ՊԵՏՐՈՍՆ ՈՒ ՊԵՐԿԵՍԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Ո՞վ գիտիՙ Պետրոսն ուզում էր առաքյալ դառնա՞լ, թե՞ ձկնորս մնալ: Եթե առաքյալ չդառնար, ապա նրա մասին ոչ մեկս չէինք իմանա եւ, գուցե, ավելի լա՞վ... բոլոր այն մարդկանց համար, որոնք մի տեղ են մտնումՙ չուզենալով դա: Օրինակ մարդ գիտեմ, որ Գրին քարտ է շահել, հիմա Խաղաղ օվկիանոսի ամերիկյան ափին մի տարեց կին է խնամում, ամեն երեկո նայում է օվկիանոսի նավերին ու երազում դրանցից մեկով Հայաստան վերադառնալ, ոչինչ, որ Հայաստանը ծովից ծով ոչ նա է տեսել, ոչ նրա մայրը, ոչ էլ անգամ տատը: Իսկ ամեն առավոտ նզովում է օվկիանոսը, որ բոլոր նավերը հեռու տարավՙ առանց իրեն: Չէ, բայց այս մարդը գնացել է Հայաստանում ամերիկյան դեսպանատուն, մասնակցել է հարցազրույցի, հետո տոմս է գնել, ինքնաթիռ է նստել, կես օր թռել է, մեկ այլ օվկիանոս է անցել, թույլ ժպտացել է, երբ օտար երկրի սահմանապահը նրան ասել էՙ «Բարի գալուստ, Ամերիկա», եւ չպետք է դժգոհ լինի, բայց դժգոհ է, ինչպես տասնյակ հազարավոր այն հայաստանցիները, որոնք ամեն տարի մասնակցում են Գրին քարտի խաղարկությանը, բայց Ամերիկան նրանց համար մնում է անհաս երազ: Իրականում ոչ մեկը չի երազում ձկնորս մնալու մասին. ձկնորսությունը չի ընկալվում առաքելություն: Ձկնորսները միայն իրենց որդիների համար են հերոս, լավՙ նաեւ կանանց, բայց բոլորի կարծիքով նրանց վրայից անտանելի հոտ է գալիս ու նրանք ոչինչ չգիտեն մարդկանց աշխարհի մասին: Մինչդեռ ծովի հատակը տեսած մարդիկՙ երկնքում սավառնողների պես են: Նրանք գիտեն, որ հեռու ծովերում ապրում է պերկես ձուկը, իսկ նա ապրում էՙ փոքր ձկներ որսալով: Բայց պերկեսը չափազանց մեծ է, որպեսզի հայթայթի իր կերըՙ ծովի հատակի ժայռերի բարակ ու նեղ ծալքերում: Նա նաեւ մրցակից ունի, որն աննկարագրելի խելացի է եւ նույնպես թիրախավորել է նույն մանր ձկներին: Ութոտնուկն է: Այ, նա՛ կարող է ներթափանցել շատ նեղ ծալքերի մեջ, բայց շատ դեպքերում ավարը նրանից էլ է փախչում: Իսկ ի՞նչ կլինի, եթե պերկեսն ու ութոտնուկը միասին աշխատեն: Հեռու ծովերի ձկնորսները գիտեն, նույնիսկ կան որ տեսել են, թե ինչպես է պերկեսը սփրթնումՙ փորձելով գրավել ութոտնուկի ուշադրությունը: Նա գլուխը ցած է կախումՙ ոչ միայն համագործակցության ազդանշան տալով ութնոտնուկին, այլեւ ցույց է տալիս իր մրցակցինՙ ավարի տեղը: Ութոտնուկը խցկվում է ծովային քարանձավից ներս, ձկնիկները վախենում են եւ փախչում ուղիղ պերկեսի երախը, որը հակառակ կողմում սպասում էր: Երբեմն պարգեւն ստանում է ութոտնուկը, երբեմնՙ պերկեսը: Երկուՙ միանգամայն տարբեր արարածներ հասկացել են, որ թիմային աշխատանքը կարող է հաջողություն բերելՙ խութերով լի կապույտ քաղաքում: Ձկնորսներն այսպիսի բազմաթիվ պատմություններ գիտեն: Բայց Պետրոսի նախադեպը նրանց հանգիստ չի տալիս. աշխարհի բոլոր ձկնորսները հույս ունեն, որ կգա օրը եւ իրենց թիկունքից մեկը կասիՙ ցած դիր ուռկանդ ու հետեւիր ինձ, եւ նա կգնա. գրողի ծոցը պերկեսը, ութոտնուկը, խութերը...Կգնանք, որովհետեւ մեզ միշտ թվում է, որ մեզ պետք է կանչեն, փրկեն, պաշտոն կամ փող տան, փառաբանեն, սրբադասեն... Բայց ոչ մեկս չի հիշում, որ դրա համար, մինչեւ աքաղաղի կանչելը, երեք անգամ պետք է ուրանանքՙ պերկեսին եւ ութոտնուկին, որոնք լուռ ցույց են տալիս, թե ինչպես է պետք ապրել խութերով լի քաղաքում: Ո՞վ գիտի, դրախտում խութեր կա՞ն... Հ.Գ.- Ես նույնպես կարծում եմ, որ երկրում շատ արագ եւ բավականին ուշագրավ, ոմանց համար վտանգավոր, ուրիշների համարՙ հանգստացնող իրադարձություններ են տեղի ունենում: Բայց նաեւ կարծում եմ, որ Հայաստանում կան շատ-շատերը, որոնք կերազեին հիմա լինել հեռու ծովերում: |