ԿՅԱՆՔՙ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԱՆՔՈՒՄ ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի Լրագրության բաժնի 3-րդ կուրս Թիկունքում նոր կյանք եկածներով են պատասխանում թշնամուն: Արցախցի նորածինները մեր խաղաղ ապագայի հույսն են:Հոկտեմբերի 23-29 ընկած ժամանակահատվածում Երեւանում ծնվել է 480 տղա, 239 աղջիկ: - Ուզում ես խտտե՞լ,- հարցնում է Թամարան ու փոքրիկ Անիին զգուշությամբ տալիս եղբորը, որ գրկի: Մի քանի օրական աղջիկը ցրում է տան անհանգիստ ու սպասողական մթնոլորտը: Անին ծնվել է հոկտեմբերի 27-ինՙ պատերազմի 31-րդ օրը: Թամարան ասում է, որ ինքը երրորդ պատերազմի միջով է անցնում, բայց համոզված է, որ սա վերջինն է լինելու: Առաջին պատերազմից ձեռքին սպիեր են մնացել. արկի պայթյունից վիրավորվել էին ինքը, քույրը, մայրը: Թամարան հուզված ու ոգեւորված է. այստեղից ինչքան մարդ է մեկնում Արցախ, ինչքան ջերմ ու հարազատաբար են ընդունում արցախցիներին Հայաստանում: «Հիմա ասում ենՙ բա էրեխու համար կալյասկա կա՞: Ասում եմՙ այ մարդ, 1992-ին պադվալներում են էրեխա ունեցել, լույս, գազ, ջեռուցում, սնունդ, ոչինչ չկար: Եղբորս էրեխին էդպես ենք պահելՙ կովի կաթով, կարտոֆիլը եփում էինք, աղ անում, տալիս: Հիմա ի՞նչ ա եղել որ, լվացքի մեքենա, սնունդ, ամեն ինչ կա, էլ չասածՙ մարդկանց ոգորեւությունը»: Արցախցի նորածնինՙ Արարատին ու նրա մայրիկին բազմաթիվ դիմավորողների շարքում հայրը չկար: 3400 գրամ եւ 50 սմ հասակով ծնված ապագա զինվորի հայրն առաջնագծում է: Արդեն իմացել է, որ որդի է ունեցել եւ հուզմունքը չզսպելով անջատել է հեռախոսն ու շարունակել կիսատ թողած կռիվըՙ հանուն խաղաղության: Նոր ծնված տղայի շորը զինվորական է, գլխարկինՙ այս օրերին ֆեյսբուքում ամենատարածված հեշթեգըՙ #Հաղթելուենք: Արարատի մայրը ասում է. «Իրենք թող ռմբակոծեն մեր ծննդատները, եկեղեցիներն ու տները, իսկ մենք իրենց կպատասխանենք նոր կյանքով»: Մինչ մեր մարտիկները պայքարում են վաղվա ազատ հայրենիքի համար, գալիս են հայրենիքի նոր պաշտպանները... Երկու օրական Արտյոմի լուսանկարը Մատաղիսի դիրքեր` հայրիկին դեռ չի հասել, բայց մայրըՙ Նարինեն, ասում էՙ կարճ հեռախոսազրույցով հասցրել է հայրիկի մտահոգությունը փարատել. «Հղիության ժամանակ երբ միշտ գնում էինք ստուգման, երեխայի քիթն էնքան մեծ էր երեւում, առաջինն էդ էր հարցնում` քիթը մեծ ա՞, ասում եմ` չէ, շատ սիրուն երեխա է»: Հրետակոծվող ու հրթիռակոծվող Արցախից Հայաստան տեղափոխված մայրիկները նեղսրտում են, բայց եւ հավատում, որ հաղթանակը մոտ է, ամեն բան լավ է լինելու: «Ամեն օր խոսում ենք, իրենք են զանգում, մենք ենք զանգում, հարցնում ենք` դրությունը ո՞նց ա, իրենք ասում են` դուք էտտեղ լավ կացեք, մեր տեղը շատ լավ ա»,-պատմում է երկու օրական Մոնթեի մայրըՙավելացնելով«Թող մեր նորածինը իր ծնունդով խաղաղություն բերի մեր երկրին»: Թշնամու կրակոցի ձայներին ի պատասխան նորածինների ճիչն է:Այս փոքրիկներն իրենց ծնունդով եկել են ապրելու եւ արարելու, հույս դառնալու, խաղաղության կոչ ու հրաման լինելու: |