ՈՒՐԱԽԱԼԻ ԼՈՒՐ 2021 թ.-ի մայիսի 17-ից 23-ը Մոսկվայի կրթական սրահում տեղի ունեցավ նոր լայնամասշտաբ միջոցառում` Կրթության շաբաթ` նվիրված ժամանակակից կրթական տեխնոլոգիաներին եւ ժամանակակից կրթության արդյունավետ փորձին: Ցուցահանդեսը գրավել էր գիտության եւ կրթության առաջատար հաստատությունների, պետական կառավարման մարմինների, ռուսական եւ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը: Ցուցահանդեսին մասնակցում էին Ռուսաստանի ամենամեծ հրատարակչությունները: Նոր առցանց ձեւաչափերի շնորհիվ միջազգային կրթության շաբաթը կարողացավ հիմնովին ընդլայնել լսարանի հասանելիությունըՙ ավելացնելով միջոցառմամբ հետաքրքրված այցելուների քանակը ամբողջ աշխարհից: Կրթության շաբաթվա շրջանակներում անցկացվել է ավելի քան 100 միջոցառում. թեմատիկ գիտաժողովներ, նստաշրջաններ, քննարկումներ, վարպետության դասեր: Միջոցառումն անցկացվեց վիրտուալ ցուցահանդեսային տարածքի ձեւաչափով: Գիտական նյութերի եւ կրթական զարգացումների մասին առցանց ստենդները ներկայացրեցին առաջատար գիտնականներ եւ մանկավարժներ: Անվանի գիտնական, «Ազգ»-ի երկարամյա թղթակից Ստեփան Պապիկյանի գիտական աշխատանքի համառոտագիրը ներառվել է Մոսկովյան միջազգային կրթության սրահի հատուկ կատալոգում: Հարկ է նշել,որ Ս.Պապիկյանի գիտական աշխատանքները բազմիցս մեծ արձագանք են գտնում միջազգային ասպարեզում: |