RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23 > #029, 2021-08-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021



Տեղադրվել է` 2021-07-15 23:29:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2523, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄԸ ԵՎ ԻՐԱՆԸ

ՀՐԱՉ ՍՏԵՓԱՆՅԱՆ, Թեհրան

Հոդվածի հեղինակը ծանոթ է հայ եւ իրանցի ընթերցողներին, նաեւՙ իր մի քանի հոդվածներովՙ «Ազգ»ի ընթերցողներին, որոնք հետաքրքրությամբ են կարդացել տարածաշրջանային հրատապ խնդիրներին նվիրված նրա լուրջ եւ մասնագիտական վերլուծությունները, ինչպիսին է ստորեւ հրատարակվող հոդվածը:

Խմբ.

Անցյալ տարվա դեկտ.10-ին Բաքվում կազմակերպված հաղթանակի շքերթին Էրդողանի արտասանած ոտանավորը սթափեցրեց շատ իրանցիների: Ոտանավորը Արաքս գետի մասին էր, որն իբր անջատել է Իրանի Ատրպատականը Ադրբեջանի հանրապետությունից եւ հիմա ժամանակն է, որ այդ «բաժանված հայրենիքի» մասերը միավորվեն: Մինչեւ Էրդողանի ասմունքը արդեն մի քանի տասնամյակ էր ինչ պանթյուրքիստ քարոզիչները Իրանում ծավալած աշխատանքի արդյունքում կարողացել էին հասարակության մեջ ձեւավորել այն կարծիքը, թե հայերը դրսից են եկել Ղարաբաղ եւ այնտեղից դուրս քշել մեկ միլիոնից ավելի մուսուլմանների: Շատերին հավատացրել էին, որ հայերը վայելում են բովանդակ քրիստոնյա աշխարհի, ինչպես նաեւ Իսրայելի հովանավորությունը: Գյավուր հայերին Ադրբեջանի դեմ մի քիչ օգնում է Թուրքիան եւ հիմա պարտ է որ Իրանն էլ կանգնի Ադրբեջանի իր շիա եղբայրների կողքին: Սակայն Էրդողանի անտակտ հռետորաբանությունը ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց: Իրանում զգացին, որ Ղարաբաղից հետո հերթը Ատրպատականինն է, որ ծրագրված «Զանգեզուրի միջանցքով» Թուրքիան կարող է հասնել Կասպից ծով եւ Միջին Ասիա, որ ուրվագծվող մեծ Թուրանը կարող է շրջափակել Իրանը հյուսիսից եւ մեկուսացնել այն:

Վերջին ամիսներում Իրանում բազմաթիվ ուշագրավ հոդվածներ են հրատարակվել, որոնցում նորովի լուսաբանվում է իրանական տեսակետը 44-օրյա պատերազմի դրդապատճառների մասին: Օրինակՙ Եվրասիայի հարցերի ավագ փորձագետ դոկտ. Ահմադ Քազեմին գրում է, որ Արցախյան երկրորդ պատերազմը մեկնարկեց որպես Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի եւ Անգլիայի միասնական մեկ ծրագիրՙ նպատակ ունենալով չեզոքացնել Իրանի աշխարհաքաղաքական եւ մշակութային ազդեցությունը տարածաշրջանում, մասնավորապես Ադրբեջանում: Ծրագրված էր Սյունիքում գրավել Իրան-Հայաստան սահմանը, այնտեղից անցկացնել միջանցքՙ վերջնականապես միացնելով Թուրքիան Ադրբեջանին: Այնուհետեւ անցնել Միջին Ասիա եւ ստեղծել Մեծ Թուրանՙ Իրանին, Ռուսաստանին եւ Չինաստանին զսպելու համար: (Ի դեպ, Հայաստանում քաղաքական վերլուծաբանները 44-օրյա պատերազմը մեկնաբանելիս ընդհանրապես չեն տեսնում Անգլիայի դերը, կամ իրենց չտեսնելու են տալիս):

Ներկայումս Իրանի նկատմամբ պանթյուրքիստների հիմնական նպատակը ատրպատականցիներին Իրանից անջատելը եւ երկիրը ապակայունացնելն է: Պանթյուրքիստները համարում են, որ թրքախոսները կազմում են Իրանի բնակչության կեսը, իսկ մնացյալը պարսիկներ եւ այլ ազգություններ են: Ուրեմն, ըստ պանթյուրքիստների, Իրանում մեծամասնություն է թյուրք տարրը, որն իբր հնուց անտի բնակվում է այս երկրում, բայց հիմա գտնվում է մի բուռ պարսիկների գերիշխանության տակ: Սակայն այլ է բնակչության իրական պատկերը. Իրանի բոլոր թրքախոսները( ազերիներ, թուրքմեններ, ղաշղայիներ եւ այլն) կազմում են բնակչության շուրջ 20 տոկոսը, ընդ որում, ազերիները թրքախոս են դարձել վերջին դարերում ( օրինակՙ գրավոր փաստ կա, որ 400 տարի առաջ Թավրիզի բնակչության խոսակցական լեզուն եղել է իրանական, ինչպես թալիշերենը, թաթերենը, քրդերենը եւ այլն):

Իրանի պարսկախոսներից եւ թրքախոսներից բացի, երկրում բնակվում են ավելի քան տաս ոչ-պարսիկ եւ ոչ-թուրք իրանալեզու էթնիկ ցեղեր: Կան նաեւ արաբներ: Պատմության ընթացքում «Իրան»ը եղել է հենց այդ բազմազան ցեղերի ընդհանրական հայրենիքը, ուր նրանք հազարամյակներ ապրել են կողք-կողքի եւ հարստացնելով միմյանց լեզուն ու մշակույթըՙ ստեղծել են իրանական ընդհանրական մշակույթը, որի հիմքը իրանցիների ինքնատիպ աշխարհայացքն է: Այդ մշակույթը լավագույնս արտացոլված է պարսկերեն պոեզիայում, որը ոչ միայն լայն տարածում է ունեցել Իրանում բնակվող ցեղերի, այլեւ Իրանի շրջապատի ժողովուրդների մեջ (որպես օրինակ կարող ենք հիշել պարսկերեն բանաստեղծության խոր ազդեցությունը միջին դարերի հայ տաղերգուների մոտ): Այդպիսով է ահա, որ 1200-ամյա արդի գրական պարսկերենը շրջապատի ժողովուրդների բնական ընտրության արդյունքում դարձել է տարածաշրջանի միջցեղային հաղորդակցական լեզու: Հասկանալի է նաեւ, որ երբ առաջացավ պանթյուրքիզմի գաղափարաբանությունը, պանթյուրքիստ գործիչների առաջին անելիքը հենց Իրանի եւ մասնավորապես պարսկերենի ազդեցության վերացումն էր ապագա «Թուրանի» տարածքում, որին, ըստ իրենց, պիտի փոխարիներ թուրքերենը: Դա բնականաբար հանդիպեց իրանական մշակույթով ապրող իրանցիների դիմադրությանը: Պանթյուրքիզմ-Իրան դիմակայությունը նկատելի էր հատկապես Ատրպատականում, որ թրքախոս լինելով հանդերձ, արդեն դարավոր պայքարի ավադույթ ուներ Օսմանյան ծավալապաշտության դեմ: Այդ դիմակայությունը դրսեւորվել է նաեւ հետագա տարիներում, որին կանդրադառնանք ստորեւ:

Ղաջար թագավորների ժամանակաշրջան

20-րդ դարի սկզբին Իրանի Ղաջարական թագավորությունը գտնվում էր իր ամենաթույլ վիճակում: Միջին Արեւելքում իշխելու համար շարունակվում էր Ռուսաստանի եւ Անգլիայի մրցակցությունը: 1907 թվին նրանք Իրանը բաժանել էին իրենց միջեւՙ ստեղծելով ազդեցության գոտիներ: Այդ ժամանակ Թուրքիայի Սուլթան Համիդը գրավեց Ատրպատականի որոշ շրջաններ, հասկացնելով որ Թուրքիան եւս իր բաժինն է ուզում Իրանի բաժանումից: Երբ 1908-ին երիտթուրքերը Թուրքիայում եկան իշխանության, թուրք բանակը պահեցին Իրանում: Բայց եթե Սուլթան Համիդը որպես մուսուլմանների խալիֆ ձգտում էր Ատրպատականը ներառել իր Օսմանական Խալիֆաթի մեջ, ապա երիտթուրքերը, որպես պանթյուրքիստներՙ ցանկանում էին Ատրպատականը տեսնել իրենց ապագա Թուրանի կազմում: Սրանք գրավյալ շրջաններում բաց արին դպրոցներ, ուր դասավանդում էին թուրքերենով, բայց բնակիչները բողոքեցին պահանջելով դասավանդել պարսկերենով: Բալկանյան պատերազմի բերումով Թուրքիան իր բանակը հետ կանչեց Իրանից, սակայն Առաջին համաշխարհային պատերազմում երկու անգամ (1914-ին եւ 1918-ին) գրավեց Թավրիզը: Երկրորդ գրավման ժամանակ Իրանի Ատրպատական եւ Գիլան նահանգներում բռնկվել էին ժողովրդական շարժումներ, որոնց նպատակը ոչ միայն իրենց նահանգի, այլեւ ամբողջ իրանյան հայրենիքի ազատագրումն էր նեխած վարչակարգից: Նույնիսկ այդպիսի ժամանակ էլ ատրպատականցիները դիմադրում էին Օսմանյան բռնագրավիչներին, այնպես որ օսմանցիք պարտավորվածՙ Ատրպատականի շարժման առաջնորդ Շեյխ Խիաբանիին աքսորեցին Կարս, հայտարարելով որ նա հայերի հետ միացել եւ պայքայում էր Իսլամական բանակի (այսինքնՙ օսմացիների) դեմ: Պատերազմից հետո Խիաբանին վերադարձավ Թավրիզ, բայց հիմա էլ պիտի դիմադրեր պանթյուրքիստ մուսավաթականների նորաստեղծ Ադրբեջանի սադրանքներին: Թավրիզեցի հայտնի պատմաբան Ահմադ Քասրավին, որպես դեպքերի ականատես, գրում է, որ Խիաբանին եւ իր համախոհները տեսնելով որ Ատրպատականի թուրքերեն լեզուն պատրվակ է դարձել Ատրպատականը Իրանից անջատելու համար, որոշեցին հատկապես զարկ տալ պարսկերենին եւ այնուհետեւ Ատրպատականի հիմնարկներում եւ դպրոցներում օգտագործել միայն պարսկերենը: Նրանք նույնիսկ շեշտելու համար իրենց նահանգի (Իրանի Ազերբայջանի) տարբեր լինելը Ադրբեջանի հանրապետությունից, որոշեցին նահանգին տալ նոր անունՙ Ազադիստան:

Մինչ այս մինչ այն Անգլիան, մտահոգվածՙ որ Ատրպատականի եւ Գիլանի ապստամբ շրջանները կարող են կուլ գնալ սովետներին, 1921թ. փետր. 21-ին Իրանում գործուղված իր սպաների հովանավորությամբ մի պետական հարված կազմակերպեց եւ երկիրը կայունացնելու գործը հանձնեց գեներալ Ռեզա խանին, որ մի քանի տարի անց գահընկեց արեց Ղաջար Ահմադ Շահին եւ ինքը դարձավ թագավոր, կոչվելով Ռեզա Շահ Փահլավի:

Փահլավի թագավորների ժամանակաշրջան

Ռեզա խանի պետական հարվածը Իրանում բացասական արձագանք ունեցավ Թուրքիայում: Պանթյուրքիստներին պետք էր փլուզման եզրին հասած Իրան, որից մի բաժին էլ հասներ Թուրքիային: Բայց հիմա բռնապետ Ռեզա խանը կարող էր կայունացնել երկիրը, եւ դա ձեռնտու չէր պանթյուրքիստներին: Երբ Ղաջար վերջին թագավոր Ահմադ Շահը աքսորի գնալիս անցնում էր Թուրքիայով, այստեղ նրան օգնություն առաջարկեցին, որպեսզի նա վերատիրանա իր թագավորությանը, բայց երիտասարդ Շահը մերժեց այն:

Հայաստանին հաղթած եւ սովետների հետ «բարեկամացած» հակակոմունիստ Կարաբեքիր փաշան Էրզրումի իր նստավայրից այժմ ծրագիր էր մշակում Իրանի դեմ: Նրա հրահանգով Ուրմիայում եւ Ատրպատականի այլ վայրերում աշխույժ աշխատանք էին ծավալել «թուրք օջախները»: Իսկ Թուրքիայում պանթյուրքիստ գործիչները թերթերով եւ ճառերով լայն քարոզչություն էին սկսել Իրանի դեմ: Դա պատասխան հսկայական ալիք բարձրացրեց Իրանի մտավորականների մոտ, որոնք գրեթե բոլորն էլ ատրպատականցիներ էին եւ հանդես էին գալիս ի պաշտպանություն իրանյան հայրենիքի:

Թուրքիայի եւ Իրանի միջեւ առկա էին հնուց մնացած սահմանային վեճեր, որոնցից ամենակարեւորը 800 քկ Կարասու կոչված ելուստային տարածքն էրՙՓոքր Մասիսից հյուսիսՙ Արաքս գետի եւ Կարասու գետակի արանքում: Այդ տարածքով այսօր Թուրքիան ցամաքային սահման ունի Նախիջեւանի հետ: Հաճախ գրվում է, թե այդ ելուստը Իրանից Թուրքիային է անցել 1932 թվին, ոմանք էլ վկայակոչելով Ալեքսանդրապոլի, Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերում նշված հայ-թուրքական սահմանը, պնդում են որ դա Թուրքիայի կազմում է դեռեւս 1920 թվից: Եղելությունը հետեւյալն է.

Թուրքմենչայի պայմանագրով Իրանից Ռուսաստանին անցավ Սուրմալուի գավառը, դրա հետ միասին նաեւ Կարասուի տարածքը, սակայն Իրանը համարում էր, որ Կարասուն Մակուի խանության մի մասն է եւ ուրեմն պատկանում է Իրանին: Հարցը մնաց չլուծված Ռուսաստանի եւ Իրանի միջեւ: 1917 թվին ռուսական զորքերիՙ Անդրկովկասից հեռանալուց հետո, Մակուի խանը գրավեց Կարասուն: 1920թ. հայ-թուրքական պատերազմի արդյունքում Թուրքիան տիրացավ Սուրմալուին եւ իրենը համարեց նաեւ Կարասուն եւ ըստ այդմ հաղթված հայերին թելադրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, Թուրքիայի սահմաններում նշելով Կարասուի տարածքը: Այն օրերին թույլ եւ անտիրական Իրանի կարծիքը հաշվի առնող չկար: Այդ սահմանագծումը նույնությամբ նշվեց նաեւ 1921թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերում, այդուհանդերձ Իրանի համար Կարասուի հարցը շարունակում էր մնալ չլուծվածՙ այժմ Թուրքիայի եւ Իրանի միջեւ: Սկզբում Ռեզա խանը հրահանգել էրՙ Կարասուն ձեռքից չտալ, սակայն 1924 թվին, անհայտ պատճառներով, թերեւս պանթյուրքիզմի մշտական հովանավոր անգլիացիների խորհրդով, միանգամից կարգադրեց Կարասուն թողնել Թուրքիային եւ հարցը փակել: Այսպիսով Կարասուն անցավ Թուրքիային, մինչեւ որ 1932 թ. Իրան-Թուրքիա սահմանային պայմանագրով Կարասուն, Փոքր Մասիսի արեւելյան լանջի հետ միասին, պաշտոնապես ճանաչվեց որպես Թուրքիայի տարածք:

Ռեզա Շահի որոշումը, գիտակցությամբ արված լինի դա թե տգիտությամբ, մեծագույն նվեր էր պանթյուրքիստներին, որով նրանք Իրանի հյուսիսում պանթյուրքական գոտի ստեղծելու հիմքը դրին: Այս օրերին, երբ այդ գոտի-ճանապարհը կենաց-մահու խնդիր է դարձել թե՛ Հայաստանի, թե՛ պանթյուրքիզմի համար, Իրանը եւս կանխատեսում է դրա հոռի հետեւանքները իր երկրի վրա: Վերոնշյալ դոկտ. Քազեմին, խոսելով «պանթյուրքական աշխարհագրական միջանցք» ստեղծվելու հավանականության մասին շեշտում է, որ այդ «միջանցքի հիմնաքարը դրվել է 1924 թվին, Ռեզա Շահի դավաճանության հետեւանքով»:

1925 թվին Ռեզա Շահը պաշտոնապես հայտարարվեց Իրանի թագավոր, իսկ Թուրքիայում 1926 թվին Քեմալ փաշան (ապագա Աթաթուրքը) կարողացավ ներքին հակառակորդներին չեզոքացնելով դառնալ Թուրքիայի միահեծան ղեկավար: Այստեղից էլ սկսվում է երկու բռնապետների փոխըմբռնումը եւ համագործակցությունը: Թուրքիայի պանթյուրքիստների հակաիրան քարոզչությունը եւ Իրանի հակաթուրքիա պատասխանը դադարեցին: Աթաթուրքը իրատես լինելով անհեռանկար էր համարում արտասահմանի թուրքերին ազատագրելու համար պանթյուրքական գործունեություն ծավալելը: Ուստի ձեռնամուխ եղավ պանթյուրքիզմի նախնական փուլի իրականացմանը իր երկրի ներսում, այն էՙ Թուրքիան դարձնել համատարած թրքական երկիր մեկ եւ միակ ազգով եւ մեկ լեզվովՙ թուրքերենով: Իրանում եւս Ռեզա Շահը, թերեւս ընդօրինակելով Աթաթուրքին, լծվեց Իրանում մեկ ազգ եւ մեկՙ պարսկերեն լեզու հաստատելու գործին, թեկուզեւ ինքը ոչ- պարսիկ իրանցիներից էր: Բռնակալ թագավորը փաստորեն արգելեց երկրում ինքնաբուխ ծավալվող իրանական հայրենասիրությունը եւ այն փոխարինեց պարսկական նացիոնալիզմով, որն անհարիր էր Իրանի բազմահազարամյա մշակույթին եւ պատմության ընթացքին: Իրանի ոչ պարսկախոս շրջանների դպրոցներում եւ հիմնարկներում արգելվեց տեղական էթնիկ լեզուների գործածությունը (արգելվեց նաեւ հայոց դպրոցներում հայերենի դասավանդումը): Այս սահմանափակումները, որոնք պարտադրվում էին բռնությամբ, վիրավորական էին ոչ-պարսիկ իրանցիների (օրինակՙ թրքախոս ազերիների) համար: Եվ արդյունքում պարսկերենը, որ դարերով պարսիկների եւ հարեւան ցեղերի ու ժողովուրդների մոտ համարվել է սիրո եւ մշակույթի լեզու, այժմ զուգորդվում էր բռնատիրական վարչակարգի հետ եւ կորցնում իր հմայքը:

Աթաթուրքի եւ Ռեզա Շահի սկսած բարեկամությունը շարունակվեց Իրանի եւ Թուրքիայի միջեւ հետագա տարիներին: Նրանց միավորում էր հակակոմունիզմը եւ հակասովետ Արեւմուտքի հովանին: Իրան-պանթյուրքիզմ հարաբերությունները որոշ վայրիվերումներ ունեցան սառը պատերազմի տարիներին:

Սառը պատերազմի սկզբին Թուրքիան տեղ գտավ Արեւմուտքի հակասովետական ճամբարում, որին հետեւեց աջ ծայրահեղական խմբակների, ի շարս որոնցՙ պանթյուրքիստների, աշխուժացումը երկրում: 1945 թվին, սովետների հովանավորությամբ Ատրպատականում ստեղծվեց ինքնավար իշխանություն, որը գոյատեւեց մեկ տարի: Այդ ընթացքում Սով. Ադրբեջանից գործուղված գործակալները վխտում էին Ատրպատականում ( ըստ իրենցՙ Հարավային Ադրբեջանում) տարածելով միացյալ Ադրբեջանի գաղափարը: Համենայն դեպս, Ատրպատականի շարժման մասնակիցների մեծ մասը ավելի հրապուրված էր Մոսկվայից շեփորվող միջազգային կոմունիզմի լոզունգներով, քան Բաքվից քարոզվող ազգայնականությամբ:

Թուրքիայում ուշադիր հետեւում էին Ատրպատականի դեպքերին: Թուրքիայի սրտովը չէր, որ Ատրպատականի ինքնավար իշխանությունը կապվի Սովետական Միությանը, կամ նույնիսկ լեզու գտնի Թեհրանի հետ: Թուքիան հույս ուներ Ատրպատականի շարժումը շեղել դեպի պանթյուրքիզմ եւ առ այդ հրահանգել էր Թավրիզի եւ Ուրմիայի իր հյուպատոսարաններինՙ գործի լծել Ատրպատականում ծվարած մուսավաթական վտարանդիներինՙ պանթյուրքիստական քարոզչություն տանելու համար: Ատրպատականի շարժման ղեկավար Փիշեվարին Թուրքիայի սադրիչ կեցվածքի մասին մի հոդվածում գրում է.

«Պառակտում հրահրելու մեջ ամենաեռանդունը ռադիո Անկարան է... Մենք մեր դեմոկրատական շարժման հենց սկզբում գրեցինքՙ օսմանլու էֆենդիները թող իզուր ախորժակ չսրեն, այս թաղիքից նրանց համար գլխարկ չի կարվի: Ազերբայջանը [Ատրպատականը] ինչ էլ որ ուզի, այն ուզենալու է Իրանի սահմաններում մնալու պայմանով: Որքան ամրապնդվում է մեր փոխըմբռնումը մեր կենտրոնական [Թեհրանի] կառավարության հետ, այնքան սաստկանում է Անկարայի անհանգստությունն ու տագնապը... Մենք նպատակ չունենք Ազերբայջանի ժողովրդին անջատել Իրանից: Թող թուրքերը դա իմանան եւ իրենց դավաճանական ձայնը կտրեն եւ մեզ հանգիստ թողնեն... Մենք հազարավոր փաստեր ունենք որ ուզում ենք մնալ Իրանի հետ եւ մասնակից դառնալ Իրանի ժողովրդի ճակատագրին: Թուրքերը եւ մորից ավելի բարի մյուս դայակները թող վստահ լինենՙ Ազերբայջանը Իրանից բաժանվելու ձգտում չունի եւ չի էլ ունենալու:

Ամերիկան խրախուսում էր Թուրքիայինՙ զարկ տալ պանթյուրքական քարոզչությանըՙ հանդես գալով որպես Սովետական Միության թրքալեզու ժողովուրդների պաշտպան: Իսկ Թուրքիայի պանթյուրքիստները, յուրովի մեկնաբանելով Ատրպատականի անցուդարձը, փորձում էին Ամերիկային համոզել, թե Ատրպատականը ձգտում է անկախության, հետեւաբար Ամերիկան պիտի օգնի նրանց որ կարողանան անջատվել Իրանից: Սակայն Արեւմուտքը, սառը պատերազմի թեժացման պայմաններում ծրագրել էր իր տարածաշրջանային դաշնակիցներից ստեղծել հակասովետական դաշինք: Եվ 1954 թվին Թուրքիան, Իրանը, Իրաքը, Պակիստանը եւ միջինարեւելյան գաղութատեր Անգլիան «Բաղդադի պայմանագրով» ճակատ կազմեցին Սովետական Միության հարավում: Այսպիսով Թուրքիայի եւ Իրանի միջեւ հաստատվեց համագործակցություն: Երկու երկրների քաղաքական ուղղությունը հակակոմունիզմն էր. ըստ այդմ էլ Թուրքիայի պանթյուրքիստների քարոզչության նշանաբանն էրՙ կոմունիստական երկրների «գերի թյուրքերի» ազատագրումը եւ հազվադեպ էր խոսվում Իրանի թյուրքերի մասին: Իրանում եւս Թուրքիայի կողմնակից պանթյուրքիստները հատ ու կենտ էին: Կային ձախակողմյան տարբեր խմբեր (սովետասեր, մաոիստ, տրոցկիստ եւ այլն), որոնք պաշտպանում էին ազերիների «ազգային» իրավունքները պարսիկների դեմ, բայց, համենայն դեպս, Թուրքիայի կողմնակից չէին:

Իրանի Իսլամական Հեղափոխությունից հետո

Իսլամական Հեղափոխությունից հետո, երբ Իրանը դուրս եկավ ամերիկյան հովանուց, փոխվեց Թուրքիայի «բարեկամական» կեցվածքը Իրանի հանդեպ: Թուրքիան դարձավ Իրանի թագավորապաշտ եւ արեւմտամետ տարրերի հավաքավայր: Մյուս կողմից Սով. Ադրբեջանը ավելի ազատորեն Ատրպատականում տարածում էր «միացյալ Ադրբեջանի» գաղափարը: Սակայն Ատրպատականում այժմ քարոզվում էր նաեւ Իսլամական Հեղափոխության գաղափարաբանությունը, որը դեմ էր բոլոր եւ ամեն տեսակ նացիոնալիզմներին: Ըստ Հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիիՙ բոլոր մուսուլմանները կազմում են մեկ համայնք (ումմեթ). նա շեշտում էր, որ ազգայնականությունը հակառակ է Իսլամին, որպես օրինակ նշելով պանիրանիզմը եւ պանարաբիզմը: Այդ մթնոլորտում էլ վերացավ նախկին թագավորական վարչակարգի հօրինած պարսկական կեղծ նացիոնալիզմը: Իսկ Ադրբեջանի գործիչները Ատրպատականում շարունակում էին քարոզել «հարավային եւ հյուսիսային Ադրբեջանների» միացման գաղափարը: Նույնիսկ Սով. Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիեւը 1981 թվին մի խումբ օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ հայտնում էր ադրբեջանցիների փափագը երկու Ադրբեջանների միաորման մասին: Երբ Ատրպատականում ակտիվ խմբերի կողմից արդեն բացեիբաց հնչում էին անջատողական կոչեր, Իրանի կառավարությունը կտրուկ միջամտեց եւ դադարեցրեց այդ խմբերի գործունեությունը երկրում:

Ատրպատականցիների ինքնակամ լայն մասնակցությունը Իրան-Իրաք ութամյա պատերազմին ի պաշտպանություն իրանյան հայրենիքի (որը նաեւ շիա կրոնի միջնաբերդ է համարվում) ցույց տվեց, որ հեղափոխության բերած գաղափարը ազերիների կողմից ավելի սրտամոտ է ընդունվել, քան պանթյուրքական կամ ազերի ազգայնական քարոզչությունը:

Սովետական Միության փլուզման գործընթացի սկզբին Ադրբեջանում առաջացած բազմաթիվ ազգայնական խմբակների մեջ առավել կազմակերպվածը «Ազգային Ճակատն» էր, որի շարքերում հավաքվել էին արեւմտամետներ եւ պանթյուրքիստներ: Ճակատի հիմնական նպատակը, ըստ նրա ղեկավար Էլչիբեյի , Արաքսի երկու կողմի ադրբեջանցիների միավորումն էր: Էլչիբեյը հայտարարում էր, որ «Ազգային Ճակատը» Իրանում եւ Թուրքիայում ունի միլիոնավոր կողմնակիցներ: 1991թ. ազգայնականությամբ գրգռված խմբերը քանդեցին Իրան-Ադրբեջան սահմանային արգելքները (ըստ իրենցՙ Բեռլինի պատի տարբերակ Ադրբեջանի պատը) եւ Արաքսն անցնելով մտան Ատրպատական, հույս ունենալով գրգռել տեղի բնակիչներին: Ստեղծված մթնոլորտում աճում էր արեւմտամետությունը եւ թրքամետությունը: Սով. Ադրբեջանի մեծ թվով կոմունիստ մտավորականներ եւ պատմաբաններ արագորեն գույն փոխելով դարձել էին թունդ ազգայնականներ (ինչպես Հայաստանում), որոնք այժմ դաստիարակում էին զգացմունքներով եւ երազներով տարված ամբոխ: Ահա այստեղ էր, որ Սով. Ադրբեջանի տարիների ղեկավար Ալիեւը հրաժարվեց կոմկուսից, հայտարարելով որ այժմ Ադրբեջանի ողջ հույսը Թուրքիան է:

Մինչ Էլչիբեյը զբաղված էր Ադրբեջանի ժողովրդին մեծ Ադրբեջանի եւ մեծ Թուրանի երազների մեջ ճոճելով, անդին Լոնդոնում ստորագրության էր պատրաստվում Ադրբեջանի նավթային պայմանագիր: Բայց այդ ժամանակ Ադրբեջանի վիճակը խառնվեց. Էլչիբեյն ընկավ, վերջին հաղթողը եղավ Ալիեւը եւ այժմ որպես հավատացյալ ազգայնական նորից դարձավ Ադրբեջանի ղեկավար եւ ինքը ստորագրեց նավթի վերաբերյալ «դարի պայմանագիրը»:

Հակաիրան դիրքորոշում պահեցին նաեւ Հեյդար Ալիեւը եւ նրա որդի Իլհամ Ալիեւը: Սրա օրոք Բաքվում հիմնվել են «Հարավային Ադրբեջանի» ազատագրության կազմակերպություններ: Ատրպատականում ուղղակիորեն պանթյուրքիստական գործունեություն է ծավալում նաեւ Թուրքիան: Օրինակ աշխատանք է տարվում Թավրիզի ֆուտբոլային թիմի կողմնակիցների մեջ, նրանց մղելով որ թիմի մրցությունները ներկայացնեն որպես թուրք-պարսիկ հակամարտություն: Այդ մրցություններին հնչեցնում են ազգայնական լոզունգներ, մատներով գորշ գայլի նշաններ են անում եւ նույնիսկ Թուրքիայի դրոշ են բարձրացնում:

Կանխատեսվող ապագան

Հնարավո՞ր է արդյոք պանթյուրքիզմի իրականացումը եւ կապվո՞ւմ է դա արդյոք պանթյուրքիզմ-Իրան հակադրությանը: Այդ կապակցությամբ ուշադրության արժանի կանխատեսում է արել Էլչիբեյը: 1991 թվին, Սով.Միության փլուզման գահավեժ ընթացքում նա ասել է.

«Արեւելքի եւ Արեւմուտքի թուրքերի միացման ճամբին երկու կարեւոր դարպաս կա. մեկը Բաքուն, մյուսը Թավրիզը: Բաքվի դարպասը ահա բացվելու վրա է, սակայն առանց Թավրիզի դարպասի բացվելու ոչ մի հարց չի լուծվի:

Իրոք Բաքվի դարպասը բացվեց եւ ինքը Էլչիբեյը դարձավ Ադրբեջանի նախագահ: Թավրիզի դարպասի բացման համար Էլչիբեյի հույսը Արեւմուտքն էր. ըստ նրաՙ «շուտով Արեւմուտքը Իրանին կպարտադրի դեմոկրատական փոփոխություններ կատարել: Դեմոկրատիան կկործանի Իրանի Կայսրությունը, որով կստեղծվի իրական հեռանկար Ադրբեջանի անկախացման եւ միավորման համար»: Էլչիբեյը շատ մոտ էր տեսնում դրա իրականացումը. «մինչեւ 2-3 տարի մեր եռագույնՙ կապույտ-կարմիր- կանաչ դրոշը կծածանվի միացյալ Ադրբեջանում»:

Անցել է 30 տարի, եւ Արեւմուտքը ամեն տեսակ սանկցիաներ կիրառելով հանդերձ չի կարողացել ծնկի բերել Իրանը: Պատճառը Իրանի զինուժը եւ Իրանի մշակութային ուժն է: Այժմ ծրագրվում է սահմանափակել նաեւ հարավ-հյուսիս եւ արեւելք-արեւմուտք տարանցիկ ճանապարհ լինելու Իրանի աշխարհագրական դիրքի առավելությունը:

Այդ ուղղությամբ արդեն գործում է «Լաջիվարդի ճանապարհը» Աֆղանստանից Թուրքմենստան, Կասպից ծով, Բաքու ու մինչեւ Վրաստանի Սեւծովյան ափ: Մյուս կողմից, նորից առաջ է քաշվել «Զանգեզուրի միջանցքը»: 1992 թվին Արեւմուտքը եւ Թուրքիան առաջարկեցին Մեղրին փոխանակել Ղարաբաղի հետ: Այդ ծրագիրը ավելի Իրանի դեմ էր, քան Հայաստանի: Նույն տարում կայացած Թուրքիայի կուսակցությունների խորհրդակցական հանդիպմանը «Մայր հայրենիք» կուսակցությունից Մ. Յըլմազը հայտնեց. «Ադրբեջանում, Նախիջեւանում եւ Թուրքմենստանում Իրանի ազդեցության դեմն առնելը պետք է լինի մեր քաղաքանության առաջնահերթությունը Կովկասում եւ Միջին Ասիայում»: Ավելի կտրուկ արտահայտվեց Թուրքիայի «ձախ դեմոկրատական» առաջնորդ Բ.Էջեւիթըՙ«քանի դեռ Իրանն ու Հայաստանը Արաքսի վրա կամուրջ գցելով չեն միացել իրար, մենք պետք է գրավենք Հայաստանի հարավը... եթե հարկ լինի նաեւ պատերազմով. այդ գործում մեզ կօգնեն ամերիկյան եւ եւրոպական մեր բարեկամները»:

Այն ժամանակ Իրանը տեսնելով Մեղրիի փոխանակման ծրագրի մութ ծալքերը, հակառակեց դրա հետ: Այսօր էլ Իրանը իր համար կարմիր գիծ է համարում Հայաստանի սուվերենության փոփոխությունը Իրանին սահմանակից Սյունիքում: Այսպիսով Իրան-Հայաստան սահմանի փոփոխություն դժվար թե ստացվի: Պանթյուրքիստների համար մնացել է նոր թափով Ատրպատականում իրանական մշակույթի վերացման քարոզչությունը: Անջատողական որոշ խմբակներ շարունակ կրկնում եւ տարածում են «ես իրանցի չեմ» արտահայտությունը, ներշնչելով ատրպատականցիներին, որ իրենք մաս են կազմում Թուրքիայի կամ Ադրբեջանի, բայց ոչ երբեք Իրանի ժողովրդի: Նսեմացվում են Իրանի մշակութային մեծերը, օրինակՙ Ֆիրդուսին (դեռեւս երիտթուրքերի ժամանակ պանթյուրքիստները ամենաթունդ հարձակման էին ենթարկում Իրան-Թուրան պատերազմների դյուցազներգու Ֆիրդուսուն): Մշտապես խոսում են պարսիկների գերիշխանության եւ ազերի թուրքերի ճնշվածության մասին: Իրականություն է սակայն, որ Իրանում չկա պարսկական նացիոնալիզմ, չկա խտրականություն ազերիների հանդեպ: Ազերի թուրքերը լիովին ընդգրված են Իրանի տնտեսական եւ հասարակական կյանքում որպես լիիրավ քաղաքացիներ: Իրանի ամենաբարձր ղեկավարության մեջ մեծ թիվ են կազմում ազերիները: Երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ազերի է (նա սերում է Թավրիզի մոտ գտնվող Խամենե ավանից): Կրկնենքՙ երկրում չկա ազգային-ցեղային խտրականություն, սակայն առկա են որոշ սահմանափակումներ սուննի մուսուլմանների նկատմամբ եւ դա գալիս է ոչ թե շիա հոգեւորականների կողմից, այլՙ կրոնը իշխելու համար շահագործող մեծամիտ բյուրոկրատների: Այդպես եղել է նաեւ նախկինում, երբ երկար դարեր Իրանում սուննի իշխանավորները կրոնը մահակ դարձրած հալածել են շիաներին. ավելի առաջ, երբ Սասանյան որոշ արքաներ զրադաշտական կրոնի հովանավորի պատմուճան հագած ճնշել են ոչ- զրադաշտականներին:

Դառնանք բուն նյութին: 20-րդ դարի սկզբին, նոր ձեւավորվող պանթյուրքիզմի գաղափարաբանությունը նպատակ դրեց ապագա Թուրանի տարածքում վերացնել իրանական մշակույթը, բայց մինչեւ հիմա լիովին չի հասել իր նպատակին: Թեկուզ այս ընթացքում պանթյուրքիստները գրավել են տարածքներ, իրագործել են ցեղասպանություններ, նույնիսկ վաղը կարող են քաղաքական առեւտրով Ռուսաստանից եւ Չինաստանից մի կերպ կորզել իրենց ուզածը, սակայն իրանական մշակույթը մնացել է չհաղթահարված: Եթե նույնիսկ Իրանը չխանգարի իր տարածքից դուրս պանթյուրքիզմի ծավալապաշտությունը, դարձյալ ինքըՙ պանթյուրքիզմն է, որ գործ ունի Իրանի հետ, ինչպես որ այժմ մտադիր է շրջափակել Իրանը հյուսիսից: Որովհետեւ ինչպես Էլչիբեյն է կանխատեսել, առանց Թավրիզի դարպասին տիրելու Թուրան չի ստեղծվի: Ներկայումս պանթյուրքիզմը, Սիոնիզմի եւ Արեւմուտքի հետ միասին, Իրանի մասնատման ծրագիր է մշակում, ջիհադիստ վարձկաններ է բերել Արաքսի հյուսիսային ափ, միջանցք է ուզում անցկացնել Մեղրիով: Եվ դեռ աչք ունի Կասպից ծովի վրա, որի իրանական ափը եւս ներառվում է մեծ Թուրանի շատ քարտեզներում: Ժամանակին մեծ Ադրբեջանի եւ Թուրանի ստրատեգ Ռասուլզադեն ասել էրՙ «Կասպից ծովը պիտի լինի մեր ներքին լիճը»: Այսպիսով ինքըՙ պանթյուրքիզմն է, որ անխուսափելի է դարձնում պանթյուրքիզմ-Իրան դիմակայությունը: Այդ դիմակայության վերջում հաղթական դուրս կգա հազարամյա Իրանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ