RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 20-09-2019



Տեղադրվել է` 2019-09-19 23:33:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1352, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Բանկային համակարգը Հայաստանի կայացած ոլորտներից է, բայց կառավարության հաստատած փոփոխությունները «Քրեական դատավարության օրենսգրքում» եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքումՙ լուրջ հարվածի տակ են դնում այն: Կառավարության նիստում քննարկման ժամանակ այս փոփոխությունների ընդունմանը փորձեց դիմադրել միայն բանկային համակարգից գործադիր իշխանության եկած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը:

Քաղաքական նպատակՙ «կոռուպցիայի դեմ պայքարի» անվան տակ

Վերոնշյալ օրենքների փոփոխությունները կյանքի կոչելու դեպքում ցանկացած անձի բանկային հաշիվները կարող են բացահայտվելՙ անկախ նրանից այդ մարդը մեղադրվում է որեւէ հանցագործության մեջ, թե՞ ոչ: Ներկայիս օրենքով, դատարանը կարող է որոշել բացահայտել հանցագործության մեջ կասկածվող որեւէ մեկի բանկային հաշիվները, բայց ոչ թե նրա կամ նրանց հաշիվները, ովքեր որեւէ գործարք են կատարել կամ առանց օրենք խախտելու առնչություն են ունեցել տվյալ անձի հետ: Այսուհետեւ բավական է, որ գործարք կատարած լինես մի մարդու հետ, որը հետագայում կասկածվել է հանցագործության մեջ, ապա քո բանկային հաշվի մասին եւս քննությանը հայտնի է դառնում եւ դու, այսպես թե այնպես, ներգրավվում ես քրեական գործի մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սա պայմանավորում է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությամբ: Ահա թե ինչ է նա ասում. «Առկա են եղել բազմաթիվ մտահոգություններ, բազմաթիվ մտավախություններ... բայց մեր քաղաքական եզրակացությունը հետեւյալն էՙ մենք կա՛մ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կա՛մ չենք պայքարում կոռուպցիայի դեմ, որովհետեւ կիսապայքարն ընդունելի չէ»: Սա նշանակում է, որ «ժողովրդի վարչապետին», մեղմ ասած, չեն հետաքրքրում մտահոգություններն ու մտավախությունները: Մինչդեռ, այս փոփոխությունների վերաբերյալ մտահոգություններ են արտահայտել բազմաթիվ փորձագետներՙ ընդհուպ նախկին վարչապետ եւ նախկին ԿԲ նախագահ: Բնական էՙ հարց է ծագում, թե ինչո՞ւ է այս մտահագություններն արհամարհում Նիկոլ Փաշինյանը:

Սրանով վարչապետը հերթական քայլն է կատարում իր մենիշխանության ամրապնդման ուղղությամբ: Այս փոփոխություններով նա հնարավորություն է ստանում ճնշումներ կիրառել իր նկատմամբ ընդդիմադիր տրամադրված կամ իր գործունեությունը քննադատող յուրաքանչյուր մարդու նկատմամբ: Եթե հիմա, երբ չկա օրենսդրական հիմք նման գործողությունների համար, Նիկոլ Փաշինյանը բանկային գաղտնիք է հրապարակում հանրահավաքի ժամանակ, ապա պարզ է, թե այս փոփոխությունները ինչ գործիք կլինեն նրա ձեռքին անցանկալի անձանց դեմ կիրառելու համար:

Մտահոգությունները չփարատող ԿԲ պարզաբանումը

Փաստաթղթղի վերաբերյալ Կենտրոնական բանկը տարածեց հայտարարություն, որով փորձեց փարատել բանկային գաղտնիքին առնչվող մտահոգությունները: Ըստ այդ հայտարարության, «ինչպես գործող օրենքով, այնպես էլ առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվելու են բացառապես դատարանի որոշմամբ: Նախագծով ընդամենը սահմանվում է, որ բացառիկ դեպքերում կասկածյալի կամ մեղադրյալի բանկային հաշիվներից բացի, կարող են տրամադրվել հանցագործության հետ ուղիղ առնչություն ունեցող այլ հաշվի վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստորեւ նշվող բոլոր պայմանների միաժամանակյա բավարարմամբ.

Բացառապես դատարանի պատճառաբանված եւ հիմնավորված որոշմամբ,

Սահմանափակ հանցագործություններով հարուցված քրեական գործերով, որոնք սպառիչ թվարկված են նախագծում,

Երբ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները ողջամտորեն այլ եղանակով ձեռք բերելը հնարավոր չէ,

Գլխավոր դատախազի կամ վերջինիս տեղակալի կողմից հաստատված միջնորդությամբ,

Միջնորդությունը պետք է պարունակի ծանրակշիռ, քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ եւ բավարար տվյալներ այն մասին, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններն անհրաժեշտ են գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար»:

Սակայն պարզ է, որ քաղաքական ճնշման հնարավորությունը այս հայտարարությամբ չի փարատվում: Միաժամանակ, հաստատվում է փաստը, որ կարող են բացահայտվել «հանցագործության հետ առնչություն ունեցող այլ հաշիվներ»: Այն, որ Նիկոլ Փաշինյանի համար դժվար չէ իրեն անհաճո որեւէ անձի վերագրել հանցագործության հետ առնչություն ունեցող, կասկած չկաՙ անցած մեկուկես տարվա ընթացքում տասնյակներով նման դեպքեր եղան :

Բացի քաղաքականից, Կենտրոնական բանկի այս հայտարարությունը չի ցրում նաեւ տնտեսական իրավիճակի վրա հնարավոր բացասական ազդեցություններն ու բանկային համակարգին սպառնացող իրական վտանգները:

Ներդրողներին վանելու եւ գումարների արտահոսքի լուրջ սպառնալիք

Նույն ԿԲ տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումները մոտ երեք անգամ նվազել են անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ակնհայտ է, որ այս օրենսդրական փոփոխությունները ավելի կվանեն հնարավոր ներդրողներին մեր երկրում ներդրում անելուց: Եթե բանկային հաշվիդ տեղեկությունները կարող են բացահայտվել որեւէ պահի եւ առանց որեւէ հանցագործության մեջ ներգրավված լինելու, ապա ո՞վ կցանկանա այս երկրում ներդրում կատարել: Առանց այն էլ վերջին մեկուկես տարվա ընթացքում խոշոր ներդրողների նկատմամբ մեղադրանքները, անհարկի ստուգումներն ու անգամ ձերբակալություններն էապես վնասել են Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրին:

Ինչ մնում է բուն բանկային համակարգին սպառնացող վտանգներին, ապա առաջինն այն է, որ հայկական բանկերում գումար պահելն այլեւս ապահով եւ վստահելի չի լինի: Ավելի հարուստ խավը կնախընտրի իր գումարը պահել արտասահամանյան բանկերում, իսկ սակավ ապահովված խավըՙ տանը: Կավելանա կանխիկ շրջանառությունը, որն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում եւ կնվազի անկանխիկ շրջանառությունըՙ նվազեցնելով բանկերի շահույթն ու ֆինանսական կարողությունները: Դա շղթայաբար կազդի բանկային բոլոր ծառայությունների վրաՙ դրանք կթանկանան, իսկ բնակչության եւ բիզնեսի համար ֆինանսական հասանելիությունը ավելի կդժվարանա: Նկատի ունենալով բանկային համակարգի խիստ զգայուն լինելը նման դեպքերում, բացառված չեն ցնցումները ֆինանսական շուկայում, որը կազդի յուրաքանչյուր բնակչի վրա: Միաժամանակ, կշարունակվի գումարների վերջին մեկ տարում ավելացած գումարի արտահոսքը Հայաստանից :

Այս ամենով հանդերձ, վարչապետը հայտարարում է, որ «չկա մի տեսակետ, որը չենք լսել, չենք կարդացել, բայց այս խնդիրը պետք է լուծվի եւ պետք է լուծվի հիմա՛»: Մեկնաբանություններն այստեղ այլեւս ավելորդ են...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ