարգսյանը ԵՏՀ Կոլեգիայի նախագահի պաշտոնը կփոխանցի Բելառուսի ներկայացուցչին: Մենք ունենք մեկ տարի ժամանակ մեր հավաքական ինտելեկտի հզորությամբ, մեր քաղաքական մտադրությունների մաքրությամբ եւ մեր հավաքական ազգային եռանդով առաջ մղելու թե՛ եվրասիական ինտեգրման հարցում մեր շահերը, թե՛ համադրելու դրանք մյուս ուղղություններով համակարգված եւ իմաստավորված մոտեցումների հետ: Սա ժամանակի պահանջն է:

Նոր իշխանության քաղաքական նոր քայլերը

Հայաստանի պատմության մեջ բոլոր իշխանությունները փորձել են անջրպետվել նախորդներից եւ իրենցով սկսել նոր էջ մեր երկրի քաղաքական կյանքում: Հայաստանի նոր վարչապետը նույնպես կարող է տրվել այս գայթակղությանը: Թերեւս նա նույնիսկ ավելի սպասված դիրքորոշում այդպիսով կարձանագրեր: Բայց մենք անկեղծորեն ուզում ենք հավատալ, որ նոր վարչապետը ոչ միայն իր քաղաքական ուժի եւ ոչ միայն իր հետ քայլածների քաղաքական առաջնորդն է: Ազգային միասնության հաստատման ճանապարհին շատ կարեւոր է, որ նա իրեն դիրքավորի իբրեւ բոլոր հայերի ղեկավար, կամ գոնե բոլոր այն հայերի ղեկավար, ովքեր կուզենային նրան տեսնել այդ դիրքում: Սա անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի Հայաստանը վերջապես դուրս գա անորոշության շրջանից եւ դրսեւորի իրեն որպես արտաքին ներդրումների համար շահեկան երկիր:

Ընդհանրապես, արտաքին ներդրումների մասին խոսելիս, մեր հայացքը նույնպես դառնում է Ռուսաստանի կողմը, եւ մենք իրավունք ունենք ակնկալելու այս ասպարեզում թե՛ ռուսաստանցի, թե՛ ռուսահայ հայրենակիցների ակտիվությունը: 2019թ. ընթացքում մեր երկրում պետք է սկսվի եւ ավարտվի մի անկեղծ եւ առողջ երկխոսություն-բանավեճ, թե ինչ սպասումներ ունեն ներդրողները Հայաստանից: Դա կարելի է անել եւ հրապարակայնորեն, իսկ ավելի լավ է` խորհրդապահորեն: Կարեւոր է, որ մեր հասարակության ակտիվ մասը, ներառյալ նոր քաղաքական վերնախավը, համակվեն այն արժեհամակարգով, որի կենսագործումը բերելու է Հայաստանի հաջողությանը:

Երբ գրում եմ այս տողերը, անընդհատ մտածում եմ Եվրոպական Միության, ԱՄՆ-ի, Չինաստանի, մեր հարեւան Իրանի, Արաբական աշխարհի հետ մեր համագործակցության մասին, որը կարեւոր է մեր երկիրը նրանց հետաքրքրական ու սպասված դարձնելու համար: Թվում է, թե տեսական մակարդակով ամեն ինչ ասված է: Բայց, ըստ ամենայնի, նոր քաղաքական վերնախավը այս հարցերը ուզում է հրապարակայնացնել եւս մեկ անգամ: Սա կարող է նկատվել իբրեւ դրական երեւույթ, եթե այդ քննարկումների արդյունքում նույնպես հների եւ նորերի մոտեցումների մեջ խզումներ չգոյանան: Ընդհանուր առմամբ, վաղուց ժամանակն է մի անգամ եւս խորությամբ աչքի անցկացնել ՀՀ Ազգային անվտանգության հայեցակարգը եւ համարժեք քննարկումներ անցկացնել այն թարմացնելու համար: Եթե հասարակությունը տեսնի այս եւ շատ այլ քայլերի ապագային միտված շարանը, հասարակության զգալի մասը կհամակվի համբերությամբ, զգալով, որ իր լավ ապագայի համար իր հետ միասին մտածող կա: Եվրասիական փորձագիտական ակումբը 2019թ. ընթացքում անընդհատ առիթներ է փնտրելու նոր քաղաքական վերնախավին կառուցողական երկխոսության հրավիրելուՙ հասարակական հետաքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ