RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 06-11-2020



Տեղադրվել է` 2020-11-05 23:56:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1398, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԿԻԼԻԿԻԱՆ ԵՎ ԿԻԼԻԿԻԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Թղթակից

Սկզբում թագավարակը, հիմա էլ մեր սրբազան գոյամարտը ժամանակ, տրամադրություն եւ հնարավորություն չեն տալիս շնչելու: Գիտեմ, մեր անմեղ նահատակների ցավն ու անդառնալի կորուստն էլ ճնշում է, խեղդում եւ ոչինչ անելու ցանկության տեղ էլ չի թողնում: Բայց հայ ժողովուրդն այսպիսի փորձությունների միջով էլի է անցել, այսպիսի արհավիրքներ էլի է հաղթահարել: Վստահ եմ, սա էլ կհաղթահարենք, փառավոր հաղթանակ կկերտենք եւ փյունիկի նման նորից կվերհառնենք ու կապրենք ազատ եւ հաղթանակած, քանի որ մեր գործն արդար է, մեր կենսունակության ու հաղթանակի աղբյուրը` մեր հոգեբանական գերազանցությունը բոլոր թշնամիների նկատմամբ: Անչափ կարեւոր է նաեւ այն, որ ամենադժվարին պահերին անգամ չենք դադարել ստեղծագործել, երբեք ցավից ծնկի չենք եկել, հիշել ենք նախորդ սերունդների պատգամները, սերտել նրանց դասերը եւ միշտ առաջ ենք շարժվել ի փառս հայրենիքի ու հիրագործում լուսավոր ապագայի:

Ընդհանուր առմամբ տարակարծություն կար մեր պատմության այս շրջադարձային կեռմանում գիտաժողով կազմակերպելու հարցում: Այնուամենայնիվ գիտաժողովը, որը նախաձեռնել էին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, մի քանի անգամ հետաձգվելուց հետո ի վերջո հոկտեմբերի 30-31-ին տեղի ունեցավ: 1920-1921 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին նվիրված «Կիլիկիան եւ կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին» գիտաժողովի բացման արարողությանն օրհնության խոսք հղեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրատան, արխիվի եւ թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը :

Գիտաժողովին մասնակցում էին եւ զեկուցումներով հանդես եկան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ պատմության, արեւելագիտության, հնագիտության եւ ազգագրության ինստիտուտների, Երեւանի պետական, Հայկական պետական մանկավարժական, Երեւանի պետական բժշկական համալսարանների, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի, Բեյրութի Հայկազյան համալսարանի, Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի, «Օրբելի» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչները:

Իր բացման խոսքում գիտաժողովը կարեւորեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանը : Նա ընդգծեց, որ դեռեւս 100 տարի առաջ մղված ինքնապաշտպանական մարտերն ընդհանրություններ ունեն Արցախի այսօրվա գոյամարտի հետ եւ եզրակացրեց, որ հաղթանակն անխուսափելի է եւ բարի երթ մաղթեց բոլոր զեկուցողներին ու մասնակիցներին: Բացման խոսքով հանդես եկավ նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության ներկայացուցիչ Եղիա Ճերեճյանը : Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, ողջունելով զեկուցողներին եւ հյուրերին, լավատեսությամբ ներկայացրեց «Ինքնապաշտպանական կռիվներ/գոյամարտեր. հարյուրամյա հեռավորության վրա եւ մեր օրերում» զեկուցումը, որը հետաքրքրություն եւ ոգեւորություն առաջացրեց ներկաների մոտ:

Լիագումար նիստում, որը նախագահում էր Հարություն Մարությանը, զեկուցումով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսՙ Ռուբեն Սաֆրաստյանը (Մուսթաֆա Քեմալ. պայքար Հայոց Կիլիկիայի դեմ (1918-1919 թթ.)), պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսորՙ Էդիկ Մինասյանը (Կիլիկիահայության ինքնապաշտպանական մարտերը 1920-1921 թթ. եւ դրանց մասնակից հայուհիները), դոկտոր, պրոֆեսորՙ Սամվել Պողոսյանը (Ռազմաքաղաքական իրավիճակը կիլիկիահայերի համար 1920 թ.), Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ներկայացուցիչ, ՀՀ ԳԱԱ պատվո դոկտոր Եղիա Ճէրէճեանը (Նորահայտ փաստաթուղթ Հաճընի ինքնապաշտպանության մասին): Նիստն ամփոփվեց հարցուպատասխանով եւ քննարկմամբ:

Երկրորդ` (Ջարդ, տարագրություն, «վերադարձ մնացորդաց») նիստը նախագահում էր Սամվել Պողոսյանը: Զեկուցումներով հանդես եկան պատմ. գիտ. թեկնածու Ռոբերտ Թաթոյանը (Կիլիկիահայության թվաքանակը Հայոց ցեղասպանության նախօրյակին (վիճակագրական աղբյուրների համադրության եւ վերլուծության փորձ)), ավագ հետազոտող Արա Մելքոնեանը (Հայերի վերադարձը Կիլիկիա 1919-1920 թթ.), մանկավարժական համալսարանի ասպիրանտ Մարինե Բեժանյանը (Հայկական լեգեոնի դերը կիլիկիահայության հայրենադարձությունը կազմակերպելու գործում): Իսկ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմ. գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը (Կիլիկիայում ինքնավարության հռչակման կազմակերպիչն ու ղեկավարը` Միհրան Տամատյան) հարգելի պատճառով չկարողացավ մասնակցել գիտաժողովին: Երկարատեւ հարցուպատասխանով եւ քննարկումներով ամփոփելով նաեւ երկրորդ նիստը` գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեցին ինչպես Հայոց ցեղասպանության զոհերին, այնպես էլ Արցախի գոյամարտում հերոսաբար զոհված քաջ հայորդիներին:

Օրվա վերջին` «Կիլիկիայի հարցը միջազգային քաղաքականության օրակարգում» խորագրով երրորդ նիստում (նախագահող` Հարություն Մարության). զեկուցեցին պատմ. գիտ. թեկնածու, դոցենտներ Արմենուհի Ղամբարյանը (Կիլիկիան Միացյալ Հայաստանի կազմում ընդգրկելու ԱՄՆ տեսլականը), Լիլիթ Հովհաննիսյանը (Կիլիկիան ԱՄՆ պետդեպարտամենտի 1919-1920 թթ. փաստաթղթերում) եւ Արման Մարտիրոսյանը (Կիլիկիայի հիմնախնդիրը 1919-1921 թթ. ֆրանս-թուրքական հարաբերությունների համապատկերում): Այս նիստը եւս ավարտվեց ակտիվ քննարկմամբ եւ այն շարունակելու պատրաստակամությամբ:

Հաջորդ օրը` հոկտեմբերի 31-ին գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին: Չորրորդ նիստում, որ կրում էր «Կիլիկիահայության գոյամարտը. մասնակիցներ, ականատեսներ, վկայություններ» խորագիրը (նիստի նախագահողՙ Ռոբերտ Թաթոյան), զեկուցումներով հանդես եկան ՀՑԹԻ հիմնադրամի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պատմ. գիտ. թեկնածու Էդիտա Գզոյանը («Ինքնապաշտպանության իրավունք» եզրույթի մեկնաբանության շուրջ), պատմաբան, Կանադայի եւ ԱՄՆ Թեքեյան մշակութային միության գործադիր տնօրեն, «The Armenian Mirror-Spectator» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ Արամ Արքունը (Ինչու ֆրանսացիները եւ հայերը 1920 թ-ին Մարաշէն նահանջեցին), բանասիր. գիտ. դոկտոր Վերժինե Սվազլյանը (Կիլիկիայի հայերի ինքնապաշտպանական մարտերը ըստ ականատես վերապրողների վկայությունների), ԳԱԹ-ի ավագ գիտաշխատող Հասմիկ Հախվերդյանը , որը եւս հարգելի պատճառով չներկայացավ, սակայն նրա զեկույցը ընթերցվեց (Կիլիկյան հերոսամարտերի ականատեսը. Դավիթ Ադամյան), պատմ. գիտ. թեկնածու Քնարիկ Ավագյանը (ԱՄՆ-ի հայերի մասնակցությունն ու նպաստը կիլիկյան կամավորական շարժմանը (1916- 1920 թթ.)):

Հարցուպատասխանից եւ բուռն ու բովանդակալից քննարկումից հետո հաջորդՙ հինգերորդ (Ազգախնամ գործունեությունը Կիլիկիայում) նիստի ընթացքում ելույթներ ունեցան Բեյրութի Հայկազյան համալսարանի «Հայկական Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն Անդրանիկ Տագէսեանը («ՀԲԸՄ Հաճընի որբանոցի որբանոցայիններուն համապատկերը (1919-1920)», ՀՑԹԻ հիմնադրամի գիտքարտուղար, պատմ. գիտ. թեկնածու Նարինե Մարգարյանը (Եգիպտոսի հայ որբախնամ կազմակերպության գործունեությունը Կիլիկիայում 1919-1921 թթ.) եւ ՀՑԹԻ հիմնադրամի գլխավոր ֆոնդապահ, գիտաշխատող Գոհար Խանումյանը (Հայկական կարմիր խաչի գործունեությունը Կիլիկիայում 1919-1920 թթ.): Նիստն ավարտվեց հարցուպատասխանով եւ քննարկմամբ:

Գիտաժողովի վերջին` վեցերորդ նիստը (նախագահողՙ Նարինե Մարգարյան) նվիրված էր կիլիկիահայության մշակութային ժառանգությանը, դրա ոչնչացմանը, վերադարձի հեռանկարներին: Նիստում զեկուցեցին ՀՑԹԻ գիտաշխատող Սեդա Պարսամյանը (Կիլիկիայի հայկական մշակութային արժեքների բռնագրավումն ու ոչնչացումը Հայոց ցեղասպանության տարիներին) եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի «Օրբելի» հետազոտական եւ վերլուծական կենտրոնի փորձագետ Վահրամ Հովյանը (Սսի կաթողիկոսական աթոռի վերադարձի հեռանկարները): Նիստի ավարտին ցուցադրվեցին կանադահայ լուսանկարիչ Հրայր Բազեի կողմից անցյալ տարի Կիլիկիայում արված հայկական բնակավայրերի եւ պատմամշակութային հուշարձանների լուսանկարները: Վերջին նիստը եւս ավարտվեց հարցուպատասխանով եւ քննարկումներով:

Վերջում տեղի ունեցավ գիտաժողովի փակման արարողությունը:

Շնորհակալական խոսքով հանդես եկան Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության ներկայացուցիչ Եղիա Ճերեճյանը, «Հաճըն հայրենակցական միության» ատենապետ, «Տեսակետ» մամուլի ակումբի նախագահ Հովհաննես Գրիգորյանը :

ՀՑԹԻ հիմնադրամի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանն իր երախտագիտությունը հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին եւ մասնակիցներին` գիտական զեկուցումների եւ հարցուպատասխան-քննարկումներին ակտիվ մասնակցության համար: Ամփոփելով գիտաժողովի արդյունքները ՀՑԹԻ-ի տնօրեն Հարություն Մարությանն ընդգծեց ներկայացված թեմաների կարեւորությունն ու արդիականությունը: Մատնանշելով Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակականությունըՙ նա նշեց, որ այդ քաղաքականությունն այսօր դատապարտված է ձախողման, հայ ժողովուրդը միասնական ու վճռական է այս գոյապայքարում իր հաղթանակի հարցում:

Գիտաժողովի կազմակերպման եւ անցկացման գործընթացներում առկա էին մի քանի վրիպում-բացթողումներ, որոնց բացակայությունն էլ ավելի արդյունավետ եւ բովանդակալից կդարձնեին այն: Նախ` կազմակերպիչների կամքից անկախ եւ հասկանալի պատճառներով (սկզբում թագավարակի, հետո նաեւ` սկսված պատերազմի) մի քանի անգամ գիտաժողովի հետաձգումները, ընթացող պատերազմի ու զգալի թվով զոհերի հետեւանքով հոգեբանական ոչ սովորական վիճակը եւ ստեղծված բարդ իրադրության պատճառով գիտաժողովի անցկացման հիբրիդային (առկա եւ հեռավար մասնակցությամբ) մեթոդը որոշ բարդություններ էին առաջացրել (կապի ընդհատումներ, երբեմն վատ լսելիություն եւ այլն), որոշ ոչ ցանկալի դրսեւորումներ կային գիտաժողովի ծրագրում (ասպիրանտից հետո գիտությունների դոկտորի ելույթի նախատեսում), միանգամայն հարգելի պատճառով բացակայության դեպքում բացակայողներից մեկի զեկուցման ընթերցումը, մյուսին` ոչ, հարցուպատասխանների ընթացքում երբեմն աղմուկն ու միմյանց խանգարելը, որոնք մեր կարծիքով մեծ հաշվով վրիպումներ էին, սակայն` ոչ ցանկալի եւ այլն:

Նշենք, որ ընդհանուր առմամբ գիտաժողովը կայացավ եւ հիմնականում լուծեց իր առջեւ դրված խնդիրը, որ պատերազմի պայմաններում անգամ անհրաժեշտ է աշխատել եւ ստեղծագործել, որ բոլոր ժամանակներում հայ ժողովրդի կենսունակության աղբյուրներից են եղել եւ շարունակում են մնալ գիտությունն ու մշակույթը եւ դրանց շարունակական զարգացումը, որ անկախ ընթացքից եւ առժամանակյա որոշ դժվարություններիցՙ մենք հաղթելու ենք, քանի որ մեր զինականը կռվում է հայրենի տունն ու պատիվը պաշտպանելու գիտակցությամբ, որ նրա թիկունքն ամուր է այնքան, որ գիտաժողովներ են տեղի ունենում, որ հայ մարտիկի համար սխրանք գործելն ու հերոսությունն արդեն առօրյա ու կենցաղ են դարձել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 06-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ