ՊԱՏԵՐԱԶՄԸ ՏԱՐԻՔ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրս - Մեր տունն էլ չկա: Խաղալիքներս էնտեղ էի թողել, որ գնամ խաղամ: Մեկը տատիկից էր լսել 1988 թվականի պատերազմի մասին, մյուսըՙ տեսել է պատերազմը 2016-ին: 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից նրանք արդեն ունեն իրենց պատերազմը, որը լսել, տեսել ու զգացել են սեփական մաշկի վրա: Փամփուշի թռիչքի արագության նման փոխվեց արցախցի երեխաների կյանքը: Նրանց կյանքը կանգ է առել սեպտեմբերի 26-ի եւ 27-ի մեջտեղում: Հայաստանում Արցախից եկած ընտանիքներին ընդունում են սիրով, ջերմությամբ եւ հոգատարությամբ: Բայց այս երեխաների երազանքը այլ է... 9-ամյա Էլենը Ստեփանակերտից է, պատրեազմը նրա մտապատկերում քանդված տներն են եւ քաջ զինվորները, որոնք պայքարում են ազատության համար. «Պատերազմի օրը արթնացա ռումբերի ձայնից: Մամաս եկավ ու ասաց, որ շուտ հավաքեմ իրերս, որ իջնելու ենք նկուղ: Շատ էի վախեցել, պայթյունների ձայները չէին դադարում: Հիմա հեռուստացույցով մեկ-մեկ նայում եմ Արցախի վիճակը, բայց մամաս չի թողնում, ասում է, որ ամենինչ լավ կլինի», աղջնակը իր հետ բերել է դպրոցական գրքերով լի պայուսակը եւ իր սիրելի փափուկ արջուկը: Նրա միակ երազանքը խաղաղությունն է ու իր քաղաք վերադառնաը. «Շատ եմ կարոտել պապիկիս, հայրիկիս, հորեղբորս ու եղբայրներիս: Բոլորն էնտեղ են: Ուզում եմ, որ ամենինչ շուտ վերջանա, մենք գնանք մեր տուն, իսկ զինվորները առողջ վերդառնան տուն»: «Պատերազմը արյուն է, մահ, լաց ու կորուստ, պատերազմը դժոխք է». այսպիսին է 13-ամյա Նարեկի համար պատերազմը: Նա երկու օր մայրիկի, քույրերի ու տատիկի հետ մնացել է ապաստարանում եւ հետո տեղափոխվել Երեւան. «Կիրակիս սկսվեց կրակոցների ձայնով: Պապաս պատուհանից նայեց եւ ասացՙ հրավառություն է, մի վախեցիր, բայց երբ ես նայեցիՙ ամբողջ երկինքը սեւ էր: Հետո միացավ տագնապի ազդանշանը ու բոլորս վազեցինք դեպի նկուղ: Ամբողջ օր միայն կրակոցների ձայներ էին լսվում»: Նարեկի հայրն ու հորեղբայրն են առաջնագծում, իսկ տան տղամարդը արդեն նա է ու ամեն օր սրբում է մոր թաց աչքերն ու ասում. «Մամ, մի՛ մտածի, ամեն ինչ շուտ կվերջանա ու պապայենք ողջ-առողջ կգան տուն»: Արցախում թողնելով իրենց հարզատ քաղաքը, գյուղը, տունը, խաղալիքներն ու հայրերինՙ փոքրիկները եկել են Երեւան իրենց հուշերի ու երազանքների հետ: Նրանց ուրախ հուշերի շարքին ավելացավ եւս մեկըՙ շատ անմարդկային ու կործանարարՙ պատերազմը: 7-ամյա Վահեն Ասկերանի շրջանի Սղնախ գյուղից է: Համեստ, բարի ժպիտով ու հավատով լցված աչքերով տղա է: «Առաջին պայթյունի ձայնը տատիկս լսեց: Հետո մաման եկավ, ասացՙ թուրքերն են կրակում, վեր կացեք, իջնում ենք նկուղ: Սկզբում նկուղում մենակ ես, մամաս ու տատիկս էինք, որովհետեւ մեր տունը ամենամոտն էր, հետո կամաց-կամաց հարեւաններն էլ եկան», ասաց Վահեն, իսկ երբ հարցրեցի, թե ինչի՞ կարիք ունի, հայացքը թեքեց դեպի պատուհանը, երեւի որպեսզի արցունքոտ աչքերը չտեսնեմ, հետո իրեն հավաքեց ու ասաց. «Պապայիս, մենակ պապայիս եմ ուզում, շատ եմ կարոտել, ուզում եմ գա, որ ամեն ինչ շուտ վերջանա ու բոլորը հետ գան տուն ու երեխաներն էլ նորից ուրախ լինեն» : Պատերազմը ցույց տվեց իր դեմքը ամբողջությամբ, ներկայացավ իր սառնասրտությամբ ու անմարդկայնությամբ: Կանցնեն տարիներ, այս երեխաները կմեծանան, բայց 2020թ.-ի սեպտեմբերի 27-ը բոլորի հիշողություններում կմնա: |