«ԻՍՐԱՅԵԼԻ ՀԵՏ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՌՑԱԼԵՌ ԵՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ, ԱՎԵԼԻ ԽՈՐՆ ԵՆ, ՔԱՆ ԵՐԵՎՈՒՄ ԵՆ» ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ Հայտարարում է Ալիեւը, անտեսելով Գազայի դեմ ձեռնարկվող հարձակումները Մայիսի 7-ին Արեւելյան Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթում իսրայելցի ոստիկանների եւ պաղեստինցիների միջեւ ծայր առած բախումները գագաթնակետին հասան մայիսի 10-ին: Իսրայելի բանակի միջամտությամբ դրանք վերաճեցին լայնածավալ ռազմական գործողությունների ընդդեմ Գազայի եւ առ այսօր շարունակվում են, պատճառելով բազմաթիվ զոհեր: Մայիսի 20-ին զոհերի թիվը Գազայում հասել էր 227-ի, որոնք մեծապես խաղաղ բնակիչներ են, նրանց մեջՙ զոհված երեխաների թիվը կազմում է 63: Ալ-Աքսա մզկիթում պաղեստինցիների դեմ ոստիկանների կողմից ուժի անհամաչափ գործադրման համար Իսրայելին դատապարտել էին իսլամական եւ արաբական աշխարհի երկրները, որոնց այնուհետեւ միացել էին ԱՄՆ-ն ու Եվրոպական Միությունը: Վերջիններս, սակայն, Գազայի վրա Իսրայելի հարձակումից հետո, սկսեցին դատապարտել Իսլամական դիմադրության շարժմանըՙՀԱՄԱՍ-ին, թե այդ օրերին 1500 հրթիռ է արձաձակել իսրայելական բնակավայրերի վրա, որոնց հետեւանքով զոհվել է 9-ը իսրայելցի, 3-ըՙ երեխա: Գալով Թուրքիային, ապա մայիսի 10-ին Սաուդյան Արաբիա այցելող արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն մայրաքաղաք Ռիյադում հայտարարել էր, որ Իսրայելին դատապարտելը հարց չի լուծում, պետք է գործնական քայլերի դիմել: Թուրքիան, իհարկե, զերծ մնաց այդ քայլերից, փոխարենը Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսարանի, իսկ Անկարայումՙ դեսպանատան առջեւ բողոքի ցույցեր կազմակերպող բազմահազար ցուցարարներ, դիմելով նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանինՙ պահանջեցին թուրքական բանակը մտցնել Գազա; Բանակը դեռ մի կողմ, Էրդողանն անձամբ նունիսկ չէր դատապարտում Իսրայելին, հանձնարարելով, ըստ երեւույթին, այդ պատվաբեր գործը փոխնախագահ Ֆուաթ Օքթային, նախագահի խոսնակ եւ գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընին, ինչպես նաեւ հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթդին Ալթունին: Էրդողանը մայիսի 15-ին միայն արձագանքեց Իսրայելի հարձակումներին, մեղադրելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը, ընդ որում խաղաղ պաղեստինցիների դեմ անհամաչափ ուժ գործադրելու, Գազայում մարդու իրավունքները խախտելու մեջ, ընդ որումՙ այս անգամ առանց հոխորտալու: Էրդողանի այս զսպվածությունը զարմացրել էր թուրք քաղաքագետներին, նրանցից ոմանք դա պայմանավորեցին նախագահ Բայդենի հետ հունիսին նախատեսվող հանղիպման հետ: Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահը ապրիլի 23-ինՙ 5 ամսվա ուշացումով վեջապես արձագանքել էր Էրդողանի շնորհավորանքին եւ հեռաձայնել, ասելով որ կհանդիպեն ՆԱՏՕ-ի հունիսին նախատեսվող գագաթաժողովում: Մայիսի 17-ին Էրդողանը վերստին ասպարեզ իջավ եւ Իսրայելին զենք վաճառելու որոշման համար դատապարտեց ԱՄՆ-ին: Արձագանքելով դրան, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իսկույն հակասեմականության մեջ մեղադրեց Էրդողանին, որին մայիսի 19-ին նույնպես պատասխանեցին Թուրքիայի նախագահի աշխատակազմի նշված գործիչները: Հատկանշական է, որ Գազայի վրա իսրայելական բանակի առ այսօր շարունակվող հարձակումների առնչությամբ դեռեւս պաշտոնական որեւէ հայտարություն չի արել Ադրբեջանը: Մինչդեռ, բացի մեծ եղբայր Թուրքիայից, հավատարիմ գործընկեր պուտինյան Ռուսաստանից, Իսրայելին դատապարտել է ավելի քան ջերմ բարեկամ Պակիստանը, որը հայերի դեմ կռիվներում ադրբեջանական բանակին, բացի զենքից, մշտապես վարձկան ջիհատականներ է տրամադրել: Ինչո՞ւ: Հարցին մայիսի 18-ի համարում «Իսրայել-Ադրբեջան հարաբերություններն ավելի խորն են, քան երեւում են» վերնագրով պատասխանել է Gazete Duvar-ի հեղինակ Մյուհդան Սաղլամը: Ի դեպՙ այս թերթը հարում է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը եւ համարվում առաջադեմ: Ահա, թե ինչ է գրել հոդվածագիրը. «Ինչպես երեւում է, մինչ որոշ գլոբալ ուժեր Գազայի դեմ իրականացվող հարձակումների առնչությամբ իսրայելամետ դիրքորոշում էին որդեգրում, գերազանցապես մահմեդական բնակչություն ունեցող պետություններն ընդհանուր առմամբ պաշտպանեցին Պաղեստինին: Դրանով հանդերձ Եվրոպայում եւ Ասիայում ժողովրդական զանգվածները ի նպաստ պաղեստինցիների ցույցեր են իրականացնում: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի վարչակարգի դիրքորոշմանը, ապա դա էլ քննադատության են ենթարկում ոչ թե լրատվամիջոցները, այլ քաղաքական գործիչները: Այս գործընթացում արժի ուսումնասիրել ադրբեջանական պետության պահպանած լռությունը: Թվում է, թե Գազայի հարցում Ադրբեջանի իսրայելամետ լռության հիմքում տարիների վաղումություն ունեցող ռազմավարական հարաբերություններն են: Իլհամ Ալիեւը իզուր չէր ասել. «Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները սառցալեռ են հիշեցնում, ավելի խորն են, քան երեւում են»: Իլհամ Ալիեւի այս խոսքերը բացահայտվել էին շնորհիվ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան Վաշինգտոն ուղարկած հեռագրի, որը տեղ էր գտել Wikileaks-ի փաստաթղթերում, իսկ պաշտոնական Բաքուն չէր հերքել: 1991-ին, երբ Ադրբեջանն անկախություն հռչակեց, նրան անհապաղ ճանաչող երկրների մեջ Իսրայելն առաջիններից էր: Այս երկու պետությունների հարաբերությունները զարգացան Ադրբեջանի ռուսական արտաքին կողմնորոշումն այլընտրանքային կողմնորոշումով հակակշռելու հենքի վրա: Այդ առումով կարեւոր էր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի 1997-ին Ադրբեջան կատարած առաջին այցը, որին հետեւեցին 2009-ին վարչապետ Շիմոն Պերեսի, 2010, 2013 եւ 2014-ին արտգործնախարար Լիբերմանի այցերը Բաքու: 2016-ին Նեթանյահուն վերստին այցելեց Բաքու: ԱՄՆ-ը, որ չէր ցանկանում նախկին խորհրդային հանրապետությունների համախմբումը Ռուսաստանի շուրջը, գոհ էր այդ այցերից: Ադրբեջանի եւ Իսրաելի բաձր մակարդակի այցելություններով ամրապնդված հարաբերություններն ունեն աշխարհաքաղաքական ու տնտեսական ասպեկտներ: Աշխարհաքաղաքական առումով երկու պետությունների մերձեցմանը նպաստող գործոնը Իրանն է: Որքան էլ Ադրբեջանը լինի Իրանի անմիջական հարեւանը, նրանց հարաբերություններն առանձնապես լավ չեն: Մինչ Ադրբեջանը Իրանին մեղադրում է ավելի քան 20 մլն իրանաբնակ ադրբեջանցիներին ճնշելու մեջ, Թեհրանն էլ Բաքվին ամբաստանում է այդ ատրպատականցիներին, որպես Իրանի ներքին գործերին խառնվելու գործիք, օգտագործելու համար: Ինչ վերաբերում է Իսրայել-Իրան հարաբերություններին, ապա դրանք թշնամական բնույթ ստացան 1979-ի իսլամական հեղափոխությունից հետո: Այս հանգամանքը նպաստել է, որ Իրանի դեմ այս երկու երկրները հանդես գան համատեղ ռազմավարությամբ: Հաշվի առնելով նրանց համագործակցությունը նաեւ հետախուզության բնագավառում, կարելի է ասել, որ Ադրբեջանը Իրանին վերահսկելու առումով դիտակետի դեր է կատարում: Որքան էլ Իսրայելը, ելնելով Հայաստանի հետ հարաբերություններից, փորձի հավասարակշռություն պահպանել Հյուսիսային Ղարաբաղի հարցում, այնուամենայնիվ թաքուն աջակցել է Ադրբեջանին: 2020 թ. ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակն ապահովող ռազմական տեխնիկայի եւ անօդաչու սարքերի զգալի մասը վերջինին տրամադրել է Իսրայելը: Թերեւս այդ աջակցության ցուցանիշը պիտի համարել պատերազմի ընթացքում իր դեսպանին Իսրայելից հետ կանչելու Հայաստանի արարքը, որին, թերեւս, նշանակել էր 2 շաբաթ առաջ, 2020-ի հոկտեմբերին, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշների կողքին Իսրայելի դրոշի էլ բարձրացումը պատերազմի ավարտին կազմակերպված հաղթանակի տոնակատարություններին: Թեեւ հստակ չեն Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ընթացքը հետպատերազմյան շրջանում, բայց Իրանը շարունակում մնալ խնդրահարույց: Դա ենթադրում է Բաքու-Թել Ավիվ համագործակցության առնվազն աշխարհաքաղաքական մակարդակով հետագա պահպանումը: Չնայած աշխարհաքաղաքական եւ տնտեսական հարաբերությունների առկայությանը, Ադրբեջանն առ այսօր խուսափել է բացահայտ իսրայելամետ դիրքորոշում որդեգրելուց: Դրա գլխավոր պատճառը իսլամական աշխարհի հնարավոր հակազդեցությունն է, ինչից Բաքուն խուսափում է: Այդ պատճառով էլ հավանություն է տալիս «Իսլամական համագործակցություն» կազմակերպության Պաղեստինի օգտին ընդունած օրինագծերին կամ առաջարկներին: Հատկանշական է, որ Իսրայելը դա խնդիր չի դարձնում: Ավելին, 2016-ին Բաքու այցելության ժամանակ Նեթանյահուն իսլամական աշխարհի հետ հարաբերությունների առումով օրինակելի համարեց Ադրբեջանի պահվածքը: Այս ամենի ֆոնին, հատկապես ղարաբաղյան պատերազմի, Իսրայելն Ադրբեջանից ակնկալում, որ դեսպան նշանակի: Թեեւ Ալիեւը նշանակման հարցում առայժմ չի շտապում, բայց միաժամանակ չխաթարելու համար հարաբերությունները, ամեն կերպ ջանում է հարթեցնել խնդիրները Իսրայելի հետ, ներառյալ Գազայի վրա ձեռնարկվող հարձակումները»: |