ՄԵՐ ՆԵՐՍԻ ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻՆ Մ.Խ. «Ֆիրդուս. տեղի հիշողությունը» Պատահաբար ձեռքս ընկավ «Ֆիրդուս. տեղի հիշողությունը» գիրքը: Անցած դարի իննսունականներին ու դրանից հետո բոլորիս հիշողության մեջ մնացած, Երեւանի սրտում գտնվող այդ շուկա-բնակավայրի կոլորիտային լուսանկարները ձգեցին, ու քանի որ սիրում եմ կարդալ Երեւանի կենցաղի ու սովորույթների մասին գրքեր, առանց նայելու , թե ովքե՞ր են հեղինակները, ի՞նչ նպատակով է ստեղծվել գիրքը, սկսեցի թերթել, հետո կարդալ: Պատկերացրեքՙ տեղի սովորույթների նկարագրությամբ, գունեղ լուսանկարներով բավական մեծ ծավալի նյութ է կուտակված գրքում Երեւանի 33-րդ թաղամասիՙ անկախությունից հետոյի կյանքի ու սովորույթների մասին, որը միգուցե որեւէ ոլորտային հետազոտողի ինչ-որ բան կարող է տալ: Հանդիպելով, սակայն, ներքին բողոք առաջացնող մտքերի ու արտահայտություններիՙ վերադարձա գրքի նախաբանին ու հեղինակների ցանկին, որտեղ , ի դեպ, մեկ-երկու ինձ ծանոթ ու ինձ համար դրական ազգանուն տեսա, ու գիրքը կարդալուց հետո դրանից վատ էի զգում: Գիրքը ստեղծվել է, ուշադիր, ԵՄ «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների արագացման եւ հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակում, եւ գրքի բովանդակության համար պատասխանատու է ինչ-որ «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա» ՀԿ: Դե մի ՀԿ-ի անվան մեջ որ նարատիվ բառի հայկական տարբերակը չիմանանՙ էլ ինչ բովանդակության պատասխանատու պետք է լինի այդ ՀԿ-ն, որի առցանց էջը բացելուց հետո նկատեցի, թե հիմա էլ «Այլ Երեւան» անվամբ տեքստերի մրցույթ են հայտարարել: Պատկերացնում եմ, թե այդ ինչ «Այլ Երեւան» է, համենայնդեպսՙ Երեւանի հին թաղամասերից Արեշի մասին վիպակ հրապարակողիս համար հետաքրքրական կլինի հետեւել այդ «այլին» : Գրքի խմբագիր Տիգրան Ամիրյանը (ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն պրն Աշոտ Մելքոնյան, տեղյակ ե՞ք այս գրքից), գրքի ստեղծման գաղափարի մասին իր նախաբանում, կարեւորելով իր թեմանՙ տեղի հիշողությունը, գրում է, թե այդ հիշողությամբ տասնամյակներ, գուցե դարեր այս վայրում սերտ ու խաղաղ ապրել են հայեր ու ադրբեջանցիներ, իրանցիներ ու ռուսներ: Տեղ հասանք, ըստ գրքի տարբեր հուշումներիՙ Տիգրան Ամիրյանը պատմաբան է, ու հենց սկզբից այս կեղծումը հուշում է, որ նա չէր կարող չիմանալ, թե 100 տարի առաջ ադրբեջանցի ազգ չկար, ուրեմն եւՙ ինչ էր հետապնդելու գիրքը 2019 թվականին, աջակցության համար, երբ արդեն եղել էր ապրիլյան պատերազմը, «Եվրասիա» հիմնադրամին ուղղված շնորհակալությամբՙ «սույն ծրագրի կարեւորությունը տարածաշրջանում խաղաղության աջակցման եւ ղարաբաղյան հակամարտության հետեւանքների վերացման համատեքստում գնահատելու եւ արտահայտելու համար»: Գիրքն ընթերցելուց հետո, որն ի դեպ, միայն խոշորացույցով էր հնարավոր անել, քանի որ հավանաբար հեղինակները լավ էլ հասկացել եւ ամաչել են իրենց արածի համար ու այնպիսի մանր տառատեսակով են տպել, որ հայերս զահլա չանենք- կարդանք, բայց հավանաբար այս ծրագիրը երկկողմ-եռակողմ է, ու մեր ոխերիմ հարեւանների լեզվով ու մեծ տառատեսակով տպված կլինի ասենք «դարավոր» հարեւանի մայրաքաղաքում, սնելով այդ երկրում դպրոցից ոսուցանվող ռեւանշիզմը, թե «Էրիվանը ադրբեջանական հող է»: Ուրեմն եւՙ հայկական ազգանունով մարդիկ են խաղաղարարության անվան տակ տրոյական ձիու դեր ստանձնել Երեւանում եւ գրքով հանձնել բերդի բանալիները: Լավ, տղերք ու աղջկերք, էս ի՞նչ եք արել, դրանից հետո ձեր քունը տարե՞լ է, 44- օրյա պատերամի զոհերն ու հաշմված տղերքը ձեր երազին չե՞ն գալիս հիմա, զինվորի փոր բացող, գլուխ կտրող, Շուշիում իր տանը մնացած ութսունամյա պապիկի վիզը կտրող, այս օրերին Սյունիք մտած ադրբեջանցիները ե՞ւս գրգռում ու սնում են ձեր «տեղի հիշողությունը» : Լավ, էս որքա՞ն փողի մեռած հայեր են եղել ու կան մեր մեջ, որոնց թվում է, թե իրենց արածը վատ բան չէ, տուն են պահում, էլի, հո հայրենիքն իրենք չեն տվել թուրքին, խաղաղապահական ու տեղի հիշողությամբ գիրք են ստեղծել ընդամենը: Գիրքն , իհարկե, բավական փաստական նյութ ունի իր մեջ, որը հենց ավելի հասցեագրված է հարեւաններին, քանի որ մեր իմացած տեղի հիշողությունն ու մեր իմացած կենցաղը լրիվ ուրիշ ենթատեքստեր են ունեցել: Էդ հսկայական փաստական նյութի վրա կանգ չենք առնի, այդպիսի խնդիր չենք դրելՙ միայն ծաղկաքաղ անելով խիստ «եղբայրական», «բարիդրացիական» ու «խաղաղարարական» արտահայտություններից, կրկին ու կրկին համոզվելով, որ մեր համապատասխան կառույցները լրիվ աչքաթող են արել օտարերկրյա էմիսարներիՙ մեր երկրում ծավալած անվերահսկելի, բազմաշերտ, անվտանգության առումով հարցեր առաջացնող գործունեությունը: Ես այն մարդկանցից եմ, որ երբեք չի խրախուսել նեղ- ծայրահեղական մոտեցումները, մեր ներսում փակվելուՙ որոշ շերտերի կոչերն ինձ զայրացրել են, բայց արի ու տեսՙ անգամ ես անհանգստացա այսպիսի ենթատեքստային վտանգներ պարունակող եւ հավանաբար ոչ եզակի գրքի գոյությամբ:Անգամ չեմ զարմանա, որ մի օր պարզվի, թե Ֆիրդուսի թաղամասն իրացնողները, դրա նոր շինարարության մեջ փող ներդրողները օվշորներից միջնորդավորված ադրբեջանցի ու թուրք լինեն, որոնց մոտ հենց այս գրքի հեղինակների նման հայերի կողմից լավ կեղծված, բայց իրական թվացող հիմքեր մատուցելուց հետոՙ զարթնել է «հայրենասիրությունը»ՙ Հայաստանի սրտում, կառավարության քթի տակ «իրենց Էրիվանի» կառուցման մեջ ներդրում անելու համար, ուժով ու զենքով հայկական տարածքները գրավելու ադրբեջանաթուրքական մտայնությանը զուգահեռՙ ներդրումով հայկական հողն իրենցով անելու գաղտնի ծրագրերն իրականացնելով: Մի քանի մեջբերում գրքից: «Մի ժամանակահատվածում, որը ներառում է ղարաբաղյան հակամարտությունը, անկախության ձեռքբերումն ու ներկան, որտեղ բոլոր իմաստային հակադրություններին հավելվում է եւս մեկը` հաճախ անտեսվող կամ խեղաթյուրվող քաղաքական լեզվի կողմից, բայց կայուն տեղ ունեցող տեղացի բնակիչների հիշողության մեջ. «Ֆիրդուսում ապրում էին բազմաթիվ ադրբեջանցիներ»: (Իսկ այս հեղինակը տեսնես իմացել է իննսունականների սկզբին թալանված ու սպանված Բաքվի եւ Սումգայիթի հոծ հայ բնակչության մասին, ի դեպ Բաքուն կառուցել են հայերը, ու մինչեւ ադրբեջանցի դարձած կովկասյան թուրքերի մայրաքաղաք լինելը, Բաքուն հայահոծ քաղաք էր, է, քաղաքական լեզվով չէ, կուզեք կենցաղային լեզվով հարցնեմ սա ի՞նչ տեղային հիշողություն է արթնացնում-Մ.Խ.): «Գրեթե յուրաքանչյուր ընտանիքում մնացել են կենդանի ու հարազատ հիշողություններՙ ադրբեջանցիների, քրդերի մասին, «ուրիշի» կերպարն այստեղ հավանաբար ընկալվում էր ավելի հանգիստ ու բաց, քան քաղաքի ցանկացած թաղամասում»: «Ամենայն հավանականությամբ Ֆիրդուսի վերացումը կոչնչացնի նաեւ այդ բնական, հին պատմություն ու կենդանի հիշողություն ունեցող միջմշակութային միջավայրը, ու դա ոչ մեկին պատկանող տարածք կլինի»: (Ֆիրդուսի թաղամասը քանդելու ու այն կառուցապպատելու նոր ծրագրի առթիվ է այսպես մտահոգ հեղինակը, հա, երեւի չի գտնվի Ֆիրդուսի էս ու էն բնակիչը, որ ըստ գրքի, թաղամասի էս ու էն հատվածի մասին պատմելիս ասիՙ էս թուրքի տուն էր): «Ավագ սերունդը հիշում է այդ տներում ապրող ադրբեջանցիներին եւ ունի լավ պահպանված հուշեր, համատեղ կյանքի մասին: Հիշում են ոչ միայն բնակիչները, նրանց տներում որոշ ճարտարապետական էլեմենտներ առանձնանում են մահմեդական կենցաղին բնորոշ ոճով: Թաղամասի միջէթնիկական պատկերը անցյալում կարելի է բնութագրել որպես քրիստոնեական ու մահմեդական համայնքների կուռ ու խաղաղ բնակության փորձառություն ... Ֆիրդուսցիների «համատեղ կյանքի» փորձը երբեք չի ընդհատվել, այլ փոխակերպվել էՙ պահպանելով հիմնական փիլիսոփայությունըՙ առավելագույն հանդուրժողականություն եւ սրտացավություն ուրիշների հանդեպ»: (Տեսնես այս տողերը գրողի մտերիմների կամ ազգականների մեջ կա՞ն գերի ընկած, վիրավորված ու սպանված մեր զինվորներից, ու հիմա, գրքի ստեղծումից մեկ տարի հետո, ութսունամյա ղարաբաղցի պապիկին մորթողի հետ ապրելու նույն հանդուրժողականությո՞ւնն է արդյոք նա քարոզում: Դրամաշնորհի փողը, ասում են, մութ տեղը լույս է տալիս: Ու կարելի է հանգիստ գրել, թե թշնամական հռետորաբանությունը սրվեց ղարաբաղյան հակամարտության առաջին տարիներին, ու թեՙ մեր տան հետեւի ադրբեջանցիները խելոք ու բարի մարդիկ էին, որ գնում էինՙ լացում էինք, Հայաստան նախկին «Կոմունիստ» թերթի վարորդ Կաֆարովն էլ մի օր, այս համատեքստում կհայտնվի, քանի որ «մահմեդական բնակչության հեռանալը լուրջ հարված է հասցնում կենդանի օրգանիզմին ու համայնքին, որը ձեւովորվում է բնականորեն ու քաղաքական կողմնորոշումներից անկախ» : Ինչ համայնք, ինչ քաղաքական կողմնորոշում, ինչ տեղային հիշողություն, տեսնես հասկանալո՞վ եք սա արել, թե առանց հասկանալու, էդ Կաֆարովները հիմա սպառնում են մեր հողում ապրելու մեր բնական իրավունքին, ասում ենՙ Զանգեզուրը, Էրիվանը, Սեւանը ադրբեջանական հողեր են, կուրսի՞ եք, էս գիրքը սարքող խաղաղության քարոզիչներ: Ու ավելի լավ կլիներՙ ձեր մտքի գոհարները փակեիք Ֆիրդուսի թաղամասի նկուղներում, ինչպես որ ֆիրդուսցիներն են արելՙ չհասկանալով, թե ում մոտ են ինչ պատմել, ու իրենց ընտրովի հիշողություններն ինչպես են ծռմռել դրամաշնորհի պատվերի հրամայականներին համարժեք: |