ՆԵՎԱԴԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԿԿՐԻ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ Հ.Ծ. Լաս Վեգասի Նեւադա համալսարանի բժշկական ֆակուլտետը կրելու է հայտնի գործարար եւ բարեգործ Քըրք Քըրքորյանի անունը: Այս մասին է տեղեկացնում «Լաս Վեգաս Սան» պարբերականը, հավելելով, որ որոշումը ապրիլի 8-ին է ընդունվել բշժկական ֆակուլտետի շինհրապարակում: Կառույցի շինարարությունը սկսվել է անցյալ հոկտեմբերին եւ ակնկալվում է, որ կավարտվի հաջորդ տարի: Ծախսերը կազմելու են մոտ 150 միլիոն դոլար: Պետական միջոցներին առընթեր ֆինանսավորումը իրականացնում են մի շարք բարեգործական ընկերություններ: «Քըրք Քըրքորյանը, որ մահացավ 2015-ին, առատաձեռն նվիրատվություններ էր անում, որտեղ անհրաժեշտ էր, բայց իր անունը շատ հաճախ ոչ մի տեղ չէր նշվում: Նա դեմ էր դրան: Բայց բժշկական ֆակուլտետի շինարարությանը նրա թողոնի բերած նյութական օժանդակությունը, ինչպես նաեւ նրա բարեգործական բազմաթիվ նախաձեռնությունները համայնքում եւ դրա սահմաններից դուրս նրա անունը հավերժացնելու ամենաճիշտ ընտրությունն են տալիս: Նրա ազդեցությունը հսկայական է Լաս Վեգասում. իզուր չէ, որ վաստակել էր «Լաս Վեգասի գերարդիական հանգստյան տների հայրը» ոչ պաշտոնական կոչումը: Նրան են պատկանում 3 գլխավոր հյուրանոցներ Լաս Վեգասում. Ինտերնացիոնալը (այժմՙ Ուեսթգեյթ), MGM-ը (այժմՙ Բալիզը) եւ «MGM Grand»-ը, նշել է այս առթիվ ֆակուլտետի շինարարությունը վերահսկող Նեւադայի առողջապահության եւ կենսաբանության կորպորացիայի վարչության անդամ Լինդա Շումախերը, որի հայրըՙ Էնթոնի Մանդեկիչը, Քըրքորյանի մոտիկ գործընկերն էր եւ այժմ զբաղեցնում է նրա թողոնի գործադիր տնօրենի պաշտոնը: «Հայրդ եւ ես գիտենք ինչպես գումար վաստակել, եւ ինչքան շատ ենք վաստակում, այնքան շատ կարողանում ենք դրանից բաժին հանել ուրիշներին», ասել էր մի անգամ Քըրքորյանը Լինդային: Վերջինս հավելել է, որ վերոնշյալ բացառությունից բացի Քըրքորյանի անունը ուրիշ ոչ մի շինության վրա չի նշվելու: |