ՈՒԶԻ ԱՐԱԴ. «ԲԱՔՎԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՆՈՒՅՆՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐՔԱՆ ԹԵԼ ԱՎԻՎԻՆԸ» Անգլ. թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ Վերնագրի այս խոսքերով է ավարտել «Ջերուսալեմ փոստ» հրեական թերթի գլխավոր քաղաքական թղթակից Գիլ Հոֆմանի (Gill Hoffman) հետ Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ իր առանձնահատուկ հարցազրույցը իսրայելական գաղտնի ծառայության` Մոսադի նախկին պետ եւ Ազգային անվտանգության գծով նախկին (2009-2011) խորհրդական Ուզի Արադը (Uzi Arad), որն իր ծառայությունների 48 տարիների ընթացքում բազմաթիվ ճգնաժամային պահեր է անցկացրել, մասնակցել գաղտնի օպերացիաների, խափանել ահաբեկչական հարձակումներ, բացահայտել նրանց կենտրոնները եւ հանդիպումներ ունեցել Իսրայելի թշնամի պետություններում: Բայց ամենահիշարժան երեւույթը նա համարում է նախագահ Շիմոն Պերեսի հետ իր այցելությունը Ադրբեջան: Ստորեւ թարգմանաբար հարցազրույցը ամբողջությամբ: Գ.Հ.- Հաշվի առնելով Ադրբեջանի հետ տասնամյակների մեր բաց հարաբերությունները, ինչպե՞ս եք գնահատում դրանք այժմ եւ ի՞նչ հեռանկարներ եք ակնկալում: Ու.Ա.- Մենք որոշեցինք լիարժեք հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ 1991-ին, երբ նրանք ձեռք բերեցին իրենց անկախությունը: Ինչպես գիտեք, Իսրայելը առաջին պետություններից մեկն էր, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Ադրբեջանի հետ 1992-ի ապրիլի 7-ին: Ձեր հարցին պատասխանելով պետք է ասեմ, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելն ու հետագայում այն է՛լ ավելի զարգացնելը մահմեդական մի երկրի հետՙ հեշտ չէր: Ոչ միայն այն պատճառով, որ ժողովրդի մեծամասնությունն այնտեղ մահմեդական է, այլ նաեւ այն, որ երկիրը գտնվում է Իրանի հարեւանությամբ: Իսկ գործընթացի դրական կողմն այն էր, որ կառավարության գլխավոր ղեկավարները, մասնավորապես Հեյդար եւ Իլհամ Ալիեւները այնքան էլ լուրջ չեն վերաբերվում մահմեդականությանը եւ նրանք հենց սկզբից ողջունեցին երկկողմ հարաբերությունների հաստատումը Իսրայելի հետ: Այդ ժամանակ ինձ Բաքվում Իսրայելի դեսնապատուն գործուղեցին հատուկ առաքելությամբ: Իլհամ Ալիեւի դուստրը` Լեյլան, որին անձամբ ճանաչում եմ, հրեա մի ընկեր ուներ Էմին Աղալարով անունով, որի հետ հետագայում ամուսնացավ: Երիտասարդի մորը խորհուրդ էին տվել հորդորել որդուն, որ չբարձրաձայնի իր հրեա լինելը: Նա շատ լավ հարաբերությունների մեջ էր Ջարեդ Կուշների հետ: Եթե մեր րաբբիները թույլ տային Լեյլային ընդունելու հուդայականությունը, անկեղծորեն կարծում եմ, նա կընդառաջեր դրան պատվով: Գալով ձեր հարցին, նշեմ, որ մենք այնտեղ ենք, որտեղ ցանկանում էինք լինել: Իրականացրել ենք մեր նպատակների մեծամասնությունը, իսկ մնացածը շուտով կիրականանան: - Ասում եք, որ իրականացրել եք մեր նպատակները: Որո՞նք են դրանք: Ի՞նչ էինք մենք, սկզբից եւեթ, ցանկանում ձեռք բերել Ադրբեջանից: - Վերջին 24 տարիների ընթացքում Իսրայելի բանակի ավելի քան 50 հրամանատար ՆԱՏՕ-ի հովանու ներքո եւ Թուրքիայի սերտ համագործակցությամբ իրականացրել են Ադրբեջանի ռազմական կառույցի վերականգնումը եւ կազմակերպումը: Սպառազինությունների մատակարարումը, ԱԹՍ-ների արտադրության գործարանների ստեղծումը այդ երկրում, կազմակերպված 146 մարզումային կուրսերը, ինչպես նաեւ Կասպից ծովում, Հարավային Ադրբեջանում եւ Հայաստանի սահմաններին մոտիկ անցկացված ամենամյա գաղտնի համատեղ զորավարժությունները եղել են Թել Ավիվի եւ Բաքվի միջեւ համագործակցության գլխավոր ոլորտները: Դուք կարո՞ղ եք տալ որեւէ այլ երկրի անուն, ում հետ ունեցել ենք նման կապեր: Ավելացնեմ, որ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունների շենքում Մոսադի աշխատակիցներին ԿՀՎ-ի (CIA) եւ ՀՖԲ-ի (FBI) գործակալների կողքին, նույն հարկում տեղավորելը պարզապես աննախադեպ երեւույթ է, որի նմանը դուք չեք գտնի որեւէ այլ երկրում: Այս բոլորն, անշուշտ, այլեւս գաղտնիք չեն: Բայց կան բաներ, որոնք քննարկման ենթակա չեն: - Օրինա՞կ, կարո՞ղ եք ինչ-որ բան հուշել: - Դե, օրինակ, թող բոլորն էլ կարծեն, որ Ադրբեջանում միայն 30 հազար հրեա է ապրում: - Այդ դեպքում, ինչպե՞ս է, որ Իսրայելն այսքան լայնածավալ գործակցություն է ծավալում Ադրբեջանի կառավարության հետ, իսկ երկրի մեծամասնությունը կազմող մահմեդական բնակչությունը չի ընդվզում: - Ճիշտ է, Ադրբեջանի բնակչությունը մահմեդական է, բայց հասարակ ժողովուրդը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Միջին Արեւելքում: Այնպես որ, բացի մի քանի հոգուց, որոնք Իրանի ազդեցության տակ են, ադրբեջանցիների մեծամասնությունը խորը կրոնական ինքնություն չունի: Չունի նաեւ ահաբեկչական այն ոգին, որը բնորոշ է Միջին Արեւելքի մահմեդականներին: Կա նաեւ այն հանգամանքը, որ մենք գործում ենք զինվորականների եւ անվտանգության աշխատակիցների հետ, եւ հասարակ ժողովուրդը տեղյակ չէ, թե այդ ոլորտում ինչ է կատարվում: - Ինչքա՞ն ենք մենք կարողանւոմ ազդել իրենց ներքին քաղաքական որոշումների վրա: - Վերջին քսան տարիներին Մ. Նահանգների, Բրիտանիայի եւ Իսրայելի դեսպանատները Բաքվում իրար հետ համագործակցում են, կոալիցիա են կազմել եւ հետապնդում են միեւնույն նպատակները: Կոալիցիայի ազդեցությունը, գերիշխանությունը Ադրբեջանի եւ նրա ղեկավարների քաղաքական որոշումների վրա նման է Իսրայելի Արեւմտյան Ափի վրա ունեցած գերիշխանությանը, այն տարբերությամբ միայն, որ Մահմուդ Աբբասի փոխարեն այստեղ, Ադրբեջանում Իլհամ Ալիեւ անունով մի կրթված անձնավորության ձեռքերում է իշխանության ղեկը: - Խնդրում եմ պատմեք ձեր անձնական փորձառության մասին: Ինչպիսի՞ն էին ձեր տպավորությունները Բաքվից: Ունե՞ք հիշողություններ, որոնց մասին կուզենայիք պատմել: - Իմ առաջին այցելությունը Ադրբեջան 1994-ին էր: - Այդ ժամանակ դուք Մոսադի աշխատակի՞ց էիք: - Այո: Հետագայում անվտանգության եւ զինվորական մի պատվիրակության կազմում, որպես Իսրայելի վարչապետի ազգային ավտանգության գծով խորհրդատու, դարձյալ այցելեցի Ադրբեջան նախապատրաստելու համար նախագահ Շիմոն Պերեսի այցը այդ երկիր: Թեհրանին մոտիկ` Բաքու կատարված պատմական այդ այցը Իսրայելի արտգործնախարարության ամենամեծ ձեռքբերումներից մեկը կարելի է համարել: Ամենահուզիչ պահը նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումն էր 2009-ի հուլիսին: Բաքվում, որտեղ ապրել են հրեական համայնքի որոշ ցեղեր, մենք զրուցեցինք եւ փոխանակեցինք քաղաքավարական փոխադարձ արտահայտություններ, անդրադարձանք Կասպից ծովի հարավում ծվարած լեռնային հրեաների պատմությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ենթակառուցվածքների նախարար Ուզի Լանդաուն: Դա իսկական պատմական պահ էր: Խոսքերով չեմ կարող նկարագրել այդ զգացումը: - Դրանից հետո դարձյալ գնացի՞ք Ադրբեջան: - Այո, 2017-ից ի վեր փորձում եմ իմ արձակուրդներն անցկացնել Բաքվի լողափերում: Բաքվի անվտանգությունը մեզ համար նույնքան կարեւոր է, որքան Թել Ավիվինը: Խմբ. կողմից.- Վերեւում տպագրված հարցազրույցի մասին ընթերցողին տեղեկացրել էինք «Ազգ»ի նախորդ համարում, խոստանալով ներկա համարում թարգմանաբար ներկայացնել այն: Մինչ այդ խոստման կատարումը, սակայն, ստացանք հայտնի վերլուծաբան-գիտնական Արմեն Այվազյանի անդրադարձը նույն հարցազրույցի վավերականության մասին, որը հարմար նկատեցինք զետեղել azg.am կայքէջում, խոստանալով դրան եւս անդրադառնալ ներկա համարում: Դժբախտաբար մեզ չհաջողվեց հաստատել, թե Ուզի Արադը հերքել է լրագրողին հարցազրույց տված լինելը: Հետեւաբար դիմեցինք հասարակ տրամաբանության մեթոդին. Արադի հաղորդած տեղեկությունների մեջ այնպիսի մանրամասներ կան, ինչպեսՙ Իլհամ Ալիեւի ու նրա դստեր մասին, եւ կամՙ Բաքվում Ադրբեջանի ազգային անվտանգության շենքում Մոսադի, ինչպես նաեւ Մ. Նահանգների գաղտնի ծառայությունների գրասենյակ ունենալու մասին, որ շա՜տ բնականորեն առաջացնելու էր այդ եւ այլ կողմերի դժգոհությունը, որը կարող էր դառնալ հերքման պահանջի առարկա: Ուստի, որոշեցինք ի կատար ածել մեր խոստումը եւ հրապարակել հարցազրույցը ամբողջությամբ, ապավինելով այն մտքին, որ այնտեղ ներկայացվող տեղեկությունները եթե ճշմարիտ չեն, ապա, առնվազն, ճշմարտանման են: |