ԱԴՐԲԵՋԱՆ: ԿՈՎԿԱՍԻ ԱՆՑԱՆԿԱԼԻ ՀԱՐԵՎԱՆԸ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ Լուրը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վատառողջ է եւ վերջին շաբաթներում հանրության առաջ ելույթ չի ունենում, բոլորովին չի անհանգստացնում այդ երկրի քաղաքացիներին, որովհետեւ իրենց վարչական ապարատը հեռակառավարվում է Անկարայի կողմից, եւ իշխանությունը ինքնաբերաբար հետեւում է Մեծ եղբոր քաղաքականությանը: Այո, Անկարան, հատկապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք, իր հայացքը հառել է հարեւանների տարածքների վրա: Կիպրոսի տարածքի 38 տոկոսը զավթելուց հետո, Թուրքիան մոլեգին արշավ է ծավալում հողակտորներ կորզելու Իրաքում եւ Սիրիայում: Ադրբեջանն էլ, իր հերթին, Նախիջեւանի հայկական պատմական տարածքը յուրացնելուց հետո Արցախն է թիրախ դարձրել, իսկ բոլորովին վերջերս էլ որոշ տարածքներՙ Վրաստանում: Երկրի երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը, չմոռանանք, Իրանի հյուսիսային մասը (Ադերբեգան, Ատրպատական) խժռելու երազով էր տառապում: Այդ երազը դեռեւս շարունակվում է եւ ներկայիս մաս է կազմում ամերիկա-իսրայելական որոշակի ռազմավարական ծրագրերի: Թուրքիան եւ Իրանը բազմամյա մրցակիցներ եւ թշնամիներ են եղել Կովկասում եւ այդ թաքնված թշնամանքը այսօր էլ պահպանվում է: Թուրքիայի հողանվաճման հավակնությունները Կովկասում համահունչ են ՆԱՏՕ-ի անդամ լինելու իր կարգավիճակի հետ: Նախիջեւանում ներկայիս ընթացող զինվորական կուտակումները ընդարձակում են ՆԱՏՕ-ի իշխանության ներկայությունը ընդհուպ Իրանի սահմանները: Իր էությամբ, Նախիջեւանի ռազմականացումը լիովին համընկնում է տարածաշրջանում Ռուսաստանին պարփակելու ամերիկյան ծրագրերի հետ: Տարօրինակ գուցե հնչի այն, որ Ռուսաստանն ու Թուրքիան թեեւ որոշ քաղաքական համերաշխություն են ցուցաբերում Սիրիայի հարցում, սակայն նրանք տարաձայնություններ ունեն կովկասյան ճակատում: Սա հետսառըպատերազմյան քաղաքական մասնատումների վառ օրինակներից է: Երբ Խորհրդային Միությունը գերպետություններից մեկն էր, քաղաքական բաժանումներն աշխարհում ունեին գաղափարախոսական ուղղվածություն, մինչդեռ խորհրդային իշխանության փլուզումից հետո գլխավոր հզոր պետությունները մշակել են իրենց տարածքային միկրոկառավարման մարտավարությունը: Նույնիսկ Միացյալ Նահանգներն է այժմ համաձայն թուրքական այն կարծիքի հետ, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) ահաբեկչական կազմակերպություն է, չնայած ի հեճուկս Անկարայի, պաշտպանում է նրա գործողությունները Սիրիայում: Մեկշաբաթյա կարճ ժամանակահատվածում Ադրբեջանի արտգործնախարարությունը հրապարակեց երկու պաշտոնական ժխտում այն մեղադրանքներին, որ Մ. Նահանգները իսրայելական անօդաչու ինքնաթիռներ է տեղադրել Ադրբեջանում, որպեսզի օգտագործվեն ընդդեմ Իրաքի եւ Իրանի: Լուրն այդ մասին հայտնվեց լիբանանյան լրատվամիջոցներում: Անկախ ժխտումներից, պետք է խոստովանենք, որ առանց կրակ ծուխ չի լինում: Իրանն այս հարցի վերաբերյալ դիվանագիտական բողոք է ներկայացրել Բաքվին: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը իսրայելական անօդաչու ինքնաթիռներ օգտագործում է Հայաստանի դեմ եւ որեւէ պատճառ չի կարող լինել, որ նա այդ նույն ինքնաթիռները օգտագործի նաեւ Իրանի դեմ: Իրականում վերջին անգամ ուղիղ մեկ տարի առաջ իսրայելական այդ ինքնաթիռների արտադրող «Aeronautics» ընկերությունը Հայաստանի սահմանի ուղղությամբ Ադրբեջանի պատվերով արձակեց «Orbiter 1K» անօդաչուն, վիրավորելով երկու հայ զինվորների: Բացի այդ, Իսրայելից հինգ միլիարդ դոլար արժողությամբ ծանր հրետանի ձեռք բերելու փաստին անդրադառնալով նախագահ Ալիեւը հպարտությամբ նշել էր, որ Ադրբեջան-Իսրայել համագործակցության 95 տոկոսը արտաքուստ անտեսանելի է: Ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի կառավարությունը ի ցույց է դնում իրեն ներհատուկ անվստահությունը երկրում գտնվող շիա համայնքի նկատմամբ, որը Իրանին է հավատարիմ մնում: Թեհրանի կառավարությունը, պահպանելով հանդերձ չեզոքությունը տարածաշրջանի երկրների հանդեպ, այնուամենայնիվ կասկածով է վերաբերվում Բաքվի կառավարությանը, եւ դա է պատճառը, որ ձգձգում է վիզային ռեժիմի կիրառումը ու երկու երկրները իրար միացնող երկաթգծի կառուցման ծրագրերը: Շատ հնարավոր է, որ հետագայում Նախիջեւանը ծառայի նաեւ որպես կայանատեղի S-400 պաշտպանական հրթիռների համակարգի համար, որ Թուրքիան Ռուսաստանից գնեց չանսալով Վաշինգտոնի աղմկոտ առարկություններին: Մ. Նահանգների պետքարտուղար Մայք Պոմփեյոն անտեսելով Թուրքիային ՆԱՏՕ-ի դաշնությունից վտարելու բոլոր կոչերը, ընդառաջեց Անկարայինՙ խնդրելով, որ հրթիռային այդ համակարգերը առայժմ չօգտագործվեն, խոստանալով միաժամանակ պատժամիջոցներ չկիրառել: Այդ պատճառով էլ այդ համակարգերը կարող են հայտնվել Նախիջեւանում, Հայաստանի մայրաքաղաք Երեւանից մի 60 կմ այն կողմ: Ժամանակի ընթացքում Էրդողանը սովորել է, որ հավասարակշռությունը պահպանելը ՆԱՏՕ-ի անդամ գործընկերների հետՙ ի վերջո տալու է իր դրական արդյունքը, եւ ինքը կարողանալու է իր ուզածն ստանալ երկու հակադիր ճամբարներից: Ադրբեջանը, սակայն, խնդիրներ ունի նաեւ իր հարեւան Վրաստանի հետ: Խորհրդային Միության փլուզումից ի վեր այդ երկու երկրները համագործակցում են միմյանց հետ շրջանցելով Հայաստանը: Իր Բաքու այցելություններից մեկի ժամանակ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշել էր, որ Ադրբեջանի թշնամին նաեւ Վրաստանի թշնամին է: Ներկայիս, սակայն, չնայած Թբիլիսին փորձում է պահպանել համագործակցության քաղաքականությունըՙ մասնակցելով Թուրքիայի եւ Ադրբեջանի նախաձեռնած համատեղ զորավարժություններին, այնուամենայնիվ մտահոգիչ անհանգստությունը զգալի է Վրաստանում, հաշվի առնելով, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում մի կողմից, իսկ մյուս կողմից Թուրքիան հարաճուն ներկայություն է ապահովում վրացական Աջարիայում: «Front News» լրատվամիջոցը վերջերս հայտարարել էր, որ Ադրբեջանն իր զորքերն է տեղակայել վրացական Red Bridge (Կարմիր կամուրջ) կոչված տարածքում: Ադրբեջանը նաեւ արգելել է վրացի ուխտավորներին այցելելու David Gareja վանական համալիրը, որը երկու երկրների միջեւ վիճելի պատմական տարածքում է գտնվում: Կրակին յուղ լցնելով, Ադրբեջանի գիտությունների ակադեմիան պնդում է, որ Վրաստանի հարավարեւելյան հատվածը ադրբեջանական տարածք է: Վրաստանի կառավարությունը փորձում է խնդիրը լուծել հանգիստ կերպով, բայցՙ ապարդյուն: 2008 թվի ռուս-վրացական պատերազմի ժամանակ, Թբիլիսիի կառավարությունը հույսը դրել էր Մ. Նահանգների եւ ՆԱՏՕ-ի վրա, որոնք երկուսն էլ արջի ծառայություն մատուցեցին Վրաստանին: Հետեւաբար, վրացիները հասկացել են, որ Ադրբեջանի հետ հակամարտության սրման դեպքում իրենք իրենց վրա պետք է դնեն հույսը: Վրաստանը նաեւ անհանգստացած է այն փաստով, որ Բաթումին աստիճանաբար դառնում է ադրբեջանա-թրքական մի քաղաք: Թուրքիան մեծ ներդրումներ է կատարել այդ տարածքի տնտեսական ենթակառուցվածքների եւ հատկապես զբոսաշրջության բնագավառում: Ի դեպ, 1921-ի Կարսի պայմանագրով նախատեսվում էր Թուրքիային իրավունք վերապահել առանց մաքսատուրքերի ապրանքների եւ մարդկանց տեղաշարժը իրականացնել, եւ Թուրքիան պայմանագրի այդ կետը վերակենդանացնում է, փաստորեն, Վրաստանի Աջարական նահանգը զավթելով, բայց միաժամանակ մերժում է, որ նույն պայմանագրով Հայաստանին վերապահված իրավունքից օգտվի Հայաստանը Թուրքիայում: Վերջերս, Թբիլիսին կարծես մեղմացրել-չափավորել է իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, ակնկալելով ոչ միայն ավելի լավ վերաբերմունք Փաշինյանի կառավարությունից, այլ զգալով, որ թուրք-ադրբեջանական օղակն այլեւս հեղձուցիչ է դառնում: Երեւանն, իր հերթին, փորձում է մեղմացնել-չափավորել լարվածությունը Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ: Միաժամանակ, Հայաստանի կառավարությունը աշխատում է Մոսկվայի հետ լուծել նաեւ որոշ տրանզիտային հարցեր: Իշխանության ղեկը ստանձնելուց հետո Փաշինյանն իր առաջին օտարերկրյա այցելությամբ ժամանեց Վրաստան, եւ հավանաբար դա իր դրական ազդեցությունը թողեց: Մյուս դրական երեւույթը Իրանին հրապուրելն է, որ գործակցի ԵԱՏՄ պետությունների հետ: Մոսկվան երկար ժամանակ փորձում էր այլ հարեւան պետությունների համագործակցությունը ապահովել: Հայաստանի վարչապետը Իրանի նախագահ Հասան Ռուհանիին հրավիրել է մասնակցելու Երեւանում կայանալիք ԵԱՏՄ հավաքին, այսինքն որպես միջնորդ է հանդիսացել, ինչը համահունչ է Մոսկվայի մտադրություններին: Իրանի եւ Վրաստանի հետ խնդիրներ առաջացնելով Ադրբեջանը մերժված պետություն է դարձել տարածաշրջանում: Ղարաբաղի հարցով նրա լարված հարաբերությունները Հայաստանի հետ բոլորին է հայտնի: Բաքվի իշխանություններին խրախուսում է Անկարայի աջակցությունը, եւ այս կացությունը Կովկասում խաղաղ կարգավորման ոչ մի հնարավորություն չի նախատեսում առնվազն մոտիկ ապագայում: Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator) |