ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆԱՄԱԿԸՙ ԹՈՒՐՔԻՈ ՀԱՅ ՀԱՎԱՏԱՎՈՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ «Քարերը կտրելու (թափելու) ժամանակը եւ քարերը հավաքելու ժամանակը» (Ժող. 3։5) Հոգելույս Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հիվանդությամբ սկսված եւ տարիներ տեւած ընտրական գործընթացը, ցավոք, բազմաթիվ խնդիրների, բաժանարար գծերի, նեղ, շահադիտական հավակնությունների գերադասման եւ համայնքային շահի ոտնահարման դրսեւորումների պատճառ դարձավ: Այդ մասին անցնող տարիներին եղել են բազմաթիվ անդրադարձներ: Սակայն տարիներ տեւած թնջուկը` պատրիարքի ընտրությունը, ավա~ղ, չստացավ սպասված հանգուցալուծում, եւ փոփոխված կանոնադրությունը համայնքին բերեց ոչ թե հույս, այլ հասցրեց եւս մի նոր հուսախաբության: Այլեւս բացարձակ ճշմարտություն է, որ «կանոնադրական փոփոխության» ծրագրավորված բեմադրության իրական պատճառը հիմնականում իմ անձն էր, քանի որ ընտրություններում Թուրքիայի հավատավոր հայ ժողովրդի մի ստվար հատվածի աջակցությունն ինձ անկասկած որոշիչ կարող էր լինել: Եվ այս բեմականացման հանցավոր հեղինակները բոլորին հայտնի մի քանի գավառամիտ կղերականներն ու մի քանի նեղմիտ եւ անհեռատես աշխարհականներն են, ովքեր փորձեցին ստվեր գցել պոլսահայ պատվարժան ժողովրդի անվան վրա: Նրանք էին, որ օգտվելով անպատժելիության, անօրինականության եւ թողտվության մթնոլորտից, գերաշնորհ Գարեգին արք. Բեկչյանին իբրեւ ընտրյալ տեղապահ Պատրիարքարանից անօրինաբար դուրս թողնելովՙ հող նախապատրաստեցին հիշյալ դավադիր փոփոխությունը կանոնադրության մեջ կատարելու եւ Պատրիարքարանի դուռն իմ եւ մյուս եպիսկոպոսների առջեւ գոցելու համար:* Տեղի ունեցածը պատմական աղաղակող անարդարություն էր Պոլսո համայնքի ոչ միայն ներկա, այլեւ գալիք սերունդների նկատմամբ: Ինչպես ասում է Երեմիա մարգարեն. «Հարքն ազոխ կերան եւ որդւոց ատամունք առին» (Երեմ:, ԼԱ, 29): Պատրիարքի թեկնածու իմ սրբազան եղբայրներն ու նախաձեռնարկ մարմինը մեր եւ համայնքի խնդրանքներին ու հորդորներին չանսացին եւ չկամեցան Թուրքիո Հայոց պատրիարքության եւ հավատավոր հայությանը վայել արժանապատիվ եւ «լայնախարիսխ» ընտրությունների նախապատրաստել: Սակայն, նրանք գերադասեցին նեղ, հիմնականում անձնական, իրավիճակային նկրտումներն ու դրանց բավարարումը, որովհետեւ նախապատվեցին ստեղծված գաղջ մթնոլորտի շարունակականությունը: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ, լինելով ներսում, նրանք, ամենայն հավանականությամբ, չեն էլ գիտակցում այդ համայնքի առողջացման դեղատոմսերի, այն էՙ կատարվելիք փոփոխությունների անհրաժեշտությունը: Ինչեւէ, այսօր արդեն ունենք այն, ինչ ունենք, եւ այժմ «քարերը հավաքելու ժամանակն է»: Ժամանակն է համայնքի խնդիրներին նայել ոչ միայն ներսի, այլեւ դրսի աչքով, քանի որ արդեն երեւան են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնք ներսի ուժերով միայն հնարավոր չեղավ առայսօր լուծել, եւ համոզված եմ, որ առաջիկայում եւս չեն լուծվելու, եթե համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ առաջնորդները չառերեսվեն անցնող 12 տարիների անօրինականությունների եւ կոպտագույն սխալների հետ: Պետք է գնահատական տրվի նախորդ տարիներիՙ Պատրիարքության անընդունելի ընթացքին, փաստացի թուլացմանն ու պառակտմանը եւ վարկանիշի կորստյան փաստին ու պատճառներին: Դիմելով Թուրքիայի իմ հոգեւոր եղբայրներին ու հավատավոր պոլսահայությանը` ուզում եմ անկեղծ խոստովանությամբ հավաստիացնել, որ պատրիարք ընտրվելուս ձգտումը պայմանավորված է եղել ոչ թե պատրիարքական աթոռին կամ առհասարակ իշխանության հասնելու տենչով (բնավ երբեք), այլ Պոլսի Աթոռի հանդեպ տածած սիրո եւ ծնունդով մալաթիացուս հոգու պարտքի ու ծառայության գիտակցությամբ: Ուստի փոփոխված կանոնադրությունը չի կարողանա ինձ հեռու պահել պոլսահայության եւ պատրիարքության նկատմամբ իմ պարտավորություններին հավատարիմ մնալուց: Ավելինՙ հետայսու որեւէ հանգամանք չի կարող խոչընդոտել այն բանին, որ ես մնամ Թուրքիայի հայ համայնքի կողքինՙ փորձելով օգնել առկա խնդիրների լուծմանը: - Թուրքիայի հայ համայնքի հավատավոր ժողովուրդ, լինելով հայ եկեղեցու հոգեւոր առաջնորդներից մեկը եւ ելնելով ազգի առջեւ պատասխանատվության բարձր գիտակցությունիցՙ ես, շնորհակալություն հայտնելով իմ կողմնակիցներին եւ տուրք չտալով գայթակղություններին, կոչ եմ անում հանուն համայնքի խաղաղության եւ բնականոն մթնոլորտի հաստատման, հանուն Հայոց պատրիարքության բարգավաճմանՙ գնալ ընտրությունների եւ ընտրել 12 եպիսկոպոսներից որեւէ մեկինՙ ձեր պատրիարքին: Նախապայման չէ, թե ձեր թեկնածուն Պոլսից է, թե Պոլսից դուրս: Այս կերպ միայն հնարավոր է վերականգնել համայնքի վիրավորված արժանապատվությունն ու իրավունքը: Անշուշտ ամեն մարդ ընտրության մեջ ազատ է: Պատրիարքի թեկնածու իմ Սրբազան եղբայրներին դարձյալ կոչ եմ անում առաջնորդվել միասնականության, քրիստոնեական սիրո եւ համայնքային շահի կարեւորման տրամաբանությամբ: Գիտակցել, որ անձնական շահերին գերակայություն տալու, համայնքի ցանկությանը հակառակ արված քայլերի հավաքական պատասխանը այն անառողջ, պառակտված վիճակն է, որ ներկայումս կա համայնքում: Նա, ով կընտրվի պատրիարք, պետք է անդուլ ջանք թափիՙ վայելելու աշխարհով մեկ սփռված թուրքահայության սերն ու ակնածանքը, դառնալու նրանց բոլորի ազգընտիր առաջնորդը, հուսալի պատրիարքը եւ խնամարկու հայրը: Հույս ունեմ, որ ընտրյալ պատրիարքը ականջալուր կլինի իմ եւ ինձ նմանների անհանգստությունից, մտահոգությունից եւ ավելի լավը տեսնելու ցանկությունից բխող խորհուրդներին, հորդորներին ու նկատառումներին: Առաջնորդվելով քրիստոնեական ներողամտությամբ` ես ներում եմ բոլոր նրանց, ում պատճառով խլվեց իմ իրավունքը: Թող Աստված լինի բոլորիս դատավորը: Մնացեք խաղաղությամբ: Օրհնությամբՙ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան, Առաջնորդ Գուգարաց թեմի Խոսքը վերաբերում է կանոնադրական փոփոխությանը, որն արգելում է Թուրքիայից դուրս բնակվող եկեղեցականների մասնակցությունը պատրիարքական ընտրություններին որպես թեկնածու: Խմբ.: |