ՆՈՐԱ ԱԶԱՏՅԱՆ: ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ ԿՅԱՆՔԻՆ Անգլերենից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (The Armenian Mirror-Spectator) Ինչպես արդեն հաղորդել ենք, ապրիլի 29-ի գիշերը Դետրոյթում (ԱՄՆ), վախճանվել է տիկին Նորա Իփեքյան-Ազատյանը, կողակիցը հայտնի մտավորական եւ ազգային գործիչ Երվանդ Ազատյանի եւ մայրըՙ դերասան ու ռեժիսոր Ժիրայր Բաբազյանի (Փափազյան): Տիկին Նորան բազմաբնույթ արվեստագետ էրՙ նկարիչ, ասմունքող եւ դաստիարակ: Նաեւ ֆրանսիական մշակույթի կրող, բայց հայկականությամբ հպարտ տիպար հայուհի: Թոռնուհին էր հոր կողմից հայտնի ձեռներեց եւ դերասան Գեւորգ Իփեքյանի, իսկ մոր կողմիցՙ ականավոր հասարակական-քաղաքական գործիչ, Սասունի ինքնապաշտպանական կռիվների նախաձեռնող, եւ որպես Կիլիկիայի լիազոր ներկայացուցիչ Պողոս Նուբարի գլխավորած ազգային պատվիրակության անդամ Միհրան Տամատյանի: Ստորեւ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթից թարգմանաբար ներկայացնում ենք մանրամասնություններ նրա բեղմնավոր կյանքից: Նորա Իփեքյան-Ազատյանին միշտ էլ հետաքրքրել էր այն հարցը, թե ինչու բնությունը մարդկանց չի օժտել վերամարմնավորվելու հատկությամբ, ինչպես ծառերը, որոնք աշնանը տերեւաթափ են լինում, իսկ գարնանը վերստին ծաղկում: Այս տարի ծառերը դարձյալ կանաչ գոտիներ են գցել մեր շուրջը, սակայն առանց Նորայի: Նորան մարդկանց այն տեսակի ներկայացուցիչն էր, ովքեր լիովին գոհ են իրենց կյանքից: Նա բոցավառվում էր ստեղծագործական ոգով եւ արտահայտում էր իր ընդունակութունները ամենատարբեր բնագավառներում: Իր առօրյա կյանքն անգամ հագեցած էր ազնվականությամբ ու նրբագեղությամբ: Նա պնդում էր, որ կյանքում միշտ ստացել է այն, ինչ ցանկացել է եւ երբեք չի նախանձել ուրիշների ո՛չ կարգավիճակին, ո՛չ էլ նրանց բարեկեցությանը: Երբեք չի ցանկացել ունենալ ավելին, այդ պատճառով էլ հավատացած է եղել, որ իր կյանքն ապրել է այնպես, ինչպես ցանկացել էՙ լի խանդավառությամբ եւ կենսուրախությամբ: Նա մահվանը նայում էր ստոիկյան տեսանկյունից, փիլիսոփայորեն: Եվ մարդկային կյանքի ավարտը նա խիզախորեն դիմագրավեցՙ խաղաղորեն կատարելով անցումը դեպի հավիտենականություն: Վաղ մանկությունը : Նորան ծնվել էր Ալեքսանդրիայում առանձնաշնորհյալ մի ընտանիքում, որտեղ երկու կողմերն էլ առնչություն են ունեցել մասնագիտացված թատրոնի հետ: Նույնիսկ հոր կողմից պապըՙ Գեւորգ Իփեքյանն է բեմ բարձրացել, չնայած եղել է հաջողակ գործարար եւ ձեռներեց, որ Սամսունից տեղափոխվել է Ալեքսանդրիա, Եգիպտոսում ծխախոտի արտադրության հիմքը դնելու նպատակով: Նրա երկու եղբայրներըՙ Գասպարն ու Արմենը արհեստավարժ դերասաններ են եղել, որոնք դերեր են ստանձնել հայկական եւ եվրոպական թատրոններում: Նորան ծնվել է, երբ Գասպարի կինըՙ Հռիփսիկը նոր է ավարտած եղել Հենրիկ Իբսենի «Տիկնիկի տունը» (հայերեն հրատ. «Նորա») պիեսի ընթերցումը, այդ պատճառով էլ առաջարկել է նորածին փոքրիկին տալ այդ երկրի գլխավոր հերոսուհու անունը: Ճակատագրի բերումով հետագայում Նորան հենց իր անվանակցուհու դերն է կատարել այդ պիեսի հայերեն թարգմանության մեջ: Նորան տարրական կրթությունն ստացել է հայկական դպրոցում, բայց ուսումը շարունակել է Կահիրեի «Լիսե Ֆրանսե» վարժարանում, որտեղից էլ ստացել է բակալավրի աստիճան: Հայերենի գերազանց իմացությունը նա ձեռք է բերել տանը եւ համայնքային կյանքում: Տիրապետել է նաեւ անգլերենին եւ հունարենին: Նորայի մայրըՙ Շաքե Տամատյան-Իփեքյանը կայացած դաշնակահարուհի էր եւ դերասանուհիՙ հայկական բեմում: Երկար ժամանակ եղել է Կահիրեի Հայ Գեղարվեստասիրաց Միության ատենապետուհին: Նրա հայրըՙ Աղասին, «Իփեքյան ծխախոտի գործարանի» վաճառքի բաժնի վարիչն էր: Միաժամանակ կամավոր հիմունքներով ղեկավարել է Հայ Գեղարվեստասիրաց միության թատերական հանձնախմբի գործունեությունը: Նորայի դաշնամուրային կրթությանը խստագույնս հետեւել է նրա մորաքույրըՙ Նվարդ Տամատյանը, որ Կահիրեի կոնսերվատորիայի ճանաչված արհեստավարժ դաշնակահարուհիներից էր: Նորայի նախասիրած կոմպոզիտորը Շոպենն էր, որի վալսերը կազմում էին նրա նվագած ստեղծագրոծությունների գլխավոր մասը, չնայած նա Բախ եւ Բեթհովենն էլ էր նվագում: Երաժշտությունից բացի արվեստի իր ընդունակությունները Նորան զարգացրել էր նաեւ նկարչության բնագավառում, հաճախելով եգիպտահայ հայտնի նկարիչ Աշոտ Զորյանի արհեստանոցը, որտեղ իր դասընկերներն են եղել Եգիպտոսի նախկին թագուհիՙ Ֆարիդան, փարիզաբնակ երգիծանկարիչ Էդմոն Քիրազը, Յասմինը, Ջո եւ Շուշան Եղոյանները (Ատոմ Էգոյանի ծնողները), Արտե Թոփալյանը եւ Ռոզ Փափազյանը: Հետագայում ավարտել է նաեւ Փարիզի «ABS» արվեստի կրթօջախը եւ ստացել համապատասխան գիտական աստիճան: 1950-70-ական թվերին եգիպտացի արվեստագետների մեծամասնությունը հայկական ծագում ուներ եւ նույնիսկ տեղացի տաղանդավոր նկարիչները այդ հայ արվեստների ուսանողներն էին: Այդ տարիներին արվեստի շուկան գլխավորողների մեջ էին Աշոտ Զորյանը, Օննիկ Ավետիսյանը, Բյուզանդ Կոճամանյանը, Սիմոն Սամսոնյանը, Ալեքսանդր Սարուխանը, Հակոբ Հակոբյանը եւ Հրանտ Անդրանիկյանը: Նորան կարողացել է շատ վաղ զարգացնել իր արվեստագիտական տաղանդը եւ միանալ այդ փաղանգին, պահպանելով իր ինքնուրույնությունը: Նա կանոնավոր կերպով մասնակցել է Կահիրեի տարեկան ցուցահանդեսներին, բաց չթողնելով Լիբանանում, Եվրոպայում, Մ. Նահանգներում եւ Հայաստանում կազմակերպված ցուցահանդեսները, որոնցում նա արժանացե լ է արվեստագետների բարձր գնահատականներին: Նա առաջինն էր, որ Եգիպտոսում նկարչությունը գործարկել է տեքստիլային գործվածքների վրա եւ ցուցադրել կանանց հագուստներ, շարֆեր, սեղանի ծածկոցներ, որոնցում արտահայտել է Մոնդրիանի կոմպոզիցիաներն ու իր երեւակայության արգասիքները: Նա կատարելապես տիրապետում էր ջրաներկի ընձեռած հնարավորություններին, դրսեւորելով վառ գույների օգտագործման յուրահատուկ հմտություններ, որոնք անմիջականություն եւ բանաստեղծական քնարականություն էին հաղորդում նկարին: Իսկ նրա յուղաներկերը շատ ավելի լուրջ, ծանրաբարո նշանակություն ունեինՙ փողոցային վաճառողներին եւ դեմքերը քողարկած եգիպտուհիներին հաղորդել արժանապատվություն եւ նրբագեղություն: Ավելի ուշ նա գիտակցել էր, որ ունի նաեւ դիմանկարներ ստեղծելու խորաթափանցություն: Եգիպտական «Journal O՛Egypt» պարբերականում արվեստաբան Անտուան Ջեննաուին մի առիթով գրել էր. «Նորա Ազատյանի չորս դիմանկարները հիացմունք առաջացնող նրբագեղություն են ճառագայթում: Նբրագեղություն, որն ավելի գեղեցիկ է, քան ինքըՙ գեղեցկությունը: Դիմանկարի այս վարպետ նկարչուհին նրբորեն ձեւափոխում է իր «Նուբիացի երկու դեմքերը»ՙ պատելով նրանց պայծառ լույսով եւ էսթետիկական արվեստի հազվագյուտ վառ գույներով»: Իսկ ամերիկահայ նշանավոր քանդակագործ Ռուբեն Նաքյանը, Բոստոնում նրա ցուցահանդեսը դիտելուց հետո, տպավորությունների մատյանում գրանցել էր. «Նորա Ազատյանի արվեստում ոչ մի բան կայուն, ստատիկ չէ, ամեն ինչ շնորհալի, նրբագեղ շարժման մեջ է»: Արվեստի դասավանդման բնագավառում Նորան կրքոտ էր ու խանդավառ: Նա միշտ որոնում էր երիտասարդ տաղանդների, որպեսզի կարողանար ճիշտ ուղիով առաջնորդել եւ նրանց ջամբել արվեստի հիմունքների իր փիլիսոփայությունը: Դասավանդման այս մեթոդը նա վերցրել էր Հերբերտ Ռիդի «Կրթությունը արվեստի միջոցով» գրքից, եւ դասավանդել էր «Լիսե Ֆրանսե» ֆրանսիական դպրոցում եւ Գալուստյան ազգային վարժարանում: Դետրոյթ տեղափոխվելուց հետո արվեստի միջոցով հայոց պատմություն էր դասավանդել ՀԲԸՄ-ի Ալեք եւ Մարի Մանուկյան վարժարանում: Նա երբեք իր արվեստը չի փառաբանել այնքան եռանդուն կերպով, ինչպես իր ուսանողներն են կատարել: Եգիպտոսում իր ուսանողները ոսկե մեդալների են արժանացել միջազգային մրցույթներում, Վարշավայում եւ Շանկարում (Հնդկաստան) ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած ցուցահանդեսներում: Դասավանդելուց բացի նա իր արվեստի ստուդիան էր բաց արել, որտեղ սովորել են առավել առաջադեմ ուսանողներ: Նա ամբողջովին, հոգով ու սրտով նվիրված էր եղել իր ուսանողների զարգացման գործին: Նա երբեք չի առանձնացրել տեսողական արվեստըՙ արվեստի մյուս արտահայտչամիջոցներից, որովհետեւ հավատացած է եղել, որ արվեստագետը համընդհանուր զարգացած մարդ պետք է լինիՙ լավատեղյակ երաժշտության, թատրոնի, օպերայի եւ այլ հարակից բնագավառների անցուդարձերին: Իր ուսանողներից շատերն են արհեստավարժ արվեստագետներ դարձել, բայց նա մասնավորապես հետեւել է երկու տաղանդավոր երիտասարդների միջազգային համբավի տիրանալու գործընթացին: Դրանցից մեկը Շանթ Ավետիսյանն է, մյուսըՙ Վարդենի Մոստիչյանը: Ավետիսյանի կյանքն ու ճակատագիրը բարդ է եղել, եւ Նորան է նրան փրկել կործանումից: Շանթը դժվար անցյալ է ունեցել, եղել է անկառավարելի, անկարգապահ, դպրոցից հեռացվելու աներկբա թեկնածու: Գալուստյան վարժարանի տնօրենությունը երբ հեռացման որոշում է ընդունել, Նորան ընդդիմացել է եւ հորդորել նրան պահել դպրոցումՙ ասելով. «Վաղը դուք Շանթով այնքան հպարտ կզգաք ձեզ, ինչպես զգացել եք ֆրանսահայ նկարիչ Գառզուի դեպքում»: Վերջինս նույնպես Գալուստյան վարժարանն էր ավարտել: Եվ, ով զարմանք, Շանթը տարիներ անց իրոք դարձավ Գառզուից ոչ պակաս համբավավոր: Նրա կտավներից մեկը այժմ մշտական ցուցադրության է դրված Լոնդոնի «Բրիտիշ» թանգարանում, իսկ երկուսն էլ զարդարում են Վաշինգտոնում գործող «Սմիթսոնյան» թանգարանի դահլիճներից մեկը: Նա փաստորեն արդարացրել է Նորայի կանխագուշակումը: Ֆրանսիական Լիսե-ում կատարողական արվեստ առարկան ուսումնասիրելու տարիներին Նորան կլանված ծանոթացել է ֆրանսիական դասական գրականության տիտանների հետ, իսկ հետագայում գերազանց տիրապետելով ֆրանսերենին, հաճախել ֆրանսիական թատերական մի խմբակ, որի հանձնարարությամբ էլ գխավոր դերեր է խաղացել Մոլիերի, Ռասինի եւ Կոռնելի դրամատիկական ստեղծագործություններում: Բայց դերասանական նրա գործունեությունը ավելի շատ կապված էր հայկական թատրոնի հետ, որտեղ նա դերեր ստանձնելուց բացի նաեւ պիեսներ է բեմադրել: Կահիրեի Հայ Գեղարվեստասիրաց միությանը կից գործում էր թատերական մի խմբակ արհեստավարժ կինոռեժիսոր Վահե Պոյաճյանի ղեկավարությամբ: Դերասանների մեծամասնությունը կա՛մ պրոֆեսիոնալ էր, կա՛մ էլ կիսա-պրոֆեսիոնալ: Հայերեն լեզվով դրամատիկական երկերի սակավության հետեւանքում, խումբը ձեռնամուխ էր լինում թարգմանել եվրոպացի դրամատուրգների ստեղծագործությունները: Նորան դերեր է ստանձնել Երվանդ Օտյանի (ֆրանկո-թրքական պատերազմ կամ Չարշըլը Արթին աղա), Շիրվանզադեի (Արմենուհի) եւ Միքայել Կյուրճյանի (Քսան տարի անց) պիեսներում: Նաեւ հայերենի թարգմանված Մարսել Պանյոլի (Թոպազ), Ալեխանդրո Կասոնայի (Ծառերը կանգուն են մահանում եւ Առանց ձկնորսի նավակը) եւ ուրիշների պիեսներում: Նա շատ խստապահանջ էր իր հանդեպ եւ այդ պատճառով էլ բեմի վրա նկատելի ներկայություն էր ապահովում: Եգիպտահայ դրամատուրգ Պարույր Մասիկյանը Նորայի ձայնը նմանեցրել է «սիմֆոնիկ նվագախմբում հոբոյի երաժշտական գործիքի ձայնին»: Կատարողական արվեստի մեկ այլՙ հայկական պոեզիայի արտասանության բնագավառում նա նույնպես աչքի էր ընկել բարձրագույն կատարելությամբ: Գրականությանը խորագիտակ լինելն ու դրամատիկական ընդունակություններ ունենալը նրան դարձրել էին հայկական պոեզիայի անգերազանցելի մեկնաբաններից մեկը: Նա մասնագիտացել էր հատկապես Վահան Թեքեյանի եւ Արշակ Չոբանյանի ստեղծագործությունների կատարման մեջ: Թեքեյանը նրա պապիՙ Միհրան Տամատյանի ընկերն էր եղել եւ հաճախ էր այցելել իրենց տուն: Բանաստեղծը ինքն էր Նորային սովորեցրել, թե ինչպես պետք է արտասանեն իր բանաստեղծությունները: Երեւանի «ԱԶԳ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը Նորայի մահվան առթիվ գրած իր մահախոսականում նշել էր, որ «Թեքեյանի «Հայու հոգին» կարծեք գրվել էր իր համար»: Նորան նաեւ Թեքեյանի դիմանկարն էր կտավին հանձնել: Նորայի ծնողները, տատն ու պապը Եգիպտոսի քաղաքական եւ թատերական կյանքի էլիտար ներկայացուցիչներն էին: Նրանց տունը շատ հաճախ գրական եւ թատերական գործիչների հանդիպման վայրն էր դարձել: Դրա հետեւանքում էլ Նորան այլ կենսաոճ չէր կարող պատկերացնել, եւ այդ ավանդույթը շարունակեց Կահիրեից հետո նաեւ Բոստոնում եւ Դետրոյթում: Նա Թեքեյան մշակութային Միության նախագահը դարձավ Դետրոյթում եւ 13 տարի շարունակ կազմակերպեց նկարչական ցուցահանդեսներ, թատերական բեմադրություններ, երաժշտական համերգներ եւ ճոխ ծննդյան տոներ: Նա նաեւ 30 տարի անընդմեջ ղեկավարել էր Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու գեղարվեստական հանձնախումբը եւ Զաբել Բելյանի, հանձնախմբի մյուս անդամների հետ հայկական արվեստը ներկայացրել Դետրոյթում: Նորան իր առաջին ամուսնությունից ունի մեկ որդիՙ դերասան եւ ռեժիսոր Ժիրայր Բաբազյանը (Փափազյան), որ շարունակում է ընթանալ մոր եւ գերդաստանի ընտրած ուղիով: Նորան երկրորդ անգամ ամուսնացել էր ճանաչված մտավորական Երվանդ Ազատյանի հետ, որին ընդամենը մի բան էր պակասումՙ լրացնելու համար Նորայի հետ իր համատեղ ներդաշնակ ու սիրավառ ընտանեկան կյանքը: Մինչ Նորան վիեննական վալսերի նրբագեղ կատարողն էր, Երվանդը պարել չգիտեր եւ չէր կարող դառնալ նրա զուգընկերը: Նորային վշտացնում էր այն, որ իրենց միասնական կյանքում հնարավոր չէր եղել գեթ մեկ անգամ միասին պարել պատշաճ կերպով, հակառակ որ իրենց համոզմունքներով եւ կենսակերպով կատարելապես համապատասխան զույգ էին: Այժմ երբ փակվում է նրա կյանքի վերջին էջը, նրա հիանալի արտասանությունների հիշողությունները ընդմիշտ կմնան բոլոր նրանց սրտերում, ովքեր առիթ են ունեցել ունկնդրելու նրան տարբեր հանդիսությունների ժամանակ: Նա շատերի կյանքն էր վերափոխել իր կարեկցությամբ, նրբազգացողությամբ եւ արժանապատիվ վերաբերմունքով: Նրանք բոլորն այժմ հիշում են Նորայի ազնվական ու արվեստագետին վայել անձնավորությանը, որն այնքան համեստորեն էր արտահայտված: |