ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆ ԱԲՍՈՒՐԴՆ Է ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ Թուրքիան, ինչպես ակնկալվում էր, քննադատեց Ֆրանսիայիՙ նոյեմբերի 4-ին «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը արգելելու որոշումը: «Ընդունելի չէ, որ արգելվում են այն խորհրդանիշները, որ աշխարհի բազմաթիվ երկրներում գործածվում են, լայնորեն տարածում ունեն եւ ապօրինի ասպեկտ չունեն», չորեքշաբթի երեկոյան իր բողոքն այսպես է ձեւակերպել Թուրքիայի արտգործնախարարությունը: ԱԳՆ քննադատել է, որ անհատների գործողությունների պատճառով Ֆրանսիան շարժում է փակում, իսկ կազմակերպությունը Ֆրանսիայի «երեւակայության արդյունքն է», գրում է dpa գործակալությունը: «Որոշումը հստակ ցույց է տալիս, որ Ֆրանսիայի կառավարությունը հայկական շրջանակի գերին է դարձելՙ լիովին»: |