RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23 > #029, 2021-08-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021



Տեղադրվել է` 2021-07-15 23:29:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1017, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պրոֆեսոր

Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը:

Մոնթեն ճիշտ էր:

Իրադարձություններով եւ անորոշություններով լեցուն մեր օրերում հաճախ կարելի է ականատես լինել կամ լսել, թե մարդիկ ինչպես են կրքոտ բանավիճում արցախյան վերջին պատերազմի, անդառնալի մարդկային ու տարածքային կորուստների եւ մեղավոր-անմեղների մասին: Հնչում են նաեւ մեղադրանքներ մտավորականության հասցեին: Մասնավորապես այն մասին, որ վերջիններս կա՛մ չկան, կա՛մ ընդհատակում են, մոռանալով, որ մտավորականության գլխավոր առաքելությունը հասարակությանը վտանգների մասին ահազանգելն ու սերունդ կրթելն է: Բայց արի ու տես, որ մերօրյա հասարակությունը, մեղմ ասած, ընթերցասեր չէ (սոցցանցերում գիշերային թիթեռնիկների մասին ու զանազան անձնական բնույթի բամբասանքներն այդ ցանկից դուրս են), իսկ մտավորականության մտքի արգասիքը գրվածքներն են: Ուրեմն հարկավոր է մի փոքր նեղություն կրել, կարդալ, հետո միայն հանիրավի մեղադրանքներ հնչեցնել:

Օրերս կամքիցս անկախ ներկա գտնվեցի երկու խմբի բանավեճի, որտեղ կողմերը միմյանց դեմ անզիջում պայքարում փորձելով հիմնավորել իրենց տեսակետներըՙ վկայակոչում էին փաստեր, որոնք հաճախ իրականության հետ աղերսներ անգամ չունեին: Իսկ ամենահետաքրքրականն այն էր, որ բանավիճողներից յուրաքանչյուրն ինչ խելքին փչում ասում էր եւ, ինձ նկատի ունենալով, վստահ հայտարարում էրՙ թող պատմաբանն ասի ինչպես է եղել իրականումՙ որեւէ հնարավորություն չընձեռելով անգամ մեկ բառ ասել: Սա է առիթը, որ ցանկանում եմ հակիրճ ներկայացնել Արցախի վերջին հարյուր տարվա պատմության հիշարժան իրադարձությունները...

1921 թվականի հուլիսի 5-ին Ռուսաստանի կոմունիստական բոլշեւիկյան կուսակցությանՙ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշմամբ Արցախը բռնակցվեց կովկասյան թաթարների հենքի վրա արհեստականորեն ստեղծված խորհրդային Ադրբեջանին: Պայմանով, որ վերջինս Լեռնային Ղարաբաղին (այսուհետեւՙ ԼՂ) տար լայն ինքնավարություն: Սակայն Ադրբեջանը օգտվելով քաղաքական բարդ իրավիճակից եւ մարտավարական նպատակ հետապնդելով ձգտում էր մոռացության մատնել խնդիրը: Ինչպես նաեւՙ լուծել ռազմավարական խնդիրՙ ԼՂ-ն աստիճանաբար տարալուծել հաճախակի իրականացվող վարչական բաժանումների սարդոստայնում եւ վերջնականապես հայաթափել այն: Միանգամայն բնական էր, որ Ադրբեջանը չէր շտապում կատարել ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի այդ որոշումը:

Խորհրդային Հայաստանն էլ 1921 թվականի հուլիսին, տանուլ տալով Լեռնային Ղարաբաղի համար պայքարը, 1922-1923 թթ. արդեն պայքարում էր ընդամենը ԼՂ ինքնավարության համար: Կարեւոր էր նաեւ 1922 թվականի դեկտեմբերի 14-ին Ալեքսանդր Մյասնիկյանի նախագահությամբ կայացած Անդրերկրկոմի նիստը, որի որոշումների մեխը «Լեռնային Ղարաբաղի ինքնավարության անցկացման մասին» որոշումն էր, որը հաստատվեց Անդրկովկասյան Դաշնության 1922 թ. դեկտեմբերի 22-ի նիստում: Բայց քանի որ Ադրբեջանը չէր շտապում որեւէ ինքնավարություն տալ ԼՂ-ին, Անդրերկրկոմը 1923 թ. հունիսի 27-ին հերթական անդրադարձը կատարեց հիմնախնդրինՙ հանձնարարելով Ադրբեջանին մեկամսյա ժամկետում ԼՂ-ն առանձնացնել որպես ինքնավար մարզ:

Ի վերջո, ԼՂ-ին լրիվ ապօրինի տիրանալուց երկու տարի անց միայն 1923 թ. հուլիսի 4-ին Ադրբեջանի կենտգործկոմի նախագահությունն ընդունեց որոշումՙ «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ (ԼՂԻՄ) կազմավորելու մասին», որը հրովարտակի ձեւով հրապարակվեց նույն թվականի հուլիսի 7-ին: Սակայն ազերիներն այս անգամ էլ այլ ծուղակ էին պատրաստել: Նրանք ինքնավարության սահմաններում ներառեցին միայն ԼՂ-իՙ հայերով բնակեցված տարածքները: Այնպես որ, 1921 թ. հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ կովկասյան բյուրոյի որոշմամբ ԼՂ-ի տարածքը կազմում էր շուրջ 8 հազար քառակուսի կիլոմետր: Սակայն 1923-1924 թվականներին ԼՂ-ից առանձնացվեցին տարածքներ, որոնց վրա ձեւավորվեցին Աղդամի, Ջեբրաիլի եւ Քրդստանի գավառները: Արդյունքում Ղարաբաղն ամորձատվեց եւ ԼՂԻՄ-ը ձեւավորվեց 5 հազար քառակուսի կիլոմետրից էլ պակաս տարածքովՙ ներառելով Հադրութն ու Շուշին: Չբավարարվելով դրանով, հետագա տարիներին ԼՂԻՄ-ից անջատվեց եւս շուրջ 6 հարյուր քառակուսի կիլոմետր տարածք: Միաժամանակ այն արհեստականորեն մեկուսացվեց եւ զրկվեց Խորհրդային Հայաստանի հետ անմիջական ցամաքային կապից: Այդ վիճակում էր ԼՂԻՄ-ը մինչեւ 1988 թ. արցախյան գոյապայքարի սկիզբը: Կարճ ասածՙ 1921 թվականին Արցախի կորուստն անմիջականորեն հետեւանք եղավ 1920 թվականի թուրք-հայկական պատերազմում մեր կրած պարտության: Ավելին, Հայաստանի շուրջ 43-44 հազար քառակուսի կիլոմետր տարածքից մնաց ընդամենը 29 հազարը, իսկ Արցախի 8 հազար քառակուսի կիլոմետրիցՙ 4 հազար 4 հարյուրը:

Իսկապես պատմությունը կրկնվելու բնույթ ունի: 2020-2021 թվականներին Արցախի մեծ մասի կորուստը կրկին մեր պարտության հետեւանքը եղավ: Այսօր էլ են մեր տարածքները բզկտվում ու դեռ պարզ էլ չէ որտեղ ու ինչ արդյունքներով կամփոփենք: Ակնհայտ է, որ ներկա պահին կորցրել ենք Հադրութն ու Շուշին, իսկ փոխարենն ունենք աշխարհաքաղաքական ու ժամանակային առումով հեղհեղուկ ստատուս քվո, որն իմ կարծիքով վաղ թե ուշ պայթելու է: Պատմաբանիս հոտառությունը հուշում է, որ ժամանակի ընթացքում մեզանից (Հայաստան եւ Ադրբեջան) մնալու է միայն մեկը: Կարծում եմՙ մենք, քանի որ հազարամյակների ընթացքում տասնյակներով եկվորների ենք ճանապարհել պատմության աղբանոց: Այս անգամ էլ բացառություն չի լինի, եթե իսկապես մենք մեր երկրի տերը զգանք եւ բոլոր հնարավորություններով ու եռամիասնությամբ (Հայրենիք, Սփյուռք, Արցախ) պայքարենք դրա համար: Արդյունքն էլ կլինի այն, որ հաղթողը կմնա աշխարհի քարտեզին, իսկ պարտվողըՙ միայն պատմության դասագրքերում: Օրինակներ որքան ուզեք կան. սկսած ակքադաշումերական, ասորեստանյան գերհզոր տերություններից վերջացրած հռոմ-բյուզանդական եւ այլ աշխարակալ կայսրությունները: Այնպես որ, հարկավոր է սթափվել իսկապես: Թե չէ հետընտրական մեր օրերում էլ ակնհայտ երեւում է, որ հասարակությունը խիստ բեւեռացված է եւ այդ բեւեռացումը ոչ միայն վերջ չի գտնում, այլեւ օրեցօր խորանում է, դառնում վիհ: Իսկ դաՙ մեր աշխատահատարածքում եւ ներկա հարեւանների պարագայում, չափազանց վտանգավոր է ու կործանարար: Ցավալի է նաեւ այն իրողությունը, որ հիմա էլ ժողովուրդը մեղավոր հռչակվեց:

Արտահերթ ընտրություններն ավարտվեցին: Խորհրդարան ձայների մեծամասնությամբ մուտք գործելու եւ կառավարություն կազմելու հավակնություն ներկայացնող հիմնական դաշինքն ավելի ցածր տոկոսով խորհրդարան մտնելու քվե ստանալով ցանկացածին չհասավ: Բայց հետաքրքրական բան կատարվեցՙ իրենց նպատակների ձախողման համար գրեթե բոլոր քաղաքական ուժերն այլ տրամադրվածությամբ արդեն թեքվեցին դեպի ժողովուրդը, սկսեցին նրան մեղադրել հասուն չլինելու մեջ, որովհետեւ ընտրել է պարտվածին եւ այլն: Խեղճ ժողովուրդ: Ամեն ինչի մեղավորը դու եսՙ ինչո՞ւ ավելի շատ ձայներ տվեցիր պարտվածին: Սակայն, եթե այդպես դատենք, առաջին նախագահի հրաժարականից հետո բոլոր ընդդիմադիրները նախորդ ուժին նույնպես համարում էին պարտվող: Տեր-Պետրոսյանին ստիպեցին հրաժարական տալ, որը փորձում էր սթափ արտաքին քաղաքականություն վարելՙ այդ քաղաքականությունը փաստորեն որակավորելով պարտվողական կամ դավաճանական, քանի որ «հողեր էր հանձնում»: Ըստ այդ տրամաբանությանՙ հաջորդ նախագահներն էլ պատրաստ էին հող տալու, ուրեմն պարտվողական էի՞ն: Ներկա վարչախմբի օրոք տանուլ տվեցինք պատերազմը, նոյեմբերյան հայտարարություն ստորագրեցինք: Սակայն այս անգամ մեծ նշանակություն ունեցավ այն գործոնը, որ հողերը տվեցինք մեծաթիվ զոհերի գնով, որից կարելի էր խուսափել: (*)

Այսօր էլ դժվարությունները շատ են: Իրավիճակի սթափ դիտարկման պարագայում կարծում եմ, որ եթե վերջին ընտրություններում ուրիշ ուժ էլ հաղթեր, դարձյալ չէր կարողանա հակառակը գնալ այն ամենին, ինչ պահանջում են Ռուսաստանը եւ միջազգային ուժերը: Մանավանդ հիմա, երբ կազմաքանդված է մեր բանակը (դրա մեղավորները խստագույնս պիտի կպատժվեն անպայման): Ուրեմն, նա եւս եթե հետագայում ստորագրեր խաղաղության պայմանագիրը, որին անթաքույց ձգտում են, ի վերջո, բոլոր մեծ խաղացողները, ապաՙ կլիներ հերթական պարտությունը, ստորագրողն էլՙ պարտված: Այս տրամաբանությամբ ստացվում է, որ ժողովուրդն ում էլ ընտրեր պարտվա՞ծ էր: Այնպես որ, ավելի ճիշտ կլինի ոչ թէ ժողովրդին մեղադրենք, այլ հիմնական մեղավորներին եւ ճիշտ ընտրություն կատարենք: Առավել եւս, որ մեկս մյուսին մեղադրելով ոչինչ չշահեցինք, բացի մեր ժողովրդի ու պետության միջազգային վարկն ու հեղինակությունը գցելուց: Հետո էլ, եթե շարժվենք նույն տրամաբանությամբ, ապա պետք է հետեւյալին հանգենքՙ խորհրդարանում պարտվածները աշխատելու են պարտվածների՞ հետ: Կարծում եմ մեղավորներին բացահայտելու ժամանակն էլ կգա, իսկ այսօր անչափ անհրաժեշտ է, որ պետականասերներն եւ ազգասերները համախմբվեն ու գոնե պետականության եւ ժողովրդի գոյատեւման համար պայքարեն:

Մի դիտարկում եւս: Բացի սեւ ու սպիտակ տարափեղկումից նկատելի է նաեւ հասարակության մտավորական-գործարարական թեւերի զգալի հեռացում միմյանցից եւ նույնիսկ բարիկադի տարբեր կողմերում նրանց հայտնվելուց: Մի բան, որն անզեն աչքով անգամ տեսանելի է թեկուզ հասարակության մեջ նրանց ունեցած ծայրահեղ տարբեր դիրքերում գտվելուց, ճանաչված լինելուց եւ մատաղ սերնդի համար օրինակ լինելուց: Գաղտնիք չէ, որ անկախ Հայաստանում ու նրա սահմաններից դուրս որեւէ քիչ թե շատ հարուստ մարդ ավելի է ճանաչված, անհամեմատ ավելի մեծ հեղինակություն է վայելում բոլոր մակարդակներում եւ օրինակ ծառայում երիտասարդ սերնդի համար, քան կյանքը մատաղ սերնդին անմնացորդ նվիրաբերած մանկավարժը եւ գիտության ասպարեզում ամենահզոր բարձունքներ նվաճած պրոֆեսորն ու ակադեմիկոսը: Էլ չեմ խոսում այն տխուր իրողության մասին, որ գիտության բնագավառի աշխատողների աշխատավարձը երկրում փաստացի միջին աշխատավարձի կեսից էլ պակաս է:

Ստացվում է, քանի որ մեզ հարուստների եւ ուժեղների հզոր երկիր է պետք, ուստի աղքատ, հասարակության մեջ փաստորեն որեւէ հեղինակություն չվայելող մտավորականության կարիքն էլ չունենք: Ու քանի որ անհրաժեշտություն կա վերջիններիս նկատմամբ ժողովրդի հաղթանակը վերջնականապես ամրագրելու, առաջարկում եմ. ա/ փակել բոլոր համալսարաններն ու գրադարանները, բ/ արգելել բոլոր գրքերը, բացի բացառիկներից, օրինակՙ «Երկրի հակառակ կողմը», գ/ ստեղծել ժողովրդական տրիբունալ եւ խստորեն պաժել բոլոր նրանց, ովքեր փոխանակ ոչինչ չտվող եւ թանկագին ժամանակը զուր վատնող ընթերցանությամբ զբաղվեն, ինչ-ինչ կանոններ ու օրինաչափություններ սերտեն, գործնական իրավիճակներում կոփվեն, հարուստ ու համապատասխան բառապաշարով ռազբորկաներ սովորեն, քցելու արվեստ ու վերցնել-չտալու այբուբենն անգիր անեն, ընկերների հետ օրական մի քանի նման իրավիճակներ ստեղծեն ու ջրից չոր դուրս գալու նորմերը յուրացնեն եւ այլն: Թե չէ միջազգային անհասկանալի իրավունք, կենսոլորտ, լոգարիթմ ու ֆուկցիաներ, բազմապատկման աղյուսակներ ու տողադարձի կանոններ... Մեր օլիգարխների մեծ մասը, որ դրանցից անտեղյակ են, վատ ե՞ն ապրում:

Հետո էլ տեւական ժամանակ է Հայաստանում որպես օրենք գործել ու գործում են սուտը, կեղծիքը, երեսպաշտությունը, թուրքի հետ համակեցության հորդորները, պողպատե մանդատի կոշտ գործելակերպը...Մտածելու բան է: Մինչդեռ եթե ավելի լուրջ, ապա վախ ունեմ, որ ազգային մտածողության տեր մարդիկ շուտով կլքեն Հայաստանը: Չեմ վախենում նաեւ կրկնվելուցՙ հայ ժողովուրդը կորոնավիրուսի հուշարձան պիտի կառուցի եւ դրանով իր շնորհակալությունը հավաստի, քանի որ եթե դրա հետ կապված այս սահմանափակումները չլինեին, այսօր շատ մեծ թվով հայեր արդեն իսկ լքած կլինեին Հայաստանը:

Հարկավոր է ազգովին սթափվել, քանի որ բացահայտ ճշմարտություն էՙ ինչպես շաքար գոռալով ոչ մեկի բերանը չի քաղցրանում, այնպես էլ խնդիրներին մեջքով շրջվելով կամ չտեսնելու տալով հնարավոր չի լինի լուծել դրանք:

25.06-12.07.2021

*) Կարծում ենք, որ համեմատության եզրերն այստեղ ճիշտ չեն ընտրված. ՀՀ առաջին նախագահը մտքով էլ չի անցկացրել Շուշին, Հադրութն ու ԼՂԻՄ-ի մյուս տարածքները զիջելու, էլ ո՜ւր մնաց հանձնելու մասին, եւ, մյուս կողմից, ընդամենը 44 օրվա ընթացքում այդքան զոհ ու վիրավոր տալուց հետո նա բնավ չէր պահի իր աթոռը: Խմբ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ