ՍՅՈՒՆԻՔԸ ՀԱՆՁՆՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԻՐ ՅԱՆ Նոյեմբերի 10-ի-ին, ժամը 24-ին, Սյունիքի մարզումՙ Գորիս-Կապան ճանապարհին, ադրբեջանցիները ճանապարհային մաքսակետ են տեղադրել: Դրանից մի քանի ժամ առաջ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարություն տարածեց. «Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանիցՙ գիշերը 12-ից սկսած, Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում կիրականացվի սահմանային եւ մաքսային հսկողության գործառույթ, այսինքնՙ մաքսակետ կտեղադրվի, ուզում եմ հայտարարել, որ հայկական կողմը եւս համապատասխան քայլեր կձեռնարկի, այսինքնՙ ճանապարհի այդ հատվածում եւս կտեղադրի մաքսային եւ սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր»: Գրիգորյանը նաեւ հայտարարեց, որ Կապան-Տաթեւ այլընտրանքային ճանապարհը պատրաստ է ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ավտոմեքենաների երթեւեկության համար: Որքան էլ որ 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո այլեւս ոչինչ մեզ համար անակնկալ չէ, ու թեեւ այս մեկ տարվա ընթացքում Արցախից ու Հայաստանից մենք շարունակաբար թշնամուն ենք զիջել ռազմավարական նշանակության տարածքներ ու բարձունքներ, բայց վերջին հույսն էինք փայփայում, թե «Նիկոլը Սյունիքը հանձնելու է, կտեսնեք» հաճախակի հնչող «թեզը» միգուցե չիրականանա: Փաշինյանը բազում անգամներ է կրկնել. «Մենք տարածքներ նվաճելու մտադրություն չունենք»: Այդ հայտարարության տակ, իհարկե, հասկանում էինք, որ նա «տարածքներ» ասելովՙ նկատի ունի Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի ներկայիս սահմանների որոշակի հատվածների, հատկապես Սյունիքի նկատմամբ: Սա Ադրբեջանի ախորժակը բավարարելու առաջին փուլն է միայն, հետո գալու է Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերը բզկտելու եւ նոր տարածքներն Ադրբեջանին սկուտեղի վրա հրամցնելու հերթը: Փաստն այն է, որ Բարձրավանը, Որոտանը, Շուռնուխը հայտնվելու են շրջափակման մեջ, այլընտրանքային ճանապարհ դեռ կառուցված չէ: Կապանը, Մեղրին, Քաջարանը, Որոտանը անկլավ են դառնալու, իսկ առհասարակ Սյունիքն անպաշտպան վիճակում է, Փայլասարում էլ ադրբեջանցիները հայկական կողմի հաշվին նոր դիրքերի բարելավում են կատարել, որտեղից Կապանն ու մի քանի գյուղեր հայտնվել են իրենց նշանառության տակ, Գորիսի ընտրված քաղաքապետ Առուշ Առուշանյանն էլ կալանքի տակ է: Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետի մասին հայտարարեց նաեւ Փաշինյանըՙ կառավարության երեկվաՙ նոյեմբերի 11-ի նիստին: Հանգիստ, անվրդով հայտարարեց ու անցավ առաջ: Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հայտարարել է, թե ավելի ուշ պարզ կլինի, թե ովքեր են Գորիս-Կապան ճանապարհին հայկական կողմից վերահսկողություն իրականացնելու: Իսկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո հայտարարել է. «Սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ դեռ չեն եղել, բայց մենք մոտավոր պատկերացում ունենք սահմանների մասին, որոնց հիմքը 1920-ականների քարտեզն է: Հայաստանի քաղաքացիները վճարի դիմաց հնարավոր է կարողանան անցնել Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական մաքսակետը»: Կառավարության նիստի ժամանակ ընդդիմությունը դրսում ցույց էր անում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նոյեմբերի 10-ի ուշ երեկոյան էր կոչ արել հաջորդ օրն առավոտյան դուրս գալ փողոց: Մինչ ցուցարարները կգային, Կառավարության շենքը վաղ առավոտից շղթայել էին ոստիկանության զորքերը: Խիստ ուժեղացված հսկողությանը հակառակՙ ցուցարարները սակավաթիվ էին: «Դիմադրություն» կոչն այդպես էլ համազգային արձագանք չստացավ: |