ՖՈՍՖՈՐԱՅԻՆ ԶԵՆՔ ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրս Հոկտեմբերի 31-ին Հայկական տեղեկատվական կենտրոնը տեղեկություն տարածեց, որ Ադրբեջանը Արցախում կիրառում է ֆոսֆորային զենք: Հրկիզողների տեսակին պատկանող, սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքը ինքնահրկիզվում է թթվածնի ազդեցությամբ եւ կիրառվում է խոցման տարածքներն այրելու համար: Այն օգտագործվում է կենդանի ուժի եւ տեխնիկայի ոչնչացման համար: Լինում են հրետանային ու ռեակտիվ արկերի, ականների, ավիառումբերի եւ ձեռքի նռնակների տեսքով: «Ֆոսֆորային զենքի կիրառման դեպքում առաջանում են հրդեհներ: Կրակը ռազմական վնասից բացի ունի նաեւ հասարակությանը վնասող ֆունկցիա: Այն վնասակար գազեր է արձակում, որը դժվարացնում է շնչառությունը: Այս ռումբերի հրդեհման օջախները պետք է հանգցնել ջրով, պղնձի սուլֆատի մեծ պաշարով, ապա պետք է ծածկել մեծ քանակությամբ խոնավ ավազով: Ֆոսֆորը ներթափանցելով հողի մեջՙ երկար տարիներ կարող է մնալ այնտեղ եւ վնասել է թե՛ բնության, թե՛ բնակիչներին», - մեզ հետ զրույցում ասաց բնապահպան Մելինե Թումանյանը : Սպիտակ ֆոսֆորը մաշկի վրա առաջացնում է վտանգավոր այրվածքներ եւ թունավոր է, մահացու ելքի է հանգեցնում նյութի 0,05-0,15 գրամի առկայությունը օրգանիզմում: Սպիտակ ֆոսֆորը լավ լուծվում է մարմնի հեղուկների մեջ եւ կլանվելիս արագ ներծծվում: Բժիշկ-այրվածքաբան Քնարիկ Մնացականյանը ներկայացրեց ֆոսֆորային զենքի վնասի հետեւանքները մարդու առողջության վրա. «Ֆոսֆորի գոլորշու ներշնչման եւ աղեստամոքսային տրակտի ժամանակ առաջանում է սուր թունավորում: Թունավորումը բնութագրվում է որովայնի ցավով, փսխումով, սխտորի հոտ արձակելով եւ լուծով: Սրտի անբավարարությունը նույնպես սպիտակ ֆոսֆորով սուր թունավորման ախտանիշ է»: Զրուցակիցս նշեց նաեւ, որ այրումը ուղեկցվում է խիտ, կծու սպիտակ ծխի առատ արտանետմամբ եւ շարունակվում է մինչեւ ֆոսֆորի ամբողջական այրումը կամ թթվածնի նվազումը : Ֆոսֆորային զինամթերքը լայնորեն կիրառվում էր Վիետնամի պատերազմի ժամանակ: Այդ պատերազմում Ամերիկյան էքսպեդիցիոն ուժերն օգտագործում էին ավիառումբեր, ХМ-54 ականներ, М-34 նռնակներ: 1982թ.-ին Լիբանանի պատերազմի ժամանակ իսրայելցիները 155-мм տրամաչափի ֆոսֆորային ռումբեր էին կիրառում Բեյրութի պաշարման ժամանակ: 2003թ.-ին Իրաքում ամերիկացիները այս զենքը կիրառել են Բաղդադի արշավանքի ժամանակ: «Դեռեւս 1868 թվականին Սանկտ Պետերբուրգում կնքվել է համաձայնագիր «Պայթուցիկ եւ հրկիզող փամփուշտների» օգտագործման սահմանափակումների վերաբերյալ: Ֆոսֆորային զենքից ավելի շատ աղմուկ է լինում, քան ռազմական օգուտ: Այն ինչ անում է Ադրբեջանը, կարող ենք ասել, որ պատերազմական հանցագործություն է: Դեռ չգիտենք, թե ինչ վնասներ է հասցվել, կա՞ն զոհեր եւ վիրավորներ: Պատերազմում նմանատիպ զենքի օգտագործումը արգելվում է: Դրա շառավիղը մեծ է, եւ թիրախային չէ, սրանից էլ հետեւում է, որ այն մասսայական ոչնչացման զենք է: Այն լուծում է ահաբեկչական խնդիր: Զենքը կիրառել են նաեւ Ուկրաինայում եւ Սիրիայում», ասաց իրավաբան Կարեն Հովհաննիսյանը , իրավաբանը նկատեց, որ զենքի կիրառման արդյունքում հրդեհվել են անտառները, եւ հստակ ասել չենք կարող այնտեղ քաղաքացիական անձինք ու զինվորականներ կային, թե ո՞չ: Ֆոսֆորային այս զենքի ազդեցությունը տասնամյակներ շարունակ առկա է լինելու Արցախում: Ֆոսֆորիՙ հողի մեջ անցնելու դեպքում տասնամյակներ շարունակ այն կարող է մնալ հողում, իսկ տվայլ բնակավայրի բնակիչները չեն կարող զբաղվել գյուղատնտեսությամբ այդ տարածքներում: |