TANAP-Ն ԸՆԴԴԵՄ «ՍԻԲԻՐԻ ՈՒԺԻ» ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. Ինչպես հայտնի է, վերջին մի քանի օրում, նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 2-ին, հայտարարվեց 2 նոր գազամուղների շինարարության ավարտի ու դրանց գործարկման մասին: Առաջին գազամուղըՙ TANAP-ը, Ադրբեջանում արդյունահանվող գազը արտահանելու է դեպի Հունաստան եւ հետագայում նաեւ Իտալիա, իսկ երկրորդ խողովակաշարըՙ «Սիբիրի ուժը», ռուսական գազը հասցնելու է Չինաստան: Իրականում իրար հետ թվացյալ կապ չունեցող այս երկու նախագծերը ոչ միայն ու ոչ այնքան տնտեսական, որքան հստակ ընդգծված քաղաքական բնույթ են կրում եւ արդյունք են այն քաղաքական ու տնտեսակա մրցակցության, որը էներգակիրների արտահանման ու սպառման բնագավառում ընթանում է երկու կողմերիՙ ՌԴ եւ ԵՄ միջեւ: Ընդհանրապես եթե խոսենք գազի առք ու վաճառքի, դրա գնագոյացման ու տնտեսական բաղադրիչի մասին, ապա պետք է ընդունենք, որ այստեղ մեծ է քաղաքական գործոնը: Պատճառը գազի ընդհանուր, միջազգային ստանդարտներով ընդունված շուկայի բացակայությունն է, ինչը այդ ապրանքը արտահանող պետություններին որոշակի տնտեսական եւ քաղաքական առավելություն է տալիս: Այդ «առավելությունը» կայանում է գազի գնագոյացման շուկայական մեխանիզմների բացակայության մեջ, ինչը արտահանող պետություններին հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել գազի գինը: Այս մեխանիզմից օգտվում է Ռուսաստանը, որը լինելով գազ արտահանող աշխարհի խոշորագույն պետությունըՙ ինքն է որոշում գազի գինը, պայմանավորված այդ ապրանքը արտահանող պետության հետ առկա տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների որակով: Այսպեսՙ ԵՄ անդամ պետություններին ՌԴ-ն գազը վաճառում է տարբեր գներով պայմանավորված ոչ միայն այդ պետություններին գազի վաճառքի ծավալի, այլեւ այդ պետությունների հետ եղած քաղաքական հարաբերությունների որակով: ԵՄ-ՌԴ հարաբերությունների որակը որոշում է նաեւ հենց գազի գինը: Պաշտոնական Բրյուսելի փորձըՙ ստեղծել մեկ միասնական Եվրոպական գազի շուկա եւ ամբողջ ԵՄ-ի անունից բանակցել Մոսկվայի հետ, կարելի է գնահատել ձախողված: ԵՄ-ում ռուսական գազ սպառող խոշոր պետությունները, առաջին հերթին Գերմանիան դեմ է միասնական շուկայի գաղափարին, քանի որ գազը ռուսներից գնում է ավելի էժան քան արեւելաեվրոպական մյուս պետությունները: Այս պայմաններում ԵՄ-ն հանձին TANAP-ի փորձում է գտնել այլընտրանք ռուսական գազի եւ ուշադրություն է դարձնում ոչ մեծ պաշար ունեցող պետությունների, օրինակՙ Ադրբեջանի վրա, խրախուսելով նոր գազամուղների կառուցումը դեպի Եվրոպա: Այսինքն ուժեղանում է մրցակցությունը ՌԴ-ԵՄ հարաբերություններում գազի արտահնման եւ սպառման գործընթացում: Երկուսն էլ հավասարապես միմյանցից կախվածություն ունեն. եթե ԵՄ-ին պետք է ռուսական գազը, վերջինս էլ կախված է այդ շուկայից, քանի որ տարեկան մատակարարում է մինչեւ 200 մլրդ.խ/մ գազ, եւ այլընտրանք այս շուկայի, գոնի մինչեւ վերջերս չուներ: Երկու կողմն էլ մրցակցում են եւ փորձում ե այլընտրանք փնտրել, մեկը գազի նոր մատակարար, մյուսը գազի սպառման նոր շուկա: Այս մրցակցության մեջ ԵՄ-ն գտել է ադրբեջանական TANAP-ը այն հույսով, որ վաղ թե ուշ այստեղով կհոսի նաեւ թուրքմենական գազը, իսկ Ռուսաստանը Չինական շուկանՙ որպես այլընտրանք Եվրոպականի: Չնայած կողմերը պաշտոնապես հայտարարում են, որ չեն պատրաստվում հրաժարվել ռուսական գազից եւ եվրոպական շուկայից, սակայն իրականում նրանք այսպես թե այնպես չեն էլ կարող հրաժարվել միմյանցից եւ անկախ իրենց հռետորաբանությունից պետական այս երկու կազմավորումները միմյանց հետ կապված են գազի խողովակաշարի ամուր պորտալարով: Բայց գազի պաշարների ու շուկայի փնտրտունքները միշտ էլ շարունակվել են, ինչն էլ հանգեցրել է այս երկու խողովակաշարերիՙ TANAP ու «Սիբիրի ուժի» կառուցմանը: Սակայն իրականության մեջ համեմատել այս երկու խողովակաշարերը եւ դրանց հնարավորությւոները միմյանց հետՙ հնարավոր չէ, քանի որ ռուսական գազամուղի հզորությունը իր կառուցման առաջին փուլում կազմում է 38 մլրդ. խ/մ տարեկան, իսկ TANAP-ինը 16 մլրդ խ/մ: Նախատեսվում է, որ հետագայում այս գազամուղների հզորությունները կավելացվեն, առաջինի դեպքում մինչը 61մլրդ խ/մ, իսկ երկրորդիՙ 23մլրդ խ/մ: Այսինքն պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ ՌԴ-ԵՄ գազային մրցակցության պայմաններում Ռուսաստանը մուտք է գործում Չինական շուկա իր ընդհանուր արտահանման ծավալները ավելացնելով առաջին հանգրվանում 15 տոկոսով, հետագայում մինչեւ 35 տոկոս, իսկ Եվրոպան սկսում է գազ ստանալ Ադրբեջանից, որը առաջին փուլում կկազմի նրա պահանջարկի 2,5% (ԵՄ գազի տարեկան պահանջարկը կազմում է մոտ 400 մլրդ խ/մ), իսկ հետագայումՙ 5%: Հանուն ճշմարտության նշենք, որ չինական շուկան շատ հեռանկարային է եւ միայն 61 մլրդ. խ/մ գազով չի բավարարվի եւ Ռուսաստանը հետագայում կփորձի ավելացնել դեպի Արեւելք գազի արտահաման ծավալները: Ադրբեջանը սակայն չունի գազի մեծ պաշարներ եւ իր 1.2 տրիլիոն խ/մ գազով (ինչը կազմում է աշխարհում գազի ապացուցված պաշարների 0,7%) կարող է բավարարել ԵՄ պահանջարկի միայն մի փոքր մասը: TANAP-ը իր 16 մլրդ խ/մ ծավալով ոչ միայն չի կարող համեմատվել ռուսական գազամուղի հետ, այլեւ չի կարող լինել լուրջ այլընտրանք ԵՄ-ի համար եւ մրցակցել Գազպրոմի մատակարարման հզորություններին: Այսինքն այլընտրանք կոչվողը այստեղ զուտ վիրտուալ է եւ այն կարող է հետաքրքրական լինել միայն Ալիեւյան կլանին, սեփական քաղաքական իշխանությունը ամրացնելու եւ շարունակականությունը պահպանելու համար: Ադրբեջանական TANAP-ը կարող է հետաքրքրել ԵՄ-ինՙ եթե հնարավոր լինի հաղթահարել Կասպից ծովի արգելքը եւ դուրս գալ դեպի Թուրքմենստան: Սակայն Կասպիցի կարգավիճակի անորոշությունը, Իրանի, Ռուսաստանի ու հատկապես Չինաստանի բացասական դիրքորոշումը այս հարցում (պաշտոնական Պեկինը հանդիսանում է թուրքմենական գազի թիվ մեկ սպառողը եւ հենց նրա ներդրումներով է ներկայումս աշխատում այդ պետության գազի արդյունահանումը), գոնե տեսանելի ապագայում հնարավորություն չի տալիս խոսել տրանսկասպիական գազամուղի կառուցման մասին: Նշենք նաեւ, որ գազի արդյունահանումը ցածր եկամտաբերության ճյուղերից է եւ դրանից մեծ օգուտներ ակնկալել հնարավոր կլինի միայն ներդրումները հետ բերելուց հետո: Այսինքն տվյալ գազամուղը պետք է աշխատի տասնամյակներ շարունակ մինչեւ հնարավոր կլինի ասել, որ այն արդեն փակել է ներդրումային ծախսերը եւ սկսում է ակնկալել եկամուտներ: Ռուսաստանի համար գազի մատակարարումները բացի բիզնեսից միշտ էլ հետաքրքրական է եղել սեփական քաղաքական շահերը դրա միջոցով առաջ մղելու գրավչությամբ եւս: Սակայն, նմանատիպ արդյունքի հնարավոր է հասնելՙ եթե ունես գազի հսկայական պաշարներ (համաշխարհային պաշարների 15,1%, ավելի շատ գազ ունի միայն Իրանը 17%) արտահանման համար լոգիստիկ հնարավորություններ եւ կարող ես թելադրել քո քաղաքական օրակարգը: Նման տնտեսական, ռեսուրսային եւ քաղաքական ներուժով օժտված է միայն Ռուսաստանը, եւ գոնե փորձագիտական շրջանակերի համար պարզ է, որ գտնել այլընտրանք ռուսական գազինՙ ԵՄ-ն չի կարող, գոնե տեսանելի ապագայում: Այլ բան է, որ կարող է նվազեցնել գազի սպառման ծավալները եւ այն փոխարինել, այսպես կոչված, վերականգնողական էներգետիկայով: |