ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ Հ.Ծ. Թուրքական ծայրահեղ ազգայնամոլական Գորշ գայլերի ներկայացուցիչները գործում են նաեւ Վրաստանում մարդասիրական (Մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, եւայլն) կազմակերպությունների քողի ներքո, տեղեկացնում է Թբիլիսիից փորձագետ-լրագրող Իոսիֆ Զաալիշվիլին , օրինակ բերելով «Թուրքական մարդասիրական օգնության հիմնադրամ» (IHH) ոչ կառավարական կազմակերպությունը, որը «ներկայանում է որպես մարդու իրավունքների պաշտպան, բայց իրականում ահաբեկչական կազմակերպություն է», գրում է Զաալիշվիլին: Այդ հիմնադրամը Վրաստանում եւ Ադրբեջանում զբաղվում է մահմեդականներին հավաքագրելով, որպեսզի հետագայում լրացնեն Գորշ գայլերի շարքերը: «Նրանց ցանցաէջում հստակ նշված է, որ մարդասիրական բեռներ են տեղափոխում Աջարիա, Պանկիսի եւ այլ վայրերՙ հատկապես մահմեդական տոների ժամանակ», գրում է լրագրողը, որ գտնում է, թե թուրքական բիզնեսն ու անտոկոս գրավադրությունները աստիճանաբար, բայց նաեւ աներկբայորեն փոխում են իրավիճակը Վրաստանում եւ ճանապարհ հարթում դեպի պանթուրքիզմի ծավալապաշտական նկրտումներ: Նա կոչ է անում իշխանություններին զգոն լինել Թուրքիայից եկող սպառնալիքներին. «Ժողովրդավարական Վրաստանը հարաբերություններ չպետք է ունենա մի երկրի հետ, որ պաշտպանում է ահաբեկչությունը եւ արժանի չէ ՆԱՏՕ-ի անդամ երկիր լինելու», նշում է Զաալիշվիլին եւ առաջարկում վերացնել առանց վիզայի դեպի այդ երկիրը եւ հակառակ ուղղությամբ ճանապարհորդությունները, որպեսզի Վրաստանը զերծ մնա ցնցումներից: «Միջազգային եւ մարտավարական ուսումնասիրությունների վրացական հիմնադրամի» (GFSIS) փորձագետ Ալեքսանդր Կվախաձեն միանում է Զաալիշվիլուն եւ նշում, որ առաջին հերթին Գորշ գայլերը փորձում են մեծացնել իրենց ազդեցությունը թրքախոս երկրներում: «Նրանք շատ ակտիվ են Ադրբեջանում եւ Վրաստանում, կրոնական հողի վրա են հատկապես գործունեություն ծավալում», նշում է նա: |