RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019



ՍՊԱՌՈՂԱԿԱՆ

Տեղադրվել է` 2019-12-05 23:07:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2940, Տպվել է` 231, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՍԵՎ ՈՒՐԲԱԹԸ» ԵՎ ՄԵՆՔ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պրոֆեսոր

Նոյեմբերի 24-ին աշխարհի տարբեր անկյուններում մեկնարկեց սպառողների ու վաճառողների ամենասիրելի տոնը` «Սեւ ուրբաթը», որի արմատները Ամերիկայից են, որտեղ այն վերածվել է գնումների ազգային խրախճանքի:

Մեր ունեցած տեղեկություններով «Սեւ ուրբաթ» տերմինի առաջացման մասին կան մի քանի մեկնաբանություններ: Դրա հիմնադիր «հայրը» (մինչեւ այդ հասկացության հայտնվելը) համարվում է Ֆրենկ Վուլվորթը: 1873 թվականին հենց նա կազմակերպեց առաջին զանգվածային վաճառքները Փենսիլվանիայում: Վուլվորթը աղքատ գյուղական ընտանիքից էր եւ աշխատում էր մոտակա քաղաքի խանութներից մեկում: Նա պետք է դասավորեր ապրանքները, ապահովեր խանութի մաքրությունը եւ տարբերակներ մտածեր ապրանքները վաճառելու համար: Ստիպված նա դիմում է խորամանկության:

Այդ տարիներին ապրանքների գները խանութներում ֆիքսված չէին: Դրանից վաճառողները օգտվում էին եւ գուշակելով գնորդի գնողունակությունը` տեղում գներ էին հորինում: Երիտասարդ Վուլվորթը պահեստից ամբողջ ապրանքը հանում է խանութ եւ կողքը ցուցանակի վրա գրում. «Բոլորը 5 ցենտով»: Սա էլ ԱՄՆ-ի պատմության առաջին զանգվածային զեղչերի դեպքն էր: Մի օրվա ընթացքում երիտասարդը կարողանում է 6 օրվա եկամուտ ապահովել: Այս դեպքից հետո Վուլվորթը թողնում է խանութը եւ գնում է իր բախտի հետեւից: Միջադեպից 30 տարի անց Ֆրենկ Վուլվորթն ու ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը իրար հետ ներկա էին Նյու Յորքում 238 մետր բարձրություն ունեցող Woolworth Building-ի բացմանը :

«Սեւ ուրբաթ» («Black Friday»), լինում է ԱՄՆ-ում Գոհաբանության տոնի հաջորդ ուրբաթ օրը: Ավանդույթի համաձայն «Սեւ ուրբաթ» տերմինը հայտնվել է միայն 1966 թվականինՙ Ֆիլադելֆիայում: Օրն այդպես են անվանել վարորդները` վիթխարի խցանումների պատճառով, որոնք առաջացել են Գոհաբանության տոնի հաջորդ օրը: Դրանից սկսվում է ավանդական ամանորի զեղչերի տոնավաճառը: Մեզ հասած տեղեկություններով, երբ տարբեր ակցիաները դարձան մասսայական, վաճառողները հասկացան, որ դրա ամենահարմար ժամանակը Ծննդյան տոներին նախորդող ամիսն է: Այդ կերպ գնորդները ունենում էին մեկ ամիս իրենց գնումները կատարելու համար, իսկ առաքման գործակալություններն իրենց գործը կատարելու համար կունենային բավարար ժամանակ: Այդ կերպ զանգվածային զեղչերը դարձան ավանդույթ:

Գոհաբանության տոնից հետո շատերը, առավոտյան շտապելով խանութներ զեղչերի հետեւից, քաղաքում դժոխային երթեւեկություն էին ստեղծում: Ոստիկանների համար էլ այդ օրը բավական ծանր էր ստացվում եւ նրանք սկսեցին օրը որակել որպես «սեւ»: Այն պատճառով, որ Գոհաբանության օրը նշվում է հինգշաբթի, «Սեւ ուրբաթը» միշտ հաջորդում է այդ օրվան, որն իր հերթին անց է կացվում նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը: Ամերիկացիների մեծ մասը առողջական պատրվակներով ուրբաթ օրը աշխատանքի չեն գնում, որպեսզի կարողանան չորս օր տրամադրել Սուրբ Ծննդյան տոներից առաջ առեւտուր անելուն: Դրա համար «Սեւ ուրբաթը» նոյեմբերի 23-30 ժամանակահատվածում է:

Այդ օրը մանրածախ առեւտրի աշխատակիցները աշխատում են շատ լարված, քանի որ գնորդների թիվը զգալիորեն մեծանում է: Խանութները բացվում են առավոտյան 5-ին, իսկ որոշ մեծ առեւտրային կենտրոններ` նույնիսկ կեսգիշերին: Առաջին գնորդներին առաջարկվում են մեծ զեղչեր` 50-80%, դա արվում է նրա համար, որ խանութ ներգրավեն ավելի շատ գնորդների: Վիճակագրական տվյալներով ԱՄՆ-ում «սեւ ուրբաթներից» ամենաշատ` 249 միլիոն գնորդ է եղել 2013 թ., որի ընթացքում ծախսվել է 413 միլիարդ, իսկ 2012 թ.` 247 միլիոն եւ ծախսվել է` 423 միլիարդ դոլար (https://hy.wikipedia.org/wiki/Սեւ-ուրբաթ-(մեծ-զեղչեր):

Մեկ այլ մեկնաբանության համաձայն էլ` «Սեւ ուրբաթ» անվանումը կապված է հաշվապահական առանձնահատկությունների հետ: Ամերիկյան հաշվապահական թղթերում ծախսերը գրվում են կարմիր սյունակի տակ, իսկ եկամուտներըՙ սեւ: Դժվար չէ կռահել, թե ինչ կապ ունի այստեղ սեւ գույնը ուրբաթի հետ:

Վերջին երեք տարում «Սեւ ուրբաթ» սկսել են կազմակերպել նաեւ Հայաստանում եւ այդ ակցիային միացած խանութները հայտարարել էին, որ աշխատելու են մինչեւ ուշ գիշեր: Այդ ընթացքում բազմաթիվ խանութներ զեղչեր են հայտարարում, ճիշտ է, ոչ այնքան, որքան ամերիկյանները, սակայն մեր երկրում էլ շատերը շտապում են գնումների: Այդ օրն արդեն մի քանի տարի երեւանյան առեւտրի կենտրոններում իսկական խառնաշփոթ է առաջանում: «Սեւ ուրբաթի» շրջանակներում հատկապես Հայաստանում գործող գրեթե բոլոր բրենդային հագուստի, կոշկեղենի եւ էլեկտրատեխնիկայի խանութները հայտարարում են մեծ զեղչեր:

Որոշ դիտարկումներով փորձեցինք պարզելՙ արդյո՞ք հայտարարված զեղչերն իրական են, խանութները չե՞ն բարձրացնում ապրանքների գները եւ ձեւական զեղչերով ապրանքները նորից նույն գնով վաճառում, թե ոչ, ստացվեց հետեւյալ մոտավոր պատկերը: Կային խանութներ, որոնք արժեքը չէին բարձրացրել եւ իրոք զեղչեր էին արել: Հատկապես հագուստի խանութներն ունեին նման հակում: Ինչ վերաբերում է էլեկտրատեխնիկայի խանութներին, ապա որոշ խանութներ իրական զեղչեր էին արել, սակայն շատ խանութներ էլ պարզապես բլեֆ էին անում:

Հատկանշական էր նաեւ այն, որ որոշ խանութներ օգտագործում են առիթը եւ շատ անորակ ու ժամկետանց ապրանքներ են հանում վաճառքի: Օրինակ բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող խանութները բավականին անորակ ապրանքներ էին վաճառել սպառողին: Ծանոթներս էժան գնով հեռախոս էին գնել, իսկ երկու օր անց դրանք արդեն չէին աշխատում: Երբ դիմել էին տվյալ խանութ, այնտեղ նրանց մուննաթով պատասխանել էին` գիտեիք, թե այդ էժան գնով ի՞նչ պետք է գնեիք: Իսկ ինչ վերաբերում է օնլայն գնումներին, ապա, փորձը ցույց տվեց, որ հարկավոր է հնարավորինս խուսափել եւ չմտնել մեծ զեղչեր հայտարարած խանութների կայքերը, քանի որ ավելի հավանական ելքը խաբվելն է ու տխուր փաստի առաջ հայտնվելը:

Ի տարբերություն ԱՄՆ-ի, Հայաստանում մի փոքր այլ ըմբռնումով են մոտեցել «Սեւ ուրբաթին»: Այդ օրը մեզանում էլ սեւ է հատկապես վարորդների համար` քանի որ բազմաթիվ խցանումներ են լինում եւ խանութների եկամուտների համար, քանի որ այդ օրվա եկամուտը, մյուս օրերի համեմատ, քիչ է լինում: Մեր երկրում հոգ են տարել այն մասին, որ ուրբաթը «սեւ» չլինի ո՛չ խանութների սեփականատերերի ու ո՛չ էլ գնորդների համար:

Բայց նրանք մտածում են նաեւ ժողովրդի մասին. աչքի առաջ ունենալով Երեւան մոլի փորձը: Հիշենք, երբ 2015-ին հայտարարվեց, որ 100-ական հեռուստացույց, հեռախոս եւ արդուկ վաճառվելու էր ընդամենը 1000 դրամովՙ ակցիան ավարտվեց ջարդուփշուրով: Հավանաբար, ակցիայի կազմակերպիչներին թվացել էր, որ եթե զեղչեր գործեն էլեկտրատեխնիկայի ապրանքատեսակների վրա, ապա աղքատ բնակչության պարագայում դժվար թե «թալանվեն»: Սակայն աննախադեպ զեղչերի արդյունքում միտինգ հիշեցնող իրավիճակը հակառակն ապացուցեց: Հիմա, որպեսզի խուսափեն ավելորդ տուրուդմփոցից եւ քաշքշուկներից, խանութների տերերն ավելի զգուշավոր են դարձել: Ստացվում է, որ փոքր զեղչերն ինքնանպատակ չեն` նրանք չեն ուզում ուրբաթը սեւացնել, նրանք ապրանքը ցածր գնով չեն տալիս, քանի որ «մտածում են» գնորդների մասին: Իսկ իրականում այս ամենն առավել քան տխուր է. սպառողական հոգեբանությամբ` հասարակությունը վերածվել է խամաճիկների, որոնց շարժը խոշոր արտադրողների ու վաճառողների ձեռքին է:

Մի կարեւոր փաստ եւս: 2019 թ. նոյեմբերի 27-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որով այդ երկրի կայուն զարգացման հանձնաժողովն արգելում է «Սեւ ուրբաթ»-ի գովազդները: Դրա հեղինակներն ըստ euronews-ի նաեւ քննադատում են ակցիան` ավելորդ սպառման եւ վնասակար ներդրման համար, ինչը բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի վրա: Ավելին, այս տարվա «Սեւ ուրբաթը» համարվեց վերջինը: Նախաձեռնողներն ու հօգուտ այդ օրինագծի երկար ժամանակ աշխատողը երկրագնդի կլիմայի տաքացման դեմ պայքարող կազմակերպություններն են: Օրինական հարց է ծագում` ինչ կապ ունեն կլիմայի տաքացման դեմ պայքարողները «Սեւ ուրբաթի» հետ: Պարզվում է` ուղղակի: Խնդիրը հետեւյալ տրամաբանության մեջ է: Պայմանականորեն ենթադրենք, որ յուրաքանչյուր ընտանիք ունի լվացքի մեքենա, որն հնարավոր է շահագործել երեք տարի: Ինքնին հասկանալի է նաեւ, որ երրորդ տարում մեքենան կարող է խափանվել եւ անհրաժեշտ կլինի որոշ ծախսեր կատարել այն նորոգելու համար: Իսկ քանի որ որոշված է «Սեւ ուրբաթի» ժամանակ գների իջեցում կատարել ոչ պակաս, քան 40%-ով, հետեւաբար ավելորդ ծախսից ու գլխացավանքից զերծ մնալու համար այդ ընտանիքը գերադասում է «Սեւ ուրբաթին» գնել նորը: Հետեւապես մեկ տարի շուտ խոտանվելու հետեւանքով պետք է արտադրվեն նոր մեքենաներ: Այսինքն` պետք է գործարաններն աշխատեն եւ կլիմայական տաքացումն ավելի շուտ, արագ եւ ինտենսիվ կլինի: Պարզ, տրամաբանական եւ լրացուցիչ ապացուցման կարիք չունեցող եզրակացություն:

«Սեւ ուրբաթի» ժամանակ` նոյեմբերի 29-ին, առեւտրաշրջանառությունը Երեւանում նախորդ ուրբաթի համեմատ աճել է մոտ 50 տոկոսով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել է Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալներից: Նոյեմբերի 29-ին Երեւանում տպվել է 1 մլն 500 հազար հատ ՀԴՄ կտրոն, իսկ դրան նախորդող ուրբաթ օրը` նոյեմբերի 22-ին, տպվել է 1 մլն 350 հազար: Այսինքնՙ շուրջ 150 հազար կտրոն ավելի է տպվել: Շատ ավելի զգալի է դրանցից ստացված դրամաշրջանառության չափը: Նոյեմբերի 29-ին առեւտրաշրջանառությունը կազմել է 9 մլրդ 40 մլն 249 հազար 845 դրամ, իսկ նոյեմբերի 22-ին այն կազմել է 6 մլրդ 117 մլն 663 հազար 332 դրամ: Այսինքն` այս ուրբաթ նախորդ ուրբաթի համեմատ գրեթե 3 մլրդ դրամի չափով ավելի շատ առեւտուր է իրականացվել Երեւանում:

Այնպես որ, մեզանում շատ բան է փոխվել` իրավիճակ, նոր օրինագծեր ու նաեւ նոր տոներ: Դրանցից մեկն էլ «Սեւ ուրբաթն» է, որը Հելոինի նման մեր կարծիքով ընդամենը օտարամոլության դրսեւորում է, քանի որ իրականում «Իրական սեւ ուրբաթ ուներ միայն Ռոբինզոնը» :

4.12.2019

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ