RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2019-12-05 23:07:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1903, Տպվել է` 216, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅՆ ԻՆՉ ԱՍԵԼ ԵՆ ՁԵԶ ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆՙ ՍԽԱԼ Է

ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔ

Այն, որ պատերազմները մեր ակնկալիքներից կամ ծրագրերից տարբեր ավարտ են ունենում, վաղուց էր հայտնի: Երկրորդ համաշխարհայինում «մենք հաղթանակեցինքը բոլորովին չէր նշանակում, որ ամերիկացիները հաղթանակելու են վիետնամական պատերազմում, կամ ֆրանսիացիները պարտության են մատնելու Ալժիրում իրենց թշնամիներին: Բայց այն պահին, երբ մենք որոշում ենք, ովքեր են լավ մարդիկ, եւ ովքեր չար հրեշներ, որոնց պետք է կործանենք, մենք կրկնում ենք մեր հին սխալները:

Որովհետեւ մենք ատում ենք, զզվանք զգում կամ դիվայնացնում Սադդամին, Քադդաֆիին կամ Ասադին, մենք հավատում ենք, որ նրանց գահընկեց կանեն եւ ազատության կապույտ ու անամպ երկինքը կբացվի նրանց քարուքանդ եղած երկրներում: Սա երեխայական, տհաս մարդու մտածողություն է (չնայած հաշվի առնելով Բրեքսիտի վերաբերյալ ֆարսը, որ մեզ մատուցում են, այնքան էլ զարմանալի չէ): Սադդամի անկումից հետո երկիրը մատնվեց աներեւակայելի դառնությունների: Նույնը կարելի է ասել Քադդաֆիի Լիբիայի մասին: Ինչ վերաբերում է Բաշար էլ-Ասադին, նա ոչ միայն չտապալվեց, այլեւ հառնեց որպես ամենամեծ հաղթողը սիրիական պատերազմի: Բայց մենք շարունակում ենք պնդել, որ նա պետք է հեռանա, եւ պատերազմի հանցագործները պետք է պատժվեն: Եվ այս վերջին պահանջը տեղին է: Այո, Սիրիայի վարչակազմը հաղթական դուրս եկավ արյունալի պատերազմից Միջին Արեւելքի ամենավստահելի դաշնակիցՙ Կրեմլի շնորհիվ:

Ես ատում եմ «curate» (հովանավորել) բառը: Մարդիկ սցենարներ են հովանավորում, քաղաքական բանակցություններ կամ բիզնես ծրագրեր են հովանավորում եւայլն: Կարծես մենք այդ բառի կամ այդօրինակ բառերի գերին ենք դարձել: Բայց այս անգամ օգտագործելու եմ այդ բառը իր իսկական իմաստով: Նրանք, ովքեր հովանավորեցին սիրիական պատերազմի «պատմությունը», «ներածականը», սկզբից եւեթ սխալ ուղիով գնացին, կանխորոշելով, որ Բաշարը պետք է գնա, սիրական բանակի դասալիքներից եւ Դարայայի, Դամասկոսի ու Հոմսի տասնյակ հազարավոր անզեն ցուցարարներից կազմված «Սիրիայի ազատ բանակը» (ՍԱԲ) կստիպի Ասադի ընտանիքին, որ թողնի իշխանությունը, եւ ապա արեւմտյան ոճի ժողովրդավարությունն ու աշխարհիկությունը (որն իրականում Բաաս կուսակցության հիմնակա՛ն նպատակն էր) կդառնան նոր եւ ազատագրված արաբական այդ պետության հիմնաքարերը:

Մենք առայժմ մի կողմ կթողնենք խռովությունները պաշտպանելու Արեւմուտքի իրական պատճառները, որոնցից մեկը Իրանի միակ արաբ դաշնակցի խորտակումն էր: Մենք չէինք նախատեսել էլ-Ղաիդայի վերհառնումը, որին հիմա Նուսրա անունն են տալիս, ոչ էլ պատկերացնում էինք, որ ISIS-ի մղձավանջը ջինի նման դուրս կժայթքի արաբական անապատներից: Չէինք հասկանում, թե ինչպես իսլամիստ ծայրահեղականները կարողացան օգտագործել խռովությունների առիթը: Այսօր միայն սկսում եմ եզրահանգումներ անել այն մասին, թե ինչպես «չափավոր» որակումներով խռովությունը դարձավ ԻՊ-ի կործանարար մեխանիզմը: Իսլամական որոշ խմբավորումներ (ոչ բոլորը, իհարկե) սկզբից եւեթ այնտեղ էին, Հոմսում (2012-ից ի վեր):

Սա չի նշանակում, որ սիրիացի խռովարարները քաջ չէին, կամ ժողովրդավարական նպատակներ չէին հետապնդում: Բայց Արեւմուտքում նրանց մասին լուրերը խիստ չափազանցված էին: Դեյվիդ Կամերոնը, օրինակ, խոսում էր ՍԱԲ-ի մոտ 70 հազար «չափավորականների» մասին, որոնք պայքարում էին Ասադի ռեժիմի դեմ, մինչդեռ իրականում նրանց թիվը երբեք էլ չի անցել 7 հազարից: Բացի այդ, սիրիական բանակի ղեկավարները նրանց հետ բանակցում էին հեռախոսով կամ անձնական շփումների միջոցով, որ համոզեն նրանց վերադառնալ կառավարական բանակի շարքերը եւ կամ որոշակի քաղաքներ հանձնեն առանց կռվի, եւայլն:

Այսօր, երբ թուրքական ներխուժման մասին ենք տեղեկացնում, օգտագործում ենք տարօրինակ մի արտահայտություն Թուրքիայի արաբ դաշնակիցներին բնութագրելու համար: Մենք նրանց անվանում ենք «Սիրիայի ազգային բանակ»ՙ հակադրելով նրանց Ասադի կառավարականՙ «Սիրիայի արաբական բանակին»: Մինչդեռ Դուբլինում ապրող Միջին Արեւելքի քաղաքականության փորձագետ Վինսենտ Դյուրակի համոզմամբ այդ արաբ զինծառայողները «Թուրքիայի ստեղծած զորամիավորներն են»:

Իմ կարծիքով, նրանք մնացորդներն են նախկին ՍԱԲ-ի, որն այժմ ամբողջովին վարկաբեկված է: Շատ քիչ լրագրողներ են ճիշտ բնութագրել այս իրողությունը: Նախկին ՍԱԲ-ի այս թափթփուկներն էին մտել անցյալ տարի Աֆրինի անկլավը եւ օժանդակել իրենց Նուսրա գործընկերներին, որ թալանեն քրդական տներն ու խանութները: Թուրքերն այդ բռնազավթումը անվանել էին խաղաղության խորհրդանշան հանդիսացող «Ձիթենու ճյուղ» գործողություն: Ավելի անհեթեթ է «Խաղաղության գարուն» գործողության անվանումը, որ նրանք տալիս են վերջին ներխուժման համար: Կար ժամանակ, որ նման արարքները արհամարհանք էին առաջացնում եւ լկտիություն որակվում: Այսօրՙ ոչ: Մամուլը մեր օրերում կարծես ավելի «հարգալից» է վերաբերվում նման նշավակելի անվանակարգություններին:

Նույն խաղը մենք խաղում ենք նաեւ «Ամերիկյան պաշտպանությունը վայելող» Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (ՍԺՈՒ) անվան հետ: Ինչպես առաջներում էլ նշել եմ, ՍԺՈՒ զորամիավորումների մեծամասնությունը քրդերից է կազմված եւ նրանք ո՛չ ընտրված են, ո՛չ էլ միացած ՍԺՈՒ-ներինՙ ժողովրդավարական հիմունքներով: Նրանցում ոչ մի բան ժողովրդավարական չէր եւ այդ «ուժերը» գոյություն էին պաշտպանում միայն այնքան ժամանակ, որ վայելում էին ամերիկյան օդուժի օժանդակությունը: Բայց ոչ ոք մամուլի ներկայացուցիչներից հարցականի տակ չէր դնում նրանց անվանումը: Բայց երբ թուրքերը ներխուժեցին Սիրիա, նրանց հանկարծ սկսեցին անվանել «Քրդական ուժեր» (որ համապատասխանում էր իրականությանը), որոնց Ամերիկան դավաճանել էր (որ դարձյալ համապատասխանում էր իրականությանը):

Իրադարձությունների մոռացված հեգնական մասն այն է, որ երբ 2012-ին կռիվներն սկսվեցին Հալեպում, քրդերը «Սիրիայի ազատ բանակին» օգնում էին գրավելու քաղաքի որոշ տարածքները: Յոթ տարի անց, երբ թուրքերը ներխուժեցին քրդական Ռոժավա «ազատ» երկրամասը, նրանք սկսեցին իրար դեմ պայքարել: Առավել խեղաթյուրված է պատմությունը Սաուդյան Արաբիայի ներգրավվածության մասով: Վերջինս շարունակ ժխտում է, որ ոչ մի աջակցություն չի ցուցաբերել Սիրիայում իսլամիստ ծայրահեղականների հակա-Ասադյան խժդժություններին: Նույնիսկ երբ Հալեպումՙ Նուսրայի հենակետում հայտնաբերեցի բոսնիական զենքերի մատակարարման փաստաթղթերՙ ստորագրված Սարահոյի մոտակայքում զինամթերք արտադրող Իֆետ Կոնճիչի կողմից, եւ վերջինիս հետ անձամբ տեսակցելուց եւ հավաստիացումներ ստանալուց հետո, որ զենքերը ուղարկվել են Սաուդյան Արաբիա (նա նկարագրեց սաուդյան պաշտոնական անձանց, ովքեր այցելել էին իր գործարանը), սաուդցիները շարունակեցին ժխտել, որ որեւէ առնչություն ունեն խռովություններին աջակցելու հարցում:

Իսկ այսօր, անհավատալիորեն, սաուդցիները իրենք են նոր մոտեցում ցուցաբերում Սիրիայի նկատմամբ: Միացյալ Արաբական Էմիրությունները արդեն իսկ վերաբացել են Դամասկոսում իրենց դեսպանությունը, ինչը նշանակալի երեւույթ է, որի մասին սակայն Արեւմուտքում չեն արձագանքում: Կարծես սաուդցիները մտածում են ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ, առաջարկելով ՄԱԷ-ի եւ Քուվեյթի հետ ֆինանսավորել Սիրիայի վերակառուցման աշխատանքները: Այդպիսով նրանք (սաուդցիները) հավանաբար մտածում են ավելի օգտակար լինել Սիրիայի իշխանություններին քան պատժամիջոցների տակ տնքացող Իրանը: Քաթարցիները ցանկանում են ընդարձակել իրենց իշխանությունը, եւ Սիրիան լավ թիրախ է: Այնպես որ, եթե սաուդցիները որոշեն ստանձնել այդ ծանր դերակատարությունը, ապա նրանք ստիպված են լինելու պայքարել ինչպես Իրանի, այնպես էլ Քաթարի դեմ: Իսկ սիրիացիները, ինչպես բնորոշ է իրենց, սպասելու են պարզելու համար, թե ինչպես կարող են դիմակայել իրենց հարեւանների փառասիրությանը:

Սիրիայում սաուդցիների շահագրգռվածությունը սոսկ ենթադրություն չէ: Անցյալ տարի օգոստոսին «Թայմ» պարբերականին տված հարցազրույցում թագաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը նշել էր. «Բաշարը մնալու է իր պաշտոնում, բայց հավատացած եմ, որ նրա շահերից չի բխում թողնել Իրանին, որ կատարի ինչ ցանկանում է»: Սիրիացիներն ու բահրեյնցիները կանոնավոր բանակցություններ են վարում հետպատերազմյան Լեվանտի ճակատագրի վերաբերյալ: Էմիրությունները կարող են միջնորդ հանդիսանալ սաուդցիների եւ սիրիացիների բանակցություններում: Ծոցի պետությունները այժմ գտնում են, որ Սիրիային արաբական լիգայից անդամազրկելը սխալ էր: Մի խոսքովՙ Սիրիան, Ռուսաստանի քաջալերանքով, հաստատորեն վերագտնում է իր դերակատարությունը տարածաշրջանում:

Սա չէր այն, ինչ մենք, Արեւմուտքում, ակնկալում էինք պատերազմի սկզբնական շրջանում, երբ Դամասկոսում մեր դեսպանատները աջակցում էին փողոց դուրս եկած ցուցարարներին: Նրանք նույնիսկ հորդորում էին չբանակցել Ասադի կառավարության հետ: Բայց այդ բոլորը անցյալում էր, երբ երկու խելագար գործոններ դեռ չէին ամբողջովին ջախջախել մեր ենթադրությունները, վախ ու սարսափ եւ անվստահություն սերմանել Միջին Արեւելքում: Այդ գործոններից մեկը Թրամփն է, մյուսըՙ ԻՊ-ն:

Թարգմանեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, («The Independent» թերթից)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ