ԿԱՐՊԻՍ ՋՐԲԱՇՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ Ես շատ ուշացումով եւ բոլորովին պատահաբար իմացա, որ հուլիսի 17-ին Փարիզում իր մահկանացուն է կնքել ֆրանսահայ համայնքի պատվական դեմքերից մեկըՙ ազգային ու հասարակական նշանավոր գործիչ, ազգային բարերար եւ բարեգործ Ռոժե-Կարպիս Ջրբաշյանը : Կարպիս Ջրբաշյանը պատմական անձնավորություն էր, հարուստ կենսագրություն ունեցող մարդ: Նա ծնվել էր 1925 թվականին տոհմիկ վանեցիների ընտանիքում: Կարպիս Ջրբաշյանը ողջ էությամբ, արյունով, գիտակցությամբ իսկական վանեցի էր,- ինքը սիրում էր ասել Վան-Վասպուրական,- իսկական վան-վասպուրականցի: Վանը կազմում էր նրա կյանքի առանցքը, նրա կյանքի ողջ իմաստը: Ես չգիտեմ, չեմ ճանաչել մեկ այլ վանեցու,- ես մի տասը-տասնհինգ տարի ապրել եմ Երեւանի Այգեստան թաղամասում, որի բնակիչները հիմնականում վանեցիներ էին,- ուրեմն, ես չեմ ճանաչել մեկ այլ մարդու, որ այդպես ապրեր Վանի պատմությամբ, Վանի անցյալով, վարքուբարքով, Վանի կյանքով, ինչպես Կարպիս Ջրբաշյանը: Վանի ճակատագիրը նա ապրում էր սեփական ճակատագրի պես: Կարպիս Ջրբաշյանը խորապես հայրենասեր անձնավորություն էր, հայկականության բարձր գիտակցությամբ օժտված անհատականություն: Իր հայրենասիրությունը ոգեկոչումների պետք չուներ, այն երեւում էր իր գործունեության մեջ: 1960-ական թվականներից նա սփյուռքահայ կյանքի գլխավոր խաչմերուկներում էր, մշտապես ներկա ու մասնակից սփյուռքահայ կյանքի կարեւորագույն խնդիրներին: Նշանակալից էր իր դերը սաղիմական ձեռագրերի վերադարձման մեջ: Եթե սկսեմ թվարկել իր բոլոր ձեռնարկումները, մի հսկայական ցուցակ կառաջանա: Իր անվան հետ է կապվում, օրինակ, Ալֆորվիլի Սուրբ Մեսրոպ վարժարանի կառուցումը 1978-ին: Փարիզի Շերատոն թաղամասի կենտրոնական զբոսայգիներից մեկում Եղեռնի զոհերի հիշատակին իր կանգնեցրած հսկա խաչքարի բացումը եղավ 1996 թվականի ապրիլի 24-ին: Ջրբաշյանի ձեռնարկումները շատ-շատ էին եւ հայկական կյանքի ամենատարբեր ասպարեզներում: Այսպես, մեր նոր ժամանակներում Ջրբաշյանն է տպագրել իր հայրենակից Լեռ Կամսարի անտիպ ստեղծագործությունների առաջին գիրքը: Ինքն է նվիրել Էջմիածնի Մայր տաճարի զանգերը: Ջրբաշյանը, առհասարակ, առանձին խոր երկյուղածություն ու հարգանք ուներ Հայ եկեղեցու հանդեպ, մեծ սիրով ծառայել է եկեղեցու հոգսերին: Տասնյակ տարիներ եղել է Հայաստանյայց եկեղեցու Փարիզի կրոնական ընկերակցության անդամ, եղել է եկեղեցու պատգամավորական ժողովի առաջին նախագահը, ինքն է եղել նվիրատուն Փարիզի հայկական եկեղեցու պատերին տեղադրված որմնաքանդակների, որոնք ներկայացնում են Մեսրոպ Մաշտոցին, Ավարայրը եւ Հայոց ցեղասպանությունը: Նրան հուզում էր հայկական կյանքի հետ կապված ամեն բան: Այսպես, շատ մտահոգ էր, երբ Արփիկ Միսաքյանը փակեց «Յառաջ»-ը: Նա չէր պատկերացնում հայ համայնքը առանց թերթի, առանց մամուլի: Մենք շատ էինք խոսում այդ մասին: Ինձ հորդորեց բաց նամակ գրելՙ ուղղված Փարիզի համայնքին: Ես գրեցի այդ նամակը, որ ստորագրեցին մի խումբ մտավորականներ, եւ այն տպագրվեց «Ազգ» թերթում: Կարպիս Ջրբաշյանը զբաղմունքով առեւտրական էր, գործարար մարդ: Ինքը իր մասին միշտ նուրբ հեգնանքով ասում էրՙ ես մի պարզ վաճառական եմ: Այդ հնաբույր վաճառական բառը իր խոսքում նուրբ ու բարեկիրթ երանգ ուներ: Ինքն իր մասին ասում էր «վաճառական», բայց իրականում ինքը ընտիր մտավորական էր, մտավորական էր իր մտածողությամբ, կյանքի եւ մարդկանց, իրականության ամենատարբեր երեւույթների հանդեպ ունեցած իր քաղաքացիական վերաբերմունքով: 1960-ական թվականներից Անդրանիկ Ծառուկյանի «Նայիրի»-ի էջերում սկսեցին տպագրվել Կարպիս Ջրբաշյանի զանազան գրությունները: Դրանք այսօր էլ զարմացնում են իրենց շարադրանքի հստակությամբ եւ խնդիրների նպատակայնությամբ: Հիշում եմ մեկը, որ կոչվում էր «Մոնումենտը»: Ջրբաշյանը 1960-ական թվականներին այցելել էր Տփղիս (Թիֆլիս) եւ տեսել էր մի մոնումենտ, որ վրացիները կանգնեցրել էին 16-րդ դարում թուրքերի սպանած երեք հարյուր վրացիների հիշատակին: Ջրբաշյանը սրտնեղությամբ հարցնում էրՙ երեք հարյուր վրացին արժանի են մոնումենտի, մեկուկես միլիոն հայերը արժանի չե՞ն: «Մի անգամ եւս դիտենք Քուռ գետը, նախքան Թիֆլիսից հեռանալը: Մի անգամ եւս ասենք, որ Քուռի ափին կայ մի հսկայ կոթող որ կառուցուել է 1959-ին, ի յիշատակ այն 300 վրացիներին, որ թուրքերը ջարդեցին 16-րդ դարում: Պատիւ վրացական ազգային արժանապատւութեան: Իսկ մեր քարաշատ Հայաստանում մեր մեկուկես միլիոն զոհերը մնացել են առանց մի քարի»: Այդ ժամանակ դեռ Ծիծեռնակաբերդի հուշարձանը չկար: Ըստ ամենայնի, Անդրանիկ Ծառուկյանը բարձր էր գնահատում Ջրբաշյանի գրությունները: 1965-ին «Նայիրի»-ի մատենաշարով տպագրվում է Կարպիս Ջրբաշյանի «Ավետաբեր Հայրենիք» գիրքը, որ Հայաստան իր այցելությունների պատմությունն էր եւ հեղինակի խոհերն ու մտորումները Հայաստանի ճակատագրի ու հայկական կյանքի շուրջ: Ես ճանաչում էի Կարպիս Ջրբաշյանին, մենք լավ բարեկամներ էինք: Բարեկամացանք այսպես: Շատ տարիներ առաջ մի օր «Յառաջ»-ի խմբագրատանը Արփիկ Միսաքյանը ինձ ասաց. - Ռոժե Ջրբաշյանը ձեզի կփնտրեր: Ես, իհարկե, գիտեի, թե ով է Ռոժե Ջրբաշյանը. նախ զարմացա, հետո ծիծաղեցի, որովհետեւ մտածեցի, թե եղածը թյուրիմացություն է: - Երեւի շփոթմունք է,- ասացի ես,- հավանաբար Շահեն Խաչատրյանին է փնտրել: Հավանաբար որեւէ նկարի խնդիր է... - Ոչ,- ասաց Արփիկ Միսաքյանը,- ձեր պզտիկ անունը տվավ: Կեցեք, մեկ հատ բանամ... Միսաքյանը զանգահարեց Ջրբաշյանին, ասացՙ «Ռոժե, հոս է» եւ հեռախոսը փոխանցեց ինձ: Մենք բարեւեցինք իրար: - Այո՛,- ասաց Ջրբաշյանը,- ձեզ եմ փնտրում: Ինչպե՞ս է, որ մենք մինչեւ հիմա չենք հանդիպել: - Հանդիպել ենք,- ասացի ես: - Ե՞րբ, որտե՞ղ,- զարմացավ Ջրբաշյանը: Ես պատմեցի: - 1969 թվականի ապրիլի 24-ին, կիրակի օրը, առավոտյան ժամը 11-ին, դուք եւ Թորոս Թորանյանը Պարույր Սեւակի տանն էիք, չէ՞: - Սպասեք, սպասեք: 1969 թվականին... ապրիլին... Այո՛, այո՛... Եղեռնի օրը... Ո՞նց էլ հիշում եք: Այո, ես էի, Թորոս Թորանյանը եւ մի ուսանող տղա կար... - Այ, այդ ուսանող տղան ես էի: Մենք ծիծաղեցինք: Ես մտապահել էի, որովհետեւ նշանավոր մարդկանց էի տեսել: Նույն օրը մենք հանդիպեցինք, Ջրբաշյանը ինձ հրավիրեց մի շատ պատվական ռեստորան, թեեւ անկեղծ ասած, «ես ինքզինքս այդքան կարեւոր մէկը չէի սեպեր»: Երկար զրուցեցինք: Եվ այդ օրվանից բարեկամացանք: Ջրբաշյանը խոսում էր մաքուր ու գեղեցիկ գրական արեւելահայերեն, մեր եռաշարք բաղաձայնները արտաբերելով շատ հստակ, իսկական արեւելահայի պես: Երբեմն միայն արեւմտահայերենի որոշ ձեւեր էր գործածում եւ մեկ-մեկ էլ, շա՜տ հազվադեպ, իբրեւ իսկական վան-վասպուրականցի, «մոռանում» էր «ը» որոշիչ հոդը: Փարիզում ես ապրում էի Մարե թաղամասում, Օթել դը Վիլի հարեւանությամբ, Սենի ափին: Իր տունը Սենի մյուս ափին էր, Բետյունի առափնյակում: Հաճախ էինք հանդիպում: Միասին Ժիվերնի գնացինք, ավելի ճիշտ կլիներ ասելըՙ ինքն ու իր ազնվական տիկինը ինձ մի օր տարան Ժիվերնի, Մոնեի տունը: Երկար շրջեցինք Մոնեի դրախտային այգում, ուր ջրաշուշաններն ու լոտոսները փռված են ջրերի վրա. երկար զրուցեցինք: Հետո գնացինք իր գյուղական տունը, որ սքանչելի պարտեզ ուներ, ուր, մինչ այր ու կին տանը զբաղված էին սեղան շտկելով, ես հաճույքով պառկեցի ծառերի տակի կանաչին: Հանդիպումները շատ էին եւ շատ հետաքրքրական հանդիպումներ են եղել: Ինքը հաճախ գալիս էր իմ կացարանը, եւ ինչպես մեր պարզ ժողովուրդն է ասումՙ երբեք դատարկ ձեռքով չէր գալիս, միշտ ինչ-որ բաներ, անկեղծ ասածՙ ընտիր բաներ էր բերում,- ի՜նչ վանեցի, ի՜նչ բան,- մտածելով, որ ես տանից հեռու եմ: Եւ միշտ ընտիր տեղեր էր հրավիրում; Երբ Երեւան էր գալիս, անպայման զանգահարում էր, եւ միշտ հանդիպում էինք: Երբ վերջին անգամ եկել էր, եթե չեմ սխալվում` 2016-ին, հրավիրեց միասին գնալու Էջմիածին, Մայր աթոռի գրադարանի նոր շենքը տեսնելու: Շաբաթ օր էր: Ջրբաշյանը, Բաբկեն Արարքցյանը (տոհմիկ վանեցիների ջերմ բարեկամություն ունեին) եւ ես Արարքցյանի մեքենայով գնացինք Էջմիածին: Պետք է Երեւան գար մայիսին, չեկավ: Ես զանգահարեցի, խոսեցինք: Հարցրի, թե ինչու չեկավ: - Մի քիչ անառողջ եմ,- ասաց,- ինձ լավ չեմ զգում: Կարող էի գալ, բայց հայրենիքը հիվանդ մարդկանց տեղ չի: Հայրենիքը առողջ մարդկանց տեղ է: Կգամ, երբ ինձ առողջ կզգամ: Այսպես ապրեց իմ ավագ բարեկամըՙ հոգով ու մարմնով առողջ, մտքովՙ միշտ Վանում, կեցությամբՙ Փարիզում, հոգով ու սրտովՙ հայրենիքում, Հայաստանում: Վերջին այցելության ժամանակ ինձ մոտ թողեց իր գրություններից մեկի-երկուսի ձեռագրերը: - Մի հատ նայիր, եթե բանի պետք համարես, հաջորդ գալուս միասին կնայենք, կտանք տպագրության... Նկար 1. Կարպիս Ջրբաշյանի հետ Կլոդ Մոնեի այգում, 2008թ. |