ԱՄԵՆԱՍԻՐՈՒՆ ԳԻՇԵՐԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Ամենասիրունն այն գիշերներն են, երբ մենք չենք քնում: Ամենասիրունը, ամենաաստղալին, ամենամռայլը, ամենալուսնայինը, ամենաթացը,...Ածականը կարեւոր չէ. կարեւորը ամենա-ն է: Պատերազմի գիշերներն ամենասիրունն են. կապ չունի համազգեստդ է արյունից ու անձրեւից թաց, թե պատուհանդ, որից ռազմաճակատը չի երեւում, բայց դու ռազմաճակատին ես նայում: Ու գուցե մտածում. տեսնես ինչո՞ւ մարդիկ չեն քնում, միայն այն ժամանակ, երբ ամբողջ գիշեր սիրում են, կամ եթե ամբողջ գիշեր կռվում են: Որոշում ես, որ փոխելու ես կյանքդ, ապրելուդ ձեւը, հագածդ շորը, դեմքիդ ժպիտը, բարեւիդ արժանացողներին: Արտահայտածդ սիրո չափի ու տածածդ զզվանքի հարցում անկեղծ ես լինելուՙ պատերազմից հետո, ինչը չի ավարտվում, որովհետեւ ժամանակներ են պետք, երբ մարդիկ չպետք է քնեն, իսկ մարդիկ շատ քիչ են իրար սիրում, նույնիսկ քաղաքի կեղտոտ մոթելների մաքուր անկողինների մեջ: Մարմինները սիրում են, իսկ հոգիներըՙ ոչ, ինչպես պատերազմումՙ մարմինները մեռնում են, իսկ հոգիներըՙ ոչ: Տեսնես քանի՞ հոգի է հիմա սավառնումՙ անմարմին, թեթեւ, հաղթած... Տեսնում ես, որ դիմացի շենքերում էլ մարդիկ չեն քնած ու զայրանում ես, որովհետեւ չես ուզում գիշերդ կիսել որեւէ մեկի հետ, իսկ իրականում տառապող տեսնել չես ուզում: Զգում ես, որ ամբողջ աշխարհն այնքան է փոքրացել, որ երեւում է պատուհանիցդ: Բոլորի պատուհաններն ամուր փակ են, վարագույրները ծածկած. անձրեւ է: Երանի պատերազմն անձրեւի պես լիներ. փակեիր պատուհանդ ու տունդ չլցվեր: Միայն դու չէ, բոլորը: Ու հենց այդտեղ հասկանում ես, որ պատերազմն իրականում դրսի հետ կապ չունի, առավելեւսՙ երկնքի: Ինքը ներսումդ է, դրա համար էլ վերջին պատերազմ չի լինում, դրա համար էլ պատերազմ միշտ է լինում: Դրա համար էլ տղամարդիկ հանկարծ կանգնում են նստած տեղից ու կանանց ոչինչ չասելով, միայն նայելով, գնում են, դրա համար էլ կանայք չեն հարցնումՙ ո՞ւր ես գնում: Ամաչում ես պառկել փափուկ մահճակալիդ, որովհետեւ օրերն այնպիսին են, երբ մահճակալը հողն է: Հայրենի: Ցեխոտ: Որովհետեւ շատ տղերք էլ չեն սիրահարվելու ու շատ աղջիկներ էլ չեն հավատալու սիրուն: Ու չես քնում: Ամենասիրունն այն գիշերներն են, երբ մենք չենք քնում: |