RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019



Տեղադրվել է` 2019-12-05 23:07:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2852, Տպվել է` 221, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԵՏՐՈՅԹՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԱՍՊԵՏՆԵՐԻ ԵՎ ԴՈՒՍՏՐԵՐԻ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ

Հ.Ծ.

Ավելի քան 200 հրավիրյալների ներկայությամբ նոյեմբերի 16-ին Դետրոյթում հանդիսավոր պայմաններում նշել են Վարդանանց ասպետներիՙ Նարեկ-Շավարշան եւ դուստրերիՙ Զաբել մասնաճյուղերի ստեղծման համապատասխանաբար 100-րդ եւ 70-րդ հոբելյանները: Հատուկ այդ առթիվ Ֆրեզնոյից եւ Կալիֆոռնիայից ժամանել են կազմակերպությունների վետերան անդամները:

Եղբայրական կազմակերպությունը «Շավարշան» է կոչվել ի պատիվ Արտազ գավառի (որի Ավարայր գյուղի մոտ տեղի է ունեցել Վարդանանց պատերազմը) հնագույն անվանման, իսկ Նարեկըՙ ի պատիվ Գրիգոր Նարեկացու: Երկու մասնաճյուղերը իրար են միացել 1996-ի մայիսի 1-ին: Քույրական կազմակերպությունը «Զաբել» է անվանվել ի պատիվ Լեւոն Ա. թագավորի դուստրՙ Զաբել թագուհու:

Վարդանանց ասպետների եւ դուստրերի ծրագրերը փոխկապակցված են եւ միասնաբար աշխատելով հետամուտ են լինում իրականացնելու մշակութային, կրթական, մարզական եւ բարեգործական բազմաբնույթ նպատակներ: Ներկայումս ԱՄՆ-ի 10-ից ավելի նահանգներում գործում են Վարդանանց ասպետների եւ դուստրերի համապատասխանաբար 24 եւ 18 միավորներ:

Աղոթքից եւ նախկին ավագ սպարապետ Վահրամ Ֆանտազյանի ողջույնի խոսքից հետո ցուցադրվել է տեսաժապավեն Հայաստանում դպրոցների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ, պատրաստված Գոհար Պալյանի կողմից: Ապա Վարդանանց դուստրերի ավագ տիրուհի Ալիս Գալստյանի անունից, դետրոյթաբնակ Գլորիա Գորքոյանը 100 եւ 70-ամյակների վկայագրեր է հանձնել «Նարեկ-Շավարշան» կազմակերպության սպարապետ Ղազար Տերտերյանին եւ «Զաբել» մասնաճյուղի տիրուհի Լիզա Աղլամիշյանին:

«100 տարի առաջ դետրոյթահայությունը չուներ ոչ եկեղեցի, ոչ հոգեւորականներ, ոչ էլ կազմակերպություններ, որոնք կարողանային օժանդակություն ցուցաբերել, բայց նրանք ունեին երկու կարեւոր հատկանիշներՙ հավատք եւ ազգային ոգի: Եվ հենց դրանց միջոցով է, որ նրանք կարողացան հիմնել այս կազմակերպությունը, որպեսզի իրենց կարողությունների սահմաններում օգնեն ցեղասպանությունից փրկված հայորդիներին եւ քույրերին», իր խոսքում նշել է Ղազար Տերտերյանը : Ոգեւորիչ խոսքով ներկաներին դիմել է նաեւ հատուկ այդ առիթով Դետրոյթ ժամանած ավագ սպարապետ Սթիվ Ադամսը :

Այնուհետեւ երեկոն շարունակել է երգիչ Գեւորգ Արթինյանը ընկերակցությամբ «His All Star Band» նվագախմբի:

Երեկոն առիթ է հանդիսացել երախտագիտություն հայտնելու հայ ազգի անցյալի եւ ներկայի ականավոր զավակներինՙ Ալեք Մանուկյանին, Հակոբ Տերտերյանին, Վահրամ Ֆանտազյանին, Սիմոն Ճավիզյանին, Էդուարդ Գորքոյանին եւ դոկտ. Գարրի Զամանիկյանին:

Ներկաները պարտավորվել են շարունակել իրենց ազգօգուտ գործունեությունը այն հաստատ հավատով, որ հաղթանակը մերն է լինելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ