ԼՈՆԴՈՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՂԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ Գ. Գ. Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժինը «Հայտնի են դառնում Անատոլիայի թաքնված հուշարձանները» նախագծի շրջանակում Լոնդոնում բացել է Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդես: Ցուցահանդեսը, որի բացումը տեղի է ունեցել Լոնդոնի «Noho Showrooms» ցուցասրահում, ներկա են գտնվել Կ. Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպս. Մաշալյանը, Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն եւ հայկական ու թուրքական համայնքի մի շարք ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի բացմանը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու մասին պատմող ֆիլմ է ցուցադրվել: Միջոցառմանը ելույթ է ունեցել Սահակ Սրբազանը: Նա նշել է, որ ժամանակին ներկա է գտնվել նաեւ հայկական քաղաքակրթության մի մասը համարվող, 1000-ամյա պատմություն ունեցող Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների` ստամբուլյան եւ նյու-յորքյան ցուցադրությանը: «Այն ժամանակ մտածում էի, որ այս ցուցահանդեսը պետք է ավելի շատ մարդկանց հասանելի լինի: Մեր իղձը կատարվեց, եւ այսօր Լոնդում էլ ցուցահանդես բացվեց»: Մաշալյանը գոհունակություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմի կողմից հետաքրքրություն է ցուցաբերվում Սուրբ Խաչ եկեղեցու եւ մյուս պատմամշակութային կառույցների նկատմամբ: |