RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021



Տեղադրվել է` 2021-04-29 22:54:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 5245, Տպվել է` 286, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՅԴԵՆԻ ԽԻԶԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻ ԶԱՅՐՈՒՅԹԻ ԱՐԱՆՔՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Սպասողական վիճակն արդեն անցյալում է: 1981 թվականից, երբ նախագահ Ռոնալդ Ռեյգանն անուղղակիորեն անդրադարձավ Հայոց ցեղասպանության հարցին, Ամերիկայի հայկական համայնքն անվաչմուշկների վրա կարծես գտնվելով ամեն անգամ հույսեր էր փայփայում եւ հավատ ընծայում նախագահական ընտրությունների ժամանակ տրված խոստումներին, վերջումՙ յուրաքանչյուր ապրիլի 24-ին դարձյալ հուսախաբ լինելու համար:

Հայ ժողովրդի համար Ցեղասպանության հարցը մեկուկես միլիոն մարդկանց արյան հարցն է: Նաեւ պապենական հայրենիքի կորուստն ու մշակութային ժառանգության պղծումը: Քաղաքագետների համար, սակայն, դա ընդամենը դիվանագիտական ֆուտբոլային խաղ է: Այդ պաճտառով էլ նրանք կարող են մոռանալ կամ հեշտությամբ հետ կանգնել իրենց խոստումներիցՙ առաջնահերթությունը տալով ավելի ձեռնտու հարցերի լուծմանը:

Դոնալդ Թրամփը, գուցե, միակ նախագահական թեկնածուն էր, որը ցեղասպանության ճանաչում չխոստացավ: Ոչ էլ առանձնապես մի բան արեց այդ ուղղությամբ, բացի նրանից, որ փութաջանորեն արձագանքեց Հայոց ցեղասպանության ընդունման բանաձեւի վերաբերյալ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի միահամուռ որոշմանը: Եվ իսկապես, 2019-ին Կոնգրեսի որոշմանը հաջորդեց Սպիտակ տան խոսնակի հայտարարությունն այն մասին, որ նախագահը չէր փոխել իր կարծիքն այդ հարցի վերաբերյալ:

Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրության կողմից հսկայական մարտահրավեր է դարձել, մինչ անցնելը Մ. Նահանգների պետական միջանցքների խուսափողական գործընթացների միջով: Չնայած Մ. Նահանգների կառավարությունը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը 1948 թվին, երբ ստորագրել էր ՄԱԿ-ի ցեղասպանության պայմանագիրը (այն վավերավեց միայն 40 տարի անց), վերջին տարիներին այն դարձել էր տաբու ամերիկյան քաղաքական բառապաշարում եւ չէր օգտագործվում ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային չվիրավորելու նպատակով:

Վերջինս կարողացել է դառնալ այնպիսի հզոր երկիր, որ առաջ է գնում առանց պատժի արժանանալու, ստիպելով աշխարհի հզորագույն պետություններին փակել բերանները եւ լուռ մնալ, երբ հարցը Հայոց ցեղասպանությանն է վերաբերում:

Օբամայի նախագահության ժամանակ հայերը մեծ հույսեր էին կապում, որովհետեւ հայ համայնքին ուղղված նրա խոստումը Սամանթա Փաուերի միջոցով էր հաղորդվել: Փաուերը միջազգային մարդու իրավունքների հզոր պաշտպան է եւ ցեղասպանության հարցերի լավագույն մասնագետ: Հեղինակ է «A Problem from Hell: America in the Age of Genocide» (Խնդիրը դժոխքից: Ամերիկան ցեղասպանության դարաշրջանում) հատորի:

Արդար լինելու համար նշենք, որ նախագահ Օբամայի հիշատակումը ամենահատկանշականն էր ամերիկյան նախագահների արտասանած ելույթների մեջ, քանի որ Անկարայում Թուրքական խորհրդարանի առաջ ելույթ ունենալով նա բացառիկ խիզախություն դրսեւորեց հորդորելու թուրքական կառավարությանը առերեսվելու իր անցյալի հետ:

Սամանթա Փաուերը հետագայում ներողություն խնդրեց վրդովված հայկական համայնքից եւ վերջերս էլ զանգվածային լրատվության միջոցով հաղորդագրություն տարածեց, որտեղ բացահայտեց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ Վաշինգտոնի Ազգային Մայր տաճարում տեղի ունեցած մի երկխոսություն: Այդ ժամանակ փոխնախագահ Բայդենը իրեն խոստովանել էր, որ կճանաչեր Հայոց ցեղասպանությունը, եթե այդ հնարավորությունը ունենար: Այնպես որ, հիմա երբ Փաուերն իշխանության է վերադարձել որպես USAID-ի ղեկավար, կարելի է ենթադրել, որ նա իր դերն է ուեցել Բայդենի պատմական հայտարարությունը նախապատրաստելու գործում:

Ներկայիս, երբ կախարդական բառն արդեն արտասանված է, մի շարք կուսակցություններ, խմբավորումներ եւ պաշտոնական ոլորտներ փառաբանության իրենց բաժինն են պահանջում: Հայաստանում, օրինակ, վերջին պարտության մեղքը ֆուտբոլի գնդակի նման, մեկ ղեկավարից մյուսի վրա են գցում, մինչ բոլորը պահանջում են, որ իրենց գովեն Բայդենի հայտարարության համար: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը առաջ է մղում այն միտքը, որ Միացյալ Նահանգները վերջապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը իր իշխանության օրոք: Ցանկալի կլիներ, որ ինչ-որ կապ գոյություն ունենար եւ ճիշտ լիներ այդ պնդումը: Դրան հակառակ, մենք շատ էինք քննադատում Հայաստանի իշխանություններին Բայդենի կառավարության նկատմամբ հստակ դիրքորոշում չդրսեւորելու համար եւ Ամերիկային պաշտոնապես չդիմելու համարՙ որպեսզի վերջապես արտասանի «Ցեղասպանություն» եզրը, այն դեպքում, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը զորակոչել էր իր բոլոր հնարավորություններըՙ ստիպելու Բայդենին հրաժարվելու իր մտադրությունից:

Իրականում, այդ նույն շաբաթվա ընթացքում, նախքան պաշտոնական հայտարարությունը, նախագահ Էրդողանը բավականին աղմկոտ մի ֆորում էր անցկացրելՙ հրավիրելով բազմաթիվ գիտնականների տարբեր երկրներից, որպեսզի կոտորածները չբնութագրեն որպես ցեղասպանություն: Ֆորումից հետո էլ նա կառավարության հատուկ նիստն էր նախագահելՙ միեւնույն նպատակով:

Թուրքիայի արտործնախարար Մեվլութ Չաուշօղլուն, նախագահական խոսնակ Իբրահիմ Կալինն ու անձամբ ինքըՙ Էրդողանը սպառնալից արտահայտություններ կատարեցին այն մասին, որ Բայդենի հայտարարությունը լուրջ խնդիրներ է առաջացնելու թուրք-ամերիկյան հարաբերություններում եւ է՛լ ավելի է վատացնելու թուրք-հայկական հարաբերությունները, որոնք, փաստացի, առանց այն էլ գոյություն չունեն:

Իսկ հայտարարությունից հետո, այդ նույն աղբյուրները նշեցին, որ Բայդենի գործողությունները առանձնապես տարբերություն չեն անի Թուրքիայի համար: Եթե այդպես է, տրամաբանական հարց է ծագումՙ ինչո՞ւ այդ դեպքում իրարանցումն այդքան մեծ էր:

Ինչ վերաբերում է Հայաստանի կառավարությանը, խոստովանենք, որ ոչ մի համապատասխան նախաձեռնություն չիրականացվեց, որ հակադարձեր Թուրքիայի քայլերին: Ընդհակառակը, կառավարության անդամներից շատերը մերժում են Թուրքիային հրապարակայնորեն համարել թշնամի պետություն, մինչ ուրիշներ թերագնահատում են նրա նշանակությունը Հայաստանի եւ հայկական հարցի նկատմամբ: Բացառություն կարելի է համարել, գուցե, արտգործնախարար Արա Այվազյանի եւ Ամերիկայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանի ուշացած արձագանքները:

Պատճառը, որ ԱՄՆ-ի 46-րդ նախագահը մեր ժողովրդին պատուհասած իրադարձությունները ոչ թե կոտորած, Մեծ եղեռն եւ այլ բառերով բնութագրեց, այլ օգտագործեց հենց Ցեղասպանություն եզրը, այն էր, որ այս անգամ, ինչպես ասում ենՙ «բոլոր աստղերը մեր օգտին էին դասավորվում»:

Առաջին հերթին, որոշակի գործոն հանդիսացան թուրք-ամերիկյան վատթարացող հարաբերությունները: ՆԱՏՕ-ի հիմնադրումից ի վեր ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները ենթարկվել են շատ տեղատվությունների եւ մակընթացությունների: Այժմ նրանք ճգնաժամային մակարդակի են հասել, քանի որ Թուրքիան արդեն քանիերորդ անգամ Մ. Նահանգներին եւ ՆԱՏՕ-ին համարում է որպես անառարկելիորեն իր մեջքին կանգնած կառույցներ: Նա ՆԱՏՕ-ի քողի ներքո առաջ է տանում իր ազգայնամոլական եւ պանթուրանական նկրտումները, միշտ հավատալով, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը կփրկի իրեն, եթե խորասուզվի կամ ձախողվի իր գործողություններում: Մերձավոր Արեւելքում Էրդողանի տարօրինակ արկածախնդրությունները չափազանց թափանցիկ էին, որպեսզի չնկատվեին Մ. Նահանգների վարչակազմի կողմից:

Երկրորդ, նախագահ Բայդենը իրոք այդ էր նկատի ունեցել, երբ նշել էր, որ իր եւ Ամերիկայի համար խիստ կարեւոր են մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները: Որպես նախագահական թեկնածու, նա բացահայտորեն պաշտպանել էր Թուրքիայի ընդդիմությանը, մինչդեռ նախագահ Էրդողանն որպես քաղաքական հռետորաբանություն ընդունելով նրա խոսքերը, շարունակում էր խախտել մարդու իրավունքները Թուրքիայում: Բայդենի հայտարարությունը մեկից ավելի ուղերձներ է հղում Թուրքիային: Իր պատմության սեւ էջերի հետ առերեսվելուց բացի, այն Թուրքիային պատասխանատու է համարում եւ պահանջում նրանից ՆԱՏՕ-ի եւ Եվրոմիության մակարդակներին համահունչ շարժվել: Հավատացած ենք նաեւ, որ այն նաեւ կարմիր գիծ է քաշում Հայաստանի սահմաններում Թուրքիայի որդեգրած սպառնալից դիրքորոշման նկատմամբ:

Վերջին, բայց նույնքան կարեւոր ուղերձն այն է, որ Հայտարարությունը իր դժգոհությունն է արտահայտում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հապճեպ ձեռք բերված քաղաքական կարգադրությունների նկատմամբ, շրջանցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը հատկապես հայ-ադրբեջանական վերջին պատերազմի ընթացքում: Բայդենն ըստ էության արտահայտվեցՙ ասելով. «Ամերիկան վերադառնում է»:

Ամերիկահայ համայնքի լրատվամիջոցների, քարոզչական խմբավորումների, քաղաքական կուսակցությունների եւ ճանաչված հայտնի առաջնորդների ու մարդկանց հսկայական աշխատանքն անշուշտ նպաստեց Բայդենի հայտարարությանը: Դժբախտաբար նույնը չի կարելի ասել, նույնիսկ հաշվի առնելով համավարակի եւ հուսալքող պատերազմի գործոնները, Հայաստանի կառավարության մասին:

Ծանոթ լրագրող եւ գիտաշխատող Թաթուլ Հակոբյանը հայ-թուրքական հարաբերությունների ժամանակացույց է հրատարակել, որտեղ ներկայացրել է վերջին երեսուն տարում Ցեղասպանության ճանաչմանն ուղղված փորձություններն ու ձախորդությունները: Հրատարակված փաստերը չեն սահմանափակվում միայն ներկա վարչակազմի անգործունեության մեղադրանքով: Այնտեղ կարելի է տեսնել, թե ինչպես Թուրքիայի հմուտ դիվանագիտությունը քանիցս հիմարացրել է Հայաստանի ղեկավարներին:

Թուրքերը մի ամբողջ կայսրություն կառավարեցին վեց դարուց ավելի, դիվանագիտական աշխատանքներ իրականացնելով եվրոպական, ռուսական եւ պարսկական կայսրությունների հետ: Այդ փորձառությունը իր հետքն է թողել նաեւ ներկա դարաշրջանում: Հակոբյանի հրատարակած փաստաթղթերում տեսնում ենք, որ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ է եղել սկզբնական շրջանում ցեղասպանության հարցը առաջին սահմանադրության մեջ ընդգրկելուն: Հետո տեղի է տվել ուժեղ ճնշումների հետեւանքում: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը միշտ էլ պատրաստակամ է եղել Ցեղասպանության հարցն օգտագործելուՙ ընդդեմ Հայաստանի շրջափակմանը: Ամենացնցողը ներկայիս, սոցցանցերում շրջանառվող տեսահոլովակն է, որտեղ նախագահ Բայդենը պատասխանում է մի հավաքույթի ներկա մի երիտասարդի հարցին. «Թուրքերը պետք է առերեսվեն իրականության հետ: Իսկ մենք պետք է անենք այն, ինչ դու գիտեսՙ փոխզիջումը, որի համար մենք բավական ժամանակ է, ինչ աշխատում ենք: Հայաստանի նախագահը (խոսքը Սերժ Սարգսյանի մասին է) զանգեց ինձ եւ ասաց. «Տեսեք, այդ հարցը առաջ մի քաշեք այժմ, երբ մենք բանակցությունների մեջ ենք, ներկայիս դա արդեն անցյալ է: Ինչ էլ լինի, դա... (անհատակ բառեր): Իրականությունը միշտ էլ ջրի երես դուրս գալու հատկությունն ունի, չէ՞»:

Եթե նույնիսկ տվյալ տեսահոլովակը «ֆեյք» լինի, դրա բովանդակությունը այնուամենայնիվ համապատասխանում է Սարգսյանի գործողություններին եւ քաղաքականությանը իր պաշտոնավարության ժամանակաշրջանում:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գաղտնի բանակցություններ տեղի էին ունենում 2005 թվականին: Դրանք ի վերջո հանգեցրին 2009-ի Ցյուրիխյան Արձանագրություններին, որոնցում ներառված էր նաեւ դեպքերի վերջնական եզրակացության համար կազմել պատմաբաններից կազմված համատեղ քննարկում: Նախագահ Սարգսյանը կուլ տվեց խայծը: Տեր-Պետրոսյանն անդրդվելիորեն հակառակվեց պատմաբանների քննարկման այդ մտքին, պնդելով, որ նման մոտեցումը հարցականի տակ կդներ Հայոց ցեղասպանության փաստի ճշմարտությունը:

Բայդենի հայտարարությանն ի պատասխան, թուրք ղեկավարներն իրենց վրդովմունքն ու զայրույթը արտահայտեցին: Իբրահիմ Կալինը նշեց, որ Թուրքիան կպատասխանի դրան իր ձեւով եւ իրեն հարմար ժամանակին: Հետաքրքրական է, որ Թուրքիան հետ չի կանչել Մ. Նահանգների իր դեսպանին, մի երեւույթ, որ նշանակում է, թե Թուրքիան ավելի շատ կարիքն ունի Ամերիկայի, քան Ամերիկանՙ Թուրքիայի: Փոխարենը Թուրքիայում ԱՄՆ դեսպանին է կանչել, բացատրություններ լսելու ակնկալիքով:

Բացի զայրույթի արտահայտություններից, նախագահ Էրդողանն ուղերձ է հղել Ստամբուլի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, որի լսարանը ավելի հայաստանցիներն են ու ամերիկացիները: Էրդողանն իր ուղերձում հասկացրել է, որ Թուրքիան միշտ էլ նախաձեռնել է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ եւ այժմ էլ շարունակում է այդ ջանքերը: Էրդողանը կարծում է, որ Բայդենն ու համաշխարհային հանրությունը շատ կարճ հիշողություն ունեն: Սակայն ինչպե՞ս կարող է Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու իր հայտարարությունները համաձայնեցնել Բաքվում 2020-ի դեկտեմբերի 10-ին արտասանած իր խոսքերի հետ, որտեղ նա ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշայի հիշատակն էր փառաբանում, ասելովՙ «Մենք այստեղ ենք իրականացնելու մեր նախնիների անավարտ թողած ծրագրերը»:

Արդար լինելու եւ շփոթ իրավիճակը շարունակելու համար պետք է նշել, որ պատմաբանների համատեղ քննարկումներ անցկացնելու հարցը նորից ու նորից է հայտնվելու բանակցությունների սեղանին: Բարեբախտաբար, դա տեղի չէր ունեցել Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ: Բայց ամեն անգամ, որ այդ հարցը վերստին հայտնվի, հայկական կողմը պետք է մասնակիցներին հիշեցնի TARC-իՙ թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի փորձառության մասին: TARC-ը 2001-ին էր կազմավորվել եւ շարունակել է աշխատել մինչեւ 2004 թվականը: Դրանում ընդգրկված էին թուրք եւ հայ ներկայացուցիչներ:

2002-ի փետրվարին, Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի լիազորությամբ եւ TARC-ի պահանջով, իրավաբանական անկախ մի հանձնախումբ եզրակացրեց, որ 1915-1918-ի ընթացքում կազմակերպված հայերի օսմանյան ցեղասպանությունը «իր մեջ ներառում էր ցեղասպանության հանցագործության բոլոր տարրերը, որ նկարագրված էին ցեղասպանության կոնվենցիայում եւ այդ ոլորտում աշխատող գիտնականներն ու պատմաբանները, քաղաքագետներն ու լրագրողները եւ այլ մարդիկ արդարացված կլինեն շարունակելու իրենց գործը եւ նույն ձեւով այն ներկայացնելու հանրությանը»:

Այս վճռին ծանոթանալուց հետո, TARC-ի թուրք ներկայացուցիչները հեռացան դահլիճից, քանի որ սպասված պատասխանը նրանք չէին ստացել: Պատմաբանների ինչ հանձնաժողով էլ կազմավորի Էրդողանը, պատասխանը նույնն է լինելու: Նա ցանկանում է «վերստին հայտնագործել հեծանիվը» եւ ստիպել գիտնականներին հյուսել իրենց սեփական պատմությունը, որը համահունչ կլինի նախապես վճռված եզրակացությանը, որն արդարացնում է Թուրքիային:

Թուրքիան վստահաբար կպատասխանի Բայդենի հայտարարությանը, որն իրականում այնքան վնասակար չէ, ինչքան F-35 ծրագրի ձախողումը: Միացյալ Նահանգները ժամանակավորապես սառեցրել էր «F-35» կործանիչների առաքման ծրագիրը: Վերջերս, Բայդենի վարչակազմը ամբողջությամբ ջնջեց այնՙ Անկարայից ոչ մի հակադարձ ներգործություն չստանալով: Այդ ծրագրի շրջանակներում, Թուրքիան ստանալու էր ռադիոտեղորոշիչ կայանների կողմից անորսալի 100 կործանիչներ, ինչպես նաեւ դրանց մասերը տեղում պատրաստելու իրավունքՙ ինչը անհրաժեշտ կանխիկ եկամուտ կհայթայթեր Թուրքիայի խաթարված տնտեսությանը:

Նախագահ Էրդողանը բավականին խելամիտ է, որպեսզի հաշվի չառնի աշխարհի տարբեր անկյուններում Թուրքիայի նվազող ազդեցությունն ու երկրի խղճուկ տնտեսական վարկանիշը: Նրա զգուշավոր գործողությունները եւ խելացի քայլերը կարող են ծառայել երկրի շահերին եւ սահմանափակել իր սպառնալից ներկայությունը Հայաստանի սահմաններում:

Անգլ. թարգմանեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (The Armenian Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ