ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԿՈՒ ԳԱՔ ԳՅՈՒՄՐԻ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի Անկախության տոնի նոր մշակույթ է սկզբնավորվում Վաղը ՀՀ Անկախության տոնի համապետական գլխավոր միջոցառումներն առաջին անգամ կանցկացվեն մայրաքաղաքից դուրս, այս դեպքումՙ Կումայրի- Գյումրիում: Ինչպես հայտարարվել է, նախատեսվում է հետագա տարիներին էլ դրանք կազմակերպել ամեն անգամ երկրի որեւէ այլ քաղաքում: Անկախության 28-ամյակի առթիվ նախատեսված միջոցառումների մասին արդեն բավականին տեղեկատվություն կա, դրանք ներկայացվեցին նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի երկու օր առաջ կազմակերպված մամուլի ասուլիսում: Տոնական հանդիսությունները մեկնարկելու են Գյումրու կենտրոնական զբոսայգում ժամը 11-ին: Մինչեւ ժամը 23-ը զբոսայգում առանձին տաղավարներով կգործեն Երեւանում հայտնի բարերն ու սրճարանները: Քաղաքի կենտրոնում կլինեն 7 երաժշտական հարթակներՙ վինիլ, էլեկտրոնային, ռոք, ջազ, փոփ, դասական, հայկական ժողովրդական երաժշտության սիրահարների համար: Շիրազի տուն-թանգարանում քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ կանցկացվի հանրային քննարկում «Համայնքների համաչափ զարգացումը» թեմայով: Շահումյան փողոցում կցուցադրվեն գյումրեցի հայտնի արհեստավորների եւ արվեստագետների աշխատանքներ ու ստեղծագործություններ: Ռուսթավելի փողոցում առանձին տաղավարներով կներկայացվի Հայաստանի մարզերի կոլորիտը: Իսկ Աբովյան փողոցում կլինեն սննդի տաղավարներ, որտեղ ներկայացված կլինեն Գյումրի քաղաքի սրճարանները: Բազմաբովանդակ առօրյա է խոստանում քաղաքի կենտրոնական հրապարակը, որն այդ օրը վերածվելու է մանկական ավանի: Այստեղ տեղի կունենան միջոցառումներ տարբեր տարիքի երեխաների համար: Այս տարվա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժամանակ տեղի է ունեցել հետերկրաշարժյան Գյումրիում ապրող մի քանի արվեստագետների ու այստեղ նրանց մնալ-չմնալու երկընտրանքի մասին կինոռեժիսոր Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ» վավերագրական ֆիլմի պրեմիերան, այս կինոնկարը նույն օրը կցուցադրվի քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Ասլամազյան քույրերի պատկերասրահում Անկախությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես տեղի կունենա, որի ժամանակ կցուցադրվի թվով 20 հայ լուսանկարչի 100 աշխատանք: Լինելու են նաեւ օդապարիկների փառատոն, այլ հետաքրքրական ձեռնարկներ ու միջոցառումներ: Երեկոյան Վարդանանց հրապարակը կհրավիրի տոնական մեծ համերգի հայ եւ արտասահմանյան հայտնի երգիչների ու երաժիշտների մասնակցությամբ, վերջում կլինի հրավառություն: Տեղում բավական աշխատանք է կատարվել հարուստ տպավորություններ խոստացող տոնական օրվա հյուրերից ցանկացողների համար հյուրանոցային եւ գիշերակացի մասնավոր-տնային տեղերի ապահովման ուղղությամբ, մայրաքաղաքից եկող մեկնողների հարմարության համար համաձայնեցվել է նաեւ արագընթաց եւ սովորական էլեկտրագնացքների արտակարգ չվացուցակ: |