RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 21-05-2021



Տեղադրվել է` 2021-05-22 18:27:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1181, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՍԵՎ ՈՒՐԲԱԹԸ»ՙ ՄԵԶՆԻՑ ՀԵՌՈ՛Ւ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Գյումրու հեռախոսավաճառ խանութներից մեկի հեռուստագովազդը արդեն մի քանի օր հաճախորդներին տեղեկացնում է, թե այստեղ մինչեւ մայիսի 31-ը... սեւ ուրբաթ է: Այս վերջին արտահայտությունն, իհարկե, հարկ է որ չակերտներով դրվեր, բայց հեռուստատեսությամբ այն ամեն անգամ հո լսում ես առանց չակերտների: Ի դեպ, նշված խանութի ֆեյսբուքյան էջում եւս արտահայտությունը դրված է ոչ միայն անչակերտ, այլ նաեւ ամբողջովին գլխատառերով, ընդգծված, որպես հաճելի ավետիսՙ գնորդին: Մինչդեռ դժվար է կարծել, թե վերջին շրջանում մեր արդեն շատ խանութների գովազդային բառապաշարում տեղ գտնող այդ արտահայտությունը մեր ականջին կարող է իբրեւ ավետիս հնչել:

Առեւտրային գովազդի նպատակով Արեւմուտքում գործածվող, ամերիկյան ծագմամբ այս արտահայտությունը պարզապես նշանակում է գների իջեցում, մեծ զեղչեր: Մինչդեռ չգիտեմ Արեւմուտքում ինչպես, բայց հայի համար սեւ ուրբաթ, սեւ չգիտեմ ինչ լինելը, մեկի կամ շատերի գլխին գալը, բերելը վատ, ողբերգական բան է նշանակում, չէ՞: Ահա թե ինչու ամեն անգամ թեկուզ չակերտավոր, բայց մեզ համար չարագուշակ հնչող այդ արտահայտությունը լսելիս կամա թե ակամա լարվում ես, պահ մի վատ զգացողություն ունենում: Առավել եւսՙ այս օրերին...

ԽՍՀՄ փլուզումից ու երկրի անկախացումից հետո մենք, անշուշտ, աշխարհին միասնականացվելու, տարբեր ոլորտներում այնտեղ եղած լավագույնից գուցե սովորելու խնդիր էլ ունենք: Բայց դա հո չի նշանակում, թե նրանց ամեն ինչը պետք է կուրորեն վերցնենք ու նույնությամբ կիրառենքՙ արհամարհելով, մոռանալով մերը, որը շատ դեպքերում նույնիսկ ավելի լավն է ու մեզ համար ընդունելի: Մեկ էլ տեսարՙ ինչ ուզում են իբր էժանացնել կամ չգիտեմ ինչ անել, ասում ու հայտարարում ենՙ «Ա՛կ-ցիա»: Ոմանց ականջներին դա երեւի շա՜տ «էֆֆեկտիվ» (իմաՙ ազդեցիկ) է հնչում: Այնպես, ինչպես շատերն իրենց խանութների, գործատեղերի ցուցանակներին գրում են օտարատառ-օտարիմաստ անուններ, կարծելովՙ դրանով կզարմացնեն, կհրապուրեն օտար հաճախորդներին:

Եկեք մի քիչ էլ մենք մե՛զ համար ապրենք, մերո՛վ ապրենք: Ոչնչով վատ չեն նախկինում մշտապես գործածված մեր պարզ ու հասկանալի բառերը ՙ գների իջեցում կամ իջեցված, էժանացված գներ, զեղչ, վերջնավաճառք եւ այլն: Որեւէ այլ գործողության (ակցիաՙ հենց գործողություն է նշանակում), միջոցառման պարագայում էլՙ տվյալ գործողության ու միջոցառման անունը:

Թեկուզ չակերտավոր «Սեւ ուբաթն» էլՙ մեզնից հեռո՛ւ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 21-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ