RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



Տեղադրվել է` 2021-11-11 23:44:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2831, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԵԹԵ ՀՈՂԵՐԸ ՉՏԱՆՔ, ԱՊԱ ԻՆՉՊԵՍ ՀԻՄԱ ԿԱՐՍ-ԿԱՐՍ ԵՆՔ ԵՐԳՈՒՄ, ՎԱՂՆ ԷԼ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԵՆՔ ԵՐԳԵԼՈՒ»

Հարցազրույցը` ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Խորհրդարանական «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին անցկացված հանրահավաքի ժամանակ անձամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցավՙ նշելով, որ իշխանությունների հեռացումը եթե ոչ շաբաթների, ապա ամիսների հարց է: «Արժանապատվության հանրահավաքի» ժամանակ ընդգծեցՙ իշխող «Քաղաքացիական պայմանագրին» ու երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու համար հնարավոր բոլոր մեթոդներն են գործի դնելու: Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը «Ազգ»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանն այս պահին հավակնում է իշխանության գալ: Ըստ նրաՙ անգամ հունիսի 20-ին անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններին Քոչարյանը «Հայաստան» դաշինքով ընտրություններին մասնակցում էր ոչ թե իշխանության գալու, այլ իր հանդեպ իրականացվող քրեական հետապնդումներին վերջ տալու, ապաՙ ֆինանսական կարողություններն ապահովագրելու համար:

- Հետեւաբարՙ ընտրություններին, նախեւառաջ, Քոչարյանը մասնակցում էր սեփական միջոցները փրկելու ու մաքրագործվելո՞ւ համար:

- Այո, ու ինչքան էլ տարատեսակ լուրեր տարածվեն, թե Քոչարյանի ֆինանսական կարողությունները դրսում են «պահեստավորված», պարզ է, որ դրանց մի մասը Հայաստանում է, ու նա դրանք ամեն տեսակի վտանգներից ապահովագրելու խնդիր ուներ: Մյուս կողմիցՙ Մարտի 1-ի գործը բոլորիս աչքի առաջ ֆիասկո ապրեց, մյուսըՙ 6 մլրդի կաշառքի հետ կապվող իրավական գործընթացը, տեսանք, նույնիսկ ծիծաղելի է: Եթե նա իսկապես ուզում էր իշխանության գալ ու փրկել այն, ինչ հնարավոր է, ապա ընտրություններին հաստատ առաջին դեմքով չէր մասնակցի, որովհետեւ բոլորից լավ է հասկանում, որ ընտրություններին անձամբ իր մասնակցելը Փաշինյանին առավել շատ ձայներ ստանալու հնարավորություն է տալու: Ընտրություններին մասնակցելովՙ Քոչարյանը մաքրագործվում էր տարատեսակ պատմություններիցՙ սկսած Հոկտեմբերի 27-ից վերջացրած Մարտի 1-ով: Ի դեպ, մաքրագործման համար նա օգտագործում էր ու շարունակում է օգտագործել Արցախի կորստի հանգամանքը: Ինձ թվում էՙ 2-րդ նախագահին դա անել հաջողվեց, որովհետեւ այն մարդիկ, որոնք վերլուծական կամ քննադատական մտածողություն ունեն, հասկացանՙ ի տարբերություն կորցրած հողերի, փողերն ինչ-որ տեղից ու ինչ-որ ձեւով հնարավոր է հետ բերել:

Քոչարյանն իշխանության չէր ուզում գալ նաեւ այն պատճառով, որ Հայաստանն այժմ հսկայական խնդիրներ ունիՙ «միջանցքի», ճանապարհների ապաշրջափակման, սահմանագծման, սահմանազատման ու նոյեմբերի 9-ից բխող նմանատիպ այլ հարցեր:

- Բայց նա բոլոր հանրահավաքների ու հրապարակային ելույթների ժամանակ ասում էր ու շարունակում է պնդել, որ ԼՂԻՄ-ի մաս կազմող, բայց այժմ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներըՙ Հադրութն ու Շուշին, դիվանագիտական ճանապարհով կարող են վերադարձնել: Իսկ նրան վստահության քվե, վստահաբար, նաեւ այդ տեսլականի համար են տվել:

- Ինձ համար միանշանակ է, որ այն, ինչ կորցրել ենք պատերազմում, առանց պատերազմի չենք վերադարձնի: Խաղաղ պայմաններում Ադրբեջանն անգամ մեկ քառակուսի մետր էլ չի տալու: Ու եթե ես դա հասկանում եմ, ապա, վստահեցնում եմ, Քոչարյանը 5 անգամ ավելի լավ է հասկանում:

- Հասարակությունն այդպես էլ չի հասկանում Ռուսաստանի վերաբերմունքը. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որ Ռոբերտ Քոչարյանի ընկերն է, Փաշինյանին աջակցելու մասին բազմիցս է հայտարարել, որը նաեւ այսօր էլ տեսանելի է:

- Հայաստանի համար, այո, արտաքին ամենակարեւոր դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանը, իսկ Ռուսաստանի համար այս պահին ամենահարմարը, այսպես ասած, Փաշինյանին պահելն ու Ռոբերտ Քոչարյանի միջոցով խորհրդարանում ընդդիմություն ունենալն էր: Նրանք մեկը մյուսի համար դամոկլյան սուր են: ՌԴ-ն Փաշինյանին հասկացնում է, որ եթե հանկարծ որոշի 180 աստիճանով փոխել ռուսաստանամետ դիրքորոշումն ու հայացքն այլ ուղղությամբ թեքի, ապա պաշտոնական Մոսկվան իշխանության փոխանցման հարցով կարող է նորից դիտարկել Քոչարյանի ֆակտորը:

- Ի տարբերություն 2018-ի արտահերթի, 2020-ի արտահերթ ընտրություններին նաեւ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն էր մասնակցում: Քարոզարշավի ժամանակ նա անգամ մի ձայնագրություն հրապարակեց, որում Նիկոլ Փաշինյանըՙ Արցախյան բանակցային գործընթացի ու Արցախյան հարցի մասով ինչ-ինչ գաղտնի խոսակցություն էր ունենում թիմակիցների հետ: Սարգսյանն է՞լ էր փորձում, այսպես ասած, մաքրագործվել:

- Հայաստան-Ադրբեջան ուժային բալանսը սկսել է փոխվել 2010-ից, երբ 2007-ին շահագործվեցին Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը նավթամուղն ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում երկաթգիծը, ու ադրբեջնական նավթադոլարները սկսեցին հոսել, Ադրբեջանի ՀՆԱ-ն էլ ավելացավ ավելի քան 35 տոկոսով: Մինչեւ նախագահ ընտրվելըՙ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար էր, դրանից առաջ էլՙ ներքին գործերի նախարար ու պետական, ուժային կառույցների ղեկավար: Հետեւաբար, օբյեկտիվորեն ու հստակ գիտերՙ ՀՀ-Ադրբեջան ուժային բալանսը սկսում է խախտվել: Ալիեւը հրաժարվեց ստորագրել Կազանի փաստաթուղթը, քանի որ հասկանում էրՙ ժամանակն աշխատում էր իր օգտին: Այսինքնՙ ինչքան շատ գումարներ էին հոսում դեպի իր բյուջե, այնքան ռազմականապես հզորանում էր: Իսկ Սարգսյանը, որ կողմ էր «Կազան»-ին, ու իմ դիտարկմամբՙ դա ճիշտ էր, փաստաթղթի մերժումից հետո երկու բան պետք է աներՙ անմիջապես անցներ, այսպես կոչված, «Լավրովի պլանի» իրագործմանն ու աներ հնարավորըՙ կանխելու համար ռազմական ներուժի բալանսի խախտումը: Նա, ցավոք, խախտվող բալանսը կանխելու համար ոչինչ չէր անում, իսկ 2016-ի ապրիլին ադրբեջանցիները ցույց տվեցինՙ եթե գործի դնեն իրենց ռազմական ներուժը, ապա մեզ հետ ինչ կարող է լինել: Մի քանի օր մեզ հետ խաղացին ու ասացին, որ «եղբայր, եթե այսպես շարունակվի, ապա ձեր վերջը վատ է լինելու, խելքներդ գլուխներդ հավաքեք»: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանը գնում է Արցախ, այնտեղ հավաքում պետական այրերին ու ասումՙ պետք է հանձնեք: Նրան հակադարձում են, բայց Սարգսյանը շարունակում է պնդել իր միտքը: Ներկաները հարց են տվելՙ ո՞րն է լուծումը: Սարգսյանը պատասխանում էՙ լավ լուծումը 7 շրջանների հանձնումն է, վատըՙ որ եթե այսօր երգում ենք «Կարս, Կարս, Կարս», մի քանի տարի հետո կերգենք «Ստեփանակերտ, Ստափանեկրտ, Ստեփանակերտ»:

Ի մի բերելովՙ Սերժ Սարգսյանին առաջին հերթին մեղադրում եմ մեկՙ որ խախտվող բալանսը վերականգնելու համար ոչինչ չարեց, ապաՙ որ 2016-ի ապրիլից պետք է ձգձգեր ռուսների առաջարկած «Լավրովյան պլանը»: Մյուս կողմիցՙ անհասկանալի էր Սերժ Սարգսյանի վարքը 2018-ի քաղաքական վերադասավորումների ժամանակ: Լավ ճանաչելով մարդկանց ու քաջ իմանալով ՙ ինչով կարող է վերջանալ Փաշինյանի պաշտոնավարումըՙ չկանխեց 2018-ի իշխանափոխությունը: Իր գործեալոճով, փաստորեն, Սարգսյանը արագացրեց 2020-ի պատերազմը:

- 44-օրյա պատերազմիցՙ նոյեմբերի 10-ից հետո, եթե հանկարծ հաջողվում էր իշխող խմբակցությունիցՙ «Իմ քայլից», պատգամավոր գտնել ու հարց տալ, անկեղծանում էին, թե իրենք ոչնչից տեղյակ չեն եղել: Այդ պատասխանը հետագայում շղթայական ռեակցիայի նման հասավ Նիկոլ Փաշինյանին, ու նա սկսեց մեղադրել նախկիններին, որ հարցը տարիներ ի վեր չեն լուծել ու, այսպես ասած, իր գրպանն են գցել:

- Չեմ կարծում, թե վերոնշյալ հանգամանքների մասին Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէր, որովհետեւ նա քաղաքական դաշտում ակտիվություն էր ցուցաբերում 2007-ից, երբ «Իմպիչմենտ» դաշինքով «Ո՛չ դոդացմանը, ո՛չ սերժանտացմանը, ո՛չ ռոբոտացմանը» կարգախոսով մասնակցեց խորհրդարանական ընտրություններին:

Իհարկե, երկրի անվտանգության հետ կապված ոչ բոլոր տեղեկություններն են նրան հասանելի եղել, բայց, լինելով ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր, մի շարք ինֆորմացիաների հաստատ տիրապետել է: Բայց այդ, իմ հասկանալով, իր խմբագրած թերթը հաճախ օգտագործվել է տարբեր տեսակի արտահոսքեր իրականացնելու համար, հետեւաբար, չեմ կարծում, որ Փաշինյանը, երբ 2018-ի մարտի 31-ին Գյումրիից սկսեց քայլել, չգիտեր, որ Հայաստանի բանակի ուժային բալանսը խախտված էր կամ չգիտեր, որ կա «Լավրովի պլան» հասկացություն: Գուցե դետալներին չէր տիրապետում, օրինակՙ թե մենք քանի թնդանոթ կամ ինչ զենքեր ունենք, բայց քաղաքական իմաստով, որ Արցախի հարցով կա՛մ ցավոտ լուծումների պետք է գնալ, կա՛մ պատերազմն անխուսափելի է լինելու, միանշանակ տեղակացված է եղել: Միակ բանը, որ չգիտեր, երեւի այն է եղել, որ տարածաշրջանում վերադասավորումներ են եղել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ