ԶԳՈ՛ՒՅՇ ԼԻՆԵՆՔ ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Շուրջ հարյուր տարի առաջ ցեղասպանության զարհուրանքը տեսած հայ ժողովուրդը, ըստ իս, ամենեւին իրավունք չունի մոռանալու այն աղետը, որը թափվեց մեր գլխին 1915-23 թվականներին: Խոսքն անցյալի կորուստները անվերջ սգալու, կորսված հայրենիքը երբեւէ ետ վերադարձնելու առայժմ շատ մշուշոտ երազանքներին չտրվելու, ոճրագործին երբեւէ պատժելու միանգամայն բնական, սակայն առայժմ անհիմն պատրանքներից վեր կանգնելու մասին է: Որովհետեւ քանի դեռ եղեռնագործի ժառանգները այնքան չեն քաղաքակարթվել, որ գիտակցեն իրենց պապերի անպարագիծ ոճրագործության ամբողջ սարսափը (իսկ նրանք դրանից դեռ լուսատարիներով հեռու են), մենք չենք կարող բացառված համարել հարյուրամյա զարհուրանքի կրկնությունը մեր վերաբերմամբ: Միամիտները կարող են հավատալ, թե այսօրվա Թուրքիան այլեւս հարյուրամյա վաղեմության պետությունը չէ, հազարավոր թուրքեր իրե՛նք արդեն անհատական մակարդակով (թեեւ ո՛չ պետականորեն) ընդունում ու դտապարտո՛ւմ են իրենց նախնիների անմարդկային գազանությունը: Մե՛նք էլ այլեւս 1915-ի անտեր ու անպաշտպան ժողովուրդը չենք, անկախ պետություն ենք, ազգային բանակ, աշխարհում ընդունված ու ճանաչված այլ պետական կառույցներ ունենք, եւ այլն, եւ այլն: Այո՛, ունե՛նք: Բայց դրանք բավարար կլինե՞ն մեր ժողովրդի ֆիզիկական գոյությունն ապահովելու համար, եթե աշխարհում քաղաքական իրադրությունը կտրուկ փոխվի: Օրինակ, Ադրբեջանը կրկի՛ն հարձակվի մեզ վրա: Որ վաղ թե ուշ հարձակվելու էՙ կասկած չի՛ հարուցում: Միեւնույն է, արցախյան հակամարտությունը, որքան հասկանում եմ, խաղաղ հանգուցալուծում չի՛ ունենալու: Եթե մենք դեմ առ դեմ մնանք Ադրբեջանի հետ, չնայած ազերիների ահռելի գերազանցությանը, անկասկած, դարձյալ մռութները կջարդենք: Բայց ամբողջ ցավն այն է, որ Թուրքիան ամեն կերպ կօգնի Ադրբեջանին: Եվ այդ հնարավորությունը չափազանց իրական է: Թուրքերի բացարձակ մեծամասնությունը նաեւ այսօր է պատրաստ ոթելու հայ ժողովրդի անմեղ արյունը, սրածելու մեր կանանց ու երեխաներին, ծերերին ու հաշմանդամներին...Ավա՜ղ, թուրքերն այդպիսի՛ ժողովուրդ են, նրանց քաղաքակրթվածության վրա հույս դնելը նաեւ այսօ՛ր մեծագույն ինքնախաբեություն կլիներ: Մեր Ազգային Բանակը, միգուցե, կարճ ժամանակով կարողանա կասեցնել թուրք ջարդարարների նոր ոհմակները: Սակայն կասկածից դուրս էՙ հայ-թուրքական նոր ռազմական բախման պարագայում մենք կրկին տանուլ կտանք: Որովհետեւ այսօրվա Թուրքիան ի վիճակի է Հայաստանի դեմ հանելու մեր բնակչությունից կրկնակի-եռակի անգամ ավելի՛ գերժամանակակից զորք: Իսկ դա կարող է նշանակել մեր Հայրենիքի այս մի բուռ հատվածում հայ ժողովրդի ազգային գոյության բոլոր հնարավորությունների լիակաստար վերացում: Թուրքերն իրենց հակահայ ձեռնարկներում կարող են ապավինել ոչ միայն Ադրբեջանի, այլեւ միջինասիական թուրքալեզու հանրապետությունների, անգամ միջուկային տերություն հանդիսացող եւ մեր անկախությունը մինչեւ հիմա էլ չճանաչած իսլամադավան Պակիստանի ռազմական աջակցությանը: Իսկ ո՞ւմ օգնությանը կարող ենք ապավինել... մե՛նք: Անշուշտ, շատերը մեզ այս կամ այն չափի բարոյական աջակցություն ցույց կտան: Թուրքերին կհորդորեն ձեռնպահ մնալ Հայաստանի հանդեպ նոր ցեղասպանության կրկնությունից: Սակայն ոչ մի կասկած լինել չի կարողՙ աշխարհում ո՛չ մեկը մատը մատին չի տաՙ մեզ իրական օգնություն ցույց տալու համար: Իսկ թուրքերը արդեն հազար տարի ո՛չ մի թուքումուր չեն ընդունում: Մեր տարածաշրջանում հիմա վիճակը շատ լարված է, այստեղ բախվում են աշխարհի հզորների շահերը: Մոսկվան ու Վաշինգտոնը մրցակցու՛մ են Մերձավոր Արեւելքում գերիշխող դիրք գրավելու համար: Անկարան հերթական սիրախաղն է սկսել Մոսկվայի հետ, իսկ պատմական դառը փորձը ցույց է տվել, որ ռուս-թուրքական հարաբերությունների թեկուզեւ ժամանակավոր բարելավումը միշտ եւ անվերապահորենՙ մեզ վնասու՛մ է: Հիմա ռուսները դեռ կարո՛ղ են բարեկամություն խաղալով թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետՙ տարածաշրջանում հավասարակշռություն պաշտպանելու համար չափ դնել մեզ վրա հարձակվելու պատրաստվող Բաքվի ախորժակին: Մինչդեռ մեր կողմից անմտածված յուրաքանչյուր քայլ, զգացմունքային անզգույշ պոռթկում պարզապես կհարվածի մեր գոյության հեռանկարներին... Զգոնության եւ զգուշությա՛ն եմ կոչում: |