ԳՈՒՅԺ. ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ «ԱԶԳ» Անողոք համավարակը եւս մեկ հոգու խլեց մեր անմիջական շրջապատից, մեր թերթի ստեղծագործական կազմիցՙ Արա Մարտիրոսյան: Բանիմաց, արդեն վաստակ ունեցող շնորհալի լրագրողՙ որ երկար տարիներ աշխատել է մեր թերթում որպես ֆինանսատնտեսական սյունակների պատասխանատու լրագրող: Շիտակ, իրատես, անկաշառ լրագրողՙ բոլոր ժամանակների տնտեսական բնագավառի պետական պատասխանատուների սխալները անողոք քննադատող, բայց միաժամանակ դրական գործերը գնահատող, քաջալերող վերլուծաբան, որին հարգում էին բոլորը, նույնիսկ քննադատվողները: Որպես մարդ ու քաղաքացիՙ նա նույնպես պարտաճանաչ էր եւ ուղղամիտ, պարզ եւ անմիջական: Եվ այդ էր պատճառը, որ կյանքի վերջին երեք տարիներին, երբ աշխատում էր Yerevan Today հարթակում, նա անողոք եղավ Հայաստանի տնտեսությունը ձախողումից ձախողում առաջնորդած իշխանությունների նկատմամբ: Արա Մարտիրոսյանը ոչ միայն ուշադիր եւ անկեղծ ընկեր էր, այլեւ ընտանիքի օրինակելի հայր եւ ամուսին: Հակառակ բազմազբաղությանը, անձամբ էր զբաղվում իր երկու երեխաների առօրյայով, նրանց կրթությամբ: Խորին ցավակցություններ ենք հայտնում տիկնոջը, դստերը, որդուն, մայրիկին, եղբորը եւ մյուս բոլոր հարազատներին: Խորապես սգում ենք մեր ընկերոջ կորուստը: |