«ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ» ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ, Հանրագիտարանի գլխավոր խմբագիր-տնօրեն «Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը» լույս է ընծայել «Հովհաննես Թումանյան. հանրագիտարանը», որը մեզանում առաջին գրական հանրագիտարանն է, նաեւՙ հոբելյանական. նվիրված է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակին: Հանրագիտարանը բանաստեղծի գրական ժառանգությունը, թումանյանագիտության հիմնական նվաճումները, Թումանյանի հայ եւ համաշխարհային գրականության հետ առնչությունները, հայ մշակույթում նրա ստեղծագործությունների տարատեսակ դրսեւորումները, նրա բազմաբեղուն ազգային-հասարակական գործունեության պատմությունն ամփոփող համապարփակ հրատարակություն է: Գրքում ծավալուն հոդվածներով ներկայացված են գրողի գրական ժառանգության բոլոր ժանրերը, որոնց հետեւում են տվյալ ժանրի բոլոր ստեղծագործությունների մասին համառոտ հոդվածներ: Ծավալուն են նաեւ բանաստեղծի ստեղծագործության առանձնահատկությունների, ինչպես նաեւ արվեստում (երաժշտություն, կերպարվեստ, քանդակագործություն, թատրոն, կինո եւն) նրա ստեղծագործությունների արտացոլման մասին հոդվածները: Հանրագիտարանը կազմված է հետեւյալ խոշոր թեմատիկ բաժիններից (խորագրերից)ՙ 1. Թումանյանի նախնիները, հայրական օջախը, ընտանիքը, 2. Մերձավոր շրջապատը, 3. Ուսումնառությունը, 4. Աշխատանքային գործունեությունը, 5. Գրական ժառանգությունըՙ բանաստեղծություններ, բալլադներ, լեգենդներ, պոեմներ, քառյակներ, պատմվածքներ, հեքիաթներ, 6. Թումանյանի ստեղծագործությունների գրական առանձնահատկությունները, 7. Թումանյանի ազգային-հասարակական գործունեությունը, 8. Թումանյանը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, 9. Թումանյանըՙ ժողովուրդների բարեկամության ջատագով, 10. Թումանյանը խորհրդային իշխանության տարիներին, 11. Թումանյանը եւ հայ մշակույթը, 12. Գրական-կրթամշակութային հաստատություններ, ընկերություններ եւ այլ կազմակերպություններ, 13. Պարբերականներ, 14. Անձնանուններ, 15. Տեղանուններ: Փաստագրական հարուստ նյութի հիման վրա բավական մանրամասն ներկայացված է Թումանյանի ազգային-հասարակական գործունեությունը, որը բանաստեղծի կյանքի շատ կարեւոր հատված է եւ կարմիր թելի պես անցնում է նրա կենսագրության մեջ: Այն սկսվում է 1905-06-ի հայ-թաթարական ընդհարումներին նրա մասնակցությունից, ավարտվում ՀՕԿ-ի նախագահի պաշտոնում Կ. Պոլիս այցելությամբՙ 1921-ի հոկտեմբերին: 1905-ի նոյեմբերի 22-ին տարածաշրջանում ընդհանուր ռազմական դրություն հայտարարելուց հետո նա երեխաներին վերցրել եւ տեղափոխվել է Լոռիՙ համոզված լինելով, որ հայ-թուրք խառը բնակչությամբ այդ գավառում խառնակություններ են լինելու, եւ ինքն այնտեղ շատ պետք կգա: Սակայն նրա գործն այնտեղ եղավ ոչ թե հայերին զինելն ու թուրքերի վրա հարձակման նախապատրաստելը, այլ սպիտակ դրոշը ձեռքինՙ ձիավորների փոքր խմբով անցավ բնակավայրից բնակավայր, թուրքերի քոչավայրից քոչավայր եւ նրանց բացատրեց, որ դա իրենց կռիվը չէ, այլ իշխանությունների կազմակերպած սադրանք, եւ որի դեմն առնելու նպատակով ինքը փորձեց զսպել բազմաթիվ տաքգլուխների եւ հազարավոր կյանքեր փրկեց: Տարօրինակ պիտի լիներ, եթե Թումանյանի այդ խաղաղարար գործունեությունը ծուռ հայելու մեջ չներկայացվեր, եւ նա չհայտնվեր պահնորդական (ժանդարմերիայի) ծառայության տեսադաշտում: Հայ-թաթարական ընդհարումների հողի վրա թխվեց, այսպես կոչված, «Դաշնակցության գործը», եւ բոլոր ձերբակալվածներին, այդ թվումՙ Թումանյանին, մեղադրանք ներկայացվեց դաշնակցական լինելու եւ ազգամիջյան թշնամանք հրահրելու մեջ: Այդ գործի շրջանակներում Թումանյանին կալանավորել են 2 անգամ. առաջինըՙ 1908-ի դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը. ավագ որդուՙ Մուշեղի հետ նրան տարել են Մետեխի բանտ, որտեղ մնացել է 5.5 ամիս, երկրորդըՙ 1911-ի հոկտեմբերի 31-ի գիշերը: Նա նախ Մետեխի բանտում, ապա Սանկտ Պետերբուրգի կալանավայրում մնացել է մինչեւ 1912-ի մարտի 20-ը, երբ ավարտվել է «Դաշնակցության գործով» դատավարությունը: Դրանից շատ չանցածՙ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որի լուրը Թումանյանն ստացավ Ձաղվերի ամառանոցում. «Ամենքս կլանված ենք պատերազմով: Ամենքս դարձել ենք ռազմագետ, իհարկե ես ոչ մի կասկած չունեմ մեր հաղթանակի վրա արեւմուտքում...»,- գրել է իր մտերիմ-բարերար Փիլիպոս Վարդազարյանին: Ռուսական զենքի հաղթանակի համոզված ակնկալիքովՙ նա եռանդով մասնակցեց հայկական կամավորական ջոկատների կազմավորմանը, այդ նպատակով հասավ մինչեւ Բաքու եւ հայերին հորդորեց միանալ կամավորականներին: Այնուհետեւ Գեւորգ V կաթողիկոսի հանձնարարությամբ 1914-ի նոյեմբերին եպիսկոպոսներ Մեսրոպ Տեր-Մովսիսյանի, Խորեն Մուրադբեկյանի, ինչպես նաեւ Շիրվանզադեի, Ներսիսյան դպրոցի տեսուչ Հովսեփ Խանունցի եւ Թիֆլիսի հոգեւոր հովիվ Տեր Նիկոլի հետ մեկնեց ռազմաճակատի գիծՙ բանակի հրամկազմի շրջանում հայկական կամավորական ջոկատների մասին ոչ բարենպաստ վերաբերմունքի պատճառները պարզելու եւ հարթելու նպատակով: Այնուհետեւ 1915-ի հունիսի 6-ին (մինչեւ 25-ը) եղավ Վանում եւ ապրեց Վանի հերոսամարտի առաջացրած համընդհանուր խանդավառությունըՙ Մեծ եղեռնի այն ահասարսուռ օրերին: Բայց իրադարձություններն արագ գլխիվայր շրջվեցին. ռուսական զորքն անակնկալ հետ քաշվեց, եւ Վասպուրականի հայությունը կոտորածի սպառնալիքի տակ ստիպված եղավ գաղթել Արեւելյան Հայաստան: Էջմիածինն այդ օրերին անճանաչելի էրՙ հարյուրհազարավոր գաղթականներով ու որբերով: Այդ օրերին Թումանյանն Էջմիածնում էրՙ դստերՙ Նվարդի հետ: Ստեղծված իրավիճակում շատերը չդիմացան, Թումանյանը ոչ միայն դիմակայեց, այլեւ նրա ջանքերով այնտեղ հիվանդանոցներՙ 500 մահճակալով, եւ որբանոցՙ 3000 հզ. որբի համար, բացվեցին: Բանաստեղծն այնքան գուրգուրանքով էր վերաբերվում այդ բախտահալած որբերին, որոնք նրան անվանեցին «հայրիկ», որը հետագայում վերածվեց «Ամենայն հայոց հայրիկ» պատվանվան: Որբերի ու գաղթականների հետ կապված մի դիպվածով նա ընդհարվել է կաթողիկոս Գեւորգ V-ի հետ. տեղատարափ անձրեւից գաղթականներին պատսպարելու համար, նրա կամքին հակառակ, բացել տվեց նորակառույց վեհարանի դուռը: Զայրացած կաթողիկոսի այն կշտամբանքին, թե դուք գիտեք, որ ես Ամենայն հայոց կաթողիկոսն եմ, բանաստեղծը պատասխանել է,- Իսկ դուք գիտե՞ք, որ ես էլ Ամենայն հայոց բանաստեղծն եմ: Սեպտեմբերի կեսերին ամբողջովին ուժասպառ Թումանյանը վերադարձավ Թիֆլիս, որտեղ շատ չանցած սկսվեց նրա անձնական ողբերգության շրջանը: Սեպտեմբերի 17-ին ստացավ եղբորՙ Ռոստոմի սպանության լուրը, 2 օրով մեկնեց Դսեղ: «Այնտեղից վերադարձավ բոլորովին փոխված,- գրել է Նվարդը,- մոտ 2 ամիս մնաց հիվանդ պառկած: Տխուր էր, ոչ ոքի չէր ընդունում, ոչինչ նրան չէր հանգստացնում»: 1916-ի հունիսի 23-ին ստացավ ռուսական բանակում ծառայող կրտսեր եղբորՙ Արտաշեսիՙ Բաթումում զոհվելու գույժը: Իսկ 1918-ի մարտինՙ Վանի վերջին գաղթի օրերին, զոհվեց Թումանյանի Արտավազդ որդին, որն անասելի ողբերգություն էր բանաստեղծի համար: Այդ լուրը նա կարդաց դեկտեմբերի 3-ին «Նոր հորիզոն» թերթում. դա նրա կյանքի ամենաողբերգական օրն էր: «Կարդաց..., բոթը շանթեց հայրիկին, թերթը ձեռքին հեկեկում էր, ծանր, շատ ծանր տեսարան էր. Արտիկի սպանությունը նրա մեջքը կոտրեց»: Սա դարձյալ Նվարդի գրառումն է: Այդ տարիներին Թումանյանի կենսագրության միակ լուսավոր էջը թերեւս Զորավար Անդրանիկի հետ հանդիպումներն էին, երբ Զորավարը ռազմական գործողությունների դադարներին ռազմաճակատից գալիս էր Թիֆլիս բուժվելու: Զարմանալի մի մտերմություն էր ստեղծվել նրանց միջեւ: Զորավարը կարծես եկել էր նրա ավագ ընկերոջըՙ Ղազարոս Աղայանին փոխարինելու: Օրերով խոսում էին ժողովրդի դարդ ու ցավից եւ հատկապես արեւմտահայ գաղթականության ճակատագրից: Հայտնի է, որ 1918-ի մայիսի 22-ին թուրքերի հարձակումից նահանջող Անդրանիկի զորաջոկատին Թումանյանը Ջալալօղլիում դիմավորեց եւ առաջարկեց քաշվել Դսեղՙ թուրքերի շրջափակման մեջ չհայտնվելու համար: Ղարաքիլիսայի արյունալի անկումից հետո, որի պաշտպանությանը, ինչպես գիտենք, Անդրանիկը չմասնակցեց, բանաստեղծը հորդորեց նրանՙ որքան հնարավոր է շուտ հեռանալ Լոռիից: Զորավարը ոչ միայն այդտեղից, այլեւ հանգամանքների բերումով ստիպված եղավ հեռանալ նաեւ 10 հզ. քառ. կմ տարածքով անկախ հռչակված Հայաստանի տարածքից: Թումանյանը եղավ նաեւ վերջին մարդը, որն Անդրանիկին Թիֆլիսում ողջերթ մաղթեցՙ արտասահման մեկնելու ժամանակՙ 1919-ի մայիսին: Հետագայում (հունիսի 24-ին), երբ Ազգային խորհրդի նիստերից մեկում քննարկվում էին Ղարաքիլիսայի անկման պատճառները, Թումանյանը, այնուամենայնիվ, իր դժգոհությունը հայտնեց զորավարից. «Եթե Անդրանիկը ժամանակին Դվալի գագաթը բռներ, թերեւս Ղարաքիլիսայի կռիվը այդ վախճանը չունենար»: Իսկ Ազգային խորհրդի եւ Անդրկովկասյան կոմիսարիատի այդ օրերի գործունեությունը նա գնահատեց որպես «ապիկարության հասնող ոճրագործություն»: Առաջին հանրապետության տարիներին Թումանյանի հասարակական գործունեությունը մի նոր որակ ստացավ. Թիֆլիսում գործող հայրենակցական միությունները միավորելովՙ նա ստեղծեց Հայոց հայրենակցական միությունների միությունը (նախագահ ընտրվեց ինքը, քարտուղարՙ Համազասպ Համբարձումյանը), որը զբաղվում էր տարածաշրջանում սփռված հայության տարբեր հատվածների ամենատարբեր խնդիրներով: Այնքան շատ էր անելիքը, որ մի անգամ Համազասպին ասաց. «Մենք (միությունը) ինչո՞վ պետություն չենքՙ պետություն ենք պետության մեջ»: Քանի որ նա մտերիմ հարաբերություններ ուներ առաջին երկու վարչապետներիՙ Հովհաննես Քաջազնունու եւ Ալեքսանդր Խատիսյանի հետ, նրանց գրում էր իրենց խնդիրների մասին եւ պահանջում դրանց որեւէ լուծում տալ: Այդ միության կարեւոր գործերից մեկն այն եղավ, որ կազմավորեց Առաջին աշխարհամարտում հայերի կրած վնասների գնահատման Քննիչ հանձնաժողով, որի պատրաստած տեղեկանքը (իհարկե ոչ ամբողջական), ներկայացվեց Փարիզի խաղաղության վեհաժողովին: Թումանյանը հույս ուներ, որ երկրում խորհրդային իշխանության հաստատումով կվերջանան հայ ժողովրդի տառապանքները, եւ գրողները, նաեւ ինքը, կզբաղվեն իրենց գործով: Բայց հանգամանքներն այնպես կտրուկ փոխվեցին, որ Հայաստանում 1921-ի փետրվարին բռնկվեց եղբայրասպան պատերազմ, եւ Թումանյանը ստիպված էր գալ Երեւանՙ այդ անմիտ պատերազմին վերջ տալու համար: Երեւանում միակ բանը, որ կարողացավ անել, այն էր, որ նա Թիֆլիսՙ Սերգո Օրջոնիկիձեին տեղեկացրեց, որ դա ոչ թե Դաշնակցության սարքած խռովություն է, ինչպես նախապես հաղորդել էին, այլ համաժողովրդական ընդվզում, որն սկսել էր գյուղացիությունը: Եվ պետք է անհապաղ ձեռնարկվեն բոլոր միջոցներըՙ այդ անհեթեթ պատերազմին վերջ տալու: Վերջին ծառայությունը, որ Թումանյանը մատուցեց արդեն նորաստեղծ խորհրդային իշխանության օրոք, եղավ նրա համաձայնությունը Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ ընտրվելու եւ մեկնելու Կ. Պոլիսՙ այնտեղ համապատասխան կառույց ստեղծելու եւ նորաստեղծ պետությանն օգնելու համար: Այնտեղից նա վերադարձավ հիվանդ եւ, ըստ էության, այլեւս չկարողացավ զբաղվել ակտիվ գործունեությամբ: Մշակութային եւ դաստիարակչական առումով շատ կարեւոր է գրքի «Թումանյանը եւ հայ մշակույթը» բաժինը, որտեղ ներկայացված են նրա ստեղծագործությունների հիման վրա ստեղծված գործերըՙ օպերաներ, սիմֆոնիկ ստեղծագործություններ, երգեր, թատերական ներկայացումներ, կինոնկարներ, մուլտֆիլմեր, կերպարվեստի ու քանդակագործության նմուշներ եւ այլն: Հատկապես ծավալուն անդրադարձ կա «Անուշ» եւ «Ալմաստ» օպերաներին, որոնք, ըստ էության, հայ ազգային ու դասական օպերաների հիմնասյուներն են: «Անձնանուններ» բաժնում ներկայացված են Թումանյանի բոլոր այն ժամանակակիցները, որոնք հարաբերվել են նրա հետ կամ ձեւավորել են այն միջավայրը, որտեղ ապրել եւ ստեղծագործել է բանաստեղծը: Այս բաժնում տեղ են գտել ժամանակի գրեթե բոլոր երեւելի դեմքերըՙ Աղայան, Իսահակյան, Կոմիտաս, Խրիմյան Հայրիկ, Շանթ, Վահան Տերյան, Դերենիկ Դեմիրճյան, Նիկոլ Աղբալյան, Լեո, Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Ալեքսանդր Մյասնիկյան, Մարտիրոս Սարյան, Հրաչյա Աճառյան, Մանուկ Աբեղյան, Վիկտոր Համբարձումյան, Ալեքսանդր Սպենդիարյան, Ազատ Մանուկյան, Դանիել Ղազարյան, Ռոմանոս Մելիքյան եւ շատ ուրիշներ, նաեւ նրա բոլոր գրական նախորդները, որոնց Թումանյանն անդրադարձել է տարբեր առիթներով, բոլոր թումանյանագետները եւ այն գրականագետներն ու գրողները, թարգմանիչները, մշակութային գործիչները, որոնք նկատելի ավանդ ունեն բանաստեղծի մասին ստեղծված գրականության ու արվեստի գործերում: Այս բաժնում ներկայացված է ընդհանուր թվով շուրջ 500 անձնանուն: Հանրագիտարանն ունի նաեւ հարուստ պատկերազարդում, նրանում տեղ են գտել բանաստեղծի եւ նրա ընտանիքի անդամների բազմաթիվ լուսանկարներ, տարբեր փաստաթղթերի լուսապատճեններ, ժողովածուների 1-ին հրատարակությունների կազմերի պատկերները, տարբեր հանդեսներում տպագրված գործերի էջանկարներ, հանրագիտարանում ներկայացված անձանց դիմանկարներ, նաեւ Թումանյանի տոհմածառըՙ կազմված ե՛ւ բանաստեղծի, ե՛ւ հանրագիտարանի նախաձեռնողներից ու մի շարք հոդվածների հեղինակ լուսահոգի Գառնիկ Շախկյանի ձեռքով: Հանրագիտարանում ներկայացված են բոլոր այն գրական-մշակութային հաստատությունները, որոնք ստեղծել կամ որոնց հետ աշխատել է բանաստեղծը, բոլոր պարբերականներն ու այն վայրերը, որոնք այս կամ այն կերպ առնչվում են բանաստեղծի անվան հետ, հոբելյանական միջոցառումները ՙ սկսած նրա ծննդյան 50-ամյակից, եւ բազմաթիվ այլ հոդվածներ, որոնք լուսաբանում են նրա գրական ժառանգության եւ գործունեության մի շարք ուշագրավ էջեր: Այս ոչ սովորական հանրագիտարանից օգտվելը փոքրիշատե դյուրացնելու համար գրքի վերջում տրված են Թումանյանի գործերի, անձնանունների, տեղանունների եւ պարբերականների ցուցիչներ: Հանրագիտարանի պատրաստմանը մասնակցել են հանրապետության գրեթե բոլոր գրականագետ-թումանյանագետները, առանձին հոդվածներ կազմել եւ ամբողջ տեքստը խմբագրել ու հրատարակության է պատրաստել հրատարակչության անձնակազմը: Հանրագիտարանը համաժողովրդական նվիրումի արդյունք է, հուսանք, որ այն օգտակար կլինի նաեւ մասնագետներին, դպրոցականներին, ուսանողներին ու սովորական ընթերցողին եւ կդառնա սեղանի գիրք Ամենայն հայոց բանաստեղծի կյանքի ու ստեղծագործությունների մասին: |