ԿԱՐԱՆՏԻՆԻ ԹԱՔՈՒՆ ԲԱՐԵՊԱՏԵՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ - Մտածեցիՙ կարանտին է, բոլորը տանն են, կվիրահատվեմ, ոչ ոք չի տեսնի, հետո բոլորի համար անակնկալ կլինի: Երեք տարի առաջ Մարինեն որոշեց փոխել կյանքի ընթացքը. հրաժարվելով նոր սկսվող փոքրիկ բիզնեսիցՙ մեկնեց Իսպանիաՙ դպրոցում անգլերեն դասավանդելու: Փակ ճանապարհների ու անկանխատեսելի սահմնափակումների պատճառով չկարողացավ շարունակել աշխատանքը եւ վերադարձավ Հայաստան: «Թեւաթափված վերադարձա, որովհետեւ այստեղ ամեն ինչ թողել էիՙ Իսպանիայում նորը ստեղծելու նպատակով: Սկզբում մի քանի ամիս ոչ մի բան չձեռնարկեցի, մտածում էի, որ շուտով կվերադառնամ ու կշարունակեմ աշխատանքս, բայց հետո հասկացա, որ առաջիկա 1-2 տարիներին հույսս կարող եմ կորցնել»,- պատմում է հերոսուհիս, ապա շարունակումՙ «Աշխատանք չունեի, ընկերներիս տեսնել չէի ուզում, իսկ վարակվելուց հետո հոգեպես ավելի շատ ճնշվեցի»: Հոգեկան վատ վիճակը հաղթահարելու համար Մարինեն սկսում է հեռավար աշխատանք փնտրել եւ այժմ տանից հեռավար դասընթացներ է անցկացնում 3-րդից 7-րդ դասարանի աշակերտների հետ, ապա գումար է հավաքում մանկության երազանքը իրականացնելու համար: «Կարճ ժամանակ անց հասկացա, որ հավաքածս գումարը բավարար է երազանքս իրականացնելուՙ քիթս վիրահատելու համար: Տանը բոլորը դեմ էին, ասում էին, որ դրա կարիքը չունեմ, բայց իրականացրի երազանքս ու գնացի վիրահատության: Թեեւ բժիշկն ասում է, որ դեռ այտուցներ կան, այնուամենայնիվ այսպես ինձ վստահ եմ զգում»,- պատմում է զրուցակիցս, ապա կատակումՙ դեպրեսիայից դուրս գալու այս փորձը չափազանց թանկ էր: Համաճարակը լուրջ ազդեցություն ունեցավ համաշխարհային տնտեսության, ինչպես նաեւ բժշկության վրա, սակայն կարող ենք ասել, որ որոշ ճյուղեր, մասնավորապես էսթետիկ եւ պլաստիկ վիրաբուժությունն անհամեմատ աճ է գրանցել: Հայաստանը նույնպես այս ամենից հետ չի մնում: Սովորաբար պլաստիկ վիրաբուժության ամենաշահութաբեր շրջանը մայիս-սեպտեմբեր ամիսներն են, երբ այս ծառայություններից օգտվելու համար օտարերկրացիներն այցելում են Հայաստան: «Գին-որակ համադրության մեջ Հայաստանն առաջարկում է համեմատաբար մրցունակ ծառայություններ, սակայն դեռ զիջում ենք Թուրքիային, բայց ռինոպլաստիկայի դեպքում աշխարհի լավագույններից ենք»,- ասում է պլաստիկ վիրաբույժ Տաթեւ Բաբայանը : Վիրաբույժի խոսքովՙ այս տարի ոլորտն սպասարկել է միայն հայաստանցիներին: Այս մեկ տարվա ընթացքում պահանջված հիմնական վիրահատական միջամտությունները կապված են եղել տարիքային փոփոխությունների շտկման հետՙ կնճիռների հարթեցում, ուրվագծերի շտկում, ինչպես նաեւ շուրթերի ծավալի մեծացում եւ քթի կառուցվածքի փոփոխություն: 30-ամյա Սոնան ասում է, որ պլաստիկ վիրահատություն անելու վերջնական որոշումը կայացնելիս իրեն օգնել է կորոնավիրուսի պատճառով տանից հեռավար աշխատելու հնարավորությունը: «Միգուցե եթե այսպիսի իրավիճակ չլիներ, նման որոշում չկայացնեի, բայց մտածեցիՙ տանն եմ, վերականգնվելու ժամանակ ունեմ ու բոլորի աչքից հեռու եմ»,- ասում էՙ Հայաստանում ամենաշատ «սեր» վայելող քթի վիրահատություն կատարած Սոնան: Ըստ հոգեբան Անահիտ Միքայելյանի ՙ պլաստիկ վիրաբուժության դիմելու երկու հիմնական պատճառ կաՙ բժշկական ցուցումը, երբ դա անհրաժեշտ է, եւ մարդու ցածր ինքնագնահատականը: Վիճակագրական հարցումները ցույց են տվել, որ աշխարհում պլաստիկ վիրահատությունների թվի ավելացման վրա ազդել է նաեւ համաճարակի ընթացքում լայն գործածություն ունեցող Zoom հավելվածի կիրառությունը: Եթե այլ տեսազանգի ծառայությունները հնարավորություն են տալիս տեսազանգի ընթացքում «ֆիլտրեր» ավելացնել, ապա Zoom-ում մարդ այն է, ինչ կա: Մի շարք սոցցանցերի հիմնադիրներ նման որոշում են կայացրելՙ հիմնվելով գիտական հետազոտությունների արդյունքների վրա, որոնք փաստում են, որ արտաքին տեսքը փոխող ֆիլտրերն ազդում են օգտատերերի ինքնաընկալման եւ ինքնագնահատականի վրա, որն էլ պատճառ է դառնում բարդույթների, հոգեկան լուրջ խնդիրների եւ նեւրոզների ձեւավորման համար: Այսպիսով, կաող ենք ասել, որ վիրահատությունների միջոցով շատերը խուսափում են ունենալ արտաքին առանձնահատկություն եւ փորձում են «ուղղել» դրանքՙ հարմարեցնելով մեդիայի ստեղծած գեղեցկության կարծրատիպերին: |