ՀԱՐԳՈՒՄ ԵՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ Հ.Ծ. Լոս Անջելեսում Թեքեյան Մշակութային միության նախաձեռնությամբ այսօրՙ հունվարի 25-ին, Գլենդեյլի հանրային գրադարանում տեղի է ունենալու հատուկ միջոցառում նվիրված Օլիմպիական խաղերի եւ աշխարհի բռնցքամարտի չեմպիոն (1956) Վլադիմիր Ենգիբարյանին: Նրա կյանքի ու գործունեության մասին բանախոսելու է «Նոր օր» թերթի մարզական բաժնի խմբագիր եւ «Ճանաչված հայեր մարզական աշխարհում» եւ «Հայկական մարզական հանրագիտարան» հատորների հեղինակ Ավետիս Բայրամյանը : Ելույթներ են ունենալու նաեւ բռնցքամարտիկներ Խորեն Ինջեյանն ու Նշան Մունչյանը : Վլադիմիր Ենգիբարյանը ծնվել է 1932-ին Երեւանում: 1958-ին ավարտել էր Երեւանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, որից մեկ տարի անց կազմակերպել էր Երեւանի պատանի բռնցքամարտիկների դպրոցը: 1960-ից այդ դպրոցի տնօրենն էր: Իր հաշվին գրանցել է 255 ռեկորդային հաղթանակներ: Նա Եվրոպայի եռակի չեմպիոն էր (1953, 1957 եւ 1959) եւ ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1955, 1956, եւ 1958): 1956-ին Մելբուռնում կայացած Օլիմպիական խաղերում նվաճել էր ոսկե մեդալ: Նա առաջին խորհրդային բռցնքամարտիկն էր, որ դարձել էր Եվրոպայի չեմպիոն: Թոշակի անցնելուց հետո նա միջազգային կարգի դատավոր (1961) եւ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի անդամ (1974) էր դարձել: Վախճանվել է Լոս Անջելեսում 2013 թվի փետրվարի 1-ին: Վերոնշյալ հավաքի նպատակներից մեկը նրան միջազգային ճանաչման արժանացնելն է, որպեսզի իր արժանի տեղը զբաղեցնի հետագայում Կանաստոտայում (Նյու Յորք) բացվելիք բռնցքամարտիկների միջազգային պատվո դահլիճում: |