RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 21-05-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-05-22 18:27:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 800, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽՈՒԱՆ ԵԼԱՆԳԵԶՅԱՆ. ԳՐԵԼ, ՆԿԱՐԵԼ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ ՀԱՅԵՑԻ

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Արգենտինահայ երգահան, երաժշտագետ, գրող, թարգմանիչ եւ նկարիչ Խուան Ռեյնալդո Սամուել Ելանգեզյանը ծնվել է 1950 թվականին, Բուենոս Այրեսում: Յոթ տարեկանից հորինել է մեղեդիներ: 1972-1973 թթ. լրագրություն է ուսանել ծննդավայրի Սոցիալական հետազոտությունների կաթոլիկ ինստիտուտում, 1974-1975 թթ.ՙ Երեւանի համալսարանի բանասիրության բաժնում: 1982-ին ավարտել է Արգենտինայի Կաթոլիկ համալսարանը (երաժշտության պատմություն, պլաստիկ արվեստներ եւ գրականություն), 1984 թ.ՙ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երաժշտագիտության, 2001 թ.ՙ կոմպոզիցիայի բաժինը եւ 2004-ինՙ նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան: Ներկայումս Արգենտինայի Կաթոլիկ համալսարանի մշակույթի ինստիտուտի եւ Բուենոս Այրեսի համալսարանի պրոֆեսոր է, վարում է «Հայոց քաղաքակրթությունը եւ նրա ազդեցությունն Արեւմուտքի վրա» դասընթացը: Անդամ է Հայաստանի Գրողների եւ Կոմպոզիտորների միությունների:

Ելանգեզյանի երաժշտական ստեղծագործությունները կատարվել են Բուենոս Այրեսում, Երեւանում, Փարիզում եւ այլուր: Հեղինակել է սիմֆոնիկ եւ կամերային ստեղծագործություններՙ «Հեթանոս իդոլոլատրիս» (1981, թավջութակի համար), «Կատարսիս» (1977, դաշնամուրի եւ դերասանների համար), «Իմ նախնիներից» (1981, պլաստիկ, բանաստեղծական եւ երաժշտական պերֆորմանս), «Պատանեկան երգեր» (1981), «Մարող լույսերի երգեր» (1981), «Երկխոսություններ» (1983, տրիո), «Մատաղ» (1983, լարային քառյակի համար), «Ջրանկարներ» (1983 թ., դաշնամուրի համար), «Արէան սյուիտ» (1991), «Արյան հավաքածուից»` նվիրված Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին (դաշնամուրի համար), «Թրակիա» (1993, ֆուգա ջութակի եւ թավջութակի համար), «Հայ աստվածներ կամ Վահագնի սենյակը» (2001, սիմֆոնիկ պոեմ), «Առաքելություն» (2004, ֆլեյտայի եւ լարային նվագախմբի համար) եւ այլն:

Հրատարակել է իսպաներեն գրական ստեղծագործություններՙ «Արիան. բանաստեղծական անթոլոգիա» (1994), «Հայ մշակույթը, գիտությունը եւ ավանդույթը» (2001), «Զիմ Կիլիկիա» (2011), իսպաներեն թարգմանությամբ լույս է ընծայել «Հայ բանաստեղծության անթոլոգիա» (1984) եւ Դորա Սաքայանի «Զմյուռնիա, 1922... Դոկտոր Խաչերյանի օրագիրը» (2001) գրքերը: Երաժշտագիտական ուսումնասիրություններ է հրատարակել աշխարհի բազմաթիվ ակադեմիական ամսագրերում: Ելանգեզյանի երաժշտական, գրական եւ նկարչական աշխատանքներն արժանացել են մրցանակների Արգենտինայում եւ Հայաստանում: Նա Բուենոս Այրեսի Սուրբ Պողոս հայկական եկեղեցուՙ Հայոց ցեղասպանության հարյուրամյակը նշանավորող «Որբերը, երկնքի հրեշտակները» որմնանկարի հեղինակն է:

- Խուա՛ն, թռուցիկ ծանոթանալով կենսագրությանդՙ տեսնում ենք, որ հայկական ժառանգությունդ առկա է քո բոլոր մասնագիտություններում ՙ երաժշտություն, գրականություն, նկարչություն... Լինելով երկրորդ սերնդի արգենտինահայՙ ինչպե՞ս ես կարողացել այսքան վառ պահել հայ ինքնությունդ:

- Այս հարցը միշտ տալիս են ինձ, բայց հանրության նախապաշարումները ցույց են տալիս, որ ոչնչի չես հասնի, եթե չնվիրվես քո ժառանգած եւ մասնագիտացած արժանիքներից մեկին: Իրականում ստեղծագործելու համար անհրաժեշտ է ստեղծագործական պահին մի արվեստից մյուսն անցնել: Ես ստեղծում եմ պոեզիա, որն ինձ տանում է դեպի երաժշտություն, ապաՙ նկարչություն:

Ես մասնագիտորեն սովորել եմ նախ ծնողներիս հետ: Հայրսՙ Հովսեփ-Ջոզեֆը, ծնված Բեյրութում, նկարիչ էր, արհեստավարժ դերասան եւ երգիչՙ Ռեյնալդո Ելան բեմական անվամբ, իսկ մայրսՙ Աթենքում ծնված Արշալույս Գասպարյանը, մոդելավորող էր ու նաեւ հիանալի դաշնակահար: Նախնիներիս մեջ եղել են երաժիշտներ, զինվորականներ եւ հոգեւորականներ չորս եկեղեցիներից (Հայ առաքելական, ավետարանական, կաթոլիկ եւ հույն ուղղափառ): Իմ տոհմում եղել է անգամ միջնադարյան մի վանական գրիչ Կիլիկիայից: Ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննես Չաքմաքճյանը ազգական էր պապիկիս մոր կողմից: Լիբանանում եկեղեցիների եւ դպրոցների կառուցումները հովանավորած բարերար Պողոս Նաջարյանը մորս զարմիկն էր: Ես ժառանգել եմ հայրական պապիս անուններըՙ Օհաննես-Հովհաննես-Խուան, Ռեյնալդոն հորս արվեստագիտական անունն էր, իսկ Սամուելըՙ մայրական պապիկինսՙ ճարտարապետ Սամուել Գասպարյանինը, որը բազմաթիվ շենքեր է կառուցել Տարսոնում, Ադանայում, Հունաստանում եւ Բուենոս Այրեսում: Նաեւ հիանալի երաժիշտ է եղել, նվագել է ուդ, ակորդեոն, դաշնամուր, սիթար եւ այլն: Այսպիսով, ինձ վիճակված էր արվեստագետ դառնալ, ինչը ես զգում էի ոչ թե որպես պարտադրանք, այլ որպես օրհնություն: Հովհաննես պապս հայրենասեր հայ էր, որը բացի ճարտարապետ լինելուց, կառուցել է Բեյրութի նավահանգստի մի մասը: Նրա կենսագրությունը կարելի է գտնել Արգենտինայում Լիբանանի դեսպանատան հրատարակած «Լիբանանյան արմատներ» գրքում (2010): Նա հիանալի ջութակահար էր, որն իր ընտանիքի համար կատարում էր «Ո՞ւր ես, մայր իմ» հոգեւոր երգը, բոլորը հուզվում էին եւ արտասվում, իսկ պապիկս հիշում էր իր մորը եւ քրոջը, որոնց իր լավագույն թուրք ընկերը Մարաշի ֆրանսիական ավագ դպրոցից սպանել էր սուր դաշույնով, իր գործընկերոջ ասելովՙ որպեսզի նրանք չտառապեն եւ արագ մահանան...

Ծնողներս ինձ եւ իմ եղբայրներին ու քույրերին կրթել են հայկական դպրոցներում, հայրս մեզ հետ խոսում էր հայերեն, ինչպես իմ տատիկն ու պապիկը: Նաեւ, ինչպես գիտես, վաղ տարիքից ես ուսանել եմ Հայաստանումՙ Պետական համալսարանում, Գեղարվեստի ինստիտուտում, Մատենադարանում եւ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: Շատ սիրով եմ հիշում հատկապես համալսարանի արեւելահայերենի իմ դասախոս Սոֆյա Բաղումյանին...

- Ելանգյոզ թուրքերեն նշանակում է «օձի աչք»: Գիտե՞ս, թե որտեղից է ծագել այս անսովոր անունը:

- Հին աշխարհում օձը ուժի եւ իմաստության խորհրդանիշ էր: Օձի աչքեր ունենալը համարվում էր գեղեցիկ եւ թափանցիկ հայացք ունենալ: Հովհաննես Շիրազը նվիրել է ինձ այս խոսքերը «Շնորհալի եւ երիտասարդ բանաստեղծինՙ Հովհաննես Մարաշցուն», իսկ Գեւորգ Էմինը ընծայագրել էՙ «Առեղծվածային եւ հրեշտակային բանաստեղծինՙ Հովհաննես Օձաչքուին»: Տատիկս մեր ազգանվան մասին պատմել է մի երկար եւ բարդ պատմություն, որը ես ընդգրկել եմ իմ ներկա գրական նախագծի մեջ:

- Դժվար չէ՞ր Արգենտինայում կարիերա անել դժվար արտասանվող անունով:

- Կարծում եմ, որ ընդհակառակը, արգենտինյան հանրությունը լավ ընդունեց ազգանունս: Թերեւս սկզբում, երբ իմ տատիկն ու պապիկը ժամանել են այս երկիր, ունեցել են որոշ դժվարություններ: Բայց մեր ազգանունը դուր է գալիս բոլորին, իմ ընկալմամբՙ այն երաժշտական հնչողություն ունի: Արգենտինացիները սովոր են այս խառնարանին, հետեւաբար, օտար ազգանունները ճիշտ գրելու եւ արտասանելու համար ջանքեր են գործադրում:

- Քո ստեղծագործություններում հաճախ ներկա է Կիլիկիան: Ի՞նչ նշանակություն ունեն քեզ համար կիլիկյան արմատներդ:

- Դա բնական է, ես սերում եմ ավանդական կիլիկյան ընտանիքներից, հայրական կողմիցՙ Մարաշից, մայրական կողմիցՙ Տարսոն-Քսանթիից: Նախնիներիս մասին ես շատ բանաստեղծորեն խոսում եմ իմ «Զիմ Կիլիկիա» գրքում, որը վերոհիշյալ օրենսդիր մարմնի կողմից ճանաչվել է որպես «Մշակութային հետաքրքրություն»:

- Կենսագրությանդ մեջ ասվում է, որ դու նաեւ հունագետ ես: Ի՞նչ ուսումնասիրություններ ես կատարել այդ ասպարեզում:

- Մայրս մեզ ուղարկել է հունական պարերի եւ մշակույթի դասերի, քանի որ որոշ չափով հունական արյուն ուներՙ Պապանդրեակոպուլոս ազգանվամբ նախնիներ: Ինքս որոշ ժամանակ աշխատել եմ Հունաստանի դեսպանությունում եւ Բուենոս Այրեսի Հունաստանի մշակույթի ինստիտուտումՙ կազմակերպելով համաժողովներ, դասընթացներ, համերգներ: Արժանացել եմ «Երաժշտության ընկերների ընկերակցության» մրցանակին եւ Բուենոս Այրեսի Քաղաքային օրենսդիր մարմնի պարգեւինՙ որպես «հունական երաժիշտ», չհաշված այլ պարգեւները Հունաստանից եւ ուրիշ վայրերից :

- Դու մասնագիտական կապեր ես հաստատել Հայաստանի եւ հայ արվեստագետների հետ դեռ խորհրդային տարիներից, երբ Արգենտինայի եւ հայրենիքի միջեւ կապերն այնքան էլ սերտ չէին: Ինչպե՞ս դա եղավ:

- Դեռ մանկուց ծանոթացել եմ Արգենտինա եկած հայ կոմպոզիտորների հետ: Ընդամենը յոթ տարեկան էի, երգում էի Բուենոս Այրեսի եկեղեցական երգչախմբում, երբ մեր եկեղեցի այցելեց Արամ Խաչատրյանը: Անմոռանալի էր տեսնել այդ մեծ կոմպոզիտորին, որին հետագայում կրկին հանդիպեցի Երեւանի օպերայումՙ 1974 թվականին: Այնտեղ էր նաեւ Մինաս Ավետիսյանը: Ես Խաչատրյանին ցույց տվեցի իմ երիտասարդական աշխատանքները, եւ նա գրեց ինձ. «Երաժշտությունը զոհեր է պահանջում»: Հովհաննես պապս երազում էր տեղափոխվել Հայաստան այն տարիներին, երբ Հայրենիքը աշխարհասփյուռ հայերին առաջարկեց հայրենադարձվել: Մեր ընտանիքում այդ զգացումն անթեղված էր, եւ հայրս դա փոխանցեց ինձ: Ավագ դպրոցի երրորդ դասարանում ծրագրում էինք մեր տարեվերջյան ճանապարհորդությունը, եւ ես, մշտապես լինելով բանաստեղծական թռիչքի մեջ, իմ դասընկերներին առաջարկեցի ճամփորդել Հայաստան: Այս գաղափարը ներկայացրինք մեր տնօրեն, վարդապետ Հարություն Մուշյանին: Այսպիսով, սկսվեց մեր եռամսյա ճանապարհորդությունը, ու մենք Հայաստան հասանք 1970 թվականի հունվարի 1-ինՙ որպես Սփյուռքահայության հետ մշակութային կապերի հայկական կոմիտեի հյուրեր: Ես բանաստեղծել եմ մանկուց, իմ գործերը մեր Հայ կենտրոնի բեմադրիչն ուղարկել էր Հայաստան, որտեղ դրանք թարգմանել էին Վահագն Դավթյանը, Շաքե Վարսյանը, եւ այդ ժամանակ ես հանդիպեցի նրանց անձամբ, իսկ հետոՙ շատ այլ մտավորականների ու արվեստագետների:

Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեն ինձ առաջարկեց կրթաթոշակով սովորել Երեւանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, որն իրականություն դարձավ չորս տարի անց:

- Քո առաջին գրական մրցանակը ստացել ես 1975-ին, Երեւանի պոեզիայի փառատոնում: Ի՞նչ փառատոն էր դա:

- Երբ սովորում էի համալսարանի բանասիրական բաժնում, տեղի ունեցավ Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի 30-ամյակին նվիրված գրական փառատոն: Ես ներկայացրի «Արարատ, էդիպյան խորհրդանիշ» խորագրով բանաստեղծական շարքը եւ արժանացա առաջին մրցանակի, այն թարգմանվեց գերմաներեն ու հայերեն եւ ընդգրկվեց «Արիան, բանաստեղծական անթոլոգիայում»:

- Կարծում եմՙ բախտավոր ես եղելՙ լինելով մտերիմը 20-րդ դարի հայ երաժշտության այնպիսի մեծության, ինչպիսին Էդուարդ Միրզոյանն է: Ի՞նչ հիշատակներ ունես այդ մեծանուն արվեստագետից, որի ծննդյան 100-ամյակն է նշվում այս տարի:

- Անկասկած, նա ինձ համար եղավ ոչ միայն ուսուցիչ, այլեւ երկրորդ հայր: Չնայած պետք է ասեմ, որ մինչ նրան հանդիպելը ես արդեն ձեւավորվել էի որպես երգահան այնպիսի հեղինակավոր արգենտինացի կոմպոզիտորների շնորհիվ, ինչպիսիք էին Ռոբերտո Կաամանյոն եւ Գիյերմո Գրեթցերը: Ես հետեւեցի նրա խորհուրդներինՙ Մարգարիտ Բրուտյանի եւ Նիկողոս Թահմիզյանի մոտ հայ երաժշտագիտություն ուսումնասիրելիս: Լինելով Էդուարդ Միրզոյանի երկրպագուՙ թույլտվություն խնդրեցի մասնակցելու նրա դասերին, դա ինձ համար շատ դժվար էր, քանի որ նա գոհ չէր արտասահմանցի ուսանողներից, բայց ես հաղթահարեցի ամոթխածությունս: Հիշում եմ, որ պետք էր նրան ցույց տայի գրածս մի գործը: Նստեցի դաշնամուրի առջեւ ու սկսեցի նվագել, նա էլ նստեցՙ արմունկը հենելով ստեղնաշարի բասի հատվածին: Ես չգիտեիՙ ինչպես ասել, որ ձեռքը վերցնի այդտեղից, այնպես որ ստիպված հրեցի-գցեցի նրա ձեռքը ու իմ ցածր նոտաները նվագեցի ճիշտ ժամանակին: Նա բնավ չբարկացավ ու շնորհավորեց ինձ, քանի որ ես հաղթահարել էի այն խոչընդոտը, որը նա դրել էր իմ առջեւ: Հետո մենք շատ մտերմացանք: Նա թույլ էր տալիս, որ իր ուսանողները մեծ ազատությամբ արտահայտեն իրենց ինքնատիպությունը, եւ դա իմ աշխատանքը շատ ավելի տանելի դարձրեց, առավել եւս որ ես Հայաստանից ամենաշատ հեռու գտնվող մի երկրից եկած ուսանող էի: Միրզոյանն իր խոսքը համեմում էր կատակներովՙ մեզ բարձր ծիծաղեցնելով, եւ նա բոլորի հետ ընկեր էրՙ փողոցներն ավլողից մինչեւ բարձրագույն ատյանները: Ես պահում եմ իմ գործերի մասին նրա նամակներն ու գրությունները: Տարիներ անց վերադարձա Հայաստանՙ ավարտելու իմ կոմպոզիտորի կարիերան ու ստացա դիպլոմս տասներկու դասախոսների առջեւ եւ ապա ավարտեցի ասպիրանտուրան: «Պատգամ» ստեղծագործությունս ֆլեյտայի եւ լարային նվագախմբի համար Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կատարեց «Ալան Հովհաննես» նվագախումբըՙ Մերուժան Սիմոնյանի ղեկավարությամբ: Միրզոյանը շատ գոհ մնաց: Վերջին անգամ ես նրան տեսա Ֆիլհարմոնիկում, 2007-ին, բայց մենք հեռախոսով խոսում էինք մինչեւ նրա կյանքի վերջին օրերը, իսկ նրա ընտանիքի հետ բարեկամական կապերս պահպանում եմ մինչեւ այսօր:

- 2014-ին Թեքեյան մշակութային միությունը մրցույթ հայտարարեցՙ ստեղծելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցը նշանավորող որմնանկար: Քո «Հայ որբեր, երկնքի հրեշտակներ» աշխատանքը հաղթեց մրցույթում եւ այժմ կախված է Բուենոս Այրեսի Լինյերս թաղամասի Սուրբ Պողոս հայկական եկեղեցում:

- Ես հպարտանում եմ այդ աշխատանքով: Այն սկիզբ է առնում 1985 թվականին գրված իմ «Հայաստանի որբերը. կարո՞ղ է ցեղասպանությունը ոչնչացնել հայ հոգին» բանաստեղծությունից, որը ներկայացվել է նաեւ Բուենոս Այրեսի Քաղաքային օրենսդիր մարմնի Ոսկե սրահում եւ 2005-ին ճանաչվել որպես «Մշակութային հետաքրքրություն», թարգմանվել մի քանի լեզուներով: Այս որբ հրեշտակներին «զետեղելով» Երկնքումՙ ես ասես կանխազգացել էի տարիներ անց նրանց սրբադասումը: Աշխատանքը ստեղծելիս ինձ օգնել է իմ եղբայր Կլաուդիոն, որը պլաստիկ արտիստ եւ նորաձեւության դիզայներ է: Ես նաեւ կանխատեսել էի անմոռուկ ծաղիկը որպես Ցեղասպանության խորհրդանիշ դեռ 1994-ին ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային ֆոնդի հրատարակած «Արիան, բանաստեղծական անթոլոգիա» գրքի մի բանաստեղծությանս մեջ:

- Ինչպես հիշում ես, մենք ծանոթացել ենք 1992-ին, Երեւանում: Այս գրեթե 30 տարվա ընթացքում վերադարձե՞լ ես Հայաստան եւ որո՞նք են այն հիմնական փոփոխությունները, որոնք տեսել ես հայ հանրության եւ մշակույթի մեջ: Դրական թե բացասական:

- Բնականաբար, ես բազմիցս վերադարձել եմ հայրենիք: Եվ պատիվ էր, որ իմ եւ հորս կենսագրությունն ընդգրկեցիր ծագումով հայ նշանավոր անձանց մասին քո բառարանում: 1992-ին երկիրը մեծ փոփոխությունների միջով էր անցնում, գուցե ոչ այնքան էական, բայց իրավիճակն այլ էր, Արցախի ազատագրական պատերազմն այլ էր, հերոսներն էլ այլ էին: Կարծում եմՙ հասարակության մեջ հիմա առկա է անկումային տրամադրություն, եւ անհրաժեշտ է, որ վերածնվի մշակութային ժառանգությունը: Դա կարող է փառահեղ լինել: Մնում է բարոյականությունը, որը ենթակա է սոցիալական եւ քաղաքական անբարոյականությանը: Հավատում եմ, որ արեւմտյան քաղաքակրթությունը ծնվել է Հայաստանում, բայց եթե ուզում ենք գոյատեւել, մենք ստիպված ենք սովորել թշնամու ենթագիտակցական լեզուն եւ խորությամբ իմանալ այն խաղը, որը նա պարտադրում է մեզ... Հիշում եմ, 70-ականներին պատանի պիոներներն այնքա՜ն լավ էին տեղեկացված Հարավային Ամերիկայի մասին: Մշակույթի այդ մարդիկ դրեցին ժամանակակից հայկական վերածննդի հիմքերը:

Երբեք չէի պատկերացնի, որ վկա կլինեմ նոր ցեղասպանության, թեկուզ հեռավորության վրա, ու միշտ մտածում եմ այն մասին, թե ի՛նչ կմտածեին տատիկս ու պապիկս եւ ծնողներս, եթե ապրեին: Սամուել պապս տասներկու տարի եղել է օսմանյան բանակում, նա ճարտարապետ էր, որն իր կյանքը փրկեց իր արվեստի շնորհիվՙ հարկադրանքով կառուցելով պալատներ թուրք սուլթանների համար... Ավտորիտարիզմը միջակության մի ձեւ է, որը սոսկ ակնարկում է անհատականության դատարկությունը...

- Ո՞րն ես համարում մասնագիտական կյանքիդ ամենամեծ ձեռքբերումը:

- Իմ ամենամեծ նվաճումը իմ արվեստում մնալն է, եւ ես հավատում եմ, որ արվեստը փրկեց իմ կյանքը, ինչպես որ փրկել էր ծնողներիս ու նախնիներիս կյանքըՙ ի հեճուկս խոչընդոտների ու տառապանքների:

....Կոմիտասի անվան կոնսերվատորիայում ավարտական քննության ժամանակ ինձ խնդրեցին խոսել որեւէ կոմպոզիտորից: Նախ ես մտածեցի Կոմիտասի մասին, որը վերապրեց Ցեղասպանությունը եւ մեզ թողեց հայ երաժշտական արվեստի մի զգալի մասը: Բայց ի վերջո ընտրեցի Բեթհովենին: Այն հարցրին, թե ինչու հատկապես Բեթհովենին, պատասխանեցի. «Քանի որ նա հաղթահարեց իր ճակատագիրը»...

Նկար 2. Խուան Ելանգեզյանը Հովհաննես Շիրազի հետ, 1970 թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 21-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ