ՆՈՐ ԱՐՏԱԳԱՂԹ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԱՐՏԵՐԿՐԻՑ ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ, Փարիզ Մեր երկրում արտագաղթը սկիզբ է առել 1991 թվականից, ահեղ երկրաշարժի, մութ ու ցուրտ օրերի, սովի ու պատերազմի հետեւանքով:Երբ երկիրը մի փոքր կայունացավ, շատերը վերադարձան, նրանց դժկամությամբ ընդունեցին, ոմանք նրանց մերժում էին, նրանցից շատերը ստիպված կրկին արտագաղթեցին: Հիմա, երբ մեր երկրին պարտություն բերած պատերազմից հետո այսպիսի իրավիճակ է, պատկերը կարծես կրկնվում էՙ էլի կարծես «դժբախտներն ու դժգույնները» մեր երկրում տեղ չունեն: Շատերը հիշում են, թե ինչպիսի ահռելի թվերի էր հասնում 90- ականների արտագաղթը: Մոսկվայի չվերթներն ինչ գին ունեին, ինչպես էին մարդկանց տեղափոխում, ինքնաթիռներում ոտք դնելու տեղ չկար: Մարդիկ իրար գիրկ նստած, շատերն էլՙ կանգնած: Այդպես դուրս նետեցին մարդկանց, ու հայրենիքը երբեք չմտահոգվեց նրանց ճակատագրով: 1900 թվականին գրված Է. Ակնունու /Խաչատուր Մալումեան/«Դէպի երկիր» հուշագրությունը կարծես այդ ու նաեւ մեր օրերի մասին էՙ իր գլխագրով. Ամէն տեղ է որոնում հայը ապաստան Բացի այն երկրից, որ կոչւում է Հայաստան: Հարցերը դնելով եւ իր պատկերավոր պատասխաններով վեր հանելով արտագաղթի ողջ էությունը, այնուամենայնիվ, Ակնունին հանգում «դեպի երկիր» շատ հայտնի եւ տարբեր ժամանակաշրջաններում հայերիս համար շատ ակտուալ կարգախոսինՙ «դեպի երկիր»... Կարդալով «Դէպի Երկիր» 32 էջերից բաղկացած այդ գրքույկը, բազմիցս հանդիպեցի տարագիր, անտուն, վիրավոր, թափառական, օտար, ծվարած, խեղճ, կարոտ, արցունք, տառապանք, անօթեւան, աղերսագին, մուրացկան եւ նմանատիպ շատ-շատ հոգեցունց բառերի, որոնք, ցավոք, վերագրված են հայ մարդուն, այսինքնՙ մեզ, յուրաքանչյուրիս: Այսօր էլ հայ մարդու ճակատագիրը նկարագրելիս, ցավոք, կրկին բնութագրում ենք այսպիսի բառերով... Ի՞նչ պատմություն ենք թողնում մեր ապագա սերունդներին: Դարեր շարունակ մեզ հալածել են, կոտորել են, տեղահան են արել, բնաջնջել են, թալանել են, բռնաբարել են: Կնշանակիՙ հայ ժողովուրդն առանց պաշտպանվելու դառնությամբ կուլ է տվել այս ամենըՙ հետնորդներին փոխանցելով հայրենադավություն, փոքրամասնություն, մի բուռ հող եւ բազում չլուծված հիմնահարցեր... Այստեղ տեղին է հիշել Մուշեղ Գալշոյանի խոսքերը: «Սխալների համար, եղածի համար մենք կարող ենք միմյանցից հաշիվ չպահանջել, բայց գալիք սերունդների հարցապնդումներից խուսափել չենք կարող»: Փորձենք բաց աչքերով երեւույթներին նայել իրական պատկերներով: Ոչ թե մտածենք հետեւանքների, այլեւ պատճառների մասին, ոչ թե հայրենիքը դատարկելու, այլեւ հայրենքիում ծնված ու մեծացած մարդու իրավունքների ոտնահարման տեսանկյունից: Ինչպե՞ս որակել հայրենիքում, սեփական հողի վրա հայի կողմից հայի հալածված լինելը, հայի կողմից հայի սպանվելը, այն էլՙ դաժանաբար: Ինչպե՞ս հասկանալ, երկրում, գիտնականի տիտղոսն արհամարհելը, պատմական արժեքները փոշիացնելը, ուսումնական համակարգը քանդելը, մտավորականին, աշխատավորին տարիներով աշխատավարձ չտալը, հողի մշակին սեփական հողից զրկելը: Է. Ակնունու այս նույն հարցերը ուղղում եմ 1991-ից սկիզբ առած առաջին արտագաղթոներին ուրես գնում, հայ աշխատավոր, հայ մտավորական, հայ գիտնական, հայ արվեստագետ: Ու գիտեք, պատասխանները նույնն են`ՙփող վաստակելու, ազատ երկրներում ինքնադրսեւորվելու, արդար համակարգերում ապրելու մասին: Գնում են վիրավորված, հուսալքված, ցավը սրտներում... Մարդի՛կ, մի՞թե չհոգնեցիք այս թափառական կյանքից, չե՞ք ուզում վերադառնալ ձեր հայրենիքը, մտովի հարցնում եմ նրանց: Պատրաստ ենք ամեն վայրկյան վերադառնալու մեր երկիրըՙ, երբ մեր երկրում իրոք տիրի ժողովրդավարությունը, մարդասիրությունը, խոսքի ազատությունը, իրավահավասարությունը, արդարությունը եմարդուն տրվի լիարժեք կյանքի համար բավարար պայմաններ եւ ամենակարեւորըՙ աշխատանք, մտովի ստանում եմ նրանց պատասխանը: Այսպես, ովքեր վստահ էին, որ օտար երկրներում կարող էին մի կերպ «գլուխ թափել», գնացին: Մյուսները հույսով ու հավատով մնացին, ովքեր աշախատանք եւ ապրուստի միջոց չունեին, ամեն օր տան իրերից մի բան վաճառեցին, գոյություն պահպանեցին: Ու երբ վաճառելու այլեւս ոչինչ չմնաց, ամեն օր, վաղ առավոտյան, արժանապատվորեն ապրած հայը, երկյուղով ու ամոթով, որ հանկարծ որեւէ մեկը չտեսնի, սկսեց փորփրել աղբարկղները, նրան ընդօրինակեցին մյուսները: Մանուկները ձեռքերը պարզեցին, հաց մուրացին: Աղջիկները դուրս ելան փողոց, նաեւ դուբայներՙ մարմնավաճառության: Եվ այս ամենն աչքի համար սովորական դարձանՙ իննսունականներին եւ հիմա: Տարիների վաստակ ունեցող թոշակառուն սովից մահանում էր իր չորս պատերի ներսում, ինչպես ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյանը: Ծանր հիվանդությամբ տառապող երիտասարդը մեռնում էրՙ գամված մահճակալին, որովհետեւ վիրահատության փող չուներ: Մայրն իր երեխային դպրոց չէր կարող ուղարկել, որովհետեւ ոչ միայն գրքի եւ տետրի փող չուներ, նաեւՙ կոշիկի: Բնական գազից ու էլեկտրականությունից զրկված լինելու հանգամանքով, իրենց սառը պատերը տաքացնելու համար բնակարաններում վառարաններ տեղադրեցին ու երբ ցախ կամ փայտ չէր լինում, մարդիկ ստիպված տան գրքերն էին վառում: Ավելին, այդ խառը իրավիճակներում ետին պլան էր մղվել մարդու համար ամենակարեւորըՙ առողջությունը: Դրա համար էլ արտագաղթողների թիվը ոչ թե նվազում, այլեւ օր օրի բազմապատկվում էր: Ո՞ւմ համար պարզ չէր, թե այն ժամանակ (1991-1996թթ) ովքեր էին մնացելՀայաստանում:Պաշտոնյաներըՙիրենց հարազատներով ու ազգականներով ու նրանք, ովքեր այլեւս վաճառելու ոչինչ չունեին, հետեւաբար, ոչ մի հնարավորություն երկրից դուրս գալու: Ցավը կոկորդներում սեղմած, ցասումը համարելով անիմաստ, մի կերպ գոյություն պահպանեցին երանի՜ տալով նրանց, ովքեր փրկվել էին այդ կացությունից: Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում կարդում ենքարտագաղթ կամ Էմիգրացիա (ծագել է լատ.ՙ emigro - «վտարվում եմ» բառից), հայրենիքից հարկադիր կամ կամավոր հեռանալը մեկ ուրիշ երկրի մշտական կամ ժամանակավոր բնակության նպատակովՙ քաղաքական, տնտեսականկամ այլ շարժառիթներով: Վտարվում եմ Համոզված եմ, որ ոչ մեկը (անկախ ազգի պատկանելիության) կամովին իրեն չի վտարի իր ծննդավայրից, ընտանիքից, հայրենիքիցՙ ուրիշ երկրում հաստատվելու, աշխատանք փնտրելու, լեզու սովորելու, մի կերպ գոյություն պահպանելու, հայրենիքի, հարազատների կարոտը սրտում: Պատերազմից առաջ գրել էի Մեր երկիրն աժմ կոչ է անում աշխարհասփյուռ հայերիս վերադառնալու հայրենիք, համոզված, որ այլեւսՙ «թավշյա» հեղափոխությունից հետո ամեն ինչ փոխվել է Եթե այս կոչը կրկին անգամ համընկներ 1946 -1948թթՄեծհայրենադարձությանտարիներին, երբ խորհրդայիներկաթեվարագույրըփակէրպահումաշխարհումտեղիունեցողքաղաքականուտնտեսականբախումներնուիրադարձությունները, թերեւս նորից տեղի ունենար ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ: Սակայն, ցավ ի սիրտ, համաշխարհային ԱՂԵՏ կոչված համացանցը, ԱՅՈ՛, ԱՂԵ՛Տ, օրվա իրադարձություններով, ապատեղեկատվությամբ, ահ ու սարսափ է առաջացնում մարդու մոտ, ջլատում վստահություն, վաղվա հանդեպ անորոշություն ու, որ ավելի վտանգավոր էՙ ՎԱԽ: Բազմիցս անդրադարձել եմ, որ այսօր, ավելի քան երբեւէ, պետք է զանգվածային լրատվամիջոցները նախքան շտապելու որեւէ նյութ հրապարակել, լինել տեղեկացված, խոսքը հիմնավորել փաստերով, առանց զգացական երանգների: 2002 թվականից, AYP FM ձայնասփյուռով «Հայ մամուլի տեսություն» հաղորդաշար ունեի, 2018 թդադարեցրելեմ, որովհետեւ չէի կարող լուսաբանել այն նյութերը, որոնցով ներկայացվում էր, թե օրը քանի հանցագործություն է կատարվել Հայաստանում, ԱԱԾ-ը քանի՞ բացահայտում է արել, քանի՞ երիտասարդ տղա ու աղջիկ փորձել են կամրջից իրենց ցած նետել, ինչպես են մեր կանայք ամեն օր ենթարկվում բռնության, ինչպես են խարդախությամբ, դրամաշորթությամբ քայքայվում ընտանիքներ, ինչպես են խեղաթյուրվում ազգային արժեքները: Բայց արի ու տես, որ մի հաղորդաշար կամովին փակելն ամենեւին էլ սպեղանի չէր: Սփյուռքի բոլոր լրատվամիջոցները (հեռուստատեսություն, ռադիո, թերթ) անդրադառնում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ցավոք սեւեռվելով «ցնցող» նյութերի վրա: Շուշիի փառահեղ հաղթանակից հետո վերականգնվեց Անդրանիկի հերոսական ոգին, աշխարհի հայերը օր առաջ ուզում էին գնալ Հայաստան ու համբուրել այդ ՍՐԲԱԶԱՆ ՀՈՂԸ Իսկ այսօր փոխվել է սփյուռքահայի մտայնությունը, շատերի համար Հայաստանը դարձել է հանցագործ տարրերի երկիր: Համայն աշխարհով սփռվող Հայաստանի բոլոր հեռուստաընկերությունների լուրերով, բառիս բուն իմաստով բռնաբարվում է մեր երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն, ավելինՙ բոլոր հեռուստաընկերություններից ամեն օր հեռարձակվող հեռուստանովելներով ներկայացվում են այնպիսի թեմաներ, որոնք իրենց անբարո, հանցագործ կերպարներով տարակարծություն ու հիասթափություն են առաջացնում: Օրվա լուրերը կարելի է անվանել քրեական տեղեկատվություն: Ես ամբողջովին համամիտ եմ քննադատությանը, եթե այն հիմնավորված է եւ ունի ուսուցողական, դեպի դրական ելքեր ուղղորդող հարցադրումներու լուծումներ: Մենք բոլորս գիտենք, թե ինչպիսի հզոր ու ներգործող ուժ են հեռուստատեսությունը, ռադիոն ու տարագիր մամուլը: Ամենօրյա լուրերը մեկը մյուսից անցնում են հիմնավորելովՙ «հեռուստատեսությամբՙ իմ աչքով տեսա», «ռադիոյովՙ իմ ականջով լսեցի», «թերթում կարդացի», հիմա էլՙ «ֆեսբուքում գրված էր»: Մեր երկրում, որպեսզի, ինչպես ասում են ամեն ինչ լինի պարզ ու թափանցիկ, առաջին հերթին պետք է զտել տեղեկատվական դաշտը: Ավելինՙ փակել ֆեյսբուքը, որտեղ մոլախոտի պես ծիլ են տվել ատելությունն ու դավադրությունը, լցվել կիսագրագետ տարրերով ու անդեմ հանցագործներով: Ազատ խոսքը պետք է վեր լինի էժանագին բամբասանքից ու գռեհիկ պիտակներից, եւ, այո՛, պատժի ենթարկվի այն լրագրողը կամ անհատը, որը կփորձի անհիմն կերպով, այսպես ասած, բարոյազրկել որեւէ մեկին ու մնալ անպատիժ: Մենք փոքր ժողովուրդ ենք, կարելի է ասել, միմյանց ճանաչում ենք, չի կարելի նախանձի հողի վրա հիմնահատակ վարկաբեկել միմյանց: Նման մթնոլորտն էլ է նպաստում է արտագաղթին: Արտագաղթը բոլորիս վերքն է, հիմա էլ մեր երկրին սպառնացող, հետպատերազմյա իրավիճակով սնվող, պետք է չթողնենք, որ իննսունականներին եղածը հիմա եւս կրկնվի նույն մասշտաբներով: Բայց նաեւՙ արտագաղթով չի կարելի հայրենասիրություն չափել, հայրենասիրության ու հայրենադավության որակումներով բնութագրել մարդուն: Սփյուռքը շարունակում է Հայաստանի ամենահզոր հենարանը մնալ: Ու, այնուամենայնիվ, մանավանդ հիմա, երբ բոլորիս սիրտը ցավում է մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ համար, Ակնունուՙ դեռեւս 1900թ. կոչը թողբոլորիս խորհելու տեղիք տա ու կրկին արդի դառնա: ԴԷՊԻ ԵՐԿԻ՜Ր |