RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 06-11-2020



Տեղադրվել է` 2020-11-05 23:56:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1442, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՐԱԴԱԴԱՐ, ԹԵ՞ ԱՆԴԱԴԱՐ ԿՐԱԿ (CEASEFIRE OR MISFIRE?)

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) համանախագահների միջնորդությամբ առաջին երեք հրադադարի ռեժիմի խափանումից հետո շատ քչերն էին հավատում, որ Ժնեւում համաձայնեցված չորրորդը պահպանվելու է:

Հրադադարի մասին բոլոր համաձայնագրերը ձեւական էին, քանի որ Ադրբեջանը խախտել է պայմանագրերը կնքման հենց նույն օրը, նույն ժամին:

Ռմբակոծությունները շարունակվեցին եւ նույնիսկ ավելի սաստկացանՙ օգտագործելով միջազգայնորեն արգելված կրակակիր ֆոսֆատային (սպիտակ ֆոսֆոր) ռումբեր անտառների եւ խաղաղ բնակիչների վրա:

Հետադարձ հայացք գցելով, երբ վերանայում ենք ավելի վաղ զինադադարի պայմանները, հիմնականում 1994 եւ 2016 թվականներին, մենք գտնում ենք, որ դրանք արդյունավետ էին երկու պատերազմող կողմերի վրա Ռուսաստանի ունեցած ազդեցության պատճառով:

Այս անգամ նախագահ Իլհամ Ալիեւը արհամարհում է ռուսական ազդեցությունը, քանի որ Ռուսաստանը Ադրբեջանը կորցրեց ի հաշիվ Թուրքիայի: Անգամ ինքը ՙ Ալիեւը, կորցրեց իր երկիրը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատճառով, որը որոշում է ամեն ինչ:

Մարդիկ մահանում են Ղարաբաղում, եւ ջիհադիստ ահաբեկիչները քաոս են սերմանում իրենց առաքելությամբ եւ գլխատում հայերին (մեկ շնչի հաշվով $ 100), մինչդեռ միջազգային հանրությունը, որը զայրացել էր, երբ ալ-Բաղդադին հայտարարեց իր խալիֆայությունըՙ օգտագործելով նույն իսլամական ահաբեկիչներին, հիմա ուղղակի արջի ծառայություն է մատուցում,

Այդ իսլամական ահաբեկիչները դարձել են Էրդողանի բոլոր պատերազմների մշտական զորաբաժինը, վերապատրաստվել են Սիրիայի գրավյալ տարածքներում եւ տարվել Թուրքիայի ցանկացած ռազմի դաշտ: Նրանք օգտագործվել են Սիրիայում, այնուհետեւ տեղափոխվել են Լիբիա, եւ ներկայումս գտնվում են Ադրբեջանում ՙ դիմակայելով ղարաբաղյան բանակին, որը պատերազմում հարյուրավորների սպանելուց հետո գերեվարել են նրանցից մի քանիսին:

Հարցաքննությունների ժամանակ գերի ընկած ջիհադիստները կոմպրոմատային փաստեր են ներկայացրել իրենց հավաքագրման, թուրքական բանակում մարզվելու, թվաքանակի եւ ծրագրերի վերաբերյալ: Ե՛վ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը կտրականապես հերքեցին այդ ջիհադականների գոյությունը, ովքեր կռվում են թուրք-ազերիական զորքերի հետ միասին:

Սիրիացի ջիհադականները միացել են ադրբեջանական բանակին ամսական շուրջ 2000 ԱՄՆ դոլարի փոխհատուցման խոստումով, գումարած, ինչպես նշվեց վերեւում, եւս 100 դոլար «պարգեւավճար«ՙ ամեն «գյավուրի» գլուխ կտրելու համար:

Վերջերս լրատվամիջոցները հայտնեցին, որ ահաբեկչության օջախ հանդիսացող Պակիստանը գտել է Աֆղանստանից եկած ջիհադիստներին, որոնք ավելի «էժան» են, քան Սիրիայից բերվածները: Իրոք, կարծում են, որ Պակիստանը ահաբեկիչներ է հավաքագրում Աֆղանստանից, ովքեր համաձայնել են կռվել Ղարաբաղյան ճակատում ՙ ամսական 800 դոլար, ավելի ցածր վարձատրության դիմաց:

Էրդողանի բարեկամներն ու թշնամիները հստակ տեսնում են, որ այդ երկիրը զբաղվում է ահաբեկիչների ստեղծման եւ արտահանման համաշխարհային բիզնեսով ՙ որպես իր աշխարհաքաղաքական պատերազմական մեքենայի մի մաս, եւ, այնուամենայնիվ, նրանք այլ կողմ են նայում:

Էրդողանը Ուսամա Բեն Լադենի ավելի կատարելագործված տարբերակն է: Իրոք, ԱՄՆ քաղաքականություն մշակողները հիանում էին Բեն Լադենով, երբ վերջինս դաշնակից էր, խփելով սովետական ՄիԳ (Mikoyan-Gurevich MiG-15) կործանիչ ինքնաթիռները Աֆղանստանի երկնքում զենիտահրթիռային դյուրակիր «Ստինգեր» համալիրով, մինչեւ որ նրանք ի վերջո քնից արթնացան, երբ նա պայթեցրեց Նյու-Յորքի Առեւտրի համաշխարհային կենտրոնը:

Էրդողանը գնում է նույն ճանապարհով: Նա ֆինանսավորում է ամբողջ աշխարհում 100 մզկիթի կառուցումը, ինչպես իսլամական երկրներում, այնպես էլ Արեւմուտքում: Բացի այդ, ամբողջ աշխարհում կառուցվում են հազարավոր մեդրեսեներ (կրոնական դպրոցներ)ՙ իսլամի արմատական տարբերակը խթանելու համար:

Կարելի է համարել, որ իր կրոնական հավատքի քարոզը անմեղ ձեռնարկ է, բայց ինքըՙ Էրդողանը, եւ իր «Արդարություն եւ Բարգավաճում» կուսակցությունը (AK) կրոնը որպես զենք օգտագործեցին իրենց քաղաքական նպատակների համար:

Երկու տարի առաջ Էրդողանը Գերմանիային սպառնաց քաղաքական անկարգություններով ՙ շահարկելով երեք միլիոն թուրք ներգաղթյալների առկայությունը այդ երկրում: Նույն սպառնալիքն ուղղված էր Ռուսաստանի դեմ, որի 15 միլիոն մահմեդական քաղաքացիներին Էրդողանը համարում է դանդաղ գործարկվող ռումբ: Հայտնի են նրա վերջին վեճերը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ:

Փարիզում ֆրանսերենի ուսուցչի գլխատումը, Լիոնում հույն քահանայի սպանությունը, Նիցցայի կաթոլիկ եկեղեցում երեքի դանակահարությունն ու սպանությունը, Գերմանիայում եւ Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչություններն արդեն իսկ ցույց են տալիս, թե ինչ կարող է պատահել: ...Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի Թուրքիայի դաշնակիցները հիանում են Էրդողանով, որ տեղափոխվեց Կովկասՙ Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծելու: Հաշվեհարդարի օրը հեռու չէ. Էրդողանը խնդիրներ ուներ Արեւելյան Միջերկրական ծովի բոլոր երկրների հետ: Եթե այսօր արեւմտյան երկրները չզարթնեն օգնելու համար գոյութենական պատերազմ մղող հայերին, նրանք վաղը կարթնանան նույնը իրենց մաշկի վրա զգալով:

Ահմեթ Դավութօղլուն ՙ Էրդողանի վաղեմի հանցակիցը, որն զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, Թուրքիայիՙ «հարեւանների հետ առանց խնդիրներ» արտաքին քաղաքականության հեղինակն էր:

Նա բաժանվեց Էրդողանից եւ ստեղծեց իր սեփական «Gelecek» (Ապագա) կուսակցությունը: Ելույթ ունենալով իր կուսակցության ֆորումում ՙ Դավութօղլուն դաժանորեն հակադարձեց իր նախկին ղեկավարինՙ մեղադրելով նրան «կրակի հետ խաղալու» մեջ: Նա Էրդողանին մեղադրեց երկրի ռազմական տնտեսությունը թալանելու մեջՙ սեփական ռազմական մեքենա կառուցելով: Բացի այդ, նա ասաց, որ սուլթանն այնքան շատ երկրներ է շուռ տվել իր դեմ, որ վաղ թե ուշ նրանք ընդդիմանալու են Թուրքիային եւ մասնատելու են այն:

Այս պահին Էրդողանը Կովկասում էՙ Ռուսաստանին խառնաշփոթի մեջ գցելու համար, որը կարող է ժամանակավորապես համահունչ լինել ՆԱՏՕ-ի ծրագրերին, բայց ոչ երկար: Միեւնույն ժամանակ, Հայաստանը տառապում է այն փաստից, որ Թուրքիան պատերազմ է մղում Ղարաբաղում ՙ օգտագործելով Ադրբեջանի բանակը եւ ջիհադիստները, որոնք հայտնվում են նաեւ Կովկասի այլ երկրներում եւ Ռուսաստանում:

Եթե դա թողնեին Ալիեւի հույսին, ապա նա պատերազմի բռնկումից անմիջապես հետո կհամաձայնվեր խաղաղության ՙ կրելով մեծ կորուստներ: Իրոք, ենթադրվում է, որ տարիներ շարունակ միլիարդավոր նավթադոլարների հաշվին կուտակված Ադրբեջանի ռազմական տեխնիկայի զգալի մասը ոչնչացվել է պատերազմի ընթացքում: Սակայն Ալիեւի համառությունը ՙ չնայած վնասին, շարունակելն իր մեջ կրում է Էրդողանի ամբարտավանության ստորագրությունը:

Էրդողանը բացահայտ հայտարարեց, որ Հայաստանը խոչընդոտ է իր կայսերական ծրագրերի իրականացման ճանապարհին: Ուստի նա հայացքը հառել է Ղարաբաղի սահմաններից այն կողմ: Դաժան մարտերի մեծ մասը մղվում է Ղարաբաղի տարածքում ՙ փորձելով մոտենալ Հայաստանի հարավային մասինՙ Մեղրու տարածաշրջանին, որը բաժանում է մայրցամաքային Ադրբեջանը Նախիջեւանի էքսկլավից: Հայաստանի տարածքին սպառնացող պատերազմի վարումն առաջացրեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված 1997 թ. «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ պաշտպանության մասին» պայմանագրի դրույթները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հայաստանի տարածքում պատերազմի վերահաս վտանգի մասին:Չնայած հակամարտության հարցում իր դժկամությանը եւ չեզոք դիրքորոշմանը ՙ Պուտինը պատասխանեց, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա բարեկամական ուխտի պայմաններին: Խորհրդակցություններ են անցկացվել նաեւ օժանդակության բնույթի եւ ծավալների վերաբերյալ:

Ռուսաստանին Սիրիայում եւ Լիբիայում փակուղի մտցնելով` Թուրքիան մարտահրավեր է նետել այդ երկրին` Կովկասում ավելի մոտ կանգնած առճակատման մեջ: Էրդողանի կառավարությունը բազմիցս հասկացրել է, որ Թուրքիան է ղեկավարում ռազմական գործողությունը: Ռուսաստանը փորձում է ապահովել խաղաղապահ ուժեր, որոնց Թուրքիան կցանկանար հավասարվել քանակով: Վերջերս Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը, խոսելով Լոս Անջելեսում կայացած տեղեկատվական ֆորումում, ասաց, որ բանակցություններ են ընթանում սկանդինավյան երկրներից խաղաղապահներ ներգրավելու համար: Նա նաեւ միանշանակ բացառեց, որ Թուրքիան կարող է մասնակցել խաղաղապահ գործողություններին: Առայժմ պետք է գոհանա եղածով:

Բայց ԱՄՆ-ն նախագահական ընտրության մեջ ընդունակ է ավելին անել: Նախագահ Թրամփը նշել էր Կոսովոյի մոդելը, որը մինչ այժմ համարվում է եզակի նախադեպ, որը հնարավոր չէ կրկնել:

Ուգո Դանթեն, «National Interest»-ում, «ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են թուլացնել լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ» վերնագրով հոդվածում ասում է. «ԱՄՆ-ն ունի լարվածությունը թուլացնելու գործիքներ, բայց Ադրբեջանն ու Թուրքիան ստուգում են ԱՄՆ-ի քաղաքական ազդեցության արդյունավետությունը եւ ռազմավարական խճճվածությունըՙ անտեսելու զանգվածային քաղաքացիական տեղահանությունն ու հնարավոր ջարդերը»:

Նա ավելացնում է. «Միացյալ Նահանգները եզակի դիրք ունի լարվածությունը թուլացնելու եւ խաղաղություն հաստատելու համար: Հաշվի առնելով, որ թուրքական զենքն ու ազդեցությունը բռնություն են առաջացնում, Վաշինգտոնը կարող է կրճատել օգնությունը, զենքի վաճառքը եւ կիրառել պատժամիջոցներՙ որպես խոչընդոտ Անկարայի պատերազմական հարվածային գործիքին»:

Բայց ԱՄՆ վարչակազմը պայքարում է հանուն իր կյանքի, եւ Արցախի հայերի կոտորածն այս պահին առաջնահերթ խնդիր չէ:

Իլհամ Ալիեւը, որ երեք անգամ անտեսեց ԵԱՀԿ համանախագահների նախաձեռնությունները, պետք է պատասխանատվության ենթարկվի հրադադարի ռեժիմը խախտելու համար: Էրդողանը, որ հետապնդում է իր թուրանական երազանքները, պետք է կանգնեցվի: Օսմանյան կայսրության ստեղծումը պահանջում է համաշխարհայնացման այս դարաշրջանում այլ երկրների ենթակայություն: Երբ 25 միլիոն քրդերը, որոնք ներքաշվել են ազատագրական պատերազմի մեջՙ որպեսզի խուսափեն Թուրքիայի կազմի մեջ ընդգրկվելուց, ապա ո՞ր ժողովուրդը, իր բանականության մեջ, կհանդուրժի արյունարբու Սուլթանի իշխանությունը:

Թուրքիան եւ Էրդողանը այս առումով խոցելի են, այդ իսկ պատճառով նրանք հսկայական ռեսուրսներ են տրամադրել ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ժխտմանը:Վերջապես, Հայաստանի նախագահն ու վարչապետը սկսեցին արդյունավետ օգտագործել այս հարցը իրենց հրապարակային հայտարարություններում: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այս թեման շարունակում է իր դիվանագիտական լեզվում ներառել:

Իսրայելն ու հրեաները վաղուց կապիտալացրել են այդ հարցը: Bloomberg.net-ում Զեվ Չավեցը լավագույն ձեւակերպումը տվեց այս հարցի. «Իհարկե, ավելի մեծ նմանությունն այն է, որ հրեաներն ու հայերը 20-րդ դարի ցեղասպանության զոհ են դարձել: Բայց փոխանակ նրանց միասին դիտարկելու, փոխադարձ փորձը դարձավ վիճաբանության առարկա: ...Իսրայելը գիտի զոհի կարգավիճակի օգտագործման առավելությունը եւ 1948 թվականից ի վեր Հոլոքոստը դարձրել է իր դիվանագիտության առանցքը: Առավելություններն ակնհայտ են: Այն Իսրայելին բերեց ֆինանսական հատուցումներ Գերմանիայից ու եվրոպական այլ ոճրագործներից, հաշվի առնելով այլ փոքր երկրներին մերժված նմանատիպ գործողությունների ազատությունը, Հոլոքոստը Իսրայելի ձեռքին բարոյական հաղթաթուղթ է դարձել ընդդեմ ժխտողների, ինչպիսիք են Իրանը եւ պաղեստինցիները»:

Ինչպես ցույց տվեց ներկա պատերազմը, հայերը շատ ընկերներ չունեն: Նրանք կարող են նաեւ լավ օգտագործել իրենց ունեցած բարոյական արդար կապիտալը:

Թարգմ. ԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, The Armenian Mirror Spectator

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 06-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ