RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



Տեղադրվել է` 2021-11-11 23:44:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1505, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ...»

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոկտեմբերի 30-ից Երեւանումՙ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի դահլիճում բացվել է «Հայկական ասեղնագործությունը երեկ, այսօր, վաղը...» խորագիրը կրող բացառիկ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են հայ ասեղնագործության 17-20-րդ դարերի նմուշներ: Այն տեւելու է մեկ ամիս: Գաղափարի հեղինակը «Զարդ» մշակութային ՀԿ-ի նախագահ Եվգենյա Օհանյանն է, որը ցանկանում է երիտասարդներին կապել հայկական ասեղնագործության հետ:

Նա շրջում է համալսարանից համալսարան եւ տարբեր մասնագիտություններ ընտրած ուսանողներին համոզում, որ իրենց դիպլոմային աշխատանքները հաջողությամբ կարող են կապել հայկական ասեղնագործության հետ:

«Սա վերացական գաղափար չէ: Աշխարհագրության ֆակուլտետում սովորող ապագա քարտեզագետներից մեկը կարող է այնպիսի քարտեզ կազմել, որի վրա լինեն հայկական ասեղնագործության ավանդական օջախներըՙ Մարաշ, Այնթափ, Վան, Քիլիս եւ այլն: Կամ տնտեսագետը կարող է ծրագիր կազմել, ուսումնասիրելով համաշխարհային օրինակները կամ հենց մեր հին հայակական համքարությունների փորձը, թե ինչպես էին ասեղնագործ վարպետները կարողանում իրացնել իրենց աշխատանքը, այսպես ասած համքարության շրջանակում: Իրավաբանը կարող է պաշտպանել ստեղծագործության նմուշների հեղինակային իրավունքները: Եվ այսպես, ես կարող եմ բոլոր մասնագետներիՙ բանասերների, լրագրողների, երաժիշտների, բոլորի համար դուռ բացել դեպի հայկական ասեղնագործություն»,- ասում է Եվգենյա Օհանյանը:

Ցուցահանդեսը նվիրված է Թումանյանի կնոջՙ Օլգա Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Նա նույնպես զբաղվել է ասեղնագործությամբ: Սրահի անկյունում Օլգայի դիմանկարն է, որը 1969թ. նկարել է Սալբի Մավյանը : Թումանյանական սեղանին Օլգայի ձեռքի աշխատանքներն ենՙ փոքր չափերով ասեղնագործություններ, եւ լամպը, որի լույսով աշխատել է:

Թանգարանի ֆոնդապահ Մարինե Բաղդասարյանը ներկայացրեց Թումանյանի թանգարանի ֆոնդերում պահվող այն աշխատանքները, որոնք գործել է Օլգա Թումանյանը որդիների աքսորվելուց հետո:

«1937-ից հետո նա փակվել էր տանը, ոչ մեկի հետ շփվել չէր ուզում, մենության մեջ էր գործում: Հատուկ տեսակի գուլպաներ կային, քանդում էր, թելերը ներկում ու դրանցով ձեռքի աշխատանքներ ստեղծում: Շատ աշխատանքներ նվիրել է, բայց որոշները պահվել են թանգարանում»,- պատմում է Մարինե Բաղդասարյանը:

Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը ծանոթացրեց ցուցանմուշներին ու դրանց պատմությանը: Նա տեղեկացրեց, որ ամենահին ցուցանմուշը ստեղծվել է 17-րդ դարումՙ Արցախում, հավանաբար, Ասկերանի տարածքում: «Կենաց ծառ» հարթակարը նույնպես Արցախից էՙ Շուշիի գորգերի թանգարանի հավաքածուից: Ստեղծվել է 19-րդ դարումՙ Թաղավարդ գյուղում: Հետաքրքրական նմուշ է «Հազարան բլբուլ» ստեղծագործությունը, որը հեղինակը նվիրել է Հովհաննես Թումանյանի թանգարանինՙ ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 100-ամյակի առթիվ: Ստեղծագործության տակ մակագրված է. «Իմ մեծ բարեկամ Հ. Թումանյանի 100-ամյակին»: Եղիազարյանի խոսքով, հեղինակըՙ Սերիկ Դավթյանը , մտերիմ է եղել Թումանյանի հետ:

Ցուցահանդեսում ներկայացված են նաեւ ժամանակակից 9 ստեղծագործողների աշխատանքներՙ սրբիչներ, բարձի երեսներ, թաշկինակներ եւ այլն: Հրազդան Թոքմաջյանի հավաքածուից ներկայացված է 6 աշխատանքՙ մահճակալի ծածկոց, փոքր չափերով ներքնակի երես եւ այլն: Հալեպից Մարալ Շեոհմելյանը ներկայացրել է մորՙ Լուսինե Մխչյանի «Տուտկապ-բոխչա» վերադիր ասեղնագործությունը, մկրատով բացված հատուկ նախշազարդերը զարդարվում են այլ կտորների եւ ասեղի օգնությամբ: Մարալիՙ այսօր արդեն հայաստանաբնակ մայրն այդ եղանակով պահել է Եվդոկիայի գավառի Քիլիսի ասեղնագործության դպրոցը եւ ասեղնագործել բոխչա, որի մեջ բաղնիք գնալիս փոխնորդ են դրել: Վերածնունդ է ապրել թե՛ Քիլիսի ասեղնագործության դպրոցը, թե՛ մոռացված բոխչան:

«Չէի կարող պատկերացնել, որ այն, ինչ սովորական, առօրյա զբաղմունք էր մեզ համար, Հայաստանում այսպես կարող է գնահատվել, եւ երիտասարդ սերունդը կարող է այսպես հետաքրքրվել: Վաճառում ենք ե՛ւ փոքրՙ կիրառական գործեր, ե՛ւ մեծ աշխատանքներ, որոնք մեծ սրահներում են դրվում, բայց հիմնականում միշտ ուզում ենք սովորեցնել, որ չմոռացվի, կատարելագործվի, հաճախ նաեւ ցուցադրում ենք»,- ասում է Մարալը:

Ցուցահանդեսի նպատակն է ծանոթացնել հայկական ասեղնագործության նմուշներին, ինչպես նաեւ փոխանցել գիտելիք ներկա սերնդին: Ուստի բոլոր նրանք, ովքեր ցանկանում են սովորել հայկական ասեղնագործության որեւէ տեսակ, ունեն բացառիկ հնարավորություն ծանոթանալու լավագույն վարպետների աշխատանքներին եւ գրանցվելու նրանց մոտ ուսումնառության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ